ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրվել է նոր խմբագրությամբ:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով Կառավարության իրավասություն է սահմանվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը: Օրենքի նախորդ խմբագրությամբ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն իրականացնելու դեպքերի համար լիցենզավորում չի պահանջվել, ինչի հետևանքով նման գործունեության շրջանակներում նախաձեռնողները բախվել են մի շարք խնդիրների, այդ թվում՝ մասնագիտական: Մինչդեռ լիցենզավորված գործունեությունը կարող է գործընթացը տեղափոխել առավել մասնագիտական տիրույթ՝ բարձրացնելով ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների արդյունավետությունը:
Ըստ այդմ՝ Օրենքի նոր խմբագրությամբ սահմանվել է, որ ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, կարող է մշակել միայն համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը:
Նախագիծը նշված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել, ինչից հետո, հաշվի առնելով ստացված դիտարկումներն ու առաջարկությունները, էականորեն խմբագրվել է՝ հաշվի առնելով նաև ոլորտային առանձնահատկությունները, իրավական տեսանկյունից խնդրահարույց ձևակերպումները բացառելու անհրաժեշտությունը: Նախագիծը լրամշակվել է նաև վարչապետի աշխատակազմի իրավաբանական և տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունների եզրակացությունների հիման վրա:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգերը (այսուհետ՝ Կարգեր), ինչի արդյունքում նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, այդուհետ կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն իրականացնելով առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա:
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն և լրացում կատարել Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ՝ օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ Կարգերին լիցենզավորված գործունեության իրականացման արդյունքում մշակված հաշվետվության համապատասխանությունն ապահովելու նպատակով:
Կարգերով նախատեսված է, որ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզիան տալիս (մերժում) է շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին): ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզիա ստանալու հայտի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն է տալիս լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմը և կանոնադրությունը հաստատում է լիցենզավորող մարմինը:
Առաջարկվում է Հանձնաժողովի կազմում ընդգրկել իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների՝ շրջակա միջավայրի նախարարության 2, առողջապահության, ներքին գործերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արտաքին գործերի, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և քաղաքաշինության կոմիտեի 1-ական ներկայացուցիչների, ընդհանուր առմամբ՝ 11 անդամների: Լիազոր մարմինների նշված կազմի ընտրությունը պայմանավորված է ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացներում նրանց՝ շահագրգիռ մարմին հանդիսանալու հաճախակիությամբ:
Նախագծով նախատեսվում է, որ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն իրականացնելու համար դիմող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն իրականացնեն ֆիզիկական անձի (մասնագետի) կամ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներգրավմամբ: Սահմանվում է, որ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն իրականացնելու համար հայտատուի կողմից ներգրավված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեություն պետք է իրականացնեն համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Առաջարկվող կարգավորման համաձայն՝ ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեությունում կարող է ներգրավվել այն մասնագետը, ով ունի՝
- համապատասխան բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ
- համապատասխան բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում և համապատասխան բնագավառում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
ՇՄԱԳ հաշվետվության մշակման գործունեության իրականացման նպատակով մասնագետների ներգրավումը նախատեսվում է իրականացնել թվարկված մասնագիտությունների ցանկից՝ յուրաքանչյուր մասնագիտությունից (որակավորումից) առնվազն մեկ մասնագետի (կրթական ծրագրի) ընտրության սկզբունքով՝ այդկերպ ներգրավելով առնվազն 18 մասնագետի:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերը, տվյալները, հայտի և լիցենզիայի ձևերը, լիցենզավորման ընթացակարգը և պայմանները:
Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի ձևավորման, ինչպես նաև համապատասխան մասնագետների ներգրավման գործընթացի համար պահանջվող ժամանակահատվածը՝ առաջարկվում է որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ի՝ մինչ այդ իրազեկման աշխատանքներ կազմակերպելու և շահագրգիռ հանրությանը գործընթացի ու դրա անհրաժեշտության մասին պատշաճ կերպով ծանուցելու նպատակով: Հաշվի է առնվել նաև նախագծի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության դիտարկումը, ըստ որի՝ նախագծով նախատեսվող կարգավորումների իրագործման համար տնտեսավարողներից կարող է պահանջվել հիմնավոր ժամանակահատված, առաջարկվել է նախատեսել նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, որը հնարավորություն կտա հասցեատերերին իրենց վարքագիծը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա իրականացնելու նպատակով:
- 5. Տեղեկատվություն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում նախատեսվում է լիցենզավորող հանձնաժողովների կազմերի և կանոնադրությունների հաստատում լիցենզավորող մարմնի կողմից:
- 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի և Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից։
Նախագիծը համահունչ է հետևյալ ռազմավարական փաստաթղթերին.
- «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»՝
1) նպատակ 4 (Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ), թիրախ 4.2 (Աշխատունակության բարձր մակարդակ), ցուցանիշ 4.2.2 (Աշխատուժի մասնակցության մակարդակ),
2) նպատակ 14 (Գործարարների համար գրավիչ Հայաստան), թիրախ 14.3 (Ձեռնարկատիրական հնարավորությունների լայն տարածվածություն), ցուցանիշ 14.3.1 (ՓՄՁ մասնաբաժին ՀՆԱ-ում),
3) նպատակ 15 (Գիտելիքահենք (ոչ նյութական) Հայաստան), թիրախ 15.1 (Գիտական հետազոտությունների ծավալների և արդյունավետության աճի բարձր տեմպեր) ցուցանիշ 15.1.1 (Հայաստանում շահերի կենտրոն ունեցող ԲՏՃԱՄ2 (STEAM2) հետազոտողների թիվ).
- Կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների մինչև 2035թ. պլանի «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 3.3 կետի (Կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ֆինանսատնտեսական ոլորտների հետ համակարգված համագործակցություն) 1-ին խնդիր (Մասնագիտական կարողությունների զարգացում և կրթություն), 3-րդ ենթակետ (Զարգացնել համագործակցության ուղղությունները հանքարդյունաբերության ոլորտի լիազոր մարմնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների միջև՝ ոլորտային իրավական ակտերի մշակման գործընթացում գիտական ներուժի օգտագործման, ոլորտային մասնագետների, ուսանողների և ընդերքօգտագործողների միջև համագործակցության հարթակի ստեղծման նպատակով):