ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը բնապահպանական հարկի պարտավորությունների հաշվառումն իրականացնող լիազոր մարմին սահմանելն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝
- 181-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը ՀՀ պետական բյուջե վճարելու ժամկետներն ու կարգը: Մասնավորապես, նույն մասի՝
- 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի,
- 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն մասի 1-ին կետում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը վճարվում է`
ա. հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը,
բ. նույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի չափով` մինչև տեխնիկական զննությունը,
- 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
- 182-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով նույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով,
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին թիվ 814-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի՝
- 3-րդ կետի համաձայն՝ պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մարմինը՝ հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պարտավորության սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա, բացառությամբ նույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի,
- 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պարտավորությունները մարելուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտավորությունը հաշվառող մարմինը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու եզրակացություն՝ N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան:
Խնդիրն այն է, որ արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի գծով պարտավորությունները հաշվառող մարմին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ավտոմեքենաների տեխնիկական զննության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հնարավոր է լինելու յուրաքանչյուր ավտոմեքենայի մասով ունենալ տեղեկատվություն տեխնիկական զննություն անցած լինելու վերաբերյալ, և հետևաբար, նաև հնարավոր է լինելու հաշվառել ավտոմեքենաների գծով բնապահպանական հարկի պարտավորությունները՝ նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բնապահպանական հարկի պարտավորությունների հաշվառումն իրականացնող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բնապահպանական հարկի գծով ավել վճարված գումարի վերադարձման ընթացակարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել բնապահպանական հարկի գծով ավել վճարված գումարների վերադարձի հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.2-րդ «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես, Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
-
Discussed
15.07.2024 - 30.07.2024
-
Type
Decision
-
Area
Financial
Views 961
Print