ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագծի) ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։
Միջազգային շուկաներ դուրս գալու սկզբնական փուլում գործարարները բախվում են արտադրանքի համապատասխանության գնահատման նպատակով տրամադրվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման և լաբորատոր փորձարկումներ իրականացնելու հետ կապված ծախսերի խնդրին։ Դրանք հաճախ վաճառքի ծավալներից անհամարժեք մեծ են, սակայն կարևոր են և կարող են հանդիսանալ երաշխիք արտադրանքի՝ անվտանգության նվազագույն չափանիշներին համապատասխանության, իսկ որոշ դեպքերում՝ բարձր որակն ու մրցունակությունն ապացուցելու համար։ Արտադրանքի սերտիֆիկացման կամ փորձարկման աջակցության տրամադրումը կնպաստի առևտրի դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն և արտադրանքի արտահանման ծավալների աճին:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Մեկ անուն արտադրանքի համար հաճախ անհրաժեշտ է փորձարկել նորմատիվ փաստաթղթով պահանջվող որոշակի ցուցանիշներ, որոնց գներն էապես տարբերվում են:
Չնայած Հայաստանում առկա են միջազգայնորեն հավատարմագրված 3 համապատասխանության գնահատման մարմին, վերջիններիս կողմից արտադրանքի անվտանգությանն ուղղված ցուցանիշների ոչ բոլոր լաբորատոր փորձարկումներն են իրականացվում և հաճախ անհրաժեշտություն է առաջանում դիմելու արտասահմանյան լաբորատորիաների ծառայությանը։ Դրանց գները հաճախ առավել բարձր են։ Որոշ դեպքերում, արտահանվող արտադրանքի դեպքում, ներմուծող երկրի կամ ընկերության պահանջով, որպես հիմք են ընդունվում միայն տվյալ երկրի լաբորատորիաների փորձարկման արդյունքները։
- Կարգավորմաննպատակը և բնույթը.
Նախագծերով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։
Հաշվի առնելով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունները և հարցումները (միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիաներին և կազմակերպություններին)՝ փոխհատուցումն իրականացվում է հետևյալ չափերով՝
- սերտիֆիկացման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 100 000 (հարյուր հազար) դրամ.
- մեկ տեսակ արտադրանքի լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավել քան 50 000 (հիսուն հազար) դրամ:
- 4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ՝
- Կարդիականացվեն հայաստանյան արտադրողների բիզնես գործընթացները, որի արդյունքում կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճը․
- կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է, որ լաբորատոր փորձարկումներ իրականացնելու աջակցությունից կօգտվի մոտ 500 տնտեսավարող, որոնք միջինը կիրականացնեն տարեկան 4 փորձարկում՝ 100.000 դրամ միջին գնով։
Հարկ է նշել նաև, որ արտադրողների հետ հանդիպումների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատականի համաձայն՝ մոտ 200 տնտեսավարող կօգտվի աջակցությունից, սակայն շոշափելի աճ չի գրանցի, իսկ 300 ընկերություն կարող է մեծացնել վաճառքի ծավալը ավելի քան 20%- ով ( տարեկան մոտ 18 մլրդ դրամ), որից տարեկան կարող է ակնկալվել մոտ 486․000.000 դրամ շահութահարկի գծով մուտք (15% եկամտաբերության դեպքում), ինչը 3 տարվա համար կկազմի 1.458.000.000 դրամ:
Արդյունքում՝ միջոցառման իրականացման ավարտին պետական բյուջեից իրականացված ծախսերը կփոխհատուցվեն։
2025 թվականի բյուջետային հայտերի մեջ փոփոխություններ կատարելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նոր առաջարկ կներկայացվի՝ 2025 թվականի բյուջետային հայտերում վերոնշյալ միջոցառումները ընդգրկելու վերաբերյալ՝ հստակ նշելով, թե 2025 թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծում արդեն իսկ նախատեսված որ միջոցառումներից որքան ֆինանսական միջոցներ և ոչ ֆինանսական ցուցանիշներ պետք է նվազեցվեն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» բաժնով նախատեսված գործողություններից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 13-րդ մասով նախատեսված «Գյուղատնտեսության ոլորտի գերակայություններից» (Սննդամթերքի անվտանգության ժամանակակից ստանդարտների ապահովում, բուսասանիտարական չափանիշների, հավաստագրման արդիականացված համակարգերի ու մեթոդների կիրառում):