Add to favourites

Under development

««Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, (այսուհետ՝ ՆԱԿ) իր կանոնադրության համաձայն, «Մեկ պատուհան» սկզբունքով իրականացնում է տեղական և/կամ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ներդրումային ծրագրերի ուղեկցման, ինչպես նաև օտարերկրյա կապիտալով կազմակերպությունների կամ օտարերկրյա ապրանքային նշանի տակ հանդես եկող կազմակերպությունների հետներդրումային սպասարկման գործառույթներ:

Ներդրումային ծրագրերի ուղեկցման գործառույթի նպատակն է՝ ներդրումների իրականացման դյուրինացում, պետական ընթացակարգային ուղու հստակեցում,  պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ապահովում: Գործառույթի շահառուներն են տեղական կամ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ներդրումային ծրագրերը, որոնք գտնվում են ինչպես գաղափարի կազմավորման, այնպես էլ՝  իրականացման փուլում:

ՆԱԿ-ի կողմից ներդրումային ծրագրերի սահուն մեկնարկի համար տրամադրվում է իրավաօրենսդրական դաշտի, ֆինանսական աջակցության ծրագրերի, պետական խթանների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ՆԱԿ-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում վերհանվում են առաջացած խնդիրները և դրանց տրվում է օպերատիվ արձագանքում, ըստ անհրաժեշտության, ՆԱԿ-ի կողմից իրականացվում են օրենքների, ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրություն: Միաժամանակ ՆԱԿ-ի կողմից իրականացվում են աշխատանքներ պետության և մասնավոր հատվածի միջև հաղորդակցություն և համագործակցություն հաստատելու ուղղությամբ, որը խթանում է խոչընդոտների և ծագած խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր տարբերակների առաջարկման գործընթացին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Գործառույթն ունի շարունակական բնույթ․ նույնիսկ բոլոր խոչընդոտների վերացմամբ, ծրագրի մեկնարկմամբ այն չի ավարտվում, այլ ՆԱԿ-ի կողմից իրականացվում է արդեն իսկ տվյալ ծրագրերի հետներդրումային սպասարկում։

Ներդրումային ծրագրերի ուղեկցման հստակ իրավական ընթացակարգերի բացակայության պարագայում՝ էապես նվազում է վերջիններիս ուղեկցման արդյունավետությունը և որպես արդյունք՝ դանդաղում ներդրումային ծրագրերի մեկնարկը։

Եվ այս առումով, առաջարկում ենք Օրենքում սահմանել դրույթ առ այն, որ ներդրումային ծրագրերի ուղեկցման և հետներդրումային սպասարկման գործառույթներն իրականացնում է Կառավարության լիազոր մարմինը, իսկ հետագայում նախատեսվող Կառավարության որոշմամբ հստակեցնել լիազոր մարմնին և դրա մանրամասն գործառույթները՝ ՆԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

ՆԱԿ-ի կողմից իրականացվող հետներդրումային սպասարկման ծառայության նպատակն է՝ բացահայտել և վերլուծել այն խնդիրները, որոնց կարող են բախվել ներդրողները, մշակել և գործարկել խոչընդոտների հաղթահարման ճանապարհային քարտեզ և դրա հիման վրա պատասխանատու գերատեսչություններին ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև տրամադրել աջակցություն օտարերկրյա կապիտալով գործող ներդրումային ծրագրերին և վերաներդրումների իրականացման նպատակով ապահովել դրա նախադրյալներ:

Հարկ է նշել նաև, որ ՆԱԿ-ի գործառույթների պատշաճ իրականացման նպատակով անհրաժեշտ է Օրենքով կարգավորել նաև Հայաստանի Հանրապետությունում տեղական ներդրումների իրականացման գործընթացը, ուստի Նախագծով փոփոխվում է Օրենքի վերնագիրը և մի շարք կարգավորումներ: Նախագծով առաջարկվում է նաև փոփոխության ենթարկել մի շարք հասկացություններ՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրության հասկացութային ապարատին: Մասնավորապես, հիմք ընդունելով այն, որ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի ուղեկցման իրականացման գործառույթը վերապահել Հիմնադրամին, որն, իր կանոնադրության համաձայն, իրականացնում է ոչ միայն օտարերկրյա, այլ նաև՝ տեղական ներդրողների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ուղեկցման գործառույթ, անհրաժեշտություն է առաջացել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն վերանվանել «Ներդրումների մասին» օրենք և մի շարք հոդվածներում «Օտարերկրյա ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով, քանի որ հակառակ դեպքում, կստացվի, որ Հիմնադրամը միայն կարող է իրականացնել տեղական ներդրողների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի սպասարկման գործառույթ, քանի որ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը վերաբերում է միայն օտարերկրյա ներդրողներին: Հիմք ընդունելով նաև այն, որ Կառավարության որոշման նախագծում նկարագրված է ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերի ուղեկցման և դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաև Հիմնադրամի կողմից իրականացվող հետներդրումային սպասարկման ընթացքում իրականացվող ներդրումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ընթացակարգերը, ուստի նման պայմաններում «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում անհրաժեշտ է բացահայտել «ներդրումային ծրագրերի ուղեկցում» և «հետներդրումային սպասարկում» հասկացությունները, ինչպես նաև մի շարք այլ հասկացություններ:

Միաժամանակ, Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի 12-րդ կետով սահմանված «Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» իրավական ակտի ընդունումը հնարավոր դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է օրենքով ամրագրել ներդրումների շրջանակներում պետական մարմինների, Լիազոր մարմնի և ներդրողների միջև փոխգործակցության մեխանիզմները սահմանելու Կառավարության լիազորությունը։

 2. Նախագծի նպատակը

Սույն օրենքի փոփոխության ընդունմամբ նախատեսվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում ամրագրել Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման 2-րդ հավելվածի 12-րդ կետով նախատեսված «Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» Կառավարության որոշման ընդունման լիազորող նորմ: Միաժամանակ, սույն օրենքից բխող Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել ներդրումային ծրագրերի ուղեկցման ընթացքի, վերջիններիս իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման գործընթացները, Հիմնադրամի կողմից իրականացնող հետներդրումային սպասարկման շրջանակներում իրականացվող ներդրումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման գործընթացները, որոնց շնորհիվ ներդրողներն առավել հստակ պատկերացում կկազմեն ՀՀ-ում ներդրումների իրականացման և դրանց ընթացքում առաջացած խնդիրների լուծման ընթացակարգերի վերաբերյալ։ Արդյունքում ներդրողները հստակ պատկերացում կկազմեն ներդրումային ծրագրերի ուղեկցման ընթացքի, ինչպես նաև վերջիններիս քննարկման հաջորդական գործընթացների վերաբերյալ, ինչի պարագայում ժամանակի կառավարումը կլինի առավել արդյունավետ՝ նպաստելով ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը։

 3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

     4.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 2-րդ կետի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշմամբ հաստատվող 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի 12-րդ կետով սահմանված «Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» իրավական ակտի ընդունումը հնարավոր դարձնելու անհրաժեշտությունից:

 

 

  • Discussed

    16.10.2024 - 31.10.2024

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 632

Print