The project has not been accepted
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանում բացակայում են արդյունաբերական ծավալներով կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող ընկերություններ` փոխարենը տարբեր երկրներից, հիմնականում` Թուրքիայից հանրապետություն է ներմուծվում մեծ ծավալներով կաշվետեսակներ, որտեղ նկատվում է նաև աճի միտումներ, իսկ հանրապետությունից մեծ ծավալով արտահանվում է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեկ խոշոր եղջերավոր անասունի անմշակ մորթու քաշը կազմում է մոտ 15-20 կգ և ներկայումս դրանց գնմամբ ու արտահանմամբ զբաղվող անձիք 1 կգ-ի համար վճարում են միջինում 350-400 ՀՀ դրամ: Իսկ հետագայում վերամշակման համար 1 կգ անմշակ մորթուց ստացվում է մոտ 0.16-0.18 քմ բնական կաշի:
Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանից արտահանվում է կաշեգործության համար անհրաժեշտ հումքը, որը վերամշակվում և կրկին ներմուծվում է: Մինչդեռ հումքային բազայի հնարավորությունները դեռևս չեն օգտագործվում իրենց ամբողջ հզորությամբ:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով: ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:
Միաժամանակ, սույն նախագծով առաջարկվող արտահանման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածով սահմանված դրույթներից, համաձայն որոնց ահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու հավաստագրեր և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են կատարվում` ուղղված ներմուծման փոխարինման խթանմանը, այդ թվում` Թուրքիայից ներմուծված ապրանքների մասով:
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի տվյալների 2016 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 123.1 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ(4101)` մոտ 538.8 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2015թ. նկատմամբ արձանագրելով 23.9%-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Վրաստանը և Ղազախստանը:
2016 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 15.5 հազ. հատ ոչխարի անմշակ մորթի և գառան մորթիկ(4102)` մոտ 54.8 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2015թ. նկատմամբ արձանագրելով 45.04%-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների 2016 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն (Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 32 ընկերության կողմից: 2016 թվականին արտադրության ծավալները կազմել են 318.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.8 անգամ աճ 2015թ. նկատմամբ, իրացումը կազմել է 391.7 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 6.5 անգամ աճ 2015թ. նկատմամբ:
2016թ. Հայաստան է ներմուծվել մոտ 1.7 մլն զույգ կոշիկ, որից 237 հազ. զույգը` բնական կամ արհեստական կաշվե կոշիկ: 2016թ. կոշիկի արտադրությունը կազմել է 1.01 մլրդ ՀՀ դրամ, որից արտահանվել է 211 մլն ՀՀ դրամի արտադրանք:
Ներկայումս «Կաշի» ԲԲԸ տարածքում գործունեություն է ծավալում Ar-Leather/ARMA ընկերությունը, որի արտադրական հզորությունները կազմում են տարեկան 6000տ կովի կաշի և 500 հազ. հատ ոչխարի մորթու վերամշակում: Ընկերությունը ներկայումս սարքավորումներ է ներկել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, թեթև արդյունաբերության ոլորտը խթանելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների» մասին 2004թ. նոյեմբերի 24-ի N
ՀՕ-134-Ն ՀՀ օրենքի հոդված 2.1-ը առաջարկվում է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և սահմանել պետական տուրք` ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102 և ԱՏԳ ԱԱ 4103 ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման հավաստագիր տալու համար, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել հումքային բազա ներքին արտադրողի համար, կխթանի երբեմնի զարգացած ենթաճյուղի վերականգնումը, տեղական արտադրության զարգացումը` ստեղծելով նոր աշխատատեղեր, լրացուցիչ ավելացված արժեք և կբարելավվի սոցիալ-տնտեսական վիճակը:
Կարգավորումը համապատասխանում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) հոդված XX-ով սահմանվող ընդհանուր բացառությունների թ) կետին: Ըստ ՄԱԳՀ հոդված XX-ի թ) կետի ԱՀԿ անդամ երկրները կարող են կիրառել այնպիսի սահմանափակումներ տեղական հումքի արտահանումների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են տեղական վերամշակող արդյունաբերական ճյուղին այդպիսի հումքի զգալի քանակներով ապահովելու համար այնպիսի ժամանակահատվածներում, երբ այդպիսի հումքի ներքին գինը համաշխարհային գնից ցածր է պահվում` որպես կառավարության կայունացման ծրագրի մաս: Ընդ որում` այդ սահմանափակումները չեն գործում այնպես, որ մեծացնեն այդ արդյունաբերական ներքին ճյուղի արտահանումները կամ դրան տրամադրվող պաշտպանությունը, և չեն շեղվում խտրականություն չդնելու վերաբերյալ ՄԱԳՀ դրույթներից:
Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտարդրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգցնելով առկա հնարավորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովում, երբեմնի զարգացած ենթաճյուղի վերականգնում, տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ ավելացված արժեքի ստեղծում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Discussed
19.02.2018 - 08.03.2018
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 8502
Print