«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
__ 2025 թվականի N __-Ն
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 5-րդ մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 32-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ Օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է սույն որոշման հավելված 1-ի 84-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
Հավելված
ՀՀ Կառավարության
N որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով (այսուհետ՝ Ընթացակարգ) կարգավորվում են խաղային գործունեության կարգավորման օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) ընտրության մրցույթի անցկացման, Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման և մրցույթը չկայացած հայտարարելու հետ կապված հարաբերությունները՝ համաձայն «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 4-րդ, 25-րդ հոդվածի 6-րդ և 32-րդ հոդվածի 3-րդ մասերի։
2. Ընթացակարգում օգտագործվող հասկացություններն ունեն Օրենքով սահմանված իմաստը, իսկ Օրենքով նախատեսված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող նշանակությունը, եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից չի բխում դրա օգտագործման այլ իմաստ։
3. Ընթացակարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) որակավորման հարցում՝ Օպերատորի ընտրության ընթացակարգով որակավորվելու նպատակով հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ և պայմաններ.
2) առաջարկի հարցում՝ Օպերատորի հետ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ․
3) որակավորման հայտ՝ որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշներին, ինչպես նաև Օրենքով և սույն ընթացակարգով սահմանված պահանջներին հայտատուի համապատասխանությունը հավաստելու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջություն․
4) հայտ` առաջարկի հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը ներառում է ֆինանսական առաջարկ և տեխնիկական առաջարկ.
5) Հանձնաժողով՝ Օպերատորի ընտրության մրցույթի անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողով․
6) նշանակալից մասնակցություն՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն․
7) Վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե․
8) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խաղային գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին.
4.Օպերատորի ընտրության ընթացակարգի սկզբունքներն են`
1) ընտրության և դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.
2) իրավաբանական անձի համար անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից օպերատորի ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում։
ԳԼՈՒԽ 2․ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
5. Օպերատորի ընտրության ընթացակարգին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք (կոնսորցիումի դեպքում՝ անդամներից ցանկացածը),
1) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ կամ որոնց նկատմամբ որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կամ Օպերատորի ընտրության ողջ ընթացքում հարուցվել է սնանկության վարույթ կամ ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չմարված (չներված) պարտավորություններ.
2) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ համապատասխանում են իրենց գրանցման վայրի օրենսդրությամբ նախատեսված սնանկության (անվճարունակության) հատկանիշներին․
3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.
4) որոնց վերաբերյալ կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցչի, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ, փայատիրոջ կամ իրական շահառուի նկատմամբ որակավորման հայտը կամ հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում առկա է Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում կայացված անբողոքարկելի դատական կամ վարչական ակտ` խաղային գործունեության կամ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար, կամ այդպիսի ակտով սույն կետում նշված անձը զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
5) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Հայաստանի Հանրապետության գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում․
6) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ՝
ա. խախտել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի մրցույթի ընտրության պայմանագրով (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք պայմանագրով) նախատեսված կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք ընթացակարգի) շրջանակում ստանձնած էական պարտավորություն։ Սույն պարբերության իմաստով էական պարտավորության խախտում է համարվում պարտավորության ցանկացած խախտում, որը հանգեցրել է պայմանագրով նախատեսված արդյունքներից էական շեղման․
բ. որպես հաղթող հայտատու հրաժարվել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի մրցույթի ընտրության պայմանագիր (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք պայմանագիր) կնքելուց և չի վճարել հայտի ապահովումը․
գ. հայտերը բացելուց հետո հրաժարվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցությունից և չի վճարել հայտի ապահովումը.
7) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում են այնպիսի պետության ռեզիդենտ, գրանցված են նման պետությունում, վերահսկվում են նման պետության ռեզիդենտների կողմից կամ սերտորեն կապված են այնպիսի պետության հետ, որը Հայաստանի Հանրապետության հետ չունի դիվանագիտական հարաբերություններ․
8) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն կամ փոխկապակցված անձը հանդիսանում է խաղային գործունեության կազմակերպիչ կամ խաղային արտադրանքներ արտադրող կամ խաղային գործունեության կազմակերպչի կամ խաղային արտադրանքներ արտադրողի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ փոխկապակցված անձ․
9) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն հանդիսանում են արդեն իսկ որակավորման հայտ կամ հայտ ներկայացրած իրավաբանական անձի փոխկապակցված անձ, բացառությամբ կոնսորցիումով մասնակցության դեպքերի:
6. Օպերատորի ընտրության ընթացակարգին միաժամանակ չեն կարող մասնակցել փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, բացառությամբ կոնսորցիումով մասնակցության դեպքերի։ Միաժամանակ կոնսորցիումի պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):
7. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու նպատակով իրավաբանական անձը որակավորման հայտով Հանձնաժողովին ներկայացնում է սույն ընթացակարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը։
8. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու նպատակով իրավաբանական անձի բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի իրական շահառուի մասով պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը։ Հսկողությունն իրականացվում է ինչպես Օպերատորի գործունեության ընթացքում, այնպես էլ ընտրության ընթացքում՝ դրա հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների մասով։ Հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով ձեռք բերված տեղեկությունների հիման վրա։
9. Վերահսկող մարմնի կողմից հսկողության արդյունքում ստացված տեղեկությունները փոխանցվում են Հանձնաժողովին, որը հաշվի է առնում այդ տեղեկությունները իր որոշումները կայացնելիս։
10. Օպերատորի ընտրության ընթացակարգին անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ՝ նախքան որակավորման հարցում և հայտարարություն հրապարակելը, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:
11. Հայտատուն (կոնսորցիումի դեպքում՝ կոնսորցիումի մասնակիցը) պատասխանատվություն է կրում իր կողմից Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացված բոլոր փաստաթղթերի, տեղեկությունների և այլ տվյալների հավաստիության համար։ Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում Հանձնաժողովին սխալ կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ հայտատուն անհապաղ զրկվում է Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից, այդ թվում՝ հաղթող հայտատու ճանաչված լինելու դեպքում մինչև պայմանագրի կնքումը, Հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչելու մասին որոշումը անվավեր ճանաչելով, իսկ եթե Կառավարությունն ընդունել է Օպերատոր սահմանելու մասին որոշում, նաև՝ այդ որոշումը ուժը կորցրած ճանաչելով։ Եթե Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում սխալ կամ կեղծ տեղեկություն ներկայացրած լինելու փաստը հայտնի է դառնում պայմանագրի կնքումից հետո, ապա Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել Օպերատորի լիազորությունները և հանձնարարել Վերահսկող մարմնին միակողմանիորեն լուծել Օպերատորի հետ կնքված պայմանագիրը՝ հաղթող հայտատուի նկատմամբ պահանջելով վնասների հատուցում։
ԳԼՈՒԽ 3․ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
12.Որակավորման հայտարարությունը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ և հրապարակվում է Հանձնաժողովի որոշած օրը Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հայտարարությունը Հանձնաժողովի որոշմամբ կարող է հրապարակվել նաև բարձր հեղինակություն ունեցող միջազգային պարբերականներում կամ հարթակներում, ինչպես նաև ուղարկվել պոտենցիալ մասնակից հանդիսացող տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին։
13.Հայտարարության հետ մեկտեղ Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակվում են նաև որակավորման հարցումը և սույն Ընթացակարգով նախատեսված փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է բավարարեն Օրենքով և սույն ընթացակարգով սահմանված պահանջներին։
14.Հանձնաժողովը սահմանում է որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը։ Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել որակավորման հարցման հրապարակման օրվանից հաշված 40 օրացուցային օրից։ Հանձնաժողովը կարող է սահմանել ավելի երկար ժամկետ։
15.Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) ներածություն.
2) Հանձնաժողովի անվանումը և գտնվելու վայրը.
3) հայտարարության հրապարակման օրը, ամիսը, տարին.
4) Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
5) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
6) որակավորման հայտեր ներկայացնելու ձևը, վայրը և ժամկետը.
7) որակավորման հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.
8) պոտենցիալ հայտատուների հետ, մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, հարցումների ներկայացման ժամկետը.
9) որակավորման հայտում փոփոխություններ կատարելու և դրա վերաբերյալ ծանուցելու կարգի մասին նշում․
10) Հանձնաժողովի որոշմամբ՝ այլ տեղեկություններ:
16. Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է հայտարարությունը Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից: Եթե այդ հրապարակման օրերը տարբեր կայքերում տարբեր է, ապա ժամկետը հաշվարկվում է վերջին հրապարակումից։
ԳԼՈՒԽ 4․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
17. Որակավորման հարցումը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ։
18. Որակավորման հարցումը ներառում է՝
1) ներածություն․
2) Օպերատորի գործարար ծրագրի ներկայացման պահանջը և գործարար ծրագրի նվազագույն պահանջները․
3) պայմանագրի հիմնական պայմանները կամ պայմանագրի նախագիծ․
4) հայտատուի՝ Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը հիմնավորող տեղեկություններ և փաստաթղթեր, հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները, համաձայնությունները և դրանց նկատմամբ պահանջները․
5) հայտատուի նշանակալից մասնակցություն ունեցող հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների օրենքով նախատեսված համաձայնությունները, այդ թվում՝ իրենց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով տեղեկություններ ձեռք բերելու մասով, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու մասով։ Որակավորման հարցմամբ կամ հետագա փոփոխություններով կարող են հայտատուից պահանջվել հայտատուի կամ նրա նշանակալից մասնակցություն ունեցող հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների պարտականությունը անձամբ ներկայացնել նման ուսումնասիրությունների արդյունքները․
6) որակավորման հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի) և բովանդակության, նկատմամբ կիրառելի պահանջները, որակավորման հայտի ներկայացման կարգի և վայրի վերաբերյալ տվյալներ․
7) որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը․
8) հայտատուի մասնագիտական փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները․
9) հայտատուի տեխնիկական կարողությունների և փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները․
10) հայտատուի ֆինանսական և տնտեսական կարողությունների նկատմամբ կիրառելի պահանջները․
11) հայտատուի աշխատանքային ռեսուրսներին առաջադրվող պահանջները․
12) որակավորման հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը․
13) որակավորման հայտի գնահատման կարգը․
14) պոտենցիալ հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը․
15) պոտենցիալ հայտատուների հետ մասնակցության համար միաժամանակ բաց քննարկումների վայրը կամ հեռավար իրականացման ձևաչափը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները․
16) Հանձնաժողովի որոշմամբ՝ այլ տեղեկություններ
19.Հանձնաժողովը որակավորման հարցման մեջ փոփոխություններ կարող է իրականացնել ոչ ուշ, քան որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից 5 օրացուցային օր առաջ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում: Որակավորման հարցման մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, որպես կանոն, չի փոփոխվում, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի՝ որակավորման հարցման մեջ կատարված փոփոխությամբ։
ԳԼՈՒԽ 5․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
20. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտով Հանձնաժողովին ներկայացնել սույն ընթացակարգով և որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը։
21. Որակավորման հայտերը, ինչպես նաև դրանց փոփոխությունները և լրացումները ենթակա են գրանցման Հանձնաժողովի քարտուղարի կողմից, իսկ դրանց գնահատումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից որակավորման հայտերի գնահատման նիստում։
22. Որակավորման հայտերը և դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդմասին նույն պահին տրվում է տեղեկանք:
23. Պոտենցիալ հայտատուները կամ արդեն հայտ ներկայացրած անձինք իրավունք ունեն Հանձնաժողովին ներկայացնել պարզաբանման կարիք ունեցող իրենց հարցադրումները՝ ոչ ուշ, քան որակավորման հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 20 օրացուցային օր առաջ։
24. Հարցման և պարզաբանման բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում՝ հարցումը կատարած հայտատուին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած հայտատուի տվյալները, իսկ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության դեպքում պարզաբանումը տրվում է միայն հայտատուներին:
25. Հանձնաժողովը պարզաբանումները տրամադրում է դրանք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
26.Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը վերաբերում է որակավորման չափանիշներին հայտատուի համապատասխանության ստուգմանը, դուրս է մրցույթի բովանդակության շրջանակներից կամ հարցումը տրամադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո։
27. Որակավորման հայտով հայտատուն ներկայացնում է՝
1) Օպերատորի ընտրության ընթացակարգի մասնակցության վերաբերյալ գրավոր դիմում` նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության հասցեն և հեռախոսահամարը, ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները.
2) իրավաբանական անձի գրանցված և գործող լինելու փաստը հաստատող առավելագույնը մեկամսյա վաղեմության քաղվածք՝ տրված տվյալ իրավաբանական անձը գրանցած պետական մարմնի կողմից, որը հայտատուի՝ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում ներկայացվում է ապոստիլով վավերացված ձևով «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով․
3) իրավաբանական անձի տնօրենների խորհրդի որոշում, կառավարման մարմինների այլ համարժեք որոշում կամ համապատասխան լիազորագիր, որով կհավաստվի Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացուցչի լիազորությունը՝ գործելու իրավաբանական անձի անունից, ինչպես նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Եթե հայտատուն իրավաբանական անձանց կոնսորցիում է, ապա սույն ենթակետի պահանջները տարածվում են կոնսորցիումին մասնակցող բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ.
4) Օրենքով, սույն ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին իր համապատասխանությունը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր և հավաստումներ․
5) իր՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, իրական շահառուների և իր հետ փոխկապակցված անձանց ցանկը․
6) իր կողմից հաստատված հավաստում՝ որակավորման փուլը հաղթահարելու դեպքում առաջարկի հարցմամբ սահմանված հայտի ապահովում ներկայացնելու պարտավորություն ունենալու մասին.
7) իր կողմից հաստատված հավաստում՝ Օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կատարելու պարտավորություն ունենալու մասին․
8) հայտարարություն` Օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին․
9) գործարար ծրագրի վերաբերյալ հետևյալ նվազագույն տեղեկությունները․ կազմակերպության անվանում, կազմակերպության գործունեության ընդհանրական նկարագրություն, ընդհանուր տեղեկություններ սպասվող ներդրումների, կապիտալ ծախսերի, տեխնիկական առաջադրանքի, պայմանագրերի և այլ հավաստող փաստաթղթերի մասին․
10) կոնսորցիումով Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում՝ Հանձնաժողովին ներկայացվում է նաև կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը.
11) որակավորման հարցմամբ սահմանված այլ տեղեկություններ։
28. Իրավաբանական անձանց կոնսորցիումով Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում սույն գլխով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ Օպերատորի գործարար ծրագրի, պետք է ներկայացվեն կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակցի համար, ինչպես նաև կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակից պետք է բավարարի սույն գլխով նախատեսված պայմաններին։
29.Կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրով, ի թիվս այլնի, պետք է նախատեսված լինի Օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում պայմանագրի կնքման նպատակով ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կոնսորցիումի մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասնակցության չափը և բաժնեմասնակցության հիմնական պայմանները (հավաստվող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ), որը չի կարող փոխվել պայմանագրի ստորագրման պահին։
30.Կոնսորցիումի՝ հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում պայմանագրի ստորագրման պահին սույն ընթացակարգի 29-րդ կետին հակասող փոփոխության իրականացման դեպքում Հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։
31.Որակավորման հայտը ներկայացվում է միայն առձեռն եղանակով՝ որակավորման հարցմամբ սահմանված հասցե։
32.Հայտատուն պարտավոր է որակավորման հայտը ներկայացնել չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) որակավորման ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված որակավորման հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
33.Սույն ընթացակարգի 27-րդ և 32-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները դրվում են փակ ծրարի մեջ։ Ծրարը և որակավորման հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերը ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:
34.Սույն ընթացակարգի 32-րդ կետում նշված ծրարի վրա որակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) Վերահսկող մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև որակավորման հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները:
35.Ներկայացված որակավորման հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
36.Հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր որակավորման հայտը:
37.Որակավորման հայտի փոփոխման կամ լրացմանմասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 31-34-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Որակավորման հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Որակավորման հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ որակավորման հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է որակավորման հայտը ներկայացրած անձին։
38. Որակավորման հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները և լրացումները) պետք է ներկայացվեն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի վերջին օրը՝ ժամը 18։00-ն։ Որակավորման հայտերի ներկայացման ձևը և վայրը սահմանվում են որակավորման հարցմամբ։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված որակավորման հայտերը ենթակա չեն գնահատման։ Հանձնաժողովը մերժում է այդպիսի որակավորման հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
39. Որակավորման հայտը վավեր է մինչև օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից որակավորման հայտը հետ վերցնելը, որակավորման հայտի մերժումը կամ Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
ԳԼՈՒԽ 6․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԻՍՏԵՐԸ
40.Որակավորման հայտերը բացվում են որակավորման հարցմամբ նշված օրը, ժամին և վայրում` որակավորման հայտերի բացման նիստում:
41.Որակավորման հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) որակավորման հայտ ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը. կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում՝ կոնսորցիումի մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` որակավորման հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված վավերապայմաններին համապատասխանելումասին.
5) տեղեկություններ` որակավորման հայտերի հետկանչման, փոփոխությունների կամ լրացումներիմասին:
42. Եթե Հանձնաժողովի՝ որակավորման հայտերի բացման նիստի ընթացքում հայտատուի որակավորման հայտում արձանագրվում են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ որակավորման հարցման պահանջների նկատմամբ, ապա Հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով հետաձգել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրամասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Սույն կետով սահմանված լիազորությունը Հանձնաժողովը կարող է կիրառել միայն մեկ անգամ: Սույն կետի իմաստով անհամապատասխանությունը համարվում է տեխնիկական բնույթի, եթե հայտը ներկայացվել է սույն ընթացակարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 32-րդ, 33-րդ կամ 34-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ։
43. Եթե սույն ընթացակարգի 42-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն կատարում է արձանագրված անհամապատասխանության շտկմանն ուղղված գործողություններ, ապա վերջինիս որակավորման հայտը գնահատվում է՝ հիմք ընդունելով կատարված շտկումները:
44. Որակավորման հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Նիստն արձանագրվում է Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
45. Որակավորման հայտերի բացման նիստ(եր)ի ավարտից հետո Հանձնաժողովն անցնում է որակավորման հայտերի գնահատմանը։ Հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում է որակավորման հայտերի գնահատման նիստում՝ որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Բավարար են գնահատվում Օրենքով, սույն ընթացակարգով և որակավորման հարցմամբ նախատեսված չափանիշները և պահանջները բավարարող որակավորման հայտերը։ Հակառակ դեպքում որակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Օպերատոր ընտրվելու հայտը մերժվում է նաև, եթե՝
1) Հայտատուն չի համապատասխանում Ընթացակարգի 5-րդ կետով նախատեսված՝ մրցույթին մասնակցելու իրավունք ունենալու չափանիշներից որևէ մեկին․
2) ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
3) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով ծրագրին համապատասխան, հայտատուն չի կարող ապահովել շուկայի բնականոնգործունեությունը.
4) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ հայտատուի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ, մասնակցի, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձիգործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպումը կամ Վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը։
46. Նիստի արդյունքներով Հանձնաժողովը որոշում է կայացնում որակավորված հայտատուների ցանկը հաստատելու կամ մրցույթը չկայացած համարվելու վերաբերյալ։
47.Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցող հայտատուի որակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում կոնսորցիումի բոլոր մասնակիցների միասնական որակավորումները։
48. Որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշման կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը։
49. Հանձնաժողովի նիստերի անցկացման ընթացակարգը, նիստին հայտատուների մասնակցության կարգը, նիստի արձանագրությունների վարման նկատմամբ պահանջները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
50. Որակավորման հայտերի գնահատման նիստ(եր)ը կարող է (են) անցկացվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ կամ գրավոր՝ փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:
51. Հանձնաժողովի որոշմամբ որակավորման հայտերի բացման կամ գնահատման նիստին կարող են հրավիրվել նաև համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող մասնագետ(ներ), որոնք իրենց առաջադրված հարցերի վերաբերյալ պարտավոր են տալ անկախ և անկողմնակալ կարծիք, որը հանձնաժողովի անդամների համար ունի խորհրդատվական բնույթ։ Մասնագետ(ներ)ը նիստին կարող են մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։
52. Հանձնաժողովի նիստերին Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայությանմասին հայտարարություն, որը նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում: Սույն կետի իմաստով շահերի բախում առկա է, եթե Հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի գործողությունները հանգեցնում կամ նպաստում են կամ ողջամտորեն կարող են հանգեցնել կամ նպաստել նաև իր, իր ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակը, քույր կամ եղբայր) կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը։
53. Սույն ընթացակարգի 52-րդ կետի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը, նրա ընտանիքի անդամը (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը) կամ ամուսնու ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը հանդիսանում է՝
1) տվյալ իրավաբանական անձի բաժնեմասնակցությամբ տրամադրվող ձայների առնվազն 10 (տասը) տոկոսը տնօրինող մասնակից.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի անդամ.
4) իրավաբանական անձի աշխատակից։
54. Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է Հանձնաժողովի նիստին ներկայացնել ինքնաբացարկ, եթե առկա է շահերի բախման իրավիճակ:
55. Նախքան առաջարկի հարցման փուլը Հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ առաջարկի հարցման նախագծի առնչությամբ հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Աշխատանքային քննարկումները Հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումների ժամանակ Հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաև ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին:
56. Աշխատանքային քննարկումները հրավիրում և վարում է Հանձնաժողովի նախագահը։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է ստորագրվի Հանձնաժողովի` քննարկմանը ներկա բոլոր անդամների կողմից։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է այն կազմելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվի հայտատուներին։ Արձանագրությունն առնվազն պարունակում է՝
1) տեղեկություն` աշխատանքային քննարկման վայրի, օրվա և ժամի մասին.
2) աշխատանքային քննարկմանը ներկայացած հայտատուների անվանումներ, յուրաքանչյուր հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայտատուին ներկայացնելու իրավասությունը հաստատող փաստաթուղթը․
3) մանրամասն տեղեկատվություն` քննարկմանը բարձրացված յուրաքանչյուր հարցի և այդ առնչությամբ Հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման, ինչպես նաև Հանձնաժողովի նախաձեռնությամբ տրված պարզաբանումներիմասին.
4) աշխատանքային քննարկմանը ներկա հանձնաժողովի անդամների և հրավիրված անձանց անունները, ազգանունները և կարգավիճակները:
57. Եթե հանձնաժողովի անդամը կամ հայտատուն աշխատանքային քննարկումների վերաբերյալ ցանկանում է արտահայտել արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրությանը ծանոթանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է աշխատանքային քննարկումների արձանագրությանը։
ԳԼՈՒԽ 7․ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՈՒՄԸ
58.Որակավորված հայտատուների ցանկը հրապարակելուց հետո եռամսյա ժամկետում Հանձնաժողովը որոշում է կայացնում առաջարկի հարցում հրապարակելու կամ առաջարկի հարցում չհրապարակելու հիմքով մրցույթը չկայացած հայտարարելու մասին։
59.Հայտերի ներկայացման ժամկետը առնվազն վաթսուն օրացուցային օր է՝ հաշվված առաջարկի հարցման հրապարակման պահից: Առաջարկի հարցմամբ կարող է սահմանվել վաթսուն օրացուցային օրից ավելի երկար ժամկետ։
60. Առաջարկի հարցումը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է միայն որակավորված հայտատուներին՝ Հանձնաժողովի կողմից առաջարկի հարցումը հաստատելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում։
61. Առաջարկի հարցումը ներառում է՝
1) Ներածություն․
2) Օպերատորի գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ համաձայն Օրենքի 34-րդ հոդվածի․
3) պայմանագրի հիմնական պայմանները կամ պայմանագրի նախագիծը․
4) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.
5) հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.
6) հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
7) հայտերի վավերության ժամկետը.
8) Օպերատորի ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.
9) տեխնիկական առաջարկների բացման կարգը.
10) տեխնիկական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում՝ դրան տրվող կշիռը և նվազագույն շեմը).
11) ֆինանսական առաջարկների բացման կարգը.
12) ֆինանսական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում՝ դրան տրվող կշիռը).
13) հաղթող հայտատուի որոշման կարգը.
14) հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, այդ թվում՝ դրա չափը և ներկայացման կարգը.
15) որակավորված հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.
16) որակավորված բոլոր հայտատուների հետ քննարկման իրականացման վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.
17) առաջարկի հարցման մեջ և հայտում փոփոխություններ կատարելու կարգը.
18) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ։
62. Հանձնաժողովը առաջարկի հարցման մեջ փոփոխություններ կարող է իրականացնել ոչ ուշ, քան հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից 5 օրացուցային օր առաջ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում:
63. Առաջարկի հարցման մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, որպես կանոն, չի փոփոխվում, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի՝ առաջարկի հարցման մեջ կատարված փոփոխությամբ։
ԳԼՈՒԽ 8․ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
64.Հայտատուն պարտավոր է հայտով Հանձնաժողովին ներկայացնել առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները։
65.Հայտերը, ինչպես նաև դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդմասին նույն պահին տրվում է տեղեկանք:
66. Որակավորված հայտատուները իրավունք ունեն Հանձնաժողովին ներկայացնել պարզաբանման կարիք ունեցող իրենց հարցադրումները՝ ոչ ուշ, քան հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 20 օրացուցային օր առաջ։
67.Հարցման և պարզաբանման բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում՝ հարցումը կատարած հայտատուին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած հայտատուի տվյալները, իսկ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության դեպքում տրվում են միայն հայտատուներին:
68. Հանձնաժողովը պարզաբանումները տրամադրում է դրանք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
69. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը վերաբերում է առաջարկի հարցմամբ սահմանված տեխնիկական պահանջներին հայտատուի տեխնիկական առաջարկի համապատասխանությունը ստուգելուն, դուրս է մրցույթի բովանդակության շրջանակներից կամ հարցումը տրամադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո։
70. Հայտատուն պարտավոր է հայտով ներկայացնել տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ։ Ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրը տեղադրվում է առանձին փակ ծրարում, որոնք իրենց հերթին հայտատուի կողմից ներկայացվում են մեկ փակ ծրարի մեջ տեղադրված։ Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում է չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
71. Սույն ընթացակարգի 70-րդ կետով նշված յուրաքանչյուր ծրարը և առաջարկի հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերը ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:
72. Սույն ընթացակարգի 70-րդ կետերում նշված ծրարների վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) Վերահսկող մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները.
5) համապատասխանաբար «Տեխնիկական առաջարկ» կամ «Ֆինանսական առաջարկ» բառերը:
73. Ներկայացված հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
74. Հայտը վավեր է մինչև Օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
75. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր հայտը:
76. Հայտի փոփոխման կամ լրացմանմասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 70-72-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը, ինչպես նաև առաջարկը, որում կատարվում է փոփոխություն կամ լրացում: Հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է հայտը ներկայացրած անձին։
77. Հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները) պետք է ներկայացվեն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի վերջին օրը՝ ժամը 18։00-ն։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը ենթակա չեն գնահատման։ Հանձնաժողովը մերժում է այդպիսի հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
78. Տեխնիկական առաջարկը պետք է պարունակի սույն ընթացակարգի 97-րդ կետով սահմանված՝ հայտի գնահատման հիմքում ընկած չափանիշների և ենթաչափանիշների վերաբերյալ տեղեկություններ: Տեխնիկական առաջարկը պետք է առնվազն ուղեկցվի՝
1) առաջարկի հարցմամբ նախատեսված ձևաչափով լրացված և հայտատուի ներկայացուցչի կողմից ստորագրված հայտի ներկայացման նամակով.
2) ցանկացած լրացուցիչ տեղեկատվությամբ, որը հայտատուն համարում է անհրաժեշտ, որպեսզի Հանձնաժողովը գնահատի տեխնիկական առաջարկը` հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված չափանիշները.
3) հայտի ապահովմամբ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով և չափով.
4) առաջարկի հարցմամբ նախատեսված այլ փաստաթղթերով։
ԳԼՈՒԽ 9․ ԱՌԱՋԱՐԿԻ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿՇԻՌՆԵՐԸ
79. Հանձնաժողովի կողմից առաջարկի հարցմամբ նշված տեխնիկական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում, իսկ բոլոր որակավորված հայտատուների կողմից հայտերը մինչև սահմանված օրը ներկայացված լինելու և նրանց համաձայնության առկայության դեպքում՝ ավելի վաղ` Հանձնաժողովի կողմից սահմանված օրը, ժամին և վայրում առաջին հերթին բացվում են տեխնիկական առաջարկները: Տեխնիկական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) բացվող տեխնիկական առաջարկը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող տեխնիկական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ տեխնիկական առաջարկների փոփոխությունների կամ լրացումներիմասին:
80. Տեխնիկական առաջարկների բացման նիստն արձանագրվում է Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
81. Եթե Հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի հայտում արձանագրվում են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ առաջարկի հարցման պահանջների նկատմամբ՝ բացառությամբ ֆինանսական առաջարկում առկա անհամապատասխանությունների, ապա Հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով հետաձգել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրամասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Սույն կետով սահմանված լիազորությունը Հանձնաժողովը կարող է կիրառել միայն մեկ անգամ: Սույն կետի իմաստով անհամապատասխանությունը համարվում է տեխնիկական բնույթի, եթե հայտը ներկայացվել է սույն ընթացակարգի 61-րդ, 64-րդ, 70-րդ, 71-րդ, 72-րդ կամ 78-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ։
82. Եթե սույն ընթացակարգի 81-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն կատարում է արձանագրված անհամապատասխանության շտկմանն ուղղված գործողություններ, ապա վերջինիս հայտը գնահատվում է՝ հիմք ընդունելով կատարված շտկումները:
83. Հայտատուներին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց տրվող կշիռները սահմանված են Ընթացակարգի 97-րդ կետում։
84. Օպերատորի ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`
1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն.
2) արժեքի վրա հիմնված ընտրություն կամ
3) առավելագույն` ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրություն:
85. Հայտատուների ներկայացրած տեխնիկական առաջարկը և ֆինանսական առաջարկը գնահատվում են առանձին։ Առաջին հերթին, գնահատվում են հայտատուների տեխնիկական առաջարկները, այնուհետև՝ ֆինանսական առաջարկները։ Ֆինանսական առաջարկները չեն գնահատվում այն ժամանակ, երբ տեխնիկական առաջարկները չեն հաղթահարում Ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված նվազագույն շեմը, իսկ գնահատումը Ընթացակարգի 84-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված եղանակով իրականացվելու դեպքում՝ տեխնիկական և ֆինանսական առաջարկները գնահատվում են միաժամանակ։
86. Տեխնիկական առաջարկները գնահատվում են Ընթացակարգի 97-րդ կետին համապատասխան, որով սահմանված են հայտատուներին ներկայացվող տեխնիկական պահանջները, դրանց տրված կշիռները և նվազագույն շեմը, որը գերազանցելու դեպքում միայն տեխնիկական առաջարկը կարող է հաստատվել:
87. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում Հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում Ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու և այդպիսի տեխնիկական առաջարկներից յուրաքանչյուրին՝ Ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ։ Հայտատուի տեխնիկական առաջարկին տրվող վերջնական գնահատականը որոշվում է հանձնաժողովի անդամների կողմից Ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված կարգով տեխնիկական առաջարկին տրված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա։ Հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը՝ առանց ֆինանսական առաջարկը բացելու։
88.Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում Հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելումասին։ Հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը առանց ֆինանսական առաջարկը բացելու։
89. Առավելագույն՝ ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության դեպքում ֆինանսական առաջարկին կշիռ չի տրվում, ֆինանսական առաջարկը հաստատվում է, եթե առավելագույն՝ ֆիքսված արժեքը չի գերազանցում, և հաղթող է ընտրվում տեխնիկական առաջարկի ամենաբարձր գնահատականը ստացած հայտատուն։ Հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը՝ առանց ֆինանսական առաջարկը բացելու։
90. Տեխնիկական առաջարկների գնահատումից հետո առաջարկի հարցմամբ նշված ֆինանսական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում Հանձնաժողովի կողմից բացվում են ֆինանսական առաջարկները: Ֆինանսական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) հայտը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող ֆինանսական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ ֆինանսական առաջարկների փոփոխությունների և լրացումներիմասին:
91. Ֆինանսական առաջարկների բացման նիստն արձանագրվում է Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
92. Հանձնաժողովը ֆինանսական առաջարկները գնահատում է Ընթացակարգի 98-րդ կետին համապատասխան:
93. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում Հանձնաժողովը ֆինանսական առաջարկների գնահատման նիստում բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում Ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը ստանում է Ընթացակարգի 97-րդ կետով ֆինանսական առաջարկի համար սահմանված առավելագույն միավորը (30 միավոր) իսկ մյուս ֆինանսական առաջարկները գնահատվում են ըստ լավագույն առաջարկի նկատմամբ տոկոսային հարաբերության։ Ներկայացված ֆինանսական առաջարկներից յուրաքանչյուր չափանիշի (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ ենթաչափանիշի) վերաբերյալ լավագույն առաջարկը ստանում է այդ չափանիշի (ենթաչափանիշի) համար սահմանված առավելագույն միավորը, իսկ նույն չափանիշի (ենթաչափանիշի) վերաբերյալ մյուս ֆինանսական առաջարկների համապատասխան չափանիշները (ենթաչափանիշները) գնահատվում են ըստ լավագույն առաջարկի նկատմամբ տոկոսային հարաբերության։ Հիմք ընդունելով տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների հանրագումարը՝ Հանձնաժողովն ընդունում է որոշում Օպերատորի ընտրության ընթացակարգում առավելագույն գնահատական ստացած հայտը ներկայացրած հայտատուին հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
94. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում Հանձնաժողովը բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը՝ Հանձնաժողովն ընդունում է որոշում Օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
95. Առավելագույն՝ ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության դեպքում հաղթող հայտատուն որոշվում է Ընթացակարգի 85-րդ և 89-րդ կետերին համապատասխան։
96. Այն դեպքում, երբ Օպերատորի ընտրության ընթացակարգում երկու կամ ավելի տարբեր հայտերով ներկայացվել է նույն լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ երկու կամ ավելի հայտեր ստացել են նույն առավելագույն գնահատականը (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում), ապա Հանձնաժողովը համապատասխան հայտերը ներկայացրած հայտատուներին ծանուցում է այդմասին, և տվյալ հայտատուներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու նոր ֆինանսական առաջարկ, որը պետք է ներկայացվի հայտերի ներկայացման համար սահմանված կարգով։ Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում)՝ Հանձնաժողովն ընդունում է որոշում Օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
97. Օպերատորի ընտրության ընթացքում արժեքի և որակի վրա հիմնված ընտրության մեթոդը կիրառվելու դեպքում հայտատուների առաջարկների գնահատումը իրականացվում է հետևյալ կերպ․ ընդհանուր միավորներից 70-ը (70%)՝ տրվում է տեխնիկական առաջարկին, 30-ը (30%)՝ գնին։ Եթե տեխնիկական առաջարկի յուրաքանչյուր չափանիշի գծով ստացած միավորը ցածր է այդ չափանիշի առավելագույն միավորի 70 %-ից, ապա տեխնիկական առաջարկը մերժվում է։ Տեխնիկական առաջարկի գնահատումն իրականացվում է սույն կետով սահմանված աղյուսակ 1-ին համապատասխան:
Աղյուսակ 1
|
Գնահատման չափանիշ |
Որակի չափա-նիշի կշիռ (% և միավոր) |
Նվազագույն շեմ (% և միավոր) |
Ենթաչափանիշ |
Ենթաչափանիշի առավելագույն կշիռ, % |
Ենթաչափանիշի առավելագույն միավորը |
|
1․ Գործարար ծրագիր |
20 |
14 |
1․ Նախագծի նպատակների ներկայացում և դրանց հասնելու մեթոդաբանությունը |
15 |
3 |
|
2․ Գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ ռիսկերի կառավարման պլանը |
20 |
4 |
|||
|
3. Նախագծի ժամանակացույցի իրագործելիություն և իրատեսականություն |
15 |
3 |
|||
|
4․ Նախագծի ողջ ընթացքում կառավարման համակարգի կառուցվածքը, ներառյալ՝ որակի կառավարման համակարգը |
15 |
3 |
|||
|
5․ Նախագծի անձնակազմի որակավորումներ և համապատասխան փորձ |
25 |
5 |
|||
|
6․ Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների (R&D) բյուջեի և դրա շարունակական բարելավման տեսլական |
10 |
2 |
|||
|
2․ Տեղեկատվական համակարգ (Software) |
35 |
24,5 |
1․ Խաղային պրոցեսում տեղի ունեցող բոլոր խաղային գործողություններին հասանելիություն, խաղային արտադրանքների վրա տեղի ունեցող իրադարձությունները գրանցելու, հաշվառելու,անվտանգ պահպանելու և վերլուծելու հնարավորություն (կատարված խաղադրույքներ, մասնակցության վճարներ, գրանցած շահումներ, դրամական հոսքեր, անվճար պտույտներ, անվճար խաղադրույքներ, իրադարձություններ և այլն) |
15 |
5.25 |
|
2. Տվյալների փոխանցման ուղիների և անձնական տվյալների գաղտնագրում, GDPR-ի (General Data Protection Regulation) համապատասխանություն |
10 |
3.5 |
|||
|
3․ Իրական ժամանակում մոնիթորինգ (ոչ ավելի, քան 3 վայրկյան մեկ գործարքի համար) |
15 |
5.25 |
|||
|
4․ Խաղային գործունեության բացասական սոցիալական ազդեցության նվազեցման հնարավորություն. Խաղացողի նույնականացում, խաղերին մասնակցությունն արգելված կամ խաղերին մասնակցության սահմանափակումներ ունեցող անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված կամ սահմանափակված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ապահովում Պատասխանատու և արդար խաղի կանոնների (այդ թվում՝ խաղադրույքների կամ մասնակցության վճարների, խաղացողի կողմից խաղերի վրա ծախսած ժամաքանակի և այլն) պահպանման վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
10 |
3.5 |
|||
|
5․ Վերլուծությունների և ստատիկ և դինամիկ հաշվետվությունների գեներացման հնարավորություն և Վերահսկող մարմնին հաշվետվություններին WEB-ինտերֆեյսի միջոցով հեռահար հասանելիության հնարավորության ապահովում |
10 |
3.5 |
|||
|
6․ Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում՝ բոլոր շահառուների համար հասանելիության հնարավորությամբ, որը կապահովի նրանց միջև տեղեկատվության ընդունումը, փոխանակումը, թույլտվությունների ստացման, օպերացիոն վկայագրերի, խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների, խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգերի և այլնի նկատմամբ հասանելիություն |
10 |
3.5 |
|||
|
7․ API (Application Programming Interface - Կիրառական ծրագրավորման միջերես ) հարցումների կազմում՝ այլ տեղեկատվական համակարգերի և ծառայությունների հետ փոխգործելիության ապահովման նպատակով երրորդ կողմի (խաղային գործունեության կազմակերպիչներ, պետական մարմիններ և այլն) համակարգերի հետ ինտեգրման հնարավորություն (երրորդ կողմի տվյալների բազաներ, մուտքի վերահսկման համակարգեր, տեսահսկում և այլն) |
15 |
5.25 |
|||
|
8․ Համակարգի ճկունություն և մասշտաբայնություն ապահովող ճարտարապետության ներկայացում՝ ապագա պահանջների փոփոխությունները հեշտությամբ իրացնելու համար |
10 |
3.5 |
|||
|
9․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի ապահովում |
5 |
1.75 |
|||
|
3․ Ֆիզիկական ենթակառուցվածք |
15 |
10,5 |
1․ Սերվերների տեսակներ |
15 |
2.25 |
|
2․ Անվտանգության տեղեկատվական համակարգեր և սերտիֆիկացում (Security software/firmware and protocols) |
15 |
2.25 |
|||
|
3․ Անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքի նկարագրություն |
40 |
6 |
|||
|
4․ Տվյալների կենտրոնի բնութագրեր |
15 |
2.25 |
|||
|
5․ Մոնիթորինգի սարքերի մանրամասն նկարագրություն |
15 |
2.25 |
98. Ֆինանսական առաջարկը գնահատվում է սույն կետով սահմանված աղյուսակին համապատասխան: Հանձնաժողովը առաջարկի հարցմամբ կարող է սահմանել աղյուսակ 2-ում սահմանված գնահատման չափանիշների ենթաչափանիշներ՝ նախատեսելով նաև դրանց կշիռները։ Գնահատման չափանիշի ենթաչափանիշների կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի գնահատման չափանիշի կշռին։
Աղյուսակ 2
|
Գնահատման չափանիշ |
Չափանիշի կշիռ (%) և առավելագույն միավոր |
Գնահատման կողմնորոշիչ |
|
1. Ընդհանուր ներդրումների ծավալը |
10 |
Ընդհանուր ներդրումների ծավալի լավագույն առաջարկ է համարվում առավել բարձր ընդհանուր ներդրումային արժեք ունեցող առաջարկը: Ներդրումների արժեքը, բացի ուղղակի կապիտալ և գործառնական ծախսերից, կարող է ներառել, ռազմավարական, ոչ նյութական ակտիվների կամ նախկինում կատարված ներդրումների գնահատված արժեքը, որոնք ակնհայտորեն կապված են նախագծի իրականացման հետ: Դրանք կարող են ներառել սեփական ծրագրային ապահովում (մտավոր սեփականություն), նախապես մշակված տեխնոլոգիական լուծումներ կամ այլ՝ անմիջականորեն կապված նախկին ներդրումներ: Բոլոր նման ներդրումները պետք է հստակ նկարագրվեն, կապվեն առաջարկի նպատակների հետ և գնահատվեն թափանցիկ և ստուգելի մեթոդաբանությամբ: |
|
2. Աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գները (սակագները) |
20 |
Լավագույն առաջարկ է համարվում աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների ամենացածր գները (սակագները) ներառող առաջարկը։ |
99. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել Հանձնաժողովի նիստերին: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:
100. Հայտերի գնահատման նիստ(եր)ը կարող է (են) անցկացվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, կամ գրավոր՝ փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:
101. Հայտերի գնահատման նիստի անցկացման ընթացակարգը, նիստին հայտատուների մասնակցության կարգը, նիստի արձանագրությունների վարման նկատմամբ պահանջները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
102. Տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներով Հանձնաժողովը նիստում որոշում է կայացնում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
103. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացմանը հաջորդող աշխատանքային օրը Հանձնաժողովը հաղթող հայտատուին գրավոր ծանուցում է մրցույթի արդյունքների հրապարակման օրվա, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային կազմակերպություն ստեղծելու և այն պետական գրանցման ներկայացնելու պարտականության մասին:
104. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է հաղթող հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում՝ կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայտի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման ամփոփ արդյունքները։
ԳԼՈՒԽ 10. ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
105. Վերահսկող մարմինը հաղթող հայտատուի կողմից ստեղծված առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ:
106. Կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո եռօրյա ժամկետում Վերահսկող մարմինը Օպերատորին է ներկայացնում իր կողմից ստորագրված պայմանագրի երկու օրինակ։
107. Օպերատորը պայմանագրի երկու ստորագրված օրինակները ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում ստորագրում է պայմանագրի երկու օրինակները, որոնցից մեկը հանձնում է Վերահսկող մարմնին, իսկ մյուս օրինակը պահում է իր մոտ։ Եթե սույն կետով սահմանված ժամկետում Օպերատորը չի ստորագրում պայմանագիրը, ապա համարվում է, որ Օպերատորը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, որի դեպքում պարտավոր է վճարել հայտի ապահովման գումարը։
108. Պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները.
1) պայմանագրի կողմերը.
2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ռիսկերը և այդ ռիսկերի՝ Վերահսկող մարմնի և օպերատորի միջև բաշխումը.
3) պայմանագրի առարկան (այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը) և Օրենքի 32-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված պահանջներն ու պայմանները․
4) պայմանագրի համաձայն՝ ներդրվող և շահագործվող և (կամ) սպասարկվող ենթակառուցվածքի նկարագրությունը, ներառյալ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը.
5) ներդրվող ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի իրավունքների բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը.
6) Օպերատորի կողմից կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.
7) պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը.
8) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և Օպերատորի կողմից դրա վճարման հիմքերը և կարգը.
9) պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.
10) պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ առկայության դեպքում վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.
11) Օպերատորի կողմից կատարվող ներդրումների նվազագույն ծավալը:
109. Պայմանագիրը կնքվում է տասնհինգ տարի ժամկետով:
110. Օպերատորը պարտավոր է համապատասխանել իր ներկայացրած տեխնիկական առաջարկում նշված բոլոր չափանիշներին և պայմաններին։ Ընդ որում, եթե հաղթող հայտատու հայտարարվելու օրվա դրությամբ Օպերատորը չի համապատասխանում տեխնիկական առաջարկում նշված բոլոր չափանիշներին և պայմաններին, ապա պայմանագիրը կնքելուց հետո վեցամսյա ժամկետում պարտավոր է ապահովել իր համապատասխանությունը այդ չափանիշներին և պայմաններին։
111. Պայմանագրի կնքումից հետո Օպերատորը հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Վերահսկող մարմնին։
ԳԼՈՒԽ 11․ ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
112. Առաջարկի հարցման փուլում հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովում:
113. Հաղթող հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է պայմանագրի ապահովում:
114. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են բանկային երաշխիքի ձևով:
115. Հայտի ապահովման չափը չի կարող պակաս լինել Օպերատորի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ հայտատուի գործարար ծրագրում նշված կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 2 (երկու) տոկոսից։
116. Հայտի ապահովումը ներկայացվում է հետևյալ կարգով․ Հայտատուն առաջարկի փուլի հայտի հետ միաժամանակ Հանձնաժողով է ներկայացնում բանկային երաշխիքի պայմանագիրը և բանկին պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ՝ երաշխիքի պայմանագրով սահմանված փաստաթղթերը։
117. Հանձնաժողովը մերժում է հայտի ապահովման ընդունումը, եթե այն ներկայացվել է հայտի ապահովմանը ներկայացվող՝ սույն ընթացակարգով սահմանված պահանջների խախտմամբ։
118. Հայտի ապահովումը պետք է վավեր լինի առաջարկի հարցմամբ նախատեսված ժամանակահատվածում․ ընդ որում, հայտի ապահովումը նվազագույնը պետք է գործի հայտի գործողության ժամանակահատվածի և դրան հաջորդող 60 (վաթսուն) օրացուցային օրվա ընթացքում։
119. Հայտի ապահովման ընդունումը մերժվում է գրավոր, որի մասին հայտատուն ծանուցվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
120. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն չի կատարում Օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կամ հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:
121. Հայտի ապահովման վճարման հիմքի առկայության դեպքում Հանձնաժողովը երաշխիք տված բանկին ներկայացնում է գրավոր պահանջ երաշխիքով դրամական գումար վճարելու մասին՝ կցելով երաշխիքի պայմանագիրը և պայմանագրում նշված փաստաթղթերը։ Պահանջում նշվում է, թե որն է հայտատուի կողմից պարտավորության խախտումը, որի համար տրված է երաշխիքը։ Երաշխիքի գումարը փոխանցվում է Լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին։
122. Պայմանագրի ապահովումը չափը չի կարող պակաս լինել Օպերատորի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ հայտատուի գործարար ծրագրում նշված կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 5 (հինգ) տոկոսից։
123. Պայմանագրի ապահովումը պետք է վավեր լինի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում։
124. Պայմանագրի ապահովումը ներկայացվում է հետևյալ կարգով․ հաղթող հայտատուի որոշվելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հաղթող հայտատուն Հանձնաժողով է ներկայացնում պայմանագրի ապահովում՝ հայտի ապահովման համար սույն ընթացակարգով սահմանված կանոններով։
125. Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Վերահսկող մարմինը պայմանագրի ապահովման գումարի վճարման վերաբերյալ պահանջ է ներկայացնում երաշխիք տված բանկին։
126. Պայմանագրի ապահովման ընդունման մերժումը և պայմանագրի ապահովման հետ կապված մյուս հարցերը կարգավորվում են հայտի ապահովման վերաբերյալ սույն ընթացակարգով սահմանված կանոններով։
ԳԼՈՒԽ 12․ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
127. Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`
1) որակավորման հայտերից կամ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում որակավորման հարցման կամ առաջարկի հարցման պայմաններին, կամ չի ներկայացվել որակավորման հայտ կամ հայտ.
2) որակավորման փուլի ավարտից հետո սահմանված ժամկետում Հանձնաժողովը չի հրապարակում առաջարկի հարցումը․
3) հաղթող հայտատու ճանաչվելուց հետո մինչև պայմանագրի կնքումը, Հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչելու մասին որոշումը անվավեր է ճանաչվել.
4) պայմանագիր չի կնքվել:
128. Մրցույթը չկայացած հայտարարելու հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացնում Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին։
129. Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը Վերահսկող և Լիազոր մարմինների պաշտոնական կայքերում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակում է հայտարարություն, որում նշվում է Օպերատորի ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը:
-
Discussed
17.04.2025 - 02.05.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2222
Print