Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

Քրեական դատավարության նոր օրենսգիրքի 115-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։

2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`

1) տնային կալանքը.

(…)»:

Օրենսգրքի 108.2-դր հոդվածի լրացման ժամանակահատվածում գործած և 01.07.2022 թվականին ուժը կորցրած Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

3) ստորագրություն` չհեռանալու մասին.

4) անձնական երաշխավորությունը.

5) կազմակերպության երաշխավորությունը.

6) հսկողության հանձնելը.

7) հրամանատարության հսկողության հանձնելը:»:

Նշված կարգավորումների կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Նշված օրենսգրքով սահմանվել է խափանման միջոցի նոր տեսակ՝ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը: Իսկ 108.2-րդ հոդվածը Օրենսգրքում լրացվել է 2021 թվականի մարտի 25-ին ընդունված և 2021 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-124-Ն օրենքով՝ երբ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը դեռևս ուժի մեջ չէր մտել:Այսպիսով, ակնհայտ է, որ նշված իրավանորմերի գործողության պարագայույում որպես նոր խափանման միջոց նախատեսված տնային կալանքի կիրառման դեպքում աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը դուրս են մնացել իրավական կարգավորման դաշտից:

 2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող Քրեական դատավարության օրենսգիրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, ի թիվս այլնի, որպես այլընտրանքային խափանման միջոց դիտարկում է նաև տնային կալանքը: Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

Այսպիսով վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքով որպես աշխատողի լիազորությունների կասեցման հիմք նախատեսված է միայն կալանքը, որպիսի պայմաններում համանման փաստական հանգամանքներում անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կիրառվելու դեպքում պարզ չէ, թե ինչ կարգավիճակ է ունենալու աշխատողը, արդյոք այդ դեպքում կարող է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը, թե՝ ոչ: Այսինքն, այս մասով աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող հարցերը մնում են օրենսդրորեն չկարգավորված:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի տրամաբանությամբ անձի նկատմամբ կալանքի կիրառման դեպքում առաջացող իրավական հետևանանքերը, հետագա աշխատանքային հարաբերություններին առնչվող իրավական բոլոր առանձնահատկությունները որպես կանոն պետք է գործեն նաև տնային կալանքի դեպքում, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ քննարկվող խափանման միջոցները իրենց բնույթով գրեթե նույնն են, հիմնական տարբերությունը կայանում է կալանքի տակ պահվելու վայրը, մի դեպքում՝ քրեակատաողական հիմնարկ, մյուս դեպքում՝ բնակավայր:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին, 3-4-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են, որ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա): Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը: Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը: Համանման դրույթներ են սահմանված նաև Օրենսգրքի 10-րդ հոդվածով:

Նշված դրույթներից ուղղակիորեն բխում է, որ օրենքի անալոգիայի կիրառման հնարավորությունը պարզելու տեսանկյունից առաջին հերթին պետք է առկա լինի համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, իսկ դրա առկայության դեպքում պետք է դիտարկվի նաև նշված նորմի՝ տվյալ հարաբերությունների էությանը հակասելու հարցը, ինչպես նաև քննարկման առարկա դառնա՝ արդյոք համանման հարաբերություններ կարգավորող նորմով սահմանափակվում են գործատուների կամ քաղաքացիների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը, որպիսի պայմաններում օրենքի անալոգիայի կիրառումը բացառվում է: Հետևաբար, քննարկվող բացը հնարավոր չէ լուծել անալոգիայի կիրառման միջոցով:

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և ապահովել տնային կալանքի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի, ներառումը Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում՝ այդպիսով սահմանելով անձի նկատմամբ տնային կալանքի կիրառման դեպքում ծագող իրավական հետևանքները, աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը:

 3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման համատեքստում:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ, այլ բխում է Վարչապետի 16.08.2024 թվականի թիվ /02/10.9/28197-2024 հանձնարարականից:

 

 

  • Discussed

    30.08.2024 - 19.09.2024

  • Type

    Legal code

  • Area

    Justice, Probation, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1175

Print

Suggestions

Կառլեն Միրզոյան

02.09.2024

Անհրաժեշտ է դիտարկել նաև․ 1․ տնային կալանքի ընթացքում, երբ սահմանված չեն լրացուցիչ արգելքներ, հեռավար աշխատանքի առանձնահատկությունները։ 2․ վարչական հսկողության դեպքում, երբ սահմանված են լրացուցիչ արգելքներ, աշխատանքի առանձնահատկությունները։

See more