«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—— 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․2-2․4 կետեր.
«2.2. Նոր բնակության վայրում հաշվառվելու նպատակով անձը կարող է ներկայացնել համապատասխան դիմումը՝ (վավեր թվային էլեկտրոնային ստորագրությամբ) մուտքագրելով առցանց եղանակով՝ mcs-registr.am Հարթակի միջոցով՝ անցնելով խիստ նույնականացում, կամ դիմումն առձեռն ներկայացնելով լիազոր մարմին։
Հարթակը կազմված է վեբ հասանելիություն ունեցող mcs-registr.am կայքից, և սահմանափակ հասանելիություն ունեցող գործերի կառավարման համակարգից, որը նախատեսված է ստացված դիմումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնելու և վարչական վարույթում ներգրավված պետական մարմինների միջև փոխգործակցությունն ապահովելու համար։
Դիմումը համարվում է ընդունված համապատասխան դիմումի էջում «Հաստատել» կոճակը սեղմելու պահից։
2.3. Հարթակ մուտք գործելիս անձը (մինչև 16 տարեկան երեխայի համար՝ օրինական ներկայացուցիչը, որը պետք է ներկայացնի նաև ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ) կարող է տրամադրել իր ծանուցման հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն, որոնք կմշակվեն լիազորված մարմնի կողմից և այն ծանուցումներ կուղարկի համապատասխան անձին՝ իր կողմից ներկայացված դիմումի կարգավիճակի, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը համալրելու վերաբերյալ։ էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։ Հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն նշված չլինելու դեպքում ծանուցումները կուղարկվեն թղթային։
2.4. Հարթակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներով սահմանված կարգով պետք է փոխգործելի լինի և հնարավորություն ունենա ստանալ տեղեկատվություն ստորև նշված պետական տվյալների շտեմարաններից.
- Բնակչության պետական ռեգիստրից (հանրային ծառայության համարանիշ, անուն, ազգանուն, հաշվառման հասցե, անձնագրային տվյալներ),
- Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից (ամուսնական կարգավիճակ, ամուսնու հանրային ծառայության համարանիշ, ամուսնու անձնագրային տվյալներ, երեխաների անուն և ազգանուն, երեխաների հանրային ծառայության համարանիշ, երեխաների անձը հաստատող փաստաթղթի տվյալներ),
- Կադաստրի Կոմիտեի հասցեների ռեգիստրից (հասցեները հստակեցնելու նպատակով),
- Պաշտպանության նախարարությունից (զինվորական հաշվառման առկայությունը ստուգելու նպատակով),
- Գանձապետարանից (պետական տուրքի վճարված լինելը հավաստելու համար):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19․1-ին կետ.
«19.1. Դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելիս ներկայացուցիչը համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել բացառապես առձեռն։».
3) 20.1-ին կետի առաջին պարբերությունում «ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն)» բառերից հետո լրացնել «կամ նշված տեղեկատվությունը մուտքագրվում է mcs-registr.am Հարթակ՝ կիրառելով անձի խիստ նույնականացման գործիքակազմը։
Հարթակի գործերի կառավարման համակարգ օգտատերերի մուտքը կարող է իրականացվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ։» բառերը.
4) 20.1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը (տեղեկանքը կամ գրությունը) Հարթակ մուտքագրվելուց հետո լիազոր մարմինը զինապարտ քաղաքացու հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրում է զինվորական հաշվառումն իրականացնող զինկոմիսարիատ։ Զինկոմիսարիատը տեղեկատվությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում mcs-registr.am հարթակ է վերբեռնում զինվորական հաշվառման վերաբերյալ նշումը, որից հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվող անձի անհատական տվյալները մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր՝ ծանուցելով այդ մասին դիմումատուին: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն) ստանալուց կամ նշված տեղեկատվությունը Հարթակ մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին՝ մերժման վերաբերյալ ծանուցումը ուղարկելով դիմումատուին:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
-
Discussed
07.03.2025 - 28.03.2025
-
Type
Decision
-
Area
Migration and citizenship
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 526
Print