««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր` կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։
Օրենքով նախատեսված նման սահմանափակումը գործնականում առաջացնում է դժվարություններ կոռուպցիոն հանցանքների մասնավորապես՝ կաշառք տալ, ստանալ հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման համար:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերոհիշյալ հանցակազմերը նախատեսող հոդվածների 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքները դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչը թույլ չի տալիս ենթադրյալ արարքը կատարած անձի նկատմամբ կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ գործիքակազմը, իսկ թույլատրելի միջոցառումներով կոռուպցիոն հանցատեսակների բացահայտման խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: Այսպես՝ կոռուպցիայի դեմ պայքարի առօրյա աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում պաշտոնատար անձանց պարգև կամ ավետչեք /մաղարիչ/ տալու դեպքերը դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակների սուբյեկտները փոխադարձ շահագրգռվածություն ունեն և խուսափում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, նման պայմաններում ՕՀԳ իրականացնող մարմինները զրկված են կոռուպցիոն նման դրսևորման դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմից, իսկ ներկա պահին օրենքով թույլատրելի միջոցառումները չեն լուծում այդ խնդիրները:
Վերոգրյալից զատ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:
Ինչպես նկատում ենք քրեական դատավարության օրենսդրությամբ գաղտնի քննչական գործողությունների կատարման պայմանների մեջ ոչ միայն առանձնացնվում է հանցանքի ծանրության աստիճանը, այլ նաև՝ հանցանքի բնույթը։
Այսինքն՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների բացահայտման պարագայում հանցանքի ծանրության աստիճանը նշանակություն չունի գաղտնի քննչական գորոծողության կատարման համար։ Նման պայմաններում, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից առավել նպատակահարմար է Օրենքի համապատասխան կարգավորումները ևս համապատասխանեցել քրեադատավարական օրենսդրությամբ արդեն իսկ առկա կարգավորումներին:
Վերոգրյալից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ պետություններում ևս առկա է Նախագծով առաջարկվող կարգավորումները, այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանվում է, որ հեռախոսային և այլ խոսակցությունների գաղտնալսումը թույլատրվում է միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող անձանց առնչությամբ (8-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ): Իսկ Լիտվայի Հանրապետության Քրեական հետախուզության մասին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեական հետախուզությունն իրականացվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների և Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների դեպքում (մասնավորպես՝ ընտրությունների կամ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելը (4-5 տարի ազատազրկում), ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ կեղծելը կամ կեղծ ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ օգտագործելը (3-6 տարի), ընտրությունների ձայների սխալ հաշվարկ, ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ ոչնչացնելը, փչացնելը, առգրավելը կամ թաքցնելը, էլեկտրոնային վճարման միջոցի կամ դրա տվյալների ապօրինի օգտագործումը, կաշառքը տալը, կաշառք ստանալը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը (մինչև 5 տարի ազտազրկում 1-ին մասով հոդվածի և այլն)։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատաստրող կամ կատարած անձանց նկատմամբ:
Նախագծի ընդունմամբ կընդլայնվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործիքակազմը։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
-
Duration
03.12.2025 19.12.2025 -
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 377
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.