Add to favourites

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ  ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածում «վերապատրաստման» բառից առաջ հանել «ատեստավորման և» բառերը։ 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. 

«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) համայնքային  ծառայություն՝ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։»:  

2) համայնքային ծառայության պաշտոն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն, քաղաքական զսպվածություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով.

3) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` համայնքային ծառայության համար նախատեսված` օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկ.

4) համայնքային ծառայող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ սույն օրենքով  սահմանված կարգով զբաղեցնում է համայնքային ծառայության պաշտոն և կատարում է այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն.

5) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝  տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ նախատեսող, ինչպես նաև աշխատանքային ստաժի պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

6) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

7) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական շարունակական կատարելագործում.

8) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցվում են  հաստիքների կրճատման, ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը,  համապատասխան մարմնի գործունեության դադարեցման հիմքով համայնքային ծառայության պաշտոններից ազատված, համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված, ինչպես նաև համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք.

9)  ծառայողական քննություն՝  համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների, բարեվարքության, նրա գործունեությանն առնչվող, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրություն․

10) մասնագիտական գիտելիք՝ տեղեկությունների, հասկացությունների, մտքերի, փաստերի և հանգամանքների ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.

11) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, որը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից․

12) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև աշխատակազմի լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցություն իրականացնող․

13) քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ՝ պայմանագրային հիմունքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրներ ու գործառույթներ իրականացնող․

14) բարեվարքության  հարցերով  կազմակերպիչ՝  համայնքի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ աշխատակազմում անձնակազմի կառավարման գործառույթներն իրականացնող համայնքային ծառայող, որի պաշտոնի անձնագրում ամրագրված են համայնքային ծառայողի բարեվարքության պահանջների մասով իրավունքներ և պարտականություններ.

15) ժամանակավոր թափուր պաշտոն՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով թափուր պաշտոն:»:  

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «սպասարկում» բառից հետո լրացնել  «և քաղաքացիական աշխատանք» բառերով։ 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ  նոր խմբագրությամբ․ 

«Հոդված 5 Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները 

1․ Համայնքայինծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) իրավունքի գերակայությունը,

2) համայնքային ծառայության արդյունավետությունը,

3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված համայնքային ծառայության կայունությունը,

4) համայնքային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը,

5) քաղաքացիների համար համայնքային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան,

6) համայնքային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,

7) համայնքային ծառայողի արհեստավարժությունը:»։ 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «կանոնակարգի» բառը փոխարինել «ներքին կարգապահական կանոնների» բառերով: 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում․

1․ 3․1-րդ մասում «երեք տարի անընդմեջ» բառերից հետո լրացնել «(մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը)» բառերը:

2․ 3․2-րդ մասում «սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ժամկետային աշխատանքային պայմանագրով» բառերով: 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում․

1․ Լրացնել նոր՝ 1․1-ին և 1․2-րդ մասերով․

«1․1․ Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու համար հիմք են հանդիսանում՝

1) աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը․

2) աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը․

3) կառուցվածքային փոփոխությունը.

4) համայնքային ծառայության նոր պաշտոնի նախատեսումը կամ կրճատումը․

1․2 Ավագանու համապատասխան որոշումն ընդունվելուց հետո՝ համապատասխան համայնքի աշխատակազմը (մարզպետի աշխատակազմի միջնորդությամբ) 20-օրյա ժամկետում անվանացանկի փոփոխության առաջարկությամբ գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ներկայացնում իրավական հիմքը (ավագանու որոշումը), հիմնավորումը:

2․  2-րդ և 3-րդ մասերում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել  տասնհինգօրյա ժամկետում» բառերով։

3 ․ Լրացնել նոր՝ 4-րդ մասով․

«4․ Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը օրենքով սահմանված ժամկետում հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։»։ 

Հոդված 8.  Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները 

1․ Համայնքայինծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:

1․ Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են կրթության, աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբեր` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն․

ա․  1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա ստաժ կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.

բ․ 3-րդ ենթախմբի պաշտոնների համար` հանրային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`

ա․ 1-ին ենթախմբի պաշտոնների համար` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ․ 2-րդ և 3-րդ ենթախմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի և փորձի։

1․ Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ոլորտային օրենսդրությամբ սահմանվում են կրթության, աշխատանքային ստաժի և փորձի այլ չափանիշներ։

2․Համայնքայինծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո։

3․ Համայնքայինծառայության պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ կարող է նախատեսվել միայն այն դեպքում, երբ նշված պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում։

4․ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող փոփոխություններ կատարվել համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում։»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում․

1․  «Սույն օրենքով սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «1․» թիվը։

2․ Լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․ Համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով, սույն օրենքի 14․1-րդ հոդվածով սահմանված կարգով և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:»։

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

 «13․ Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովը

«1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը անցկացնում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային հանձնաժողովը։

2․ Մրցութային հանձնաժողովի կազմը բաղկացած է 6 անդամից, որոնք ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ, իսկ մրցույթին նախորդող օրը ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում՝ մրցույթի օրվան նախորդող աշխատանքային օրը, հետևյալ հարաբերակցությամբ.

1) Համայնքի աշխատակազմի մրցութային հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ հարաբերակցությամբ.

ա․  երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ.

բ․ երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնցից մեկը պետք է լինի համապատասխան ոլորտի մասնագետ (աշխատակազմի համայնքային ծառայող).

գ․   մեկը՝ համայնքի ավագանու անդամ.

դ․  մեկը՝ գիտական և ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ հարաբերակցությամբ.

ա․  երկուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ․ երկուսը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնցից մեկը պետք է լինի համապատասխան ոլորտի մասնագետ․

գ․ երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

  1. Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»։

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի.

1․ 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` հրապարակում է համայնքի պաշտոնական համացանցային կայքում, փակցնում է համայնքապետարանում տեսանելի վահանակի վրա, ինչպես նաև ներկայացնում է համապատասխան մարզպետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ նշված մարմինների պաշտոնական համացանցային կայքերում հրապարակելու համար։ Միաժամանակ, համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»․

2․ 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«7․ Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից։

1) Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար հարցաշարերն ընդգրկում են`

ա․ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` առնվազն 150 հարց (խնդիր).

բ․ համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` առնվազն 120 հարց (խնդիր).

գ․ համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` առնվազն 100 հարց (խնդիր):

2) Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

ա․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ․ համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.

գ․ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 60 տոկոս.

դ․ «Հանրային ծառայության մասին» օրենք՝ 10 տոկոս։

3) Մրցույթի թեստավորման փուլի թեստային առաջադրանքներն ընդգրկում են՝

ա․ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 60 հարց (խնդիր).

բ․ համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 50 հարց (խնդիր).

գ․ համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 40 հարց (խնդիր):

4) Թեստային առաջադրանքները կարող են ունենալ հետևյալ ձևերը՝

ա․  ճիշտ պատասխանի ընտրություն, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է հարց՝ ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, և որոնցից թեստավորման մասնակիցն ընտրում է պատասխանի իր տարբերակը.

բ․ այլընտրանքային ընտրություն, երբ թեստավորման մասնակիցը հարցին պատասխանում է «այո» կամ «ոչ».

գ․ համապատասխանության որոշում, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է գտնել երկու ցանկի տարբերակների համապատասխանությունը.

դ․ հաջորդականության որոշում, երբ թեստավորման մասնակիցը համապատասխան հաջորդականությամբ դասավորում է ցանկում առաջադրված տարբերակները:

5) Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:

6) Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝

ա․ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 70 րոպե,

բ․ համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 60 րոպե,

գ․ համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 50 րոպե:

7) Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ:»

3․ 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․

«8․ Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` թեստավորման առաջադրանքների առնվազն 95 տոկոսին, առաջատար խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` 90 տոկոսին և կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` 85 տոկոսին ճիշտ պատասխանած բոլոր մասնակիցները:»

4․ 11-րդ մասում․

  • 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին, կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ՝ երկամսյա ժամկետում։»

  • 3-րդ պարբերությունում «չեն ընդունվում» բառերից հետո լրացնել «,մրցութային հանձնաժողովի կազմը չի փոփոխվում,» բառերով, «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
  • 4-րդ պարբերությունը «չկայացած, և» բառերից հետո լրացնել «երկամսյա ժամկետում» բառերով:
  • 8-րդ պարբերությունը «զբաղեցնելու համար» բառերից հետո լրացնել «՝երկամսյա ժամկետում,» բառերով։

Հոդված 12. Օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասում «նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների» բառերը փոխարինել «համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նոր պաշտոնների» բառերով։

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում․

  1. 1-ին մասից, 1․1-րդ և 1․2-րդ մասերից հանել «՝մրցույթում հաղթող ճանաչված անձանցից» բառերը, ինչպես նաև 1-ին մասում ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ պարբերությունները։

2.1 մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«2․1 Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ընթացքում փորձաշրջան անցած անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում:»։

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «պաշտոն զբաղեցնելու,» բառերից հետո լրացնել «հաստիքի կրճատման կամ համապատասխան մարմնի գործունեության դադարեցման հիմքով համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու,» բառերը, ինչպես նաև 1-ին մասի 2-րդ պարբերությունը «խախտմամբ համայնքային ծառայության» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով)» բառերով։

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«1. Համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր` հետևյալ դեպքերում`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

4) մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով uահմանված կարգով համայնքային ծառայողի  վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման.

5) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու.

6) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության։

7) եթե դատարանի՝ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը համայնքային ծառայողը գտնվում է կալանավայրում։

2․ Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև oրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով։

3․ Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու վեցամսյա ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն oրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

4․ Մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով կարող է զբաղեցվել մինչև վեց ամիս ժամկետով, որից հետո մեկամսյա ժամկետում այն պետք է համալրվի մրցութային կարգով։

5․ Չի թույլատրվում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «թ», «ժ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

Հոդված 16. Օրենքի 4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառը։

Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 19-րդ հոդվածը։

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ պարբերությունից հետո  լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․

«Վերապատրաuտման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի և վարձատրության պահպանմամբ։»։

Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը։

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ․

 « Հոդված 22. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները

  1. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.

5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

6) իրավական պաշտպանությունը:»։

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ․

 «Հոդված 23. Համայնքային ծառայողի հիմնական պարտականությունները

  1. Համայնքային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) համայնքային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.

4) օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

7) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը:»։

Հոդված 22. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

1․ « Հոդված 24. Համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները

  1. Համայնքային ծառայողներին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) որպես համայնքի ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը) հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

3) իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

4) հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական այդ թվում` նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց  հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

7) պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

  1. 2. Համայնքային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
  2. 3. Համայնքային ծառայողը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք:
  3. 4. Համայնքային ծառայողները պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների կատարումը:
  4. 5. Համայնքային ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի հանդեպ:

6․ Համայնքային ծառայողի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

  1. 7. Համայնքային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը և անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Հոդված 23.  Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի․

1․  1-ին պարբերությունում «նրա վերադասին» բառերը փոխարինել «նրա անմիջական ղեկավարին» բառերով։

2․ 2-րդ պարբերությունում «և (կամ) նրա վերադասը,» բառերը փոխարինել «կամ նրա անմիջական ղեկավարը կամ» բառերով։

Հոդված 24 Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 26  Համայնքային ծառայողի սոցիալական երաշխիքները

1․ Համայնքային ծառայողի համար երաշխավորվում են`

1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրությունը, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.

5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը:

  1. Համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:»։

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«1․ Աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի երբ դրանք ուղեկցվում են համապատասխան աշխատակազմի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների թվաքանակի կրճատմամբ։

Վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված համայնքային ծառայության պաշտոնների կրճատման, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում արտամրցութային կարգով՝ առանց աշխատանքային պայմանագրի լուծմամբ, վերանշանակված համայնքային ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:»:

3․ 2-րդ մասի՝

  • 1-ին պարբերությունում «կարող են համալրվել» բառերը փոխարինել «արտամրցութային կարգով համալրվում են» բառերով,
  • 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 3-րդ կետով․

 «3․ Կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման համայնքային ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ և համայնքային ծառայողի համաձայնությամբ կարող է արտամրցութային կարգով նշանակվել  նաև կառուցվածքային փոփոխության չենթարկված կառուցվածքային ստորաբաժանման, կամ  ստորաբաժանման կազմում չընդգրկված համայնքային ծառայության թափուր պաշտոնում։»։

Հոդված 26. Օրենքի 29․1-րդ հոդվածի 1-ին մասի «սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով» բառերը փոխարինել «մրցութային կարգով» բառերով։

 Հոդված 27. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում  «Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները» բառերը փոխարինել «Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները» բառերով։

Հոդված 28. Օրենքի 32-րդ հոդվածում․

1․ 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1․ Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ոչ պատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու, համայնքային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում համայնքային ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը․»։

2․ Ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ մասերը․

Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածից հետո լրացնել 32․1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 321 Ծառայողական քննությունը

1․ Ծառայողական քննությունն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների, բարեվարքության, նրա գործունեությանն առնչվող, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրությունն է:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

3․ Ծառայողական քննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման  մարմնի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով:

4․ Ծառայողական քննությունն անցկացվում է մեկամսյա ժամկետում, որն սկսվում  է քննություն անցկացնելու մասին լիազորված մարմնի գլխավոր քարտուղարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

5․ Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով, քննության ժամկետի ավարտից առնվազն երկու օր առաջ, ծառայողական քննություն վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, լիազորված մարմնի գլխավոր քարտուղարը ընդունում է հրաման ծառայողական քննություն անցկացնելու ժամկետը՝ մինչև 15 օրացուցային օր երկարացնելու մասին:

6․ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ:

7․ Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են քննության անցկացման սահմանված ժամկետում (այդ թվում` նաև երկարացված ժամկետում)` ծառայողական քննություն վարողի կողմից եռօրյա ժամկետում կազմված եզրակացությամբ:

8․ Ծառայողական քննության արդյունքով ծառայողական քննություն վարողը գլխավոր քարտուղարին ներկայացնում է եզրակացություն, որն առնվազն ներառում է ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները և դրանց վերաբերյալ հետևությունները, անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ և դրանց վերաբերյալ հիմնավորումներ:

9․ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման գլխավոր քարտուղարը եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում է համապատասխան հրաման։

10 Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ՝ ծառայողական քննության կողմերի համար:

  1. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

Հոդված 30.  Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում․

1․ հանել «ե», «ի» և «իբ» կետերը.

2․ «ժ» կետը «սահմանափակումները» բառից հետո լրացնել «և անհամատեղելիության պահանջների» բառերը.

3․  լրացնել «իգ» կետով՝  հետևյալ բովանդակությամբ․

«իգ)  -/ համայնքային ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչելը և անձին համայնքային ծառայության իր պաշտոնում վերականգնելը։»

Հոդված 31. Օրենքի 35-րդ հոդվածի 2-ին մասի «դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «վարչական կամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:» բառերով։

Հոդված 32. Օրենքի 35․2-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել  «ինչպես նաև նախաձեռնում է ծառայողական քննության անցկացում համայնքային ծառայողների նկատմամբ» բառեր։

Հոդված 33. Օրենքի 35․3-րդ հոդվածի 2-ին մասում «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «և պատասխանատվություն է կրում համայնքային ծառայության օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված պահանջները չկատարելու համար» բառեր։

Հոդված 34. Օրենքը 6․1 գլխից հետո լրացնել նոր 6․2 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ․

« Գ Լ ՈՒ Խ  6.2 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 354 Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Համայնքային ծառայության համար յուրաքանչյուր համայնքի աշխատակազմում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով։
  2. Համայնքային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում է համայնքային ծառայության մասին օրենքով ստեղծված էթիկայի հանձնաժողովը, որի գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
  3. Համայնքային ծառայողի էթիկայի հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձևավորվում է համայնքային ծառայողնի էթիկայի առանձին հանձնաժողով։

4․ Համայնքային ծառայողի էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը։

Հոդված 35. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը։

Հոդված 36. Ուժը կորցրած ճանաչել  Օրենքի 46-րդ հոդվածը։

 Հոդված 37. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժինը լրացնել նոր՝ 48-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 48  Համայնքային ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունները

1․  Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավորել և  վերջիններիս վրա չի տարածվում սույն օրենքով նախատեսված բարձրագույն կրթության, հանրային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժի պահանջը։»։

Հոդված 36.  ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող  տասներորդ օրը:

2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանչորսամսյա ժամկետում:

 

  • Discussed

    30.10.2024 - 14.11.2024

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 825

Print

Suggestions

Քրիստինա Դաշյան

13.11.2024

Առաջարկում եմ կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետում՝ հանելով «բացառությամբ» բառը։ Ներկայիս ձևակերպմամբ, հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողները դուրս են մնում հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունքից, ինչը հանգեցնում է որոշ համայնքային ծառայողների, մասնավորապես ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների, վարձատրության անհավասարության։ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները իրականացնում են ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք, սակայն նրանց պաշտոնային դրույքաչափերը հաճախ զիջում են համայնքային ծառայության այլ ոլորտներում զբաղված մասնագետների վարձատրությանը։ Ներկայումս գործող դրույքաչափերը խախտում են ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արդար վարձատրության իրավունքը՝ հանգեցնելով աշխատավարձերի անհամաչափության։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արժանի և համարժեք վարձատրությունը՝ համահավասար պայմաններով համայնքային ծառայության այլ պաշտոններում զբաղվածների հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սակավ աշխատավարձի խնդիրը քննարկվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների հետ, և այս առաջարկը ստացել է նրանց ամբողջական աջակցությունը: Այս նախաձեռնությունը միտված է համայնքային ծառայողների աշխատանքի գնահատման արդարության սկզբունքին՝ առանց խախտելու 27-րդ հոդվածի տրամադրած մյուս իրավունքները և սահմանափակումները։

Վաղինակ Հովհաննիսյան

08.11.2024

Իմ կողմից կատարված 14-րդ առաջարկության վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը փաստարկված կարելի է համարել, եթե կարողանաք բերել քաղաքացիական ծառայության համակարգում (որտեղ արդեն մի քանի տարի կիրառվում է այդ կարգավորումը) մի քանի մարմիններում թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանցով չհամալրելու հետևանքով աշխատանքների պարալիզացման կամ անընդհատության առաջացման լուրջ օրինակներ: Հետևաբար, ճիշտ եմ համարում քննարկման առարկա դարձնել առաջարկությունը, չվախենալ մի փոքր աշխատատար դրվագներից ու օրենքը դարձնել հնարավորին ճկուն ու կարգավորորղ:

Վաղինակ Հովհաննիսյան

08.11.2024

Իմ կողմից կատարված 13-րդ առաջարկի վերաբերյալ Ձեր կողմից տրվել է հետևյալ մեկնաբանությունը ------Չի ընդունվել, քանի որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզպետների աշխատակազմերի միջոցով համայնքներում իրականացվում է իրավական հսկողություն։ Հարգելի գործընկերներ, ես նշել եմ տվյալ հոդվածի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ինչը նշանակում է, որ ինչպես լիազոր մարմնի լիազորություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 188, մաս 1) իրավական հսկողության իրականացումն է օրենքով վերապահվել նաև մարզպետներին, նույն այդ տրամաբանությամբ (համանմանությամբ) էլ առաջարկում ենք «Համանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2.-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «իրականացնում է» բառերից առաջ լրացնել «անմիջականորեն կամ մարզպետների միջոցով» բառերը: Կարծում եմ՝ իմ կողմից կատարված առաջարկությանը Ձեր կողմից կատարված մեկնաբանությունը առաջարկությունս Ձեր կողմից մի փոքր անուշադիր կարդալու հետևանք է, քանի որ մեկնաբանությունը շատ մակերեսային է ու չի պարունակում առաջարկության դեմ լուրջ հակափաստարկներ:

See more