ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
«5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետևյալ ծառայությունները.
1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ.»:
Նույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող և այլն) անձին, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պահանջի դեպքում՝ նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նշված կարգավորումներից բխում է, որ օրենքը հնարավոր է համարում նոտարի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները Կադաստրի կոմիտե ներկայացնելը միայն այն դեպքում, երբ կողմը կպահանջի դրա իրականացումը: Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առաջանում են որոշ դեպքերում գործարքի կողմի կողմից գործարքի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իր իրավունքների պետական գրանցման իրականացմանը ձեռնամուխ չլինելու կամ իրավունքների պետական գրանցման համար հավելյալ մեկ այլ մարմնի՝ Կադաստրի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) դիմելու հետևանքով, ակներև է, որ գործող կարգավորումը անհարկի բարդացնում է գործընթացը: Իսկ նոտարի քննարկվող ծառայությունից չօգտվելը և նշված գործընթացի կազմակերպման համար անձամբ Կոմիտե դիմել նախընտրելը շատ անգամ պայմանավորված է լինում նոտարի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները Կոմիտե ներկայացնելու ծառայության համար անձանց կողմից լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Գործող կարգավորումներից բխում է, որ նոտարը գործարքի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացն ապահովում է միայն նոտարական գործողության կողմերի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում, այսինքն՝ միայն այս դեպքում է նոտարը միանգամից կազմակերպում նաև Կոմիտե դիմում ներկայացնելու հետ կապված այլ գործընթացները:
Այսպիսով, ակնհայտ է, որ նշված իրավանորմերի գործողության պարագայում մնացած դեպքերում, երբ նոտարական գործողության կողմը գործարքի նոտարական վավերացումից հետո նախընտրում է Կոմիտեի հետ կապված գործընթացներով ինքնուրույն զբաղվել, առկա է լինում նոտարական վավերացումից հետո ավելորդ անգամ նշված կողմի կողմից մեկ այլ կառույց՝ Կոմիտե ևս դիմելու և պետական գրանցման գործընթացներով զբաղվելու անհրաժեշտություն:
Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և գործընթացը թեթևացնելու նպատակով դիտարկել նոտարի կողմից գործարքի (բացի ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրման) նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացն ապահովելու հնարավորությունը (այսինքն՝ այս գործողությունը դարձնել նոտարի համար պարտադիր, այլ ոչ նոտարական գործողության կողմի ցանկությամբ, ինչպես այժմ է):
Միաժամանակ, Նախագծի ընդունումից անմիջապես հետո Արդարադատության նախարարության կողմից կմշակվի մեկ այլ նախագիծ, որով նախատեսվելու է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 26.05.2011 թվականի 733-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 18.1-րդ կետը, որը նախատեսում է քննարկվող ծառայության դիմաց նոտարին վճարվող 3000 դրամ սակագին: Նշվածի ուժով Նախագծով նոտարի քննարկվող ծառայության պարտադիրությունը չի հանգեցնի նոտարական գործողության կողմերին իրենց կամքից անկախ նշված պարտադիր ծառայության դիմաց վճարել նաև քննարկվող 3000 դրամ սակագինը:
Առաջարկվող փոփոխությամբ կձևավորվի արդյունավետ մեխանիզմ, և նոտարը կապահովի գործարքի (բացի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման) վավերացումից մինչև դրանից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացի ամբողջականությունը՝ գործարքի նոտարական վավերացումից անմիջապես հետո դրանից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ դիմումը պարտադիր՝ անկախ նման պահանջի առկայությունից կամ բացակայությունից, Կոմիտե ներկայացնելու մասով:
3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ: Այս կարգավորման արդյունքում կպարզեցվի գործարքների նոտարական վավերացումից հետո գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը: Նշվածն, իր հերթին, կարող է շատ դեպքերում էապես կրճատել գործարքի նոտարական վավերացման և գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման միջև ընկած ժամանակահատվածը, դրանով իսկ հստակություն և նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու մասով վստահելիություն հաղորդելով գործընթացին: Այսինքն՝ պարզեցված կարգավորումը կնպաստի ոչ միայն անձի կողմից գործարքի վավերացումից մինչև այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար Կոմիտե դիմելն ընկած ժամանակի կրճատմանը, այլ նաև ողջ գործընթացի վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 4-րդ բաժնի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ 4.1-րդ գլխի 10-րդ պարբերությունից, որի համաձայն՝ Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկելու (…) նոտարիատի, (...) ոլորտների զարգացմանը նպաստելու ուղղությամբ: