Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

50%50%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ:

Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:

Օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, քննչական գործողության արձանագրությանը համարակալված կցվում են քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները:

Օրենսգրքի 223-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում և դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաև շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաև առկայության դեպքում դրան է կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած և ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը:

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 971-Ն որոշմամբ ՀՀ դատախազությանը տրամադրվել է գումար քրեական վարույթներով կատարվող քննչական գործողությունների տեսաձայնագրման արդյունքերը մասնավոր ընկերություններից ձեռք բերված պահոցային կարողություններում պահպանելու համար: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության հիշյալ որոշումը ՀՀ դատախազության կողմից պահոցային կարողություններ են ձեռք բերվել 2 մասնավոր ընկերություններից և ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում են համապատասխան տեղեկատվական պահոցներում, որին տրամադրվում է հասանելիություն քրեական վարույթով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է էլեկտրոնային կրիչի հասկացությունը: Մասնավորապես, էլեկտրոնային կրիչը սահմանվում է որպես մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար: Այսինքն, ներկայումս Օրենսգրքի համապատասխան հոդվածներում առկա՝ «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթը չի համապատասխանում «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում առկա «էլեկտրոնային կրիչ» եզրույթի բովանդակությանը, հետևաբար անհրաժեշտ է «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ և 223-րդ հոդվածներում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը, քանի որ ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում է համապատասխան տեղեկատվական պահոցներում:

Բացի այդ, առաջարկվում է Օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողության արձանագրությանը քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները կցելու պահանջը նախատեսել միայն այն դեպքում, երբ համապատասխան քննչական գործողության տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կապահովվի քննչական գործողությունների տեսաձայնագրման և դրանց արդյունքերի ամրագրմանը վերաբերող՝ Օրենսգրքի 8-րդ, 216-րդ և 223-րդ հոդվածներում առկա որոշ եզրույթների համապատասխանությունը «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, և այլևս անհրաժեշտություն չի առաջանա շարժական էլեկտրոնային կրիչներում պահպանելու տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված չէ ռազմավարական որևէ փաստաթղթի հետ:

 

 

  • Discussed

    10.03.2025 - 26.03.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 623

Print