ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1755-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում չվերամշակվող որոշ գունավոր մետաղների ջարդոնի, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծված սարքավորումների վերանորոգման նպատակով ժամանակավոր դեպի այդ երկրներ տեղափոխելու հետ կապված խնդիրներով։
Էկոնոմիկայի նախարարություն է դիմել տնտեսավարողներ՝ հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված սարքավորումները որոշակի ժամկետ շահագործելու արդյունքում առաջանում է անհրաժեշտություն (Հայաստանում բարդ սարքավորումների վերանորոգման համապատասխան տեխնիկական պայմանների բացակայության պատճառով) տեղափոխել ԵԱՏՄ և վերադարձնելու Հայաստան։ Սակայն Կառավարության 07.11.2024թ. N 1755-Ն որոշմամբ նախատեսված չէ նման դեպքերի համար արտահանման ընթացակարգ և անհրաժեշտության դեպքում այն հնարավոր չէ վերանորոգման նպատակով տեղափոխել ԵԱՏՄ։
Նկատի ունենալով, որ նման դեպքերի համար երրորդ երկրներից ներմուծված սարքավորումների (ի տարբերություն ԵԱՏՄ երկրներից ներմուծվածի) համար առկա է արտահանման թույլտվության ընթացակարգ, և հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ երրորդ երկրներից և ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված սարքավորումների համար, ինչպես նաև, նպատակ ունենալով չխոչընդոտելու այդ սարքավորումները շահագործող ընկերությունների բնակականոն գործունեությունը, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրված սարքավարումները կարող են տեղափոխվել այդ երկրներ՝ այն վերանորոգելու և ետ վերադարձնելու պայմանով։
Մեկ այլ խնդիր ևս, որը բարձրաձայնել են տնտեսավարողները (այդ թվում՝ դիմելով ԱԺ, Կառավարություն և Էկոնոմիկայի նախարարություն)։ Հայաստանում որոշ կարծրաձույլ մետաղների վերամշակման, (օրինակ՝ կոռոզիակայուն պողպատի, նիկել պարունակող գունավոր մետաղների, ցիրկոնիումի թափոնի և ջարդոնի) ծավալները մեծ չեն՝ հանրապետությունում մետաղի ջարդոնի և թափոնի հավաքմամբ զբաղվող տնտեսվարողները հիմնականում չեն զբաղվում այդ ապրանքների հավաքմամբ, քանի որ մետաղների վերամշակման պրոցեսն ունի իր տեխնոլոգիական առանձնահատկությունները ու բարդությունները, և (ըստ մետաղի ձուլմամբ զբաղվող ընկերությունների) հանրապետությունում առկա արտադրական հզորություններով և տեխնոլոգիաներով այդ մետաղների վերամշակումը դառնում է ոչ արդյունավետ, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումը հանրապետությունում առկա ոչ մեծ պաշարների վերամշակման համար տնտեսապես չի հիմնավորվում։
Այդ իսկ պատճառով, որ ընկերությունների տարածքում հավաքվում է վերը նշված թափոն և ջարդոնը, որոնք իրացում չգտնելով Հայաստանում, խնդիրներ են առաջացնում վերջիններիս բնականոն գործունեության համար, ինչպես ֆինանսական միջոցների սառեցման, այնպես էլ՝ ավելորդ տարածքներ զբաղեցնելու հետևանքով։
Հարկ է նշել, որ տեղյակ լինելով վերը նշված մետաղների վերամշակման հետ կապված խնդիրների առկայության մասին, Կառավարության կողմից, այնուամենայնիվ, սահմանվել էր արտահանման արգելք, ելնելով այն հանգամանքներից, որ այդ թափոնների նույնականացումը բարդ է և դրանց փոխարեն կարող են արտահանվել այլ մետաղների ջարդոն և թափոն։ Սակայն, հաշվի առնելով, որ հանրապետությունում արդեն իսկ հավաքված է այդ ջարդոնն ու թափոնը՝ տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու և մետաղի ջարդոնի ու թափոնի առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու, ինչպես նաև՝ այդ ապրանքների արտահանումն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, նպատակահարմար է նմանատիպ ապրանքների մասով առաջնորդվել բացառություն սահմանելու տրամաբանությամբ, և քանի որ խոսքը գնում է կոնկրետ ապրանքի կոնկրետ քանակի մասին՝ նպատակահարմար ենք գտնում մեկանգամյա բացառության կարգով թույլատրել այդ ապրանքների արտահանումը, մաքսային մարմինների կողմից իրականացնելով արդյունավետ վարչարարություն, ինչը գործընթացը կդարձնի վերահսկելի և կառավարելի։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ կետով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է թույլատրել ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրված սարքավորումների արտահանումը վերանորոգման նպատակով՝ այն ետ վերադարձնելու պայմանով, ինչպես նաև՝ բացառության կարգով ժամանակավորապես (մինչև Որոշման գործողության ժամկետի ավարտը) թույլատրել որոշակի մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։
- Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել տեղական տնտեսավարողների համար տեխնոլոգիական սարքավորումների անխափան աշխատանքի համար խոչընդոտների ստեղծումը և վերջիններիս բնականոն աշխատանքի համար պայմանների ապահովումը, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել որոշ ապրանքատեսակների արտաքին առևտուրը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, շահագրգիռ պետական մարմինների և մասնավոր հատվածի դիրքորոշումների և առաջարկությունների հիման վրա։
- Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Duration
25.03.2025 09.04.2025 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 342
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.