ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ----------- 2025 թվականի N --------Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և 25-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Լուծարել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 79.210.00268, գրանցման օրը՝ 27.12.2002թ., հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Լիճք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, շենք 3)։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին․
1) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին․
2) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները։
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտուն և Լիճք բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա այն իրականացնել որևէ հարակից բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
4․ Սահմանել, որ․
1) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը․
2) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինությանը, որի անունից հանդես կգա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.