Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածին, համանուն կոմիտեի 1-ին ընդհանուր մեկնաբանությանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։ Ավելին՝ նախագծի հիմնավորումները միտումնավոր անտեսում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները՝ կենտրոնանալով բացառապես ​​ՄԻԵԴ որոշումների, ԵԽ չափանիշների և ԵԽ անդամ պետությունների փորձի վրա՝ շրջանցելով Ավստրիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի փորձը, որտեղ գրեթե ամբողջությամբ վերացրված է լրիվ կամ մասնակի խնամակալությունը։ Ավելին, մտահոգիչ է, որ նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։ Այս նախագծի մշակումը հակասում է նաև Եվրոպայի խորհրդի հաշմանդամության ռազմավարությանը։ Հիմնավորումներում հղում է կատարվում «Հոգեկան առողջության խնդիրրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն. «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարում» զեկույցին։ Վերջինս ևս շրջանցում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և թյուր կերպով է մեկնաբանում կոնվենցիայի՝ հաշմանդամության սահմանումը՝ եզրակացնելով, որ այն չի վերաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց։ Մինչդեռ կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձ է համարում բոլոր այն անձանց, որոնք ունեն երկարատև առողջական խնդիրներ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիարժեք և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ քննարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման հարցը, նա կոնվենցիայի շրջանակներում համարվում է «հաշմանդամություն ունեցող անձ»։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում լրացմամբ առաջարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման պայման դիտարկել նաև «գործողությունների հետևանքները նախատեսելը»։ Մինչդեռ հետևանքները նախատեսելը (կանխատեսելը) հիմնված է հավանականությունների վրա, երբ հայտնի են բոլոր փոփոխականները և համակարգերը դետերմինիստական են։ Իսկ իրական կյանքում գործողությունների (որոշումների) հետևանքները կանխատեսելը կարող է սահմանափակվել միայն ողջամտորեն ակնկալվող հետևանքներով, ինչն էլ ինքնին կարող է պայմանավորված լինել անձից դուրս՝ միջավայրային գործոններով, այդ թվում՝ անձին հասանելի տեղեկություններով և վերահսկողության հնարավորություններով։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.1. կետն օգտագործում է «եթե հոգեկան խանգարումն ամբողջությամբ չի ազդում» ձևակերպումը։ «Ամբողջությամբ» բառի օգտագործումը տեղին չէ, քանի որ այն բացարձակ է և հոգեկան առողջության խնդիրը չի կարող հանգեցնել իրավիճակների, երբ անձն, օրինակ, «չի հասկանում իր բոլոր գործողությունների նշանակությունը»։ Այստեղ կարևոր է, թե որ գործողություններն են դիտարկվում անհատական գնահատման շրջանակներում և ինչպես է գնահատվելու կոնկրետ գործողությունների՝ «հասկանալու և ղեկավարելու ունակություն»-ը։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.2. կետը նախատեսում է օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով նախատեսված գործարքներ կնքելու հնարավորություն։ Անհասկանալի է, թե ինչու այն չի ներառում նույն մասի 3-րդ կետը, որն առնչվում է ավանդների տնօրինմանը։ Նաև խնդրահարույց է, թե որքանով է 30-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերելի չափահաս անձանց։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.3. կետը նախատեսում է բացառություն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված եկամուտների մասով։ Անհրաժեշտ է նկատել, որ 2-րդ մասի 1-ին կետը ներկայացված չէ սպառիչ ցանկով։ Երկրորդ, անհասկանալի է, թե ինչին է վերաբերում բացառությունը։ Անձը չի կարող տնօրինել այդ եկամուտնե՞րը, չի կարող տնօրինել առանց հոգաբարձու համաձայնությա՞ն, թե՞ որ անձը կարող է տնօրինել առանց հոգաբարձուի համաձայնության։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել 37-րդ հոդվածի 1.1 և 2.2 մասերը, մինչդեռ գործող օրենսգիրքը չունի նման մասեր, հետևաբար հնարավոր չէ հասկանալ լրացման և փոփոխության էությունը։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում հղում է կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հունվարի 31-ի N 12-Ա/1 հրամանին։ Գտնում ենք, որ այդ հրամանում լրացումներ և փոփոխություններ չեն կարող դիտարկվել, քանի որ վերջինս անհատական իրավական ակտ է (չնայած դրա նորմատիվ բնույթին)։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից հասկանալի չէ, թե արդյոք կարգավորումը վերաբերելու է նաև «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց»։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ն առաջարկում է օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 մասով։ Առաջարկում ենք նշված մասից հանել «հրաժարվելու վերաբերյալ» բառերը։ Հստակ չէ նաև, թե «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց» դեպքում ինչպես է կարգավորվելու վերոնշյալ իրավիճակը։