«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրին մասնակից շահառուների կազմի, շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցությունը առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև 2025 թվականի մարտի 14-ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի արձանագրության 10-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի:
Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել շահառուների կազմը և կապալառուին ներկայացվող պահանջները։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4 կետով (էջ 36) կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը, ոռոգման բնագավառում նոր համակարգերի զարգացման աջակցումը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակը` կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուների կազմի, շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումն է։
Նախագծով հանվել է վարկային բաղադրիչով կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար սահմանված վերին շեմը (100 հա-ը), իսկ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 40%։ Միաժամանակ, կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի է դարձվել նաև խաղողի ավանդական այգիների համար։
Հաշվի առնելով, որ ծրագրի մասնակիցները ծրագրի շրջանակում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, հստակեցվել է շահառուների կազմը՝ նրանում ներառելով միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (ջրավազանների կառուցման մասով նաև համայնքներին), ինչը կնպաստի նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողների հաշվառման և գրանցման խնդրի կարգավորմանը։
Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10000 խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն կարող է ծրագիրը իրականացնել տարբեր կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։ Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։ 10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10000 խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված, միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։ Միաժամանակ, հաշվի առնելով որ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24–ի N 1734-Լ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո ծրագրին դիմել և պայմանագիր են կնքել շահառուներ և որոնք ծրագրի իրականացման համար դեռ պետք է ձեռք բերեն անհրաժեշտ միջոցներ, բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, նախագծով նշված դրույթներին տրվում է հետադարձ ուժ։
Նախագծով հստակեցվել են նաև կապալառուի համար սահմանված, որակավորված աշխատողին ներկայացվող պահանջները՝ ըստ բնագավառների։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը կիրականացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականին ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի շրջանակում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
-
Duration
26.03.2025 13.04.2025 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 529
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.