Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր` կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։

 Օրենքով նախատեսված նման սահմանափակումը գործնականում առաջացնում է դժվարություններ կոռուպցիոն հանցանքների մասնավորապես՝ կաշառք տալ, ստանալ հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման համար:

 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերոհիշյալ հանցակազմերը նախատեսող հոդվածների 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքները դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչը թույլ չի տալիս ենթադրյալ արարքը կատարած անձի նկատմամբ կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ գործիքակազմը, իսկ թույլատրելի միջոցառումներով կոռուպցիոն հանցատեսակների բացահայտման խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: Այսպես՝ կոռուպցիայի դեմ պայքարի առօրյա աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում պաշտոնատար անձանց պարգև կամ ավետչեք /մաղարիչ/ տալու դեպքերը դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակների սուբյեկտները փոխադարձ շահագրգռվածություն ունեն և խուսափում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, նման պայմաններում ՕՀԳ իրականացնող մարմինները զրկված են կոռուպցիոն նման դրսևորման դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմից, իսկ ներկա պահին օրենքով թույլատրելի միջոցառումները չեն լուծում այդ խնդիրները:

Վերոգրյալից զատ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:

Ինչպես նկատում ենք քրեական դատավարության օրենսդրությամբ գաղտնի քննչական գործողությունների կատարման պայմանների մեջ ոչ միայն առանձնացնվում է հանցանքի ծանրության աստիճանը, այլ նաև՝ հանցանքի բնույթը։

Այսինքն՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների բացահայտման պարագայում հանցանքի ծանրության աստիճանը նշանակություն չունի գաղտնի քննչական գորոծողության կատարման համար։ Նման պայմաններում, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից առավել նպատակահարմար է Օրենքի համապատասխան կարգավորումները ևս համապատասխանեցել քրեադատավարական օրենսդրությամբ արդեն իսկ առկա կարգավորումներին:

Վերոգրյալից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ պետություններում ևս առկա է Նախագծով առաջարկվող կարգավորումները, այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանվում է, որ հեռախոսային և այլ խոսակցությունների գաղտնալսումը թույլատրվում է միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող անձանց առնչությամբ (8-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ): Իսկ Լիտվայի Հանրապետության Քրեական հետախուզության մասին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեական հետախուզությունն իրականացվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների և Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների դեպքում (մասնավորպես՝ ընտրությունների կամ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելը (4-5 տարի ազատազրկում), ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ կեղծելը կամ կեղծ ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ օգտագործելը (3-6 տարի), ընտրությունների ձայների սխալ հաշվարկ, ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ ոչնչացնելը, փչացնելը, առգրավելը կամ թաքցնելը, էլեկտրոնային վճարման միջոցի կամ դրա տվյալների ապօրինի օգտագործումը, կաշառքը տալը, կաշառք ստանալը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը (մինչև 5 տարի ազտազրկում 1-ին մասով հոդվածի և այլն)։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատաստրող կամ կատարած անձանց նկատմամբ:

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործիքակազմը։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

  • Քննարկվել է

    03.12.2025 - 19.12.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1765

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

06.12.2025

Կարծիք

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

Պետք է փաստել, որ առաջարկվող լրացումը արդիական է և իրավամբ կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Այնուամենայնիվ, Նախագիծն առավել համապարփակ դարձնելու համար մի քանի առաջարկ ունեմ։

Այսպես․

Նախագծով առաջարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 31-րդ հոդվածի 4-րդ մասը «առանձնապես ծանր հանցագործություն» բառերից հետո լրացնել «կամ նախապատրաստում է կատարել կամ կատարել է կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանք» բառերով։

Նախագծի ընդունման դեպքում համապատասխան օրենսդրական նորմը կունենա հետևյալ շարադրանքը՝

<<4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կամ նախապատրաստում է կատարել կամ կատարել է կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանք և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:>>։

Ինչպես երևում է Նախագծից, դրա ընդունվելու դեպքում, վերը նշված հոդվածում թվարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձանց նկատմամբ հնարավոր կլինի կատարել եթե նրանք կասկածվեն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների կատարման և նախապատրաստության մեջ։ Այսինքն այս հանցանքների ավարտված տեսակի և չավարտված հանցանքի ընդամենը մի մասի՝ նախապատրաստության դեպքում։ Ակնհայտ է, որ չավարտված այս հանցագործությունների մյուս փուլի՝ հանցափորձի վերաբերյալ կարգավորումները նորմի կարգավորումներում տեղ չեն գտել։

Իրականում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունները ոչ հաճախ, բայց տեսականորեն հնարավոր է որ խափանվեն կամ դադարեցվեն հանցափորձի փուլում։ Կարծում եմ, որ այս պարագայում իրավակիրառողը խնդիրներ է ունենալու այդ հանցագործությունների փորձի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ մի դեպքում կատարելու վերը նշված ՕՀ միջոցառումները, իսկ մեկ այլ դեպքում լեգիտիմացնելու արդեն իսկ կատարված ՕՀ միջոցառման արդյունքները։

Օպոնենտները կարող են հակադարձել, որ քննարկվող նորմում ավարտված հանցանքի մասին նշելիս հասկացվում է նաև այդ հանցանքի չավարտված հանցագործության փուլերը, այդ թվում հանցափորձը /ծանր կամ առանձնապես ծանր չավարտված հանցագործությունը ևս ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը է/։ Իհարկե այս պնդումը չէր վիճարկվի, եթե Նախագծով առաջարկվող լրացումը շեշտադրումը կատարեր կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության տարբեր դրսևորումների ծանրության աստիճանների վրա, ինչպես որ կատարված է գործող նորմում մյուս հանցատեսակների պարագայում։ Սակայն Նախագիծը հստակեցնում է, որ այս ՕՀ միջոցառումները կարող են կատարվել այն անձի նկատմամբ, ով

1․ նախապատրաստում է կամ

2․ կատարել է

կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցանքներ։

Այսինքն, Նախագծով լրացման պարագայում շեշտադրումը կատարվում է, ոչ թե հանցագործության ծանրության աստիճանի այլ կոնկրետ փուլերի վրա։ Հետևաբար, կարծում եմ, որ պետք է բոլոր փուլերը նշվեն։

Օպոնենտները կարող են հակադարձել, որ կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների փորձի դեպքում ժամանակային ռեսուրսի դեֆիցիտը պրակտիկորեն հնարավորություն չի տալու օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ համապատասխան թույլտվություն դատարանից և իրականացնել հիշյալ ՕՀ միջոցառումները։

Պետք է նշել, որ նախ հնարավոր են իրավիճակներ, որ ՕՀ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունն առաջանա ոչ թե դեռևս ընթացքի մեջ գտնվող այլ արդեն տարբեր պատճառներով հանցափորձի փուլում դադարեցված այս հանցանքները բացահայտելու համար։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ իրականացվող ՕՀ միջոցառումների ընթացքում ձեռք բերվեն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանալու լուծել ստացված տեղեկությունների թույլատրելիության և հետագայում օգտագործման հնարավորության հարցը։ 

Այսպես․ Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ

<<3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող օգտագործվել և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:>>։

 

Այսինքն, որպեսզի հնարավոր լինի այլ հանցանքների բացահայտման նպատակով իրականացվող ՕՀ միջոցառումների ընթացում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել՝

ա/ պետք է այդ տեղեկությունների համար Օրենքով թույլատրվի իրականացնել այդ ՕՀ միջոցառումները (այսինքն, պետք է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում այս հանցափորձերի կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ այս ՕՀ միջոցառումների կատարման թույլատրելիության մասին հստակ նշվի),

բ/ հանցափորձի վերաբերյալ տեղեկությունները պետք է պարունակեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տեղեկություններ, (այսինքն, քննարկվող Նախագծով պետք է փոփոխություն առաջարկվի նաև Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, որպեսզի խոսքը լինի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների միջին ծանրության տեսակների վերաբերյալ)։

 

Հետևաբար առաջարկում եմ Նախագիծը խմբագրել վերը նշված դիտարկումներն ու մտահոգությունները հաշվի առնելու հետևյալ տեսանկյունից․

1․ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում հստակեցնել որ այս ՕՀ միջոցառումների կատարումը թույլատրվում է նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցափորձերի կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ,

2․ Խմբագրել Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, այն հաշվարկով, որ շեշտադրումը լինի ոչ միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերաբերյալ, այլ նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների միջին ծանրության տեսակների վերաբերյալ։

Ընդ որում, 2-րդ կետով նշված փոփոխությունը չկատարելու դեպքում իրավակիրառողն ընդհանրապես զրկված կլինի հետագայում օգտագործելու հնարավորությունից ոչ միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործությունների փորձերի միջին ծանրության տեսակների վերաբերյալ տեղեկությունները, այլ նաև ավարտված կամ նախապատրաստվող տեսակների վերաբերյալ ստացվող տեղեկությունները, եթե այդպիսիք ստացվել են այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ։

 

Մուշեղ Բաբայան 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: