Under development
Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»
-
3 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեաիրավական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով փորձագետին փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու համար նախազգուշացնող նորմի կիրարկումը:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության նախատեսում.
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 339.1-րդ հոդվածով, համաձայն որի փորձագետը փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն: Նույն օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին (…), իսկ 249-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցն օրենքով նախատեսված կարգով կրում է փորձաքննություն կատարելու և եզրակացություն տալու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն: Ուստի, օրենքով նախատեսված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան լրացում՝ քրեական վարույթի մասնակցին ենթարկելով պատասխանատվության, եթե հրաժարվի կատարելու օրենքով նախատեսված իր պարտականությունները:
Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսգրքերում: Մասնավորապես.
ՈՒզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի, Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի, Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի 2-րդ մասի, Էստոնիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի, Կիրգիզիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի, Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետն իր պարտականությունները (փորձագիտական եզրակացություն տրամադրել) չկատարելու համար ենթակա է պատասխանատվության, որի համար նախատեսվում են կա´մ տուգանք (նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսունապատիկի չափով) [1] կա´մ կալանք (2 ամսից մինչև 6 ամիս) կա´մ ազատազրկում (1 տարի ժամկետով (ԼՀ)) պատժատեսակներ:
Չնայած Ռուսաստանի Դաշնությունում նախատեսված չէ քրեական պատասխանատվություն փորձագետի կողմից եզրակացություն տրամադրելուց հրաժարվելու համար, սակայն գործնականում վերջիններիս նախազգուշացնում են քրեական պատասխանատվության մասին: Ավելին փորձագետ բժիշկներին դասավանդելիս, դա ընկալվում է որպես փաստ:[2]
Ռուսաստանի Դաշնությունում մասնագետների մեծամասնությունն այն կարծիքի է, որ նման պարտականությունը պայմանավորված է փորձագետի դատավարական կարգավիճակով, և նա ի պաշտոնե պարտավոր է տրամադրել փորձագիտական եզրակացություն, բացառությամբ՝ ելնելով փորձագիտական եզրակացություն տալու օբյեկտիվ անհնարինությունից՝ օրենքով նախատեսված դեպքերում:[3]
Փորձաքննության կատարման անհնարինությունը չի կարող դիտարկվել որպես փորձագետի կողմից եզրակացություն տալուց հրաժարվել, սակայն այդ դեպքում փորձագետը պարտավոր է պատճառաբանել, թե ինչով է պայմանավորված այդ անհնարինությունը:[4]
Բելառուս Հանրապետությունում, բացի օրենքով նախատեսված՝ փորձագետների կողմից իրենց պարտականությունները չկատարելու վերաբերյալ պատասխանատվություն նախատեսող նորմի առկայությունը, ճյուղային փորձաքննությունների վերաբերյալ մեթոդականներում ուղղակիորեն ամրագրված են փորձագետների պարտականությունները և փորձագիտական կենտրոնների ղեկավարների կողմից դրանց մասին տեղեկացման անհրաժեշտությունը:[5]
Համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված իրավակարգավորումները՝ փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելը հիմնավոր է և իրավաչափ:
Եվ, որպես վերոնշվածի հիմնավորում պետք է արձանագրել, նաև ՀՀ-ում ձևավորվող պրակտիկան: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով բազմաթիվ են դեպքերը, երբ փորձագիտական հիմնարկները հրաժարվում են փորձաքննության կատարումից կամ ավարտված փորձաքննություններով եզրակացությունները վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց՝ գումարի բացակայության պատճառաբանությամբ:
Նման իրավիճակ ստեղծվում է յուրաքանչյուր տարի, առավելապես տարևերջին' հանգեցնելով քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումների (այդ թվում' այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը), ինչի արդյունքում կարող է խախտվել քրեական վարույթի մասնակիցների' գործերը ողջամիտ ժամկետում քննելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքը:
Օրինակ՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետի կողմից ստացվել է գրություն, համաձայն որի Տավուշի մարզային քննչական վարչության և ենթակա բաժինների վարույթում քննվող մի շարք (օրինակ՝ 38162217, 56200217, 56100117) քրեական գործերով նշանակվել են տարբեր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ժամանակին չստացվելու պատճառով ձգձգվում են քրեական գործերի նախաքննության ժամկետները, իսկ այդ գործերով մեղադրյալները կալանավորված էին: Ձեռնարկված միջոցառումները՝ փորձաքննությունների եզրակացությունները ժամանակին ստանալու ուղղությամբ դրական արդյունք չեն տվել, և փորձագետները նշել են, որ փորձաքննություններն ավարտված են, սակայն հնարավոր չէ եզրակացություն տալ փորձաքննության համար նախատեսված գումարի բացակայության պատճառով:
Համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 459-րդ հոդվածով, ուղղակի հարցի հրատապությունից ելնելով անհրաժեշտ է այն ներառել գործող օրենսդրության մեջ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող լրացումով հստակեցվում է քրեական վարույթի մասնակցի՝ փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը՝ ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված նորմի պահանջը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ քննչական կոմիտե:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
[1] Նվազագույն աշխատավարձի չափը որոշվում է փաստացի ստացվող աշխատավարձով (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով):
[2] Назначая эксперта, следователь должен предупредить об уголовной ответственности за отказ или дачу заведомо ложного заключения по ст. 307 УК РФ. Витер В.И., Халиков А.А. Судебная медицина в лекциях. Издание второе. Ижевск - Уфа, 2007. – Էջ 26, 27
[3] Гришин А.В. Особенности допроса эксперта в суде//Актуальные проблемы адвокатской практики, Евразийская адвокатура, 2015, N 1 (14), էջեր 26-30, Мишин А.В. Судебная экспертиза в досудебном производстве по уголовному делу Учебное пособие Казанский федеральный университет 2017, էջ 18: Соколов А.Ф., Ремизов М.В. Использование специальных знаний в уголовном судопроизводстве Ярославль 2010, էջ 34; Алексеева Н. Преступления против правосудия, которые совершаются свидетелями, экспертами, переводчиками или по отношению к ним: определение понятия в уголовном праве// Административное право, 2013, N2, էջ 131-132/http://bsclupan.asm.md:8080/xmlui/bitstream/handle/123456789/358/17.pdf?sequence=1: Джалалов К.З. Судебно-бухгалтерская экспертиза для направления «Экономика». Махачкала: ДГУНХ, 2016, էջ 20 և այլն:
[4] Судебно-психологическая экспертиза в гражданском и уголовном процессе: учебно-методическое пособие/ Сост. Федоренко Е. Ю., Лопатин А. А. Красноярск: Сибирский федеральный университет, 2012. էջ 11:
[5] Постановление государственной службы Омедицинских служебных экспертиз от 17 сентября 2012г. №1 “Об утверждении нормативных правовых актов по вопросам проведения судебно-психиатрической и судебно-психологической экспертиз”// http://pravo.by/upload/docs/op/Z21200160_1348520400.pdf,
Правовые основы и порядок проведения судебно-бухгалтерской экспертизы// http://elib.psu.by:8080/bitstream/123456789/4218/4/%D0%9C%D0%BE%D0%B4%D1%83%D0%BB%D1%8C_4.pdf և այլն:
-
Discussed
26.02.2018 - 19.03.2018
-
Type
Law
-
Area
Justice, Criminal legislation
-
Ministry
RA Investigative Committee
Views 9981
Print