ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումով, որտեղ ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ից 15-րդ կետերով նախատեսված բնակչության խմբերում չընդգրկված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող անձանց՝ չապահովագրված անձանց, բժշկական օգնության ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող շահառուների խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս փուլում բնակչության ոչ բոլոր խմբերն են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության որոշումով առանձին կարգավորումներ սահմանել բնակչության որոշակի խմբի պատկանող, որոշակի վիճակ և կարգավիճակ ունեցող անձանց համար՝ վերջիններիս հնարավություն տալով օգտվելու սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից, որոնց համար փոխհատուցումն կիրականացվի պետության կողմից։
Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալն իր մեջ ընդգրկում է չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա՝ սույն նախագծով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։
Ինչ վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններին, ապա դրանք բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից դուրս, չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա, սույն նախագծով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են, որոնք տրամադրվում են միայն համապատասխան վիճակով կամ կարգավիճակով պայմանավորված դեպքերում։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը
Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ֆինանսավորում է առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց՝ փաստացի հատուցելու միջոցով:
Սույն նախագծով շահառուներ են հանդիսանում՝ վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում /42 օր/, անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները, զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչերի, ինչպես նաև պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն), 200.0 հազ. ՀՀ դրամից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, փրկարարական ծառայողները, զինծառողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի, փրկարարարական ծառայողների ընտանիքի անդամները, ձերբակալվածներ (միայն անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերի մասով), կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուները և այլ անձինք։
Ինչ վերաբերում է չապահովագրված անձանց բժշկական օգնության ծառայությունների նվազագույն ծավալին, ապա վերջինս իր մեջ ներառում է ինչպես արտահիվանդանոցային, այպես էլ հիվանդանոցային մի շարք ծառայություններ, ինչպիսիք են՝ վերակենդանացման բժշկական օգնության ծառայությունները, ծննդօգնությունը և հղիության ախտաբանությունը, սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունները, չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայությունները, առողջության առաջնային պահպանման ծառայությունները, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլյոզ ախտորոշում ունեցող պացիենտների համար և այլն։
Նախագծով առանձին սահմանվել են նաև նվազագույն ծավալից դուրս, լրացուցիչ ծառայություններ, որոնց տրամադրումը որոշակի խմբի շահառուներին նույնպես փոխհատուցվում է պետության կողմից, մասնավորապես՝ վիրահատական, վերականգնողական, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։
Նախագծով կարգավորվում են նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները։ Ընդ որում, շահառուները բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններից օգտվում են ուղեգրման եղանակով, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի միջոցով: Նախագծի համաձայն՝ շահառուների տվյալների հավաքագրումը և վարումն իրականացվում է ռեգիստրի միջոցով՝ փոխգործելության սկզբունքի հիման վրա։
Նախագծում առանձին հավելվածով կարգավորում են նաև սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող, սակայն ապահովագրված անձանց խմբում չներառված անձանց բժշկական օգնության և սպասարկամն փաթեթի հետ կապված հարցերը։ Սույն որոշման ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն և 2014 թվականի մարտի 27-ի 375-Ն որոշումները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի կիրարկումը, օրենսդրական հիմքեր ստեղծել չապահովագրված անձանց համար՝ պետության կողմից փոխատուցման եղանակով որոշակի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի Առողջապահության նախարարություն բաժնի 1-ի կետի 1․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման հետ, որով սահմանված է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
Բացի այդ, նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 174-Լ որոշման Հավելված 2-ի 2․3-րդ բաժնի 3-րդ կետի՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում միջոցառման իրականացման հետ։
-
Duration
21.12.2025 05.01.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 62
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.