Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 7-րդ մասում՝ «պահից» բառից հետո լրացնել «,բացառությամբ պարզեցված կարգով լուծարման դեպքերի» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 69.1. հոդվածով.

«Հոդված 69.1. Իրավաբանական անձի լուծարման պարզեցված կարգը և դեպքերը

  1. Իրավաբանական անձը կարող է սույն հոդվածով սահմանված պարզեցված կարգով լուծարվել, եթե 5 տարի և ավելի անընդմեջ չի իրականացրել գործունեություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացված անորոշ ժամկետով գործունեության դադարեցման մասին հայտարարության հիման վրա:
  2. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձանց ցանկը, ինչը դիտվում է որպես նշված իրավաբանական անձանց պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի սկիզբ, որը սահմանվում է 3 ամիս:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում իրավաբանական անձանց պարտատերերը կարող են իրավաբանական անձի նկատմամբ պահանջի առկայության մասին տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
  4. Իրավաբանական անձի նկատմամբ ցանկացած հիմնավոր պահանջի առկայության դեպքում իրավաբանական անձի լուծարումը չի կարող իրականացվել պարզեցված կարգով:
  5. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո և իրավաբանական անձի նկատմամբ պարտատերերի պահանջների բացակայության դեպքում, սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձինք անմիջապես լուծարվում են իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա, որը hիմք է հանդիսանում իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  • 1)-ին կետում «կողմից» բառից հետո լրացնել «, իսկ եթե դուրս եկող մասնակիցը ի օգուտ ընկերության գրավոր հրաժարվում է իր բաժնեմասի արժեքի փոխհատուցումից, նաև հայտարարություն բաժնեմասի արժեքի փոխհատուցումից հրաժարվելու մասին.» բառերը,
  • 2)-րդ կետում «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ընկերությունից դուրս եկող մասնակիցը ներկայացրել է սույն մասի 1)-ին կետում նշված հայտարարությունը.» բառերը:

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 1.1. մասով՝

«1.1. Իրավաբանական անձի պարզեցված կարգով լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`

1) դիմում.

2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը:»

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1. և 4.2. մասերով՝

«4.1.Հարկային մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը եռամսյակային կտրվածքով Գործակալությանը ներկայացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացված անորոշ ժամկետով գործունեության դադարեցման մասին հայտարարության հիման վրա 5 տարի և ավելի գործունեություն չիրականացրած իրավաբանական անձանց ցուցակները: Նշված ցուցակները պարբերաբար՝ յուրաքանչյուր եռամսյակ մինչև եռամսյակը հաջորդող ամսվա 15-ը Գործակալությունը հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

4.2. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները չեն տարածվում պարզեցված կարգով լուծարվող իրավաբանական անձանց վրա:»

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5)-րդ կետով՝

«5) պարզեցված կարգով լուծարման դեպքում՝ պարտատերերի /պարտատիրոջ/ պահանջների /պահանջի/ առկայության դեպքում: Այս դեպքում, Գործակալությունը իրավաբանական անձին տրամադրում է պարտատերերի /պարտատիրոջ/ և ներկայացված պահանջների /պահանջի/ վերաբերյալ տեղեկություններ:»

Հոդված 5. Օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 8-րդ մասով՝

«8. Եթե լուծարման գրանցման մերժման հիմք է պարզեցված կարգով լուծարման ընթացքում պարտատիրոջ պահանջի ներկայացումը, ապա իրավաբանական անձը կարող է լուծարվել ընդհանուր կարգով:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հարկային մարմինը 10 օրյա ժամկետում Գործակալությանը տրամադրում է այդ պահի դրությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացված անորոշ ժամկետով գործունեության դադարեցման մասին հայտարարության հիման վրա     5 տարի և ավելի գործունեություն չիրականացրած իրավաբանական անձանց ցուցակները:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի ե) ենթակետում «կարգը» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածում «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ դուրս եկով մասնակիցը ի օգուտ ընկերության գրավոր հրաժարվում է իր բաժնեմասի արժեքի փոխհատուցումից:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 1.1. մասով՝

«Ընկերությունից դուրս եկող մասնակիցը կարող է հրաժարվել իր բաժնեմասի արժեքի փոխհատուցումից: Այս դեպքում Ընկերությունից դուրս եկող մասնակիցը ընկերությունից դուրս գալու մասին դիմումը անմիջապես ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին օրենքով սահմանված կարգով միասնական պետական գրանցամատյանում գրառում կատարելու համար:»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. "Բաժնետիրական ընկերությունների մասին" Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 1.1. մասով՝

«Օրենսգրքով սահմանված դեպքերում Ընկերությունը կարող է լուծարվել պարզեցված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Discussed

    06.02.2018 - 22.02.2018

  • Type

    Law

  • Area

    Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Public discussion

22.02.2018 16:04

Mher Mkrtchyan 5

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9819

Print

Suggestions

Hovhannes Mandakuni

16.02.2018

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ Հոդված 2 նոր 1.1. մասում ավելացնել` «3) Տեղեկանք չկատարված պարտավորությունների բացակայության մասին:»

Լիանա Բաբաջանյան

10.02.2018

Նախագծում կարգավորված չէ այն դեպքը, երբ պարտատերերի ներկայացման 3-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավաբանական անձը պարզեցված կարգով լուծարվում է, համապատասխան գրանցումը իրականացվում է գրանցամատյանում, սակայն, այնուամենայնիվ հայտնվում է մի պարտատեր, որի պահանջ ներկայացնելու ժամկետի (3 ամիս) բացթողումը դատարանը ճանաչել է հարգելի:

See more