Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

0%100%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածին, համանուն կոմիտեի 1-ին ընդհանուր մեկնաբանությանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։ Ավելին՝ նախագծի հիմնավորումները միտումնավոր անտեսում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները՝ կենտրոնանալով բացառապես ​​ՄԻԵԴ որոշումների, ԵԽ չափանիշների և ԵԽ անդամ պետությունների փորձի վրա՝ շրջանցելով Ավստրիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի փորձը, որտեղ գրեթե ամբողջությամբ վերացրված է լրիվ կամ մասնակի խնամակալությունը։ Ավելին, մտահոգիչ է, որ նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։ Այս նախագծի մշակումը հակասում է նաև Եվրոպայի խորհրդի հաշմանդամության ռազմավարությանը։ Հիմնավորումներում հղում է կատարվում «Հոգեկան առողջության խնդիրրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն. «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարում» զեկույցին։ Վերջինս ևս շրջանցում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և թյուր կերպով է մեկնաբանում կոնվենցիայի՝ հաշմանդամության սահմանումը՝ եզրակացնելով, որ այն չի վերաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց։ Մինչդեռ կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձ է համարում բոլոր այն անձանց, որոնք ունեն երկարատև առողջական խնդիրներ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիարժեք և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ քննարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման հարցը, նա կոնվենցիայի շրջանակներում համարվում է «հաշմանդամություն ունեցող անձ»։ Չի ընդունվել։ Նախագծի մշակման ընթացքում որպես հղման հիմնական աղբյուրներ ծառայել են տարբեր միջազգային իրավական չափորոշիչներ, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի չափանիշները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ հաշվի առնելով դրանց կիրառելիության անմիջականությունը: Մասնավորապես, ԵԽ չափանիշները և ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, լինելով եվրոպական իրավական պարտավորությունների մաս, դրվել են նախագծի հիմքում: Միաժամանակ, Նախագծերի փաթեթեը չի հակասում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային և հաշվի է առնում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի մեկնաբանությունները: Այսպես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածն ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց օրենքի առջև հավասարությունը: Հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Մասնակից պետություններն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն առնչվող միջոցներով սահմանվեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` կանխելու համար չարաշահումները` մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն: Նման երաշխիքներն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքն ու նախասիրությունները, զերծ լինեն շահերի բախումից և չափից մեծ ազդեցությունից, համահունչ լինեն անհատի անձնական հանգամանքներին և մշակվեն դրանց համապատասխան, կիրառվեն հնարավորինս կարճ ժամկետներում և ենթարկվեն կանոնավոր վերահսկողության իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Այս երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցությանը, որ նման միջոցները գործում են անձի իրավունքների ու շահերի վրա։»: Նախագծերի փաթեթը հաշվի է առնում Կոնվենցիայով ամրագրված, այդ թվում՝ 12-րդ հոդվածով սահմանված իրավունակության սկզբունքները: Այսպիսով, Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները չեն հակասում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև կոմիտեի ընդհանուր մեկնաբանությանը, որը կարող է ուղեցույց հադնիսանալ կարգավորումների նախագծման համար: Նախագծով փորձ է արվել երաշխավորել, որ ներպետական կարգավորումները համապատասխանեն գործունակության ինստիտուտի սկզբունքներին՝ միաժամանակ համապատասխանեցնելով պարտադիր եվրոպական իրավական պահանջներին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում լրացմամբ առաջարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման պայման դիտարկել նաև «գործողությունների հետևանքները նախատեսելը»։ Մինչդեռ հետևանքները նախատեսելը (կանխատեսելը) հիմնված է հավանականությունների վրա, երբ հայտնի են բոլոր փոփոխականները և համակարգերը դետերմինիստական են։ Իսկ իրական կյանքում գործողությունների (որոշումների) հետևանքները կանխատեսելը կարող է սահմանափակվել միայն ողջամտորեն ակնկալվող հետևանքներով, ինչն էլ ինքնին կարող է պայմանավորված լինել անձից դուրս՝ միջավայրային գործոններով, այդ թվում՝ անձին հասանելի տեղեկություններով և վերահսկողության հնարավորություններով։ Ընդունվել է մասամբ։ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին և սահմանելով «անգործունակություն» հասկացությունը։ Ըստ դատարանի՝ անգործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայությունն է։ Այն ավելացնում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայմանը հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք ղեկավարել չկարողանալու փաստի արձանագրումն է։ Դատարանն ընդգծում է, որ գործունակությունից զրկելու համաչափության գնահատումը պետք է հիմնված լինի այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են վարքային խանգարման խորությունը (ծանրությունը) և այն հանգամանքը, թե արդյոք դրա համար խնամք և բուժում է անհրաժեշտ։ Առաջարկվող կարգավորումը բխում է գործող օրենսդրության տրամաբանությունից, ինչը նկատի ունենալով «գործողությունների հետևանքները նախատեսելը» գնահատվում է ըստ յուրաքանչյուր գործի հանգամանքների և անձի առողջական վիճակի հաշվառմամբ: Միաժամանակ, հաշվի առնելով ընտրված եզրութաբանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները՝ Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» շաղկապը փոխարինվել է «և» շաղկապով, իսկ «նախատեսել» բառը՝ «գիտակցել» բառով:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.1. կետն օգտագործում է «եթե հոգեկան խանգարումն ամբողջությամբ չի ազդում» ձևակերպումը։ «Ամբողջությամբ» բառի օգտագործումը տեղին չէ, քանի որ այն բացարձակ է և հոգեկան առողջության խնդիրը չի կարող հանգեցնել իրավիճակների, երբ անձն, օրինակ, «չի հասկանում իր բոլոր գործողությունների նշանակությունը»։ Այստեղ կարևոր է, թե որ գործողություններն են դիտարկվում անհատական գնահատման շրջանակներում և ինչպես է գնահատվելու կոնկրետ գործողությունների՝ «հասկանալու և ղեկավարելու ունակություն»-ը։ Չի ընդունվել։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Այսպիսով, օրենքի նախագծով առաջարկվող տրամաբանությունը և տերմինաբանությունը համահունչ է օրենսդրությամբ որդեգրված մոտեցմանը, որով սահմանվում է գործունակությունից ամբողջությամբ զրկում գործողություններ նշանակությունը հասկանակու կամ դրանք ղեկավարելու անկարողության դեպքում: Ուստի՝ նախագծով առաջարկվում է օրենսդրությամբ նախատեսել տարբեր աստիճանի սահմանափակումներ, որպեսզի պաշտպանության միջոցը համաչափ լինի տվյալ անձի կարողությունների աստիճանին և համապատասխանի տվյալ անձի անհատական հանգամանքներին ու կարիքներին: Նմանատիպ լուծում է տրվել նաև այլ երկրներում, օրինակ՝ Ուկրաինայում: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ դատարանը կարող է սահմանափակել անձի գործունակությունը, եթե վերջինս տառապում է հոգեկան առողջության այնպիսի խնդրով, որն զգալիորեն ազդում է իր գործողությունների նշանակությունը հասկանալու և (կամ) դրանք ղեկավարելու նրա կարողության վրա: Ուկրաինայի օրենսդրությամբ ընդգծվել է անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու և (կամ) դրանք ղեկավարելու ունակության վրա հոգեկան առողջության խնդրի ազդեցության նշանակությունը սահմանելու անհրաժեշտությունը:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.2. կետը նախատեսում է օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով նախատեսված գործարքներ կնքելու հնարավորություն։ Անհասկանալի է, թե ինչու այն չի ներառում նույն մասի 3-րդ կետը, որն առնչվում է ավանդների տնօրինմանը։ Նաև խնդրահարույց է, թե որքանով է 30-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերելի չափահաս անձանց։ Չի ընդունվել։ Հոգեկան խանգարման պատճառով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու իրավունքները կարող են սահմանափակվել որոշակի ֆինանսական բնույթի գործունեություն իրականացնելու առումով, եթե դա կարող է վտանգ ներկայացնել նրա բարեկեցությանը կամ ֆինանսական կայունությանը, օրինակ՝ ավանդներ տնօրինելը: Եթե սահմանափակ գործունակ ճանաչված անձը ի վիճակի չէ լիովին հասկանալ ավանդի կառավարման, ինչպես օրինակ՝ միջնորդավճարների, տոկոսների կամ այլ պայմանների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու հետևանքները, դա կարող է ռիսկային լինել վերջինիս համար: Հարկ է նշել, որ կարգավորման նպատակը ոչ թե սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները խախտելն է, այլ դրանց անվտանգ իրացումը: Բացի այդ, նախագծային կարգավորմամբ յուրաքանչյուր դեպքում կախված անձի հոգեկան խանգարման աստիճանից դատարանն իրավասու է դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա սահմանել իրավունքների լրացուցիչ շրջանակ, այդ թվում՝ ավանդների տնօրինումը։ Ինչ վերաբերում է 30-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիտարկմանը, ապա առաջարկվող կարգավորմամբ հղում է կատարվել Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին անհարկի և անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.3. կետը նախատեսում է բացառություն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված եկամուտների մասով։ Անհրաժեշտ է նկատել, որ 2-րդ մասի 1-ին կետը ներկայացված չէ սպառիչ ցանկով։ Երկրորդ, անհասկանալի է, թե ինչին է վերաբերում բացառությունը։ Անձը չի կարող տնօրինել այդ եկամուտնե՞րը, չի կարող տնօրինել առանց հոգաբարձու համաձայնությա՞ն, թե՞ որ անձը կարող է տնօրինել առանց հոգաբարձուի համաձայնության։ Ընդունվել է։ Նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1.3.-րդ մասով՝ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացին կարող է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ տնօրինել իր համար վճարվող ալիմենտը, կենսաթոշակը, առողջությանը և դրա պահպանման համար տրամադրվող այլ վճարումները և կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցումը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1.3.-րդ մասը խմբագրվել է և հանվել է «բացառությամբ սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված եկամուտների» արտահայտությունը:
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել 37-րդ հոդվածի 1.1 և 2.2 մասերը, մինչդեռ գործող օրենսգիրքը չունի նման մասեր, հետևաբար հնարավոր չէ հասկանալ լրացման և փոփոխության էությունը։ Ընդունվել է։ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում հղում է կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հունվարի 31-ի N 12-Ա/1 հրամանին։ Գտնում ենք, որ այդ հրամանում լրացումներ և փոփոխություններ չեն կարող դիտարկվել, քանի որ վերջինս անհատական իրավական ակտ է (չնայած դրա նորմատիվ բնույթին)։ Ընդունվել է։ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածը վերաշարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան հրամանում սույն օրենքից բխող համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հրամանի ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո։»։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից հասկանալի չէ, թե արդյոք կարգավորումը վերաբերելու է նաև «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց»։ Ընդունվել է։ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություն, ավելացվել են «կամ սահմանափակ» բառերը:
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.11.2024 13:49:20 «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ն առաջարկում է օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 մասով։ Առաջարկում ենք նշված մասից հանել «հրաժարվելու վերաբերյալ» բառերը։ Հստակ չէ նաև, թե «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց» դեպքում ինչպես է կարգավորվելու վերոնշյալ իրավիճակը։ Ընդունվել է մասամբ։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող օրենքի 17-րդ հոդվածը լրացնող «լրացնել նոր՝ 2.1 մասում նախատեսված «հրաժարվելու վերաբերյալ» բառերը հանելու» վերաբերյալ առաջարկը հիմանավորված չէ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծում պահպանվել է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով որդեգրված տրամաբանությունը: Ինչ վերաբերում է կարգավորման սահմանափակ գործունակ ճանաչված անձանց վրա տարածմանը, ապա այս առումով նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, ավելացվել է «սահմանափակ գործունակ» արտահայտությունը։