Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 14:09:56 Նախագծով նախատեսվում է անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակին հասանելիություն տալ նաև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելն օրինական է, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ Հարկ է նկատել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը ուղղակիորեն չի նախատեսում նման դեպք և պարտադիր վերապատրաստման գործառույթը սահմանված չէ օրենքով։ Այս լույսի ներքո անհրաժեշտ է առաջարկվող կարգավորումը համապատասխանեցնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այդ թվում՝ 9-րդ հոդվածի պահանջներին։ Առաջարկը չի ընդունվել։ Անձնական օգնականի թեկնածուն առցանց հարթակում կամովի է լրացնում հայտադիմումը, բացի այդ, ներկայումս լրամշակվում է առցանց հարթակի նկարագիրը, որի համաձայն թեկնածուն տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր անձնական տվյալները մշակվեն բացառապես անձնական օգնականի ծառայության շրջանակում։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 14:09:56 Նախագծով առաջարկվում է հղում անել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին։ Հարկ է նկատել, որ «Զբաղվածության մասին» օրենքի նշված կետերը վերաբերում են «զբաղվածություն», «աշխատանք փնտրող անձ» և «գործազուրկ» հասկացություններին, որոնք նախագծի այդ հատվածում չեն օգտագործվել և վերաբերելի չեն։ Իսկ «աշխատող» հասկացությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ աշխատելու հանգամանքը որպես պայման դիտարկելը չի բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անտեսում է մարդկային աջակցության կարիք ունեցող և աշխատելու հնարավորություն չունեցող անձանց կենսական կարիքները։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկի մեջ հղման սխալ կա՝ «զբաղվածություն», «աշխատանք փնտրող անձ» և «գործազուրկ» հասկացությունները սահմանված են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։ Նախագծում հղումը տրված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին, որոնցով սահմանված են զբաղվածություն համարվող գործունեության տեսակները։ Ինչպես գործող, այնպես էլ նախագծում «աշխատող» հասկացությունը կիրառված չէ։ Ինչ վերաբերում է աշխատելու պահանջին, ապա դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շահառուների թիրախ խումբն ընտրվել է՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունը։ Հետագայում այն կարող է վերանայվել։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 14:09:56 Նախագծով առաջարկվում է, որ ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում ծառայությունը չի կարող մատուցվել միաժամանակ 1-ից ավելի անձնական օգնականների կողմից։ Միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումը մտահոգություններ է առաջացնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8.1-րդ հոդվածի առումով, որը պաշտպանում է բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Կոնվենցիան արգելում է պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Տվյալ դեպքում չկա որևէ հիմնավորում, թե ինչու է միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։ Առաջարկն ընդունվել է, նախագծից կետը հանվել է։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 14:09:56 Ընդհանուր դիտարկում - Նախագիծը չի արձագանքում այն մտահոգություններին, որոնք առկա են հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների շրջանում անձնական օգնականի ծառայության վերաբերյալ։ Ավելին, այն չի նպաստում կառավարության որոշման համապատասխանեցմանը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։ Դիտարկումն ընդունելի չէ։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը մշակվել և ընդունվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին համահունչ։ Անձնական օգնականի ծառայության ներդրումը բխում է օրենքից։ Նոր ներդրվող ծառայությունները սկսվում են որևէ մակարդակից՝ հետագայում ընդլայնելու և կատարելագործելու հեռանկարը չբացառելով։