Add to favourites

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ա) Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց իրական շահառուի բացահայտման ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք): ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալը կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր են իրավաբանական անձանց գրանցող պետական մարմին (պետական ռեգիստր) ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` լիազոր մարմնի սահմանած ձևով, կարգով և ժամկետում: 2012 թվականին «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում (այսուհետ սույն ենթավերնագրում՝ Օրենք) ևս սահմանվել է իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ հայտարարության ձևի ներկայացման պահանջ:

Նշված կարգավորումները նախատեսվել են՝ հիմք ընդունելով Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) հանձնարարականների պահանջները: ՖԱԹՖ-ի 24-րդ հանձնարարականով երկրներից պահանջվում է ապահովել իրավաբանական անձանց իրական շահառուների և իրավաբանական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց վերաբերյալ համարժեք, ստույգ և արդիական տեղեկությունների առկայությունը, որոնք կարող են ժամանակին ձեռք բերվել իրավասու մարմինների կողմից կամ հասանելի դարձվել նրանց համար:

Իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտի պահպանմանը զուգահեռ 03.06.2021թ.-ին ընդունվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-246-Ն օրենքը, որն ուղղված է իրական շահառուների թափանցիկության ապահովման անհրաժեշտ կառուցակարգերի և բաց ռեգիստրի ներդրմանը:

Վերոնշյալ օրենքով նախատեսվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սկզբնական շրջանակում նախատեսել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար, մասնավորապես նրանց համար նշված պարտականությունները ծագել են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։

Մնացած իրավաբանական անձնաց համար նշված պարտականությունը ծագել է 2022թ. հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար հայտարարագիր ներկայացնելու պարտականությունները ծագել են 2023 թվականի հունվարի 1-ից:

Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ Գործակալություն) գրանցման ենթակա բոլոր տեսակի իրավաբանական անձինք՝ անկախ իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևից և գործունեության ոլորտից:

Ընդ որում, գործող օրենսդրությամբ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառման:

Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը ծագել է բոլոր իրավաբանական անձանց մոտ, այդ թվում և ոչ առևտրաին կազմակերպությունների, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով հարուցվող վարչական ակտերը առնվազն կրկնապատկվել են:

Հարկ է նշել, որ մինչև 2022 թվականի մարտի 1-ը նշված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացրել են ընդամենը 933 իրավաբանական անձինք: Մինչդեռ, հայտարարագիր չներկայացրած հազարավոր ընկերություններից Գործակալությունը, իր մարդկային բոլոր ռեսուրսների մոբիլիզացիայի արդյունքում միայն 1118-ի նկատմամբ  է կարողացել կայացնել որոշումներ վարչական վարույթներ հարուցելու,  կասեցնելու  (հասցեատերերին ի հայտ բերելու հիմքով) և կարճելու մասին,  իսկ 115-ի նկատմամբ  կիրառվել է նախազգուշացում, մյուսները կարճվել են օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով: 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 3-ը Գործակալություն է ներկայհացվել 2237 հայտարարագիր:

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Գործակալություն է ներկայացվել  53962 հայտարարագիր։

2023 թվականի ընթացքում Գործակալության կողմից հարուցվել է 429 վարչական վարույթ, որոնցից 219-ը կարճվել են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու հիմքով, 13 վարչական վարույթ կասեցվել է վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով, մնացած 173 հարուցված վարույթները կարճվել են վարչական տույժ նշանակելու ժամկետները լրանալու հիմքով։ 2023 թվականին Գործակալության կողմից հարուցվել է թվով 6 վարչական վարույթ՝  իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու  հիմքով։ 

2024 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ներկայացված իրական շահառուների վերաբերյալ հայտարարգրերի թիվը կազմում է 52978։ 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Գործակալության կողմից հարուցված վարչական վարույթներից 91-ը կարճվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու հիմքով, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող թվով 103 իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ որպես վարչական պատասխանատվության միջոց, թվով 3 իրավաբանական անձանց նկատմամբ հարուցված վարույթները կարճվել են՝ վարչական տույժ նշանակելու ժամկետները լրանալու հիմքով։

Իրական շահառուների բացահայտման կառուցակարգերով նախատեսվում է, որ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, Գործակալություն է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր, իսկ գրանցված տեղեկությունների փոփոխության դեպքում 40 օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է պետական ռեգիստր ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվել իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախելու համար:

Գործակալության կողմից ընդունված բոլոր որոշումները՝ կից ծանուցագրերով, ուղարկվել են հասցեատերերին, որոնց մի մասը հետ է վերադարձվել՝ հասցեատերերին չհայտնաբերելու պատճառով: Այս հսկայածավալ աշխատանքների կատարման համար ծախսվել են մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ:

Նշված պրակտիկ խոչընդոտների վերացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված կլինեն իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու հետ կապված վարչական վարույթների առանձնահատկությունների ապահովմանը,  այս վարույթների պարզեցմանը և էլեկտրոնային եղանակով իրականացնելուն՝ հնարավորինս բացառելով մարդկային գործոնի ներգրավումը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարելու դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու համար հարուցվող վարչական վարույթները պահանջում են թե´ ֆինանսական, թե´ մարդկային մեծ գործոն, դրանք տևում են բավականին երկար և հաճախ լինում են ոչ արդյունավետ չեն, անհարաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարելու միոցով նպաստել նշված ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:

Ավելին, վարչական վարույթների և ընթացիկ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև օրենքով սահմանել այն չափանիշները որոնց հիմա վրա Գործակալությունը հնարավորություն կունենա ընտրել առավել ռիսկային խմբերի իրավաբանական անձանց և իրականացնել ուսումնասիրություն: Ընդ որում, չափանիշները ընտրվել են միջազգային և օտարերկրյա փորձի ուսումնասիրության արդյունքում: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) հանձնարարականները, Բաց կառավարման գործընկերության և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցներն ու ուղեցույցները, մի շարք երկրների օրենսդրություն (Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան, ԱՄԷ): Միաժամանակ հարկ է նշել, որ ուսումնասիրությունները և գործող կարգավորումները մեծամասամբ վերաբերում էին ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությանը և չափանիշներին, այդ իսկ պատճառով նախագծում փորձ է արվել ներառել այնպիսի կարգավորումներ, որոնք կվերաբերեն բոլոր իրավաբանական անձանց և Գործակալության կողմից հնարավոր կլինի իր գործառույթներին և հնարավորություններին համապատասխան այդ չափանիշների հիման վրա իրականացնել ընթացիկ վերահսկողություն:

Հարկ է նկատել նաև, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ տարվում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը (էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու գործընթացը ապահովող ծրագիրը սպասարկող (VXsoft) ընկերության հետ՝ վարույթների հարուցման գործընթացը էլետրոնային դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև հայտարարագրերը հնարավորինս սեղմ ժամկետի ընթացքում էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով գրանցելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև իրական շահառուների հայտարարագրի ներկայացման պահանջից բացառություն սահմանել պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամները, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կազմակերպություների իրական շահառուն հանդիսանում է պետությունը կամ համյանքը, պետության և համայնքի կողմից արդեն իսկ իրականացվում է վերահսկողություն և պարզապես լրացուցիչ պարտավորություն է դրվում այս խումբ իրավաբանական անձանց վրա՝ ծանրաբեռնելով համակարգը։

Բացի այդ միջազգային և օտարերկրյա փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց իրական շահառուի հայտարարգիր ներկայացնելու պարտավորությունից ազատելը ընդունելի պրակտիկա է: Մասնավորպես Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններում նշվում է, որ պետությունները կարող են որոշակի խումբ կազմակերպությունների ազատել իրական շահառուի հայտարարգիր ներկայացնելու պահանջից և այդ խմբի մեջ կարող է մտնել նաև պետական մասնակցությամբ կազմակերպությունները, նման մեխանիզմ է գործում օրինակ՝ Քաթարում,  ԱճԹՆ-ի առաջարկություններով իրական շահառուի հայտարարգրի ներկայացումից բացառություն կարող է սահմանվել, եթե այլ տարբերակով հնարավոր է պարզել իրական շահառուի ով լինելը: Պետական և համայնքային մասնակցությամբ կազմերպությունների վերաբերյալ տվյալները բաց են անձանց համար:

բ) Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն[1] է ներկայացնում՝ դիմում, անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է), պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիրը, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը: Անհատ ձեռնարկատեր հաշվառելու նման կարգավորումը օտարերկրյա ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերոջ հաշվառման պարագայում առաջացնում է որոշակի կարգավորումներ պահանջող իրավիճակ: Մասնավորապես՝ պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատեր հաշվառվող օտարերկրյա ֆիզիկական անձը ներկայացնում է անձնագիրը և Գործակալության աշխատակիցը անձնագրային տվյալները փաստացի (իր պատկերացմամբ) տառադարձման ձևով ուղղակի թարգմանում է։ Անձը, հետագայում, այլ մարմիններում գործարքներ կատարելիս, որտեղ պահանջվում է ներկայացնել անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված, ունենում է խնդիրներ, մասնավորապես՝ հաճախ այդ վավերացված թարգմանությունը չի համապատասխանում Գործակալության կողմից տրված պետական գրանցամատյանից քաղվածքում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ գրառվող տեղեկություններին, որը կատարել էր Գործակալության աշխատակիցը իր պատկերացմամբ, տառադարձման ձևով:

Նման պայմաններում անհատ ձեռնարկատեր գրանցված օտարերկրյա ֆիզիկական անձը ստիպված է լինում կրկին դիմել Գործակալություն՝ խնդիրը կարգավորելու և տվյալների փոփոխություն կատարելու համար:

գ) Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված: Միևնույն ժամանակ, Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը: Այսպիսով ստացվում է, որ հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձի համար հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշում ներկայացնելու պահանջ նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան: Նշված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ ցանկացած իրավաբանական անձ իր կամքը պետք է արտահայտի իր կառավարման լիազորված մարմնի որոշմամբ։

Հետևաբար, Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, այն մասով, որ չի նախատեսում հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ, հակասում է ինչպես Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին:

դ) Օրենքում առկա չէ կարգավորում այն դեպքերի համար, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն բացակայում է կամ չի համապատասխանում անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի ղեկավարի կամ հիմնադիրների հաշվառման հասցեներին: Այդ դեպքում իրավաբանական անձի գրանցման ժամանակ կարող է ներկայացվել ցանկացած հասցե, որի համապատասխանությունը Գործակալությունը չի կարող ստուգել, ինչի արդյունքում մի շարք անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց գտնվելու վայրի հասցեի համար հնարավոր է նշել այդ անձանց հետ կապ չունեցող հասցեներ, ինչն էլ իր հերթին խնդիրներ է ստեղծում համապատասխան տարածքների սեփականատերերի համար, քանի որ Գործակալության կողմից ծանուցումները և հետադարձ կապը ապահովվում է գրանցման ժամանակ նշված հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեով:

ե) Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները։ Մասնավորապես, Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ փաստաթղթերը նախատեսված են նույն հոդվածի 1-ին մասում, այնինչ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը նախատեսված են հոդվածի 1-ին մասում: Բացի այդ, նույն հոդվածի 5-րդ մասում կիրառվում է Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառումից հանումը ձևակերպումը, սակայն հոդվածի վերնագիրը վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումից հանենլուն։

զ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ նույն օրենսգրքի 169.28-րդ և 169.31-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Այնինչ, նշված կարգավորումից դուրս է մնում օրենսգրքի 169.29-րդ հոդվածը, որը սահմանում է          իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ պատասխանատվությունը: Այսինքն՝ այս դեպքում կգործի ընդհանուր դրույթը, ըստ որի՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Հաշվի առնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները և բնույթը, ինչպես նաև գործերի քանակը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված վարույթների դեպքում ևս սահմանել վարչական տույժի նշանակման համար առավել երկար ժամկետ:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ նաև` Նախագծերի փաթեթ) առաջարկվում է.

- Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես,  նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ.

- սահմանել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթների  համար իրավաբանական անձանց ընտրության ռիսկայնության չափանիշները.

- նախատեսել, որ գրանցամատյանում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրառման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների գործողությունը չի տարածվում նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ.

- Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված.

- Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը.

- Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությամբ, որը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:

- վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի շարքում ներառել նաև 169.29-րդ հոդվածը, ինչը հնարավորություն կտա օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ վարույթների դեպքում ևս վարչական տույժը նշանակել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում.

- ակնկալվում է բարձրացնել օրենսդրությամբ սահմանված կարգով իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբական անձանց կողմից նշված հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը չկատարելու դեպքում Գործակալության կողմից օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետությունը.

- e-register.am կայքում կտեղադրվի որոնման համակարգ, որը հնարավորություն կտա տեսնել հայտարարագիր ներկայացրած, կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած, կամ չներկայացրած իրավաբանական անձանց ցանկերը՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով հետագայում նոր ծրագրային լուծումներով վարչական վարույթների ամբողջ գործընթացը հնարավորին չափով էլեկտրոնային դարձնելու համար.

- վարչական վարույթները չեն կարճվի վարչական տույժ նշանակելու ժամկետը լրանալու հիմքով և հնարավոր կլինի իրականացնել պատշաճ ուսումնասիրություն.

- պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամները, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները չեն ներկայացնի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր.

- պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավերացված և հայերեն թարգմանված պատճենը ներկայացնելու պահանջով այլևս Գործակալության և այլ մարմիների կողմից անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ գրառվող տեղեկությունների հակասություններ չեն առաջանա, Գործակալության աշխատակիցները ստիպված չեն լինի գրառումները կատարել իրենց պատկերացմամբ, տառադարձման ձևով և անհրաժեշտություն չի առաջանա նույն գործողությունը մեկից ավելի անգամ իրականացնելու համար.

- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությունը՝ հաստատված նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով, ինչը հնարավորություն կտա բացառել առանց սեփականատիրոջ համաձայնության օգտագործել համապատասխան տարածքի հասցեն որպես իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ անհատ ձեռնակատիրոջ հաշվառման հասցե.

- կվերացվեն փոփոխվող օրենքներում առկա ներքին հակասությունները և վրիպակները, այդ թվում համապատասխանեցնելով այլ օրենքներով նախատեսված համանման կարգավորումներին, կստեղծվի նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորություն:

 

4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

5. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որշմամբ սահմանված գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 4.7 գործողությամբ նախատեսվել է ներդնել իրական շահառուների բացահայտման ինստիտուտի արդյունավետությունը ապահովող մեխանիզմներ, ըստ որի անհրաժեշտ է 2024 թվականի առաջին կիսամյակում  ներդնել իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների արժանահավատության ստուգման միասնական կառուցակարգեր։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 4.8 գործողությամբ նախատեսվել է արդիականացնել և կատարելագործել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգը և կարգավորումները, որի շրջանակներում նախատեսվում է ապահովել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի արդյունավետ գործարկումը, երաշխավորել տվյալների մշակման, վերլուծության, որոնման,ծանուցումների ինքնաշխատ ուղարկման, ըստ ռիսկայնության չափանիշների իրավաբանական անձանց նշման (red flagging), վերլուծական, մեծածավալ (bulk) բաց տվյալների գեներացման հնարավորությունը։

 

[1] Իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին:

  • Discussed

    10.05.2024 - 25.05.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption, Administrative Offenses

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1716

Print

Suggestions

Ներսես Իսաջանյան

25.05.2024

Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձ գրանցելիս նաև ներկայացնել լրացուցիչ փաստաթուղթ իրավաբանական հասցեի վերաբերյալ, որով տվյալ հասցեով գտնվող գույքի սեփականատերը իր համաձայնությունը պիտի հայտնի հասցեն որպես իրավաբանական հասցե օգտագործելու համար։ Ընդ որում՝ այդ համաձայնությունը պետք է հաստատվի նոտարի կամ այլ մարմնի կողմից։ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է երկրում բիզնես գրանցելու գործընթացը հնարավորինս պարզեցնելու համար, որպեսզի խթանվի նոր, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների ստեղծումը։ Արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանում հնարավոր է իրավաբանական անձ գրանցել մեկ օրվա ընթացքում, որի շնորհիվ նաև Համաշխարհային Բանկի “Doing Business” վերջին հրապարակման մեջ Հայաստանը բիզնես գրանցելու պարզության ցուցանիշով զբաղեցրել է պատվավոր 10 -րդ տեղը։ Մեկ օրում բիզնես գրանցելու հնարավորությունը, այն էլ՝ անվճար, արդարացիորեն պարծենալու առիթ է տալիս մեր երկրին։ Փաստացի նախագծով առաջարկվում է «ջուրը նետել» այս նվաճումը, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով։ Եթե գործող օրենսդրությամբ, օրինակ, որևէ օտարերկրացի կարող է մեկ օրում բիզնես գրանցել Հայաստանում, այն էլ անվճար, ապա փոփոխություններից հետո այդ օտարերկրացու համար թիվ մեկ խնդիրը դառնալու է հասցեի մասին թուղթ «գնելը»։ Վատագույն դեպքում նշված օտարերկրացին Հայաստանում գույքի սեփականատեր ունեցող ընկեր-բարեկամ չունենալու դեպքում հրաժարվելու է բիզնես գրանցելու գաղափարից։ Լավագույն դեպքում Ռեգիստրի շենքի մոտ կնիք վաճառողները կսկսեն առաջարկել նաև հասցեի վերաբերյալ թղթեր, որի պարագայում կավելանա ոչ միայն բիզնես գրանցելու ծախսը (հասցե տրամադրելու ծառայության գումար, նոտարական վճարներ և պետտուրք, տրանսպորտ և այլն), այլ որ ձեռներեցի համար ամենակարևորն է՝ ժամանակի ծախսը։ Եթե ներկայումս Ռեգիստրում բիզնես գրանցողները ստանում են քաղաքակիրթ սպասարկում ողջամիտ ժամկետում, ապա փոփոխությունն ընդունվելու դեպքում նրանք ստիպված են լինելու ժամերով սպասել որևէ նոտարի գրասենյակում բաղձալի «թուղթը» ստանալու համար։ Այս փոփոխության հետ կարելի կլիներ համակերպվել, եթե այն որևէ հստակ հիմնավորում ունենար։ Բայց հիմնավորման մեջ նշվում է, որ սեփականատերերին «անհանգստություն է պատճառում», երբ իրենց իրավաբանական անձին ուղղված նամակ է գալիս։ Պատկերացրեք, որ «Հայփոստով» նամակ ուղարկող քաղաքացուց պահանջեն նոտարով հաստատված թուղթ այն մասին, որ նա իրավունք ունի օգտագործել ծրարի վրա նշված ուղարկողի հասցեն, քանի որ հակառակ դեպքում նամակի պատասխանը կարող է «անհանգստացնել» գույքի սեփականատիրոջը։ Որքան էլ նման իրավիճակը անհեթեթ թվա, նախագծով փաստացի առաջարկվում է նույն բանը։ Սեփականատերը կարող է պարզապես փոստատարին խնդրել այլևս իրեն չբերել որևէ ՍՊԸ-ին ուղղված նամակ, քանի որ նման ՍՊԸ այդ հասցեով չի գործում։ "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" օրենքով արդեն իսկ կարգավորված են այն դեպքերը, երբ հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը չի հանձնվում։ Որևէ լրացուցիչ կարգավորում այդ մասով անհրաժեշտ չէ։ Իսկ եթե նախագծի հեղինակները մտահոգված են սեփականատերերի անդորրով, կարող են առաջարկել փոստային կապի համար պատասխանատու պետական մարմնին ուսումնասիրել հարցը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել "Փոստային կապի մասին" օրենքում կամ այլ կարգավորումներում, քանի որ բարձրացվող հարցը վերաբերում է բոլոր փոստային առաքանիներին՝ անկախ նրանից, թե ստացողը իրավաբանական անձ է, թե ֆիզիկական։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժին

23.05.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջն անհամատեղելի է Միավորման ազատության սկզբունքների հետ և կհամարվի պետական մարմինների կողմից միջամտություն արհեստակցական միությունների գործունեությանը և անհրաժեշտ է արհեստակցական միությունների համար սահմանել բացառություն: Անհրաժեշտ է նշել, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի ՝ արհեստակցական միություններն անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից: Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միությունների կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության» թիվ 87-րդ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ. «1.Աշխատողների և գործատուների կազմակերպություններն իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը: 2.Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:»: Աշխատանքի միջազգային կազմակերպության Միավորման ազատության կոմիտեի կողմից ընդունված որոշումների ժողովածուի 177-րդ, 383-րդ կետերը սահմանում են. «177. Արհմիության անդամների վերաբերյալ տվյալներ պարունակող գրանցամատյանի ստեղծումն անձի իրավունքների խախտում է (ներառյալ գաղտնիության իրավունքը), և վտանգ կա, որ այն կարող է օգտագործվել աշխատողների «սև ցուցակները» կազմելու համար: 383. Արհմիության կանոնադրության մեջ պետական մարմինների որոշմամբ ընդգրկված դրույթը, որ արհմիությունը պետք է ամեն տարի նախարարություն ներկայացնի փաստաթղթերի որոշակի փաթեթ (վերջին ընդհանուր ժողովի արձանագրության պատճենը՝ նշելով սույն ժողովին ներկա արհմիության անդամների անունները, ժողովի կողմից հաստատված գլխավոր քարտուղարի հաշվետվության պատճենը, ֆինանսական հաշվետվության պատճենը և այլն), անհամատեղելի է Միավորման ազատության սկզբունքներին, եթե որոշակի ժամկետում այս պահանջը չկատարելը հանգեցնում է արհմիության գործունեության դադարեցմանը:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

22.05.2024

Նախագծի Հոդված 13-ի վերաբերյալ։ Առաջարկվում է նախատեսել կարգավորում, որ իրավաբանական անձի անվանման փոփոխության պետական գրանցման դեպքում ինքնաշխատ կերպով գեներացվի և հրապարակվի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր՝ արդեն իրավաբանական անձի նոր անվանումը պարունակելով։ Իսկ իրական շահառուի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր հրապարակելու պահանջը հանել։ ______________________________________ Հիմնավորում >>>> Իրավաբանական անձի անվանման փոփոխության դեպքում իրավաբանական անձի իրական շահառուները ստիպված չեն լինի կրկին անգամ ներկայացնել ԻՇ հայտարարագիրը, եթե բացի իրավաբանական անձի անվանումից այլ տեղեկություն չի փոխվել։ Կարծում ենք, սա դժվար իրագործելի տեխնիկական լուծում չէ, մանավանդ, որ ԻՇ հայտարարագիր լրացնելու ժամանակ իրավաբանական անձի անվանումը հիմա էլ ինքնաշխատ ձևով է լրացվում։ Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, իրական շահառուներին կարելի է նույնականացնելու նաև առանց անձնագրի տվյալների, օրինակ՝ ՀԾՀ-ով։

See more