Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգմամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշմամբ։
Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ընդ որում, նպաստներին առնչվող օրենսդրության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամտի համար հիմք են ընդունվում հարկային մարմնի կողմից վարվող՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները։
Ներքին գործերի նախարարությունից ստացվել է տեղեկատվություն առ այն, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետի կիրարկման արդյունքում Ոստիկանության մի շարք ծառայողներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելուց հետո սահմանված ընթացակարգով Ներքին գործերի նախարարությունում նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների։
Այս տեսակեցից հարկ է նկատի ունենալ, որ Ոստիկանության ծառայողների համար Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում գրանցման հայտեր չեն ներկայացվում, քանի որ նրանց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
Այսպիսով, Ներքին գործերի նախարարությունում ներկայումս քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձիք, ովքեր հաշվարկային ժամանակահատվածում հանդիսացել են զինծառայող և նրանց վերաբերյալ Հարկային մարմին հաշվետվություն չի ներկայացվել, այդ ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվառվում, քանի որ օրենսդրությամբ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության կիրառմամբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման առանձնահատկություն սահմանված չէ։
Հարկ է նկատի ունենալ, որ վերը նկարագրված խնդիրը առկա է բոլոր ուժային մարմիններում։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման մեջ:
- Կարգավորման առարկան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձու աշխատողներին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանված է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման N 2 հավելվածով, նախագծով առաջարկվում է նշված կարգում համապատասխան փոփոխություններ կատարել և սահմանել, որ՝
- այն դեպքում, երբ հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա անձը նպաստ հաշվարկող գործատուին է ներկայացնում խնդրո առարկա ժամանակահատվածում իր եկամուտների մասին գործատուի տված տեղեկանք,
- հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսները, որոնց ընթացքում անձի վերաբերյալ տեղեկատվությունը համարվել է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար գործատուն տեղեկանք տրամադրելիս որպես եկամուտ պետք է նշի օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (նպաստը հաշվարկվելու է այդ եկամտից),
- գործատուի տրամադրած՝ խնդրո առարկա տեղեկանքի կազմը,
- անցումային դրույթներով հնարավորություն է տրվում հետադարձությամբ վերահաշվարկել արդեն վճարված նպաստը՝ գործատուի (ում մոտ աշխատելու ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն) տրամադրած տեղեկանքը նպաստը հաշվարկող գործատուին ներկայացնելու միջոցով։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում նախկինում զինծառայող հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստը հաշվարկելիս հնարվոր կլինի հաշվառել՝ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամուտը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
01.07.2024 - 17.07.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1100
Print