Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
17.05.2024
9. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։
3 - Agree
8 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«« ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունները փորձ էին անում թիրախավորել կոռուպցիայի դրսևորումները և ոչ դրանց առաջացման խորքային պատճառները: Սակայն կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի արդյունավետ կառավարման բացակայության դեպքում հանրային ընկալման տիրույթում և պետության կողմից մատուցվող ծառայությունների առնչությամբ ձևավորվում է բացասական վերաբերմունք, իրականացված առանձին աշխատանքների արդյունքների նկատմամբ ոչ համարժեք պատկերացում։ Կոռուպցիոն ռիսկը հավասարեցվում է համակարգի կամ գործընթացի ներսում ինստիտուցիոնալ խոցելիության հետ, որը կարող է նպաստել կոռուպցիոն գործելաոճի զարգացմանը։
Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը կոռուպցիայի կանխարգելման ցանկացած ռազմավարության և բարեվարքության քաղաքականության էական ու անբաժանելի մաս է, որը հնարավորություն է տալիս հանրային և մասնավոր հատվածի կառույցներին բացահայտել կառավարման, կառուցվածքային, վերահսկողական և այլ մակարդակների թույլ կողմերը, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի առաջացմանը: Այն ապահովում է ռիսկերի վրա հիմնված շրջանակ, որն օգնում է կառույցին մշակել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործողությունների ծրագրեր, որոնք արդյունավետորեն նվազագույնի են հասցնում կոռուպցիոն ռիսկերին կառույցի ենթարկվածությունը:
«Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից կարևորվում է հանրային և մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կառավարումը՝ որպես պետական պաշտոնյաների գործառույթներին բնորոշ կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկվածության, պետական ֆինանսների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, պետական կառավարման համակարգում կոռուպցիայի վտանգների մասին պարբերական հաշվետվությունների հրապարակման, մասնավոր կազմակերպությունների գործունեության թափանցիկության խրախուսման և վերջիններիս գործունեությունը կարգավորող ընթացակարգերի չարաշահումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ:
Հանրային և մասնավոր հատվածի մարմիններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորվում է թե ազգային, ներպետական մակարդակում իրականացվող զարգացումներով, թե Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով:
Այսպես, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից 2022 թվականին հրապարակված՝ «Հայաաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն» զեկույցն, անդրադառնալով ծառայությունների և ոլորտների կոռումպացվածությանը, նշում է, որ հարցվածների մոտ 55%-ը կոռուպցիան տարածված է համարել առողջապահության ոլորտում։ Կոռումպացված լինելու տեսանկյունից, ըստ քաղաքացիների, երկրորդ տեղում է լրատվությունը (22,6%), ապա ընտրական գործընթացները (21,4%) (ընտրահանձնաժողովներ, ընտրացուցակներ, քվեաթերթիկների հաշվարկ և այլն)։ Համաշխարհային բանկի աջակցությամբ հանրային ծառայողների շրջանում իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային ծառայողների դիտարկմամբ կոռուպցիոն ռիսկերին առավել հակված գործառույթներն են պետական գնումները, վերահսկողությունը և ֆինանսական կառավարումը:
ՀՀ֊ում կոռուպցիայի դեմ պայքարն առավել նպատակային իրականացնելու համար կարևորվեց ինստիտուցիոնալ հենքի ստեղծումն ու զարգացումը և ընդգծվեց միասնական մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով նախատեսվեց մշակել պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն, որը պետք է հաստատվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ նաև Հանձնաժողով): Մեթոդաբանության հիման վրա պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում պետք է իրականացվեին ռիսկերի համապարփակ գնահատումներ, որոնց արդյունքների հիման վրա նախատեսվում էր մշակել ոլորտային հակակոռուպցիոն գործողությունների ծրագրեր՝ ներառելով նախկինում ընդունված ծրագրերով սահմանված, բայց դեռևս չիրականացված գործողությունները: Չնայած դրան՝ բացակայում էր մեթոդաբանության մշակման օրենսդրորեն սահմանված լիազորությունը:
Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացին անդրադարձ է կատարվում նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 16-րդ կետի 16.2-րդ ենթակետում հետևյալ ձևակերպմամբ․ «Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա ոլորտային միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի մշակում շահագրգիռ մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ քննարկումների արդյունքում և ներկայացում Վարչապետի աշխատակազմ»: Ծրագրով նշված գործողության համակատարող է հանդիսանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունն ընդգծվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որը վարչական կոռուպցիայի հաղթահարման, հանրային կառավարման մարմիններում և ոլորտներում թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության բարձրացման, օրինականության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի ու ռիսկեր ծնող գործոնների չեզոքացման համար առանցքային է համարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքապետարանների աշխատակազմերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգի ներդրումը՝ հիմնված միջազգայնորեն ընդունելի չափանիշների և կառուցակարգերի, միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից տրված առաջարկությունների վրա: «Գործարար ոլորտում բարեվարքության ամրապնդում» ռազմավարական ուղղության ներքո նշվում է, որ միջազգային կազմակերպությունների կողմից մշտապես բարձրաձայնվել է նաև պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է սահմանել ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ կառուցակարգեր՝ ապահովելու ռիսկերի կառավարման և գնահատման գործընթացի արդյունավետությունը։ Զուգահեռաբար, առաջարկվում է նաև շարունակաբար կատարելագործել պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնօրենի և խորհրդի անդամների թափանցիկ, արժանիքահեն նշանակման, խորհրդի անդամների անկախության չափորոշիչները, ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվողականության և թափանցիկության, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգերը, տարեկան արտաքին աուդիտի ենթարկվելու և հրապարակման պահանջները։ Առանձնապես կարևորվում է նաև պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման և գնահատման համակարգերի ներդրման գործընթացը։ Այս համատեքստում, անհրաժեշտ է ուժեղացնել ինստիտուցիոնալ կառուցակարգերը՝ ԿԿՀ-ին վերապահելով նաև նշյալ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակման և հաստատման, մասնագիտական աջակցության տրամադրման իրավասությունները և անհրաժեշտ գործիքակազմերը:
Այսպիսով, նոր ռազմավարությունը գործուն կառուցակարգեր է նախատեսում հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ, որը գործնականում հնարավոր կլինի իրագործելի դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ օրենսդրական դաշտում համապատասխան լիազորությունների վերապահման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների վերագնահատման միջոցով:
Կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի անհրաժեշտությունը քննարկվել է նաև 2023թ. ապրիլի 17-ի ՀՀ վարչապետի թիվ 421-Ա որոշմամբ ստեղծված միջազգային վարկանիշներում Հայաստանի Հանրապետության ընթացիկ դիրքերի բարելավման վրա ազդող գործոնները մշտադիտարկող աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի շրջանակում վեր են հանվել միջազգային զեկույցներում Հայաստանի Հանրապետության կատարողականի վերաբերյալ արձանագրված խնդիրները և մշակվել դրանց լուծմանն ուղղված հնարավոր առաջարկներ: Հանրային և մասնավոր հատվածում վարչական կոռուպցիայի և հովանավորչության հաղթահարման նպատակով առաջարկվել է ներդնել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգ, ինչը հնարավորություն կտա համակարգերում և գործընթացներում առկա ինստիտուցիոնալ բացերը լրացնել համապատասխան ստանդարտների, մեխանիզմների և չափանիշների միջոցով: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամենամսյա ժամկետով ամփոփ տեղեկություն է ներկայացնում ԱԽ գրասենյակ՝ ՀՀ վարչապետին զեկուցելու նպատակով։
ՀՀ միջազգային պարտավորությունների տեսանկյունից հարկ է նշել, որ միջազգային կազմակերպությունների կողմից մշտապես բարձրաձայնվել է պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այսպես, ՏՀԶԿ ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի՝ Հայաստանի գնահատման զեկույցը Հայաստանում գործարար բարեվարքության համար կատարողականի մակարդակը գնահատել է ցածր՝ անդրադառնալով նաև պետական մասնակցությամբ 5 խոշոր ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարմանը, կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործընթացում տնօրենների խորհրդի դերի սահմանման անհրաժեշտությանը: Զեկույցի 4.4.3-րդ հենանիշի տարրերը, որոնցով նախատեսվում է ՀՀ պետական մասնակցությամբ 5 խոշորագույն ընկերություններում համապատասխանության ծրագրի ներդնում և կոռուպցիան ընդգրկող ռիսկերի գնահատում, գնահատվել են «ոչ համապատասխան» պետական մասնակցությամբ բոլոր 5 ընկերությունների դեպքում:
Բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման համատեքստում կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի վերաբերայլ ՀՀ ինստիտուցիոնալ մարմինների մոտեցումներին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին անդրադարձ է կատարում նաև Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը, մասնավորապես՝ ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն 2023-2026 թթ․ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունները, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանությունների նախագծերի մշակման և պիլոտային գնահատումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Անդրադառնալով պետական մասնակցությամբ ընկերություններին, պետք է նշել, որ վերջիններս մեծ ներկայություն և նշանակալի դեր ունեն առաջադեմ և զարգացող տնտեսություններում՝ պետական քաղաքականության իրականացման գործընթացում։ Գործնականում հանրային սեփականությունը շարունակում է կարևոր մնալ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտ, կոմունալ ծառայություններ (ջուր, գազ, էներգետիկա) և բնական ռեսուրսներ (հանքարդյունաբերություն)։ Չնայած դրան, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կոռուպցիոն դեպքերի գրեթե երկու երրորդը տեղի է ունենում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթը, գազը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը և ծանր արդյունաբերությունը: Բացի այդ, պետական մասնակցությամբ ընկերությունները կարող են խոցելի լինել՝ որպես քաղաքական ֆինանսավորման, հովանավորչության և կուսակցությունների հարստացման ուղիներ օգտագործելու տեսանկյունից: Կորպորատիվ կառավարման և սեփականության իրավունքի իրացման հետ կապված պայմանավորվածությունները կարող են այդ ընկերություններին ենթարկել շահագործման և խաթարել բարեվարքության պահպանմանն ուղղված վերջիններիս ջանքերը: Նշվածը հաշվի առնելով, ՏՀԶԿ-ի մասնակից երկրների մեծ մասը պետական մասնակցությամբ ընկերություններին ենթարկում է շահերի բախման, իսկ բոլոր երկրները՝ զգայուն տեղեկատվության հետ աշխատելու կանոններին:
Միևնույն ժամանակ, պետական մասնակցությամբ ընկերությունները միտում ունեն չհետևելու համապատասխանության ստանդարտներին, քանի որ, վերջիններս առավելապես կենտրոնացած են մասնավոր ընկերությունների վրա։ Չնայած դրան, պետական մասնակցությամբ ընկերությունները դառնում են ավելի ու ավելի ազդեցիկ և գործում են մասնավոր ընկերությունների հետ անմիջական մրցակցության պայմաններում, որոնք, որպես կանոն, գործում են կառավարման և համապատասխանության խիստ չափանիշների հիման վրա: ՏՀԶԿ-ի Պետական ընկերություններում կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության ուղեցույցի համաձայն՝ աշխարհի 500 խոշորագույն ընկերություններից արդեն 102-ը պետական են:
ՏՀԶԿ ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի՝ Հայաստանի գնահատման զեկույցում նշվում է, որ Հայաստանում շատ պետական մասնակցությամբ ընկերություններ սեփականաշնորհվել են 1990-ականներին և 2000-ականների սկզբին: 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում կար 134 բաժնետիրական ընկերություն՝ ավելի քան 50% պետական մասնակցությամբ, որոնց կառավարման լիազորությունները վերապահվել են 23 լիազոր մարմիններին, այդ թվում՝ 8 նախարարությունների։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մոնիտորինգ է իրականացնում պետական մասնակցությամբ բոլոր ընկերությունների նկատմամբ, կազմակերպում է ընկերությունների մասնավորեցման և լուծարման գործընթացները, միաժամանակ ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող 14 ընկերությունները։ Մնացած ընկերությունների կառավարումն իրականացվում է համապատասխան պետական կառույցների և գերատեսչությունների կողմից: Կենտրոնական կառավարությանը պատկանող խոշորագույն պետական ընկերությունները գտնվում են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման, առողջապահության, փոստի, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում: Զեկույցը Հայաստանում գործարար բարեվարքության համար կատարողականի մակարդակը գնահատել է ցածր, նշելով, որ հակակոռուպցիոն համապատասխանության կայուն համակարգերի ստեղծումը և պետական մասնակցությամբ ընկերություններում միջազգային չափանիշներին համապատասխան կորպորատիվ կառավարման զարգացումը պետք է ներառվեն Հայաստանի կառավարության առաջնահերթությունների մեջ: Նշված հանգամանքներն ավելի կարևոր են դարձնում պետական մասնակցությամբ ընկերություններում բարեվարքության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 16.2-րդ միջոցառման, «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871 Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․9-րդ և 4․3-րդ գործողությունների պահանջներից:
Որպես ընդհանուր կանոն, կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման կարևոր մեխանիզմ է միասնական կառուցակարգերի ստեղծումն ու կիրառումը, այսինքն՝ համապարփակ մեթոդաբանության հիման վրա ռիսկերի գնահատումը, կառավարումը և մոնիտորինգը, որի հիմքում դրվում են միջազգայնորեն ընդունելի ստանդարտները՝ հաշվի առնելով ներպետական և ոլորտային առանձնահատկությունները: Հաշվի առնելով նշվածը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կարևոր քայլեր է ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերի կառավարման հենասյունը կառուցելու ուղղությամբ՝ մշակելով կոռուպցիոն ռիսկերի ներքին և արտաքին գնահատման մեթոդաբանությունների նախագծերը, որոնց արդյունավետությունը և ՀՀ առանձնահատկություններին համապատասխանությունը փորձարկելու նպատակով Հանձնաժողովը 2023 թվականին սկսել է իրականացնել կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատումներ:
Այսպես, 2022 թվականին մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ թվինինգ ծրագրի 4-րդ բաղադրիչի հետ համագործակցությամբ Հանձնաժողովը մշակել է պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որի հիման վրա իրականացվել են կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատումներ պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում՝ «Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ), «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Երևանի համար 119 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Այս գործընթացը նախևառաջ ընդգծեց պետական մասնակցությամբ կազմակերպությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության և կորպորատիվ կառավարման միջազգային ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը, ինչը հաշվի առնելով Հանձնաժողովը գնահատման արդյունքում մշակել է ՀՀ-ում պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորտիվ կառավարման ելակետային գնահատականը պարունակող համապարփակ զեկույց, որը նախատեսվում է ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավասու պետական մարմինների քննարկմանը: Այս փուլում Հանձնաժողովը շարունակում է համագործակցել երեք կազմակերպությունների հետ՝ բարեվարքության ծրագրերի (հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցառումներ) մշակման գործընթացում:
2023 թվականի ընթացքում Հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել նաև հանրային կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման ուղղությամբ: Այսպես, կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատման և միջոցառումների իրականացման (արտաքին գնահատում) մեթոդաբանության նախագծի պիլոտային գործարկման նպատակով Հանձնաժողովը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որի շրջանակում 2023 թվականին Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի վերլուծության հիման վրա գնահատվել են համակարգի հիմնական գործընթացները: Գնահատման երկրորդ փուլում Հանձնաժողովը բացահայտած խնդիրների խորքային պատճառները վերհանելու և դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու նպատակով որակական մեթոդների (անհատական և խմբային հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն) կիրառման միջոցով իրականացնում է հետազոտություն՝ համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետ: Գնահատման արդյունքում Հանձնաժողովը կմշակի ոլորտային գործողությունների ծրագիր պարունակող զեկույց և համապատասխան առաջարկներ կներկայացնի իրավասու պետական մարմիններին:
Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նաև կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ և հանրային իրազեկման այլ միջոցառումներ:
Չնայած նկարագրված գործընթացներին՝ Հանձնաժողովին օրենսդրական մակարդակում դեռևս վերապահված չէ կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործիքակազմը, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել կանխարգելման մանդատից բխող գործառույթը, որի ներդնումը հնարավորություն կտա համակարգային մոտեցմամբ բարձրացնել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը, հաղթահարել վարչական կոռուպցիան։
Բացի այդ, առկա կարգավորումների պարագայում հնարավոր չէ գործնականում ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ հաշվի առնելով ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-267-Ն օրենքով կատարված փոփոխությունները, որով գործող օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է, որ տեղական հակակոռուպցիոն ծրագիրը կազմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում տեղական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման մեթոդաբանությունը: Ընդ որում, օրենսդրական նշված փոփոխությունը կատարվել է այն պարագայում, երբ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով ՀՀ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակման լիազորությունը վերապահված էր Հանձնաժողովին (փոփոխվել է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1351-Ն որոշմամբ):
Կոռուպցիոն ռիսկերի կառավարման նորմատիվ և ինստիտուցիոնալ համակարգն իր զարգացման պոտենցիալով կարող է գնահատվել արդյունավետ, եթե նշված գործընթացների համատեքստում առավելագույն կարևորություն տրվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների վերագնահատմանը և դրանց համապատասխանեցմանը նոր գործառույթին: Ընդհանուր օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ Հանձնաժողովի գործառույթների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, ներառյալ՝ մարդկային, միջև առաջանում է անհամապատասխանություն: Այսպես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության կազմում, որն այս փուլում իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանությունների մշակման և դրանց հիման վրա պիլոտային գնահատումներին ուղղված աշխատանքները, և որին, օրենքի ընդունման դեպքում, պետք է վերապահվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միասնական գործիքակազմը, միայն երկու հաստիք է ընդգրկված (վարչության պետ, մեկ գլխավոր մասնագետ), որի պայմաններում կարող է անհնարինություն առաջանալ նոր գործառույթով պայմանավորված լիազորությունների ապահովման հարցում: Բացի այդ, շատ հաճախ դժվարություն է առաջանում նաև վարչության արդեն իսկ առկա հաստիքների համալրման գործընթացում (մեկ հաստիքի համար միջինում հայտարարվում է 4-5 մրցույթ)՝ պայմանավորված վերջինիս գործառույթներին վերաբերելի փորձի, հմտությունների առանձնահատկություններով և քաղաքացիական ծառայության համակարգի պաշտոնի անձնագրերով սահմանված նկարագրերի նեղ շրջանակով: Մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերով սահմանվում է հանրային ծառայության ոլորտում համապատասխան փորձի առկայության պահանջ, ինչի հետևանքով կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում որոշակի փորձ ունեցող մասնագետների ներգրավումը սահմանափակվում է, քանի որ հանրային ծառայության ոլորտում նշված գործառույթն իրականացնող մասնագետներ առկա չեն, իսկ մասնավոր հատվածի մասնագետները չեն համապատասխանում պաշտոնի անձնագրերով սահմանված նկարագրին: Մինչդեռ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը և կառավարմանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը ենթադրում է մասնագիտացված (պրոֆեսիոնալ) աշխատակազմի առկայություն։ Այս առումով Հանձնաժողովի կողմից կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային գործիքներին լիարժեքորեն տիրապետելուն ուղղված կարողությունների զարգացումն ունի նշանակալի կարևորություն, հետևաբար պետք է առավելագույն կարևորություն տրվի ինչպես Հանձնաժողովի համապատասխան վարչության կազմում նոր հաստիքների ավելացմանը, այնպես էլ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպմանը, ինչը կարևորվում է նաև 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրով:
Հաշվի առնելով նշվածը՝ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատածում» ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետների կողմից մշակվել և Հանձնաժողովին է ներկայացվել Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության՝ պետական մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման իրականացման համար անհրաժեշտ անձնակազմի հաշվարկի մեթոդաբանությունը, ինչպես նաև վարչության պաշտոններին ներկայացվող որակավորման պահանջների և հմտությունների վերաբերյալ առաջարկ: Ներկայացված մեթոդաբանության հիման վրա իրականացված հաշվարկի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում պետական մասնակցությամբ 5 միջին չափի ընկերություններում (մինչև 200 աշխատող ունեցող) կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կառավարման և մոնիտորինգի գործառույթի ապահովման համար վարչությանն անհրաժեշտ է նվազագույնը երկու հաստիք: Ընկերությունների թվի փոփոխությունը ենթադրում է նաև հաստիքների թվի փոփոխություն: Մասնագետներին ներկայացվող փորձի և հմտությունների առումով փորձագետները կարևորել են ազգային քաղաքականության, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ և օրենսդրական ասպեկտների, կոռուպցիայի կանխարգելման միջազգային չափանիշների իմացությունը, կոռուպցիայի կանխարգելման կամ սերտ առնչվող ոլորտում փորձը, ռիսկերի գնահատման և կառավարման գործիքներին և մեթոդաբանություններին ծանոթանալու պատրաստակամությունը, տվյալներ վերլուծելու և մեկնաբանելու, փաստաթղթեր մշակելու, խնդիրներ բացահայտելու և դրանց լուծմանը նպաստելու ունակությունը, ինչպես նաև լավ հաղորդակցումը, համակարգչային ծրագրերի իմացությունը և անձնական բարեվարքությունը:
Կոռուպցիոն ռիսկերի արտաքին ոլորտային գնահատման լիազորությունների շրջանակում կարևորվում է հանրային քաղաքականության/կառավարման, իրավագիտության և սոցիոլոգիայի ոլորտում կրթությունը և հետազոտական, վերլուծական աշխատանքի, փաստաթղթերի մշակման աշխատանքային փորձը: Այս առումով անհրաժեշտ է վարչությունում ապահովել սոցիոլոգիայի (հարցաշարերի մշակում, հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանությունների, գործիքների մշակում և կիրառում), ինչպես նաև հանրային քաղաքականության/կառավարման և իրավագիտության ոլորտներում (քաղաքականության, օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն և վերլուծություն, զեկույցների և այլ փաստաթղթերի մշակում) կրթություն և փորձ ունեցող մասնագետների ներգրավումը (երեք հաստիք):
Բացի այդ, անհրաժեշտ է օրենքների, և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի միջոցով հստակ սահմանել Հանձնաժողովի և հանրային ու մասնավոր ոլորտների սուբյեկտների համագործակցության եզրերը, քանի որ համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև այլ մարմինների համարժեք գործունեությամբ և հորիզոնական մակարդակում համագործակցության խթանմամբ։ Կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործընթացի համատեքստում կարևոր է ամուր քաղաքական աջակցության ապահովումը՝ մինչև որ գնահատումը դառնա համակարգում կիրառվող կանոնավոր պրակտիկա: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործիքի համար քաղաքական աջակցության որոշակի մակարդակ է անհրաժեշտ, քանի որ այն իրագործելու դեպքում կառույցները լրացուցիչ բեռ են ստանձնում հակակոռուպցիոն բնագավառում: Մասնավորապես, քաղաքական համակարգը պետք է առաջնորդություն և հանձնառություն ստանձնի ռիսկերի համարժեք և շարունակական գնահատման համար, ինչպես նաև ապահովի, որ գործընթացը չտատանվի կամ որակապես բացասական փոփոխության չենթարկվի: Այս պարտավորությունը բարձր մակարդակի հաղորդակցության և մշակույթի տեսակ է, որի դերն ընդգծվում է ռիսկերի կառավարման գործընթացին համապատասխան ուշադրություն և ռեսուրսներ տրամադրելու հարցում:
Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, ինչպես նաև սահմանել Հանձնաժողովի և նշված կառույցների համագործակցության կառուցակարգերը:
Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համապարփակ մոդելը, որը պարունակում է ներքին և արտաքին գնահատման գործիքների համակցում: Ներքին գնահատումը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդաբանության և հարցաշարերի հիման վրա համապատասխան մարմինների կողմից գնահատման շրջանակի գործառույթներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի մշակում (բարեվարքության ծրագիր)՝ Հանձնաժողովի մասնագիտական խորհրդատվությամբ և մեթոդական աջակցությամբ: Յուրաքանչյուր տարի գնահատման շրջանակը (օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, գնումներ և այլն) սահմանվում է մեթոդաբանությամբ նախատեսված չափորոշիչների հիման վրա՝ հաշվի առնելով պետության առաջնահերթությունները: Գործընթացի արդյունքում մշակվում են բարեվարքության ծրագրեր, որոնցում սահմանված գործողությունների կատարման նկատմամբ մոնիտորինգ է իրականացնում Կոռուպցիային կանխարգելման հանձնաժողովը՝ բարելավման առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Ներքին գնահատումը հնարավորություն է տալիս կառույցին բացահայտելու իր կառավարման, որոշումների կայացման և գործառույթներին վերաբերելի այլ գործընթացներում առկա բացերը, ներդնել հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցներ՝ նվազագույնի հասցնելով կառույցի կոռուպցիոն ռիսկերը և ապահովելով վերջինիս գործունեության արդյունավետությունը:
Արտաքին գնահատումը ենթադրում է առավել խորքային, մասնագիտական և հետազոտական գործընթաց՝ հիմնված ոլորտային իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահառուների հետ համագործակցության վրա: Առաջարկվում է յուրաքանչյուր տարի գնահատում իրականացնել 1-2 ոլորտում՝ հաշվի առնելով գործընթացի բարդությունը և ժամանակատարությունը: Գնահատման ոլորտի ընտրությունը տեղի է ունենում մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ կառավարության կամ ոլորտի համակարգման գործառույթ ունեցող իրավասու մարմնի հաստատմամբ: Արտաքին գնահատման նպատակով ձևավորվում է բազմաշահառու աշխատանքային խումբ (ոլորտի իրավասու մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգմամբ: Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, Հանձնաժողովի կողմից հարցաշարերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբի հաստատմանը, իրավասու մարմնի կողմից հարցաշարի լրացում, հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի գործոնների բացահայտում: Նկարագրված ամբողջ գործընթացը տեղի է ունենում աշխատանքային խմբի հետ քննարկումների կազմակերպման, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների հետ համոգործակցության միջոցով:
Գնահատման երկրորդ փուլում իրականացվում է բացահայտված խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մշակում՝ հետազոտական որակական և քանակական մեթոդների կիրառմամբ (օրինակ՝ հարցումներ, փորձագիտական հարցազրույցներ, շահառու անձանց հետ անհատական հարցազրույցներ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումներ): Քանի որ գնահատման այս փուլը պահանջում է հետազոտական գործընթացի խորքային գիտելիքներ և մեծ ռեսուրսներ, առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի Հանձնաժողովն այն պատվիրակի հետազոտական կազմակերպությունների իրականացմանը: Այս համատեքստում կարևորվում է համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը Հանձնաժողովին, ինչը կապահովի գործընթացի կայունությունը:
Ոլորտային գնահատման գործընթացի արդյունքում մշակվում է համապարփակ զեկույց, որը մանրամասն անդրադարձ է կատարում ոլորտի բոլոր գործընթացներին, դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերին և դրանց լուծման առաջարկներին: Նշված առաջարկները ներկայացվում են ոլորտային իրավասու մարմինների քննարկմանը: Արտաքին գնահատումն արժեքավոր է առավելապես քաղաքականություն մշակող և որոշում կայացնող սուբյեկտների համար, որովհետև այն հնարավորություն է տալիս վերհանել պետության մասշտաբով կոնկրետ ոլորտում առկա խնդիրները (կարգավորող օրենսդրության, փաստացի գործընթացների, կառավարման բացեր), որակակական և քանակական մեթոդների միջոցով բացահայտել դրանց պատճառները և առաջարկել հետազոտահեն ու փաստարկված լուծումներ բացահայտված ռիսկերի նվազեցման համար:
Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել միասնական կառուցակարգերի և մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդնումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան գործառույթների և լիազորությունների վերապահման միջոցով: Առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդնման փուլային մոտեցման կիրառում, ինչը հնարավորություն կտա մշակված չափորոշիչների հիման վրա սահմանել գնահատվող կառույցների և ոլորտների շրջանակը՝ նախքան կոռուպցիոն ռիսկերի կառավարման էլեկտրոնային հարթակի ստեղծումը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր հաստիքների համալրումը:
6.Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն ակնկալվում։
Սակայն, հարկ է նշել, որ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացը հանգեցնելու է ֆինանսական որոշակի միջոցների տրամադրման անհրաժեշտության։
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։
Discussed
03.05.2024 - 18.05.2024
Type
Law
Area
Justice
Ministry
Ministry of Justice
Views 1665
Print17.05.2024
9. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։
17.05.2024
8. Ընդհանուր առմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա, հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու իրականացման գործընթացի օրենսդրական կարգավորումները կարևոր են ոչ միայն ԿԿՀ-ի լիազորությունների հստակ սահմանման տեսանկյունից, այլև կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում ներգրավված հանրային իշխանության մարմինների, առավել ևս բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պետական ու համայնքային առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մասնագիտական ու հետազոտական կազմակերպությունների համար՝ հստակեցնելու իրենց դերակատարումը նշված գործընթացում։ Համանման օրենսդրական կարգավորումներ առկա են օրինակ Սերբիայում , որի «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 10-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է բարեվարքության պլանների մշակմանը։ Մասնավորապես, Սերբիայի կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի 10-րդ գլխում սահմանված են՝ բարեվարքության հայեցակարգը (սահմանումը), բարեվարքության պլանների բովանդակությունը և կառուցվածքը, հանրային կառավարման մարմինների, ինչպես նաև բարեվարքության պլաններ մշակող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու հաստատման պարտականությունը, ԿԿՀ-ի պարտականությունը տրամադրելու ուղեցույցներ ու մեթոդական նյութեր, բարեվարքության պլանների իրականացման հաշվետվությունների մշակումն ու ներկայացումը, հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև մյուս առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունը բարեվարքության ծրագրերի իրականացման, հաշվետվությունների հաստատման, իրականացման համար պատասխանատու պաշտոնյաների նշանակման մասով, ինչպես նաև բարեվարքության պլանների չմշակման կամ չիրականացման համար պատասխանատվության միջոցների կիրառման, պետական ու ՏԻՄ մարմինների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացման, վերապատրաստման համար պատասխանատու կառույցի սահմանումը։ Առաջարկություն • Օրենքի նախագծում առանձին գլխով, լրացնել, հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների բովանդակությունն ու կառուցվածքը, հանրային կառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու հաստատման, հաշվետվությունների մշակման ու ներկայացման, նշված գործընթացների իրականացման համար կազմակերպությունների ղեկավարների պարտավորությունների՝ հակակոռուպցիոն ծրագրերի հաշվետվությունների հաստատման, իրականացման համար պատասխանատու պաշտոնյաների նշանակման, ինչպես նաև բարեվարքության ծրագրերի չմշակման կամ չիրականացման համար պատասխանատվության միջոցների կիրառման, պետական ու ՏԻՄ մարմինների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացման, վերապատրաստման համար պատասխանատու կառույցի պարտականությունները սահմանող դրույթներով։ [2]«Կոռուպցիայի կանխարգելման մասին» Սերբիայի օրենք, 10-րդ գլուխ, https://www.acas.rs/storage/page_files/Law%20on%20Prevention%20of%20Corruption.pdf
17.05.2024
7. Օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում ԿԿՀ-ի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի ուսումնասիրության ու դրանց մոնիտորինգի, կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների հաշվառման ու հրապարակման մասով էլեկտրոնային համակարգի ներդրման ու ծրագրային ապահովման օրենսդրական կարգավորումները բացակայում են։ Օրենքի նախագծի հիմնավորումներ բաժնի 5-րդ գլխում առաջարկվում է նախքան կոռուպցիոն ռիսկերի կառավարման էլեկտրոնային հարթակի ստեղծումը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր հաստիքների համալրումը, կիրառել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրնման փուլային մոտեցում։ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի ուսումնասիրության ու դրանց մոնիտորինգի, կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների հաշվառման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման ու դրա շահագործման, հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրեր մշակող պատասխանատու իրավասու մարմինների դերակատարման, էլեկտրոնային հարթակին հանրության հասանելիության վերաբերյալ օրենսդրական դրույթները օրենքի նախագծում բացակայում են։ Առաջարկություն • Օրենքի նախագծում նախատեսել դրույթներ՝ ոլորտային հակակոռուպցիոն, ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման, իրականացման մոնիտորինգի հաշվետվությունների, հաշվառման ու հրապարակման մասով։