|
Աղյուսակ N13. Ա կատեգորիա
|
|
√
|
1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
|
|
√
|
2) նախատեսվող գործունեության անվանումը` Օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան․
|
|
√
|
3) հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.
Փաստաթուղթը կարող է բաղկացած լինել 8-10 էջից: Այն պետք է ներկայացվի հանրամատչելի և օբյեկտիվ, հեշտ ընկալելի լինի հանրության լայն շրջանակների կողմից և տա ընդհանուր պատկերացում գնահատման ժամանակ կիրառված մոտեցումների վերաբերյալ: Փաստաթղթում պետք է ներկայացվեն գործունեության համար տրամադրված հիմնական թույլտվությունները/կարծիքները, որոշմանն առնչվող այլ տեղեկատվություններ, որպեսզի հանրությունը և ոչ մասնագիտացված կառույցները կարողանան հստակ պատկերացնել՝ ինչ գործունեություն է իրականացվում, ինչ թույլտվություններ են տրամադրվել, ինչ հնարավոր ազդեցություններ են կանխատեսվում շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների, ներառյալ՝ մարդու առողջության վրա, և դրանց մեղմմանն ուղղված ինչպիսի միջոցառումներ են նախատեսված: Հիմնական ուշադրությունը պետք է դարձվի առավել կարևոր հարցերին և գործունեության հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրներին:
|
|
√
|
4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.
Այս պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝
ա. նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով հնարավոր ազդեցության ենթակա ազդակիր համայնքը կամ համայնքները, դրանցում ներառված բնակավայրը կամ բնակավայրերը (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջան), սոցիալական միջավայրը.
բ. գործունեության ենթակա տարածքի նկարագիրը, ինչը պետք է ներառի գտնվելու վայրը, հողամասի/տարածքի առկա վիճակը, ծանրաբեռնվածությունն այլ թույլտվություններով, օբյեկտներով, շենք-շինություններով, տարածքում ծառաթփուտային բուսականությունը, մակերևութային և ստորերկրյա ջրերի առկայությունը կամ բացակայությունը.
գ. տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի բաղադրիչներից յուրաքանչյուրի նկարագիրը՝ ելնելով Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի օբյեկտներից և բնութագրերից, ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների ելակետային/առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, աղտոտող աղբյուրները, ֆոնային աղտոտվածությունը, ներառյալ՝ բնական ճառագայթային ֆոնը, բնակելի գոտում աղմուկի, թրթռման օդային ավազանի ֆոնային մակարդակները: Պաշտոնական կայք էջում ֆոնային կոնցենտրացիայի բացակայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել հսկիչ չափումներ օդում և հողում՝ աղտոտիչների պարունակության վերաբերյալ.
դ. ռելիեֆը, երկրաձևաբանությունը, կլիման, մթնոլորտային օդը, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները, հողերը, կենսաբազմազանությունը /բուսական և կենդանական աշխարհ, սնկեր/ բնապահպանական հողերը, բնակավայրերի կանաչ գոտիները, վտանգված էկոհամակարգերը, բնության հատուկ պահպանվող տարածքները, բնական օբյեկտները, անտառային ռեսուրսները, բնության հուշարձանները, պատմամշակութային հուշարձանները՝ գործունեության ենթակա տարածքի հետ դրանց առնչության վերաբերյալ.
ե. գործունեության իրականացման ընթացքում բնական ռեսուրսների, դրանց օգտագործման նպատակների, պայմանների, քանակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն.
զ. տարածքի աշխարհագրական կոորդինատները, տեղամասի ծայրակետային կոորդինատները՝ ներկայացված WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգով /հողօգտագործման վկայականի բացակայության դեպքում/.
է. իրադրության սխեմա-քարտեզ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով /2 կմ շառավղով/ որտեղ կարտացոլվեն գործունեության համար նախատեսված տարածքը մոտակա բնակավայրերը, հարևանությամբ առկա օբյեկտները, շենք-շինությունները, ենթակառուցվածքները, մոտակա ջրային ռեսուրսները կամ ջրային օբյեկտները, դրանց տեղադիրքերը և գտնվելու հեռավորությունները գործունեության ենթակա տարածքից և որը կներառի պայմանական նշանների, մասշտաբի և այլ մեկնաբանությունների մասին լիարժեք տեղեկատվություն.
|
|
√
|
5) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը.
Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝
ա. նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, հարակից տարածքներում առկա օբյեկտների և զգայուն ընկալիչների նկարագրությունը և գործունեության ենթակա տարածքից դրանց հեռավորությունը, սանիտարապաշտպանիչ գոտու սահմանները և դրա հիմնավորումը.
բ. արտադրական հզորությունները կամ նախագծային փաստաթղթով նախատեսված աշխատանքների տեսակները և ծավալները, արտադրական գործունեության դեպքում՝ արտադրատեսակների տարեկան առավելագույն ծավալները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը), արտադրատեսակների առաքման եղանակը և սպառման ոլորտները, հիմնական հումքատեսակների ցանկը և տարեկան առավելագույն ծավալները, հումքատեսակների ներկրման եղանակները և մատակարարման աղբյուրները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը).
գ. նախատեսվող գործունեության տեխնիկական և տեխնոլոգիական նկարագիրը, որը պետք է ներառի գործունեության իրականացման մեթոդները, եղանակները, տեխնոլոգիական գործընթացների նկարագրությունը, օգտագործվող սարքավորումների և տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական բնութագրերը և այլն։ Եթե գործունեությունը ներառում է տարբեր բաղադրիչներ, անհրաժեշտ է առանձին նկարագրել յուրաքանչյուր բաղադրիչի համապատասխան բնութագիրը: Գործունեության տեսակով պայմանավորված՝ տեխնոլոգիական սխեման, սարքավորումների և արտադրական նշանակության մասնաշենքերի դասավորվածությամբ հատակագիծ-սխեման.
դ. պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը, ներառյալ՝
- նախատեսվող գործունեության համար պահանջվող ջրօգտագործումը և ջրամատակարարման աղբյուրները,
- ջրօգտագործման նպատակները (արտադրական գործունեության դեպքում ջրի օգտագործման հանգույցները և տեսակարար ծավալները),
- արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները,
- արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) ծավալները և աղտոտվածության ցուցանիշները,
- արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական հանգույցների) մաքրման բնութագրերը, եղանակները, սարքավորումների հզորությունները և մաքրման աստիճանը,
- արտադրական հոսքաջրերի հեռացման վայրը,
- թափոնների (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները և քանակները,
- թափոնների (այդ թվում՝ արտադրական) բնութագրերը և տեսակները,
- տեղեկատվություն թափոնների (այդ թվում՝ արտադրական) վնասազերծման, վերամշակման, պահեստավորման, օգտահանման, տեղափոխման մասին,
- ֆիզիկական ազդեցությունները` աղմուկ, թրթռումներ (վիբրացիա), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումներ.
- վնասակար նյութերի արտանետումների առաջացման աղբյուրները, արտանետվող վնասակար նյութերի որակական և քանակական բնութագրերը, մթնոլորտային օդում միջին օրական և միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.
- վնասակար նյութերի արտանետումների հետևանքով սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկի արդյունքները (գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկը կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 18.02.2020թ. N 64-Լ հրամանով սահմանված համակարգչային ծրագրերից որևէ մեկով).
- սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների և բնակավայրերի համար գործող առավելագույն միանվագ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (այսուհետ՝ ՍԹԿ) հետ համեմատական վերլուծությունը (քանի որ, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 32-Ն որոշման պահանջների, միանվագ կարճաժամկետ արտանետումների քանակները հաշվարկվում են վատթարագույն պայմանների համար՝ առավելագույն արտադրողականություն և անբարենպաստ կլիմայական պայմաններ)։ Պետք է հաշվի առնել նաև տեղանքի ֆոնային աղտոտվածությունը. տվյալ տարածքի համար ֆոնային աղտոտվածության տվյալների բացակայության դեպքում ֆոնային աղտոտվածությունը սահմանվում է տվյալ բնակավայրի բնակչության թվից ելնելով.
- իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար մթնոլորտային արտանետումների հաշվարկների հիմքում ընկած՝ օդի պահանջվող օգտագործման (այսուհետ՝ ՕՊՕ, ինչն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար) նյութի արտանետումը մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար) ցուցանիշով պայմանավորված հիմնավորումը՝ պարզելու համար մթնոլորտային օդի վրա ազդեցության աստիճանը և արտանետվող նյութերի հաշվառման և նորմավորման ենթակա լինելը.
- եթե նախատեսվող գործունեությունը պարունակելու է բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ, ապա պետք է առաջնորդվել «Մթնոլորտային օդի պահպանության» մասին օրենքի այն դրույթով, համաձայն որի՝ այն աղբյուրը, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն լավագույն հասանելի տեխնոլոգիւաների ցուցանիշներին՝ համաձայն ԵՄ ԼՀՏ հղումային փաստաթղթերի պահանջների (BREFs):
|
|
√
|
6) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.
Նախատեսվող գործունեության համար հաշվետվությունում պետք է դիտարկվեն թե՛ հնարավոր այլընտրանքները, թե՛ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակը։ Պետք է հակիրճ նկարագրել նախատեսվող գործունեության իրականացման նպատակները, դրանց հասնելու հնարավոր այլընտրանքային տարբերակները, ներառյալ՝ գործունեությունից հրաժարվելը՝ ցանկացածի դեպքում շրջակա միջավայրի վրա ունենալիք ազդեցությունը նկարագրելով փաստաթղթում: Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, կիրառվող տեխնոլոգիաների, արտադրական գործընթացների, հումքի և օգտագործվող ռեսուրսների, թափոնների, նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների տեխնոլոգիական լուծումների, բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցությունների նկարագրություններ։ Այլընտրանքներից յուրաքանչյուրի համար պետք է դիտարկվեն հիմնական առավելությունները և թերությունները՝ էկոլոգատնտեսական վերլուծության արդյունքում ընտրելու կամ հիմնավորելու այն տարբերակը, որն առավել բարենպաստ է շրջակա միջավայրի համար:
|
|
√
|
7) նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը.
Եթե նախագծային փաստաթղթով նախատեսված գործունեության ընթացքում առաջանալու են վնասակար նյութերի արտանետումներ կամ աղտոտված արտահոսքեր, տեղի կունենա հողային ռեսուրսների աղտոտում կամ աղբոտում, ապա նախաձեռնողը պետք է հաշվետվությունում ներառի տնտեսական վնասի գնահատման հաշվարկ և ներկայացնի հատուցման նկարագրությունը: Տնտեսական վնասը հաշվարկվում է համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 764-Ն որոշման.
ա) Մթնոլորտային օդ
Տնտեսական վնասը հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման: Տնտեսական վնասի հաշվարկի համար հիմք են հանդիսանում հաշվետվությունում ներկայացված արտանետումների հաշվարկների արդյունքները: Հաշվարկների գործակիցներն ընտրվում են՝ ելնելով շրջակա տարածքների տեսակից, արտանետման աղբյուրների բնույթից (անշարժ, շարժական), ինչպես նաև ցրման հաշվարկի արդյունքներից: Տնտեսական վնասի գումարը չի առաջացնում ֆինանսական պարտավորություն: Վնասի հատուցումը կատարվում է շահագործման ընթացքում արտանետվող նյութերի փաստացի քանակների և յուրաքանչյուր նյութի համար սահմանված դրույքաչափի հիման վրա:
բ) Ջրային ռեսուրսներ
Ջրային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման համաձայն: Այդ նպատակով հաշվետվությունում որոշվում են գործունեության ընթացքում առաջացող արտահոսքի ծավալները, դրանց ժամային ցուցանիշները, ինչպես նաև աղտոտիչների պարունակությունը: Հատուցումը նույնպես կատարվում է գործունեության ընթացքում՝ ըստ աղտոտիչների փաստացի քանակների և համապատասխան դրույքաչափերի:
գ) Հողային ռեսուրսներ
Հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման համաձայն. հաշվետվությունում որոշվում են խախտված հողերի մակերեսը, բացասական ազդեցության տեսակը (աղտոտում, աղբոտում, դեգրադացիա), որոնց հիման վրա ընտրվում են գործակիցները և հաշվարկվում վնասի գումարը: Հողերին հասցվող վնասի հատուցումը կատարվում է ռեկուլտիվացման եղանակով: Պայմանավորված նախատեսվող գործունեության հետևանքով հասցվող վնասի տեսակով, չափով և վնաս հասցվող տարածքի կարգավիճակով (անտառային հողեր, բնապահպանական հողեր համայնքապատկան հողեր և այլն)՝ հասցվող վնասի հատուցման կարգը կարող է սահմանվել պետական լիազոր մարմնի կազմում գործող մասնագիտական կառույցի կամ տարածքի սեփականատիրոջ հետ համաձայնեցված՝ փոխհատուցման ձևին, փոխհատուցման չափին և փոխհատուցման համար սահմանված կարգին համապատասխան:
|
|
√
|
8) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.
Այստեղ պետք է դիտարկվի նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատումը: Այս փուլում բացահայտվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական առանձին գործոնների կուտակային ազդեցությունների հավանականությունը և դիտարկվում են կուտակային ազդեցություններից խուսափելու հնարավորությունները՝ հաշվի առնելով գտնվելու վայրի, ժամկետների և տեխնոլոգիաների փոփոխությունները։ Գումարային ազդեցություններն առաջանում են, երբ մեկ գործողության հետևանքները գումարվում են այլ հետևանքներին կամ փոխազդում դրանց հետ որոշակի վայրում, որոշակի ժամանակահատվածում տվյալ տարածքի այլ գործողությունների հետևանքների հետ: Գումարային ազդեցությունների գնահատումն, ըստ էության, չի տարբերվում ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների գնահատումից, քանի որ բնապահպանական հետևանքների որոշման համար արվում են նույնատիպ դիտարկումներ, սակայն գումարային ազդեցությունների գնահատումը ենթադրում է հնարավոր հետևանքների ավելի լայն և ծավալուն դիտարկում: Գումարային ազդեցության վերլուծությունում պետք է գնահատվեն.
ա. մեկից ավելի աղբյուրներից ստացվող բնապահպանական և սոցիալական կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները.
բ. արտադրական գործունեության հնարավոր ազդեցությունը (օրինակ՝ ձուլարանի առկայություն) մարդու և շրջակա բնական միջավայրի վրա.
գ. օդային, ջրային և հողային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունների աստիճանը, չափը և մեծություններն՝ ըստ աղտոտման առանձին աղբյուրների.
դ. աղտոտման աղբյուրներից աստիճանաբար աճող ազդեցությունները (հավաքական) շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների վրա (օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն).
ե. աշխարհագրական շրջանը և նախագծի ազդեցության տակ ընկնող բնական ռեսուրսները:
|
|
√
|
9) նախագծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.
Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել.
ա. Նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով (յուրաքանչյուր փուլի համար) հնարավոր ազդեցության ենթակա ազդակիր համայնքների, դրանցում ներառված բնակավայրերի ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ընդգրկող բաժին, որում պետք է նկարագրվի, թե ինչպես են որոշվել դիտարկվող տարածքի սահմանները և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության շրջանակները՝ սոցիալական միջավայրի համար:
բ. Սոցիալ-տնտեսական միջավայրը ներառում է այն բաղադրիչները, որոնց վրա ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է ազդել նախատեսվող գործունեության նախագծի իրականացումը: Տվյալ բաժնում պետք է առկա լինի հետևյալ տեղեկատվությունը՝
- տեղի բնակչության բաշխվածությունը և բնակելի տարածքները՝ նախատեսվող օբյեկտների տեղադիրքի նկատմամբ,
- դեմոգրաֆիական նկարագիրը (տարածքի բնակչության թիվը, տարիքային կազմը, թվաքանակի աճը),
- տնտեսական գործունեությունը, զբաղվածությունը, եկամուտները (առկա տնտեսական միջավայրի պատկերն առանց նախագծի իրականացման),
- կենսամակարդակը, բնակելի ֆոնդի որակը և քանակը (կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ վերաբնակեցվելու են),
- սանիտարական պայմանները (մարդկանց առողջություն և կենսապայմաններ),
- տեղի համայնքների զարգացման ծրագրերի առկայությունը և զարգացման միտումները,
- առկա հողօգտագործման տեսակների քարտեզները, կոմունալ ենթակառուցվածքների մատչելիությունը,
- նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության վերաբերմունքը, տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների վերաբերյալ, ծանուցման հրապարակման պատճենները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, ձայնագրությունները կամ, առկայության դեպքում, տեսագրությունները:
Անմիջական ազդեցության տակ ընկնող սոցիալական միջավայրի և սոցիալական գործոնների և ազդակիր բնակավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատումը պետք է ներկայացնել նախատեսվող գործունեության կառուցման, շահագործման, փակման փուլերի համար, կարևորելով պահանջվող աշխատուժի ստեղծումը: Սոցիալական հնարավոր ազդեցությունների գնահատման չափորոշիչները փոփոխական են: Բաժնում պետք է նկարագրվեն ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները, տնտեսական օգուտների բաշխման և սոցիալական/բնապահպանական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնական հաշվետվությունը չի կարող համարվել ամբողջական և լիարժեք՝ առանց էկոլոգիական և սոցիալական հետևանքների համեմատական վերլուծության՝ իբրև այլընտրանք նախատեսվող գործունեությունից հրաժարման տարբերակի դիտարկմամբ (երբ նախագիծը չի իրականացվելու): Այս դեպքում կարևոր է հասկանալ, թե ինչ օգուտներից համայնքը կարող է զրկվել: Օրինակ, եթե օգտակար հանածոների արդյունահանումը նախատեսվում է իրականացնել անտառային տարածքում, ինչը համարվել է ոչ նպատակահարման և որպես այլընտրանք կարող է դիտարկվել տեղական համայնքներին եկամուտ և աշխատատեղեր ապահովող զբոսաշրջային գործունեության ընդլայնումը: Մեկ այլ դեպքում նախագծի իրականացումը /խոշոր հանքարդյունահանման նախագծեր/ կարող են ունենալ ծանր և անգամ մշտական սոցիալական բացասական ազդեցություններ, սակայն ֆիզիկական միջավայրի փոփոխությունները, աշխատողներրի թվաքանակը, նոր մերձատար ճանապարհների կառուցումը, ծառայությունների պահանջարկի աճը, հողօգտագործման փոփոխությունները, ջրի հասանելիությունը և շրջակա միջավայրի աղտոտումը կարող են մշտական դրական ազդեցություն ունենալ տեղի բնակչության համար: Բաժնում պետք է նշվեն այն աղբյուրները, որոնց հիման վրա իրականացվել է սոցիալական ազդեցության գնահատումը, նշվի՝ հաշվի առնվել ե՞ն արդյոք սոցիալական ազդեցության գնահատումը երկարաժամկետ ազդեցությունների (ներառյալ փակմանը փուլը) համար, հետազոտության ընթացքում կատարվե՞լ են արդյոք հարցումներ, հաշվի առնվե՞լ են արդյոք շահագրգիռ հանրության մտահոգությունները.
|
|
√
|
10) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.
Մարդու առողջության կառավարման տեսանկյունից՝ հիմնական շեշտադրումը բնապահպանական ռիսկերի պատշաճ կառավարումն է։ Հողային, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի վրա ազդեցությունները, աղմուկի մակարդակի գերազանցումը և այլ գործոններ բխում են մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություններից: Գնահատման աշխատանքները պետք է ներկայացնել՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:
Գնահատման աշխատանքներում դիտարկվում են շրջակա միջավայրի, ներառյալ՝ ազդակիր բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, ռիսկերը, հավանականությունը, տևողությունը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը, առողջության պահպանման, սանիտարական և հիգիենիկ պայմանները և այլն (մետաղական հանքավայրերի, քիմիական արդյունաբերական և ատոմակայանի դեպքում՝ դիտարկելով բնակչության առողջության ռիսկերը և հիվանդությունները):
Բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման մեխանիզմները և գործողությունները ներառում են առողջապահական, աշխատողների անվտանգ աշխատանքային պայմանների, օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովումը: Առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման մոտեցումները պետք է հաշվետվությունում բնակչության առողջությանը վերաբերող մոտեցումները ներկայացնել ազգային մակարդակներում սահմանված, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ, ինչը հնարավորություն կտա պատշաճ կառավարել ինչպես աշխատակիցների, այնպես էլ ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջությունն ու անվտանգությունը:
ՇՄԱԳ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման մոնիթորինգի ծրագրում պետք է ներառել.
1. նախատեսվող գործունեության ազդակիր՝ բնակելի գոտում աղմուկի, թրթռման և օդային ավազանի ֆոնային մակարդակների վերաբերյալ (հաշվարկներ կամ գործիքային չափման արդյունքներ) մշտադիտարկումների իրականացում՝ վերջիններիս մակարդակների հնարավոր փոփոխությունները գործունեության իրականացման արդյունքում կանխատեսելու նպատակով (մշտադիտարկման հետնախագծային վերլուծության համար).
2. նախատեսվող գործունեության շահագործման ընթացքում աշխատատեղերում աղմուկի, թրթռման, ճառագայթման մակարդակների, աշխատանքային գոտում օդում վնասակար նյութերի քանակների վերաբերյալ մշտադիտարկումների իրականացում (հաշվարկներ), ինչպես նաև աշխատողների սանիտարակենցաղային պայմանների վերաբերյալ հսկողություն:
|
|
√
|
11) նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.
Սույն բաժնում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտակարգ պատահարների և վտանգավոր գործոնների հավանականությունը: Հաշվետվությունում անհրաժեշտ է նկարագրել արտակարգ պատահարների և վթարների կանխարգելման և դրանց արձագանքման միջոցառումները, որոնք ներառում են՝ կանխարգելիչ միջոցառումները, պատրաստվածությունը /ուսուցումը/, վթարային և արտակարգ իրավիճակների ժամանակ միջոցառումների պլանները և գործողությունների ծրագիրը:
Հնարավոր ռիսկերից են՝ վտանգավոր արտահոսքերը, հրդեհը կամ պայթյունը, ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերը. տեխնոլոգիական գործընթացների կամ սարքավորումների խափանման արդյունքում առաջացող ռիսկերը, նախագծի իրագործման վրա բնական աղետների ազդեցության ռիսկերը (երկրաշարժ, ջրհեղեղ, փլուզում և այլն): Հնարավոր ազդեցությունների կանխատեսումներում անհրաժեշտ է ընդգրկել այն հողատարածքը, որը ենթադրաբար կզբաղեցվի նախատեսվող գործունեության համար, ինչպես նաև հարակից տարածքները և ցանկացած այլ տարածքներ, որոնք կարող են համարվել նախատեսվող գործունեության հետ կապված աշխատանքների ազդեցության գոտում: Կանխատեսվող ազդեցությունների գնահատման ժամանակ պետք է հիմնավորել տվյալ մեթոդաբանության կիրառումը: Եթե գնահատման ժամանակ բացահայտվել են անորոշություններ, անհրաժեշտ է կանխատեսումներում ներառել զգայունության վերլուծություն և վատագույն տարբերակով՝ դեպքի դիտարկում: Նախատեսվող գործունեության (կամ դրան առնչվող և դրա հետ անուղղակի կապ ունեցող գործունեություն) հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է գնահատել տվյալ ազդեցության հավանականությունը և նշանակալիությունը կամ կարևորությունն՝ օրենսդրական պահանջներին կամ միջազգային չափորոշիչներին համապատասխանության և ազդեցության ենթարկվող մարդկանց, ռեսուրսների կամ այլ կարևորության գործոնների համար: Պետք է համապատասխան շեշտադրում անել նախագծի ամենամեծ վնասակար ազդեցություններին և ավելի պակաս ուշադրության արժանացնել նվազ կարևոր ազդեցությունները:
Հաշվետվության մեջ նկարագրվող բոլոր ազդեցությունների հնարավոր հետևանքներին, դրանց հավանականությանը անդրադառնալու ժամանակ պետք է հաշվի առնվեն երկրորդական, ժամանակավոր, կարճաժամկետ, մշտական, երկարաժամկետ, պատահական կամ անուղղակի ազդեցությունների տեսակները: Ընդհանուր առմամբ ազդեցության մեղմացումը կամ վերացումը կարող է պայմանավորված լինել տեխնոլոգիական լուծումներով: Բաժնում պետք է նկարագրվեն նշանակալի վնասակար հետևանքներ ունեցող ազդեցությունների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումներ, դրանց արդյունավետությունը, կանխարգելման աստիճանը:
Միջոցառումները պետք է նպատակաուղղված լինեն.
ա. ջրային ռեսուրսների պահպանությանը,
բ. ջրի որակի և քանակի պահպանությանը,
գ. աղմուկի և թրթռման մակարդակի պահպանմանը՝ մշտադիտարկման արդյունքներով,
դ. վտանգավոր նյութերի կառավարմանը,
ե. վայրի բնության պահպանությանը,
զ. մթնոլորտային օդի պահպանությանը:
|
|
√
|
12) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.
Այս բաժինը պետք է ներառի ջերմոցային գազերի (CՕ2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա ազդեցությունների քանակական գնահատականը: Խոշոր արտադրական գործունեությունները (այդ թվում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունները) կարող են ազդել ջերմոցային գազերի (CՕ2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա: Տվյալ ազդեցությունը կարող է դրսևորվել հատված անտառների հետևանքով, օրգանական վառելիքով (հիմնականում դիզելային վառելիք) աշխատող մեքենասարքավորումներից, հանքարդյունահանման համալիրում տարբեր տեխնոլոգիական գործընթացներից (օրինակ՝ հանքաքարի վերամշակմամբ պիրոմետալուրգիական եղանակով մետաղի ստացման դեպքում և արտադրական այլ գործունեություններից): Ջերմոցային գազեր առաջանում են ածխաջրածնային վառելիքի օգտագործման (այրում, պիրոլիզ, կրեկինգ), օրգանական նյութերի քայքայման/խմորման, որոշ էլեկտրատեխնիկական արտադրատեսակների արտադրության և օգտագործման, սառնարանային և օդորակման սարքավորումների օգտագործման ընթացքում։ Եթե գործունեության ընթացքում առաջանում են ջերմոցային գազեր, անհրաժեշտ է ներկայացնել դրանց կազմը և կատարել արտանետվող քանակների հաշվարկներ։ Ջերմոցային գազերի ցանկը, անվանումները և գլոբալ տաքացման ներուժը (Global warming potential (GWP) բերված են Աղյուսակ N13ա-ում.
Աղյուսակ N13ա. Ջերմոցային գազերի ցանկը, անվանումները և գլոբալ տաքացման ներուժը
ՋԳ անվանում
|
Քիմիական բանաձև
|
գլոբալ տաքացման ներուժ
|
Ածխածնի օքսիդ
|
CO2
|
1
|
Մեթան
|
CH4
|
21
|
Ազոտի ենթօքսիդ
|
N2O
|
310
|
Հիդրոֆտորածխածիններ
|
HFC-32
|
650
|
HFC-125
|
2,800
|
HFC-134a
|
1,300
|
HFC-152a
|
140
|
HFC-143a
|
3,800
|
HFC-227ea
|
2,900
|
ՋԳ քանակների հաշվարկները կատարվում են ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի (ԿՓՄԽ) ուղեցույցի։ Եթե նախատեսվող գործունեությունը կարող է ոչ ուղղակի ազդեցություն ունենալ կլիմայի վրա՝ գլոբալ տաքացման տեսակետից (օրինակ՝ ճահիճների չորացում, ջրամբարների կառուցում, անտառահատումներ, անտառվերականգնման աշխատանքներ, այլ), անհրաժեշտ է գնահատել դրանց բացասական կամ դրական ազդեցությունը, և բացասական ազդեցության դեպքում՝ մշակել մեղմող միջոցառումներ։
|
|
√
|
13) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.
Այս բաժնում պետք է հղում անել Նախագծման և հաշվետվության համար հիմք հանդիսացող՝ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին, սահմանված կարգով հաստատված հիմնադրութային փաստաթղթերի դրույթներին, համապատասխան նախագծային փաստաթղթերին:
|
|
√
|
14) նախագծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքով ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.
|
|
√
|
15) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.
Պլանում որպես միջոցառում սահմանվում են կանխարգելման կամ մեղմացման միջոցառումների կազմման և պարբերաբար վերանայման պահանջը, մասնավորապես՝ ռիսկային օբյեկտների համար: Բնապահպանական կառավարման պլանում միջոցառումների իրականացման համար սահմանվում են ծախսեր և ժամկետներ:
|
|
√
|
16) նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը.
Նախաձեռնողն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիտորինգ)՝ համաձայն օրենքով նախատեսված բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի: Մշտադիտարկման ծրագիրը նախագծային փաստաթղթին համապատասխան նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում և դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանը (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն է:
Մշտադիտարկման ծրագիրը պետք է մշակվի նախաձեռնողի պարտավորությունների և գոյություն ունեցող պայմանների հիման վրա և պետք է ունենա կանխատեսվող նշանակալի վնասակար ազդեցությունների և դրանց մեղմման նպատակով մշակված միջոցառումների մշտադիտարկման առաջնայնություն: Ծրագրի գործողությունը սկսվում է մինչ նախատեսվող գործունեության մեկնարկը՝ շրջակա միջավայրի վիճակի բնութագրման ֆոնային ցուցանիշների գնահատմամբ:
Մշտադիտարկման արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցություններ ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ՝ սահմանելով իրականացման ժամկետներ։ Միջոցառումները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։
Յուրաքանչյուր տարի եռամսյակային և տարեկան կտրվածքով մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։ Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով:
|
|
√
|
17) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութերը, հաշվետվությանը կից ներկայացված քարտեզները՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով, սխեմաները, գրաֆիկները, աղյուսակները՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.
|
|
√
|
18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները.
Հաշվետվությունում համապատասխան փաստաթղթերի տեսքով կամ տեղեկատվության աղբյուրներին հղումներով անհրաժեշտ է ընդգրկել ներկայացված տեղեկատվությունների ու կատարված հաշվարկների հիմքում ընկած տվյալների արժանահավատությունն ապացուցող նյութեր կամ հղումներ: Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը պարտավոր է ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը:
|
|
√
|
19) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.
|
|
√
|
20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում.
Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում շինարարության շահագործման և փակման փուլերի համար դիտարկվում և գնահատվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները.
ա. ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների վրա.
բ. օդային ավազանի, մթնոլորտային օդի որակի վրա.
գ. շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների վրա կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությունը՝ փոփոխությանը հարմարվելու կարողություն և տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ջերմոցային գազեր կլանող կարողությունների ստեղծմանը.
դ. հողային ռեսուրսների վրա.
ե. կենսաբազմազանության վրա.
զ. անտառային ռեսուրսների վրա.
է. սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ օգուտների և վնասների վերլուծություն.
ը. ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջության և անվտանգության վրա.
թ. արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի և իոնացնող ճառագայթման վրա.
ժ. բացահայտված գումարային ազդեցության դեպքում հնարավոր ազդեցությունները:
|
|