Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-80-րդ կետեր.

«78) հարկային պլանավորման սխեմա (մեթոդ)` ցանկացած գործողություն, գործարք, գրավոր կամ բանավոր համաձայնություն, պայմանավորվածություն, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողություն կամ վարքագիծ, խոստում, ծրագիր կամ առաջարկություն, հարկային պարտավորության միտումնավոր և նպատակային ծրագրավորում (նախատեսում), գործողությունների հաջորդականություն, դրանց քայլերի, ձևերի, վայրի և (կամ) ժամկետի պլանավորում.

79) հարկային օգուտ` հարկային պարտավորության նվազում կամ հարկային պարտավորության կատարման ժամկետների հետաձգում կամ հարկման բազայի կամ հարկման օբյեկտի նվազում կամ դեբետային գումարների ավելացում կամ հարկային հաշվարկների ճշտման միջոցով միասնական հաշվի գումարի ավելացում.

80) հարկային պլանավորման մեթոդների չարաշահում՝ հարկային պլանավորման սխեմայի իրականացման և (կամ) հարկային սխեմայի մեջ այլ կերպ ընդգրկված լինելու արդյունքում հարկային օգուտի ստացում»:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդված․

«Հոդված 29.1. Հարկային պլանավորման մեթոդների չարաշահում

  1. Արգելվում է հարկային պլանավորման մեթոդների չարաշահումը։

2․ Հարկային պլանավորման մեթոդների չարաշահումներ հայտնաբերելիս հարկային պլանավորման սխեման կիրառելու  ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկվում  կամ վերահաշվարկվում են այնպես, ինչպես կարող էին առաջանալ հարկային պլանավորման մեթոդների չարաշահման բացակայության դեպքում։»։

Հոդված 3. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «ֆիզիկական անձին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով  իրական շահառու հանդիսացող անձին,» բառերը,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ հարկ վճարողները կարող են  հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ ճանաչվել որպես փոխկապակցված՝ սույն  հոդվածի 2․1-ին մասով սահմանված առանձին դեպքերում կամ դրանց համակցության առկայության դեպքում։

Փոխկապակցվածության ժամանակահատվածում  փոխկապակցված ճանաչված հարկ վճարողների  հարկային պարտավորությունները փոխկապակցված ճանաչելու որոշմամբ  հաշվարկվում  կամ վերահաշվարկվում են այնպես, ինչպես կարող էին առաջանալ փոխկապակցվածության բացակայության դեպքում՝ հաշվի առնելով Օրենսգրքով սահմանված  հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետները։

Փոխկապակցված ճանաչելու որոշմամբ Օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է փոխկապակցված բոլոր հարկ վճարողների  նկատմամբ։ Օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում փոխկապակցված ճանաչելու վարույթի արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները հարկ վճարողների կողմից ընդունվելու և  մինչև վարչական ակտի ընդունումը ճշտված հարկային հաշվարկներ ներկայացվելու դեպքում։»,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մաս․

«2․1. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթների կիրառման առումով՝ հարկ վճարողները  ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող են համարվում, եթե՝

1)  հատուկ հարկման գործունեություն իրականացնող հարկ վճարողները իրացրել են ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողի կողմից նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերած ապրանքների 60 և ավելի տոկոսը (արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ)` կիրառելով գործարար շրջանակներում սովորաբար կիրառվող առևտրային վերադիրից 1.3 անգամ ավելի բարձր վերադիր․

2) նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին արտադրել են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի նույն  ծածկագիրն ունեցող  (առնվազն քառանիշ) դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

3) նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին ներմուծել են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին (առնվազն քառանիշ)  դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

4)  նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին մատուցել (կատարել) են Հայաստանի Հանրապետությունում մատուցվող (կատարվող)՝ նույն ոլորտին դասվող ծառայությունների (աշխատանքների) ընդհանուր արժեքային մեծության 40 և ավելի տոկոսը․

5) մեկ հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողին վաճառած ապրանքների վաճառքի գներն էականորեն տարբերվում են նույն ժամանակահատվածում համեմատելի հանգամանքներում համանման աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող  հարկ վճարողների կողմից նույն կամ համանման ապրանքների վաճառքի գներից։ Սույն կետի իմաստով գները էականորեն տարբերվող են համարվում, եթե շեղումը կազմում է 20 տոկոս և ավելի և հարկ վճարողներից առնվազն մեկը գործունեություն է իրականացնում հատուկ հարկման համակարգում․

6) մեկ հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողի համար կատարված աշխատանքների կամ մատուցած ծառայությունների արժեքային մեծությունները 20 տոկոս և ավելի չափով  տարբերվում են համեմատելի հանգամանքներում նույն ժամանակահատվածում նույն կամ համանման գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից կիրառվող արժեքային մեծությունից։ Սույն կետի դրույթները ենթակա են կիրառման, եթե հարկ վճարողներից առնվազն մեկը գործունեություն է իրականացնում հատուկ հարկման համակարգում․

7) հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնող և բացառապես ծառայությունների մատուցմամբ կամ աշխատանքների կատարմամբ զբաղվող հարկ վճարողների կողմից որևէ ժամանակահատվածում (հաշվետու եռամսյակ, հաշվետու տարի)  մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների 50 տոկոս և ավելին բաժին է ընկնում միևնույն հարկ վճարողին.

8) առևտրի, ծառայությունների կամ հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողները (որոնցից առնվազն մեկը գործունեություն է իրականացնում հատուկ հարկման համակարգում) հանդես են գալիս միևնույն ապրանքային նշանի ներքո կամ  կիրառում են միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեները կամ գովազդներում  և հրապարակային օֆերտայի շրջանակներում օգտագործում են անհատականացնող միևնույն անվանումները, բառերը կամ նիշերը․

9) առկա է հարկ վճարողի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` հարկ վճարողի ղեկավարի կողմից ուղղակի կամ անուղղակի գործողություններով այլ հարկ վճարողի գործունեությունն ուղղորդելու և հարկ վճարողի գործունեությունից ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) եղանակներով  եկամուտ ստանալու հանգամանքը։ Նշված հանգամանքի համար կարող են էական նշանակություն ունենալ  հարկ վճարողների ֆինանսական միջոցների (գույքերի) ծագման աղբյուրը, դրանց փաստացի տնօրինումը կամ հետագա օգտագործումը։

Սույն մասի դրույթները չեն կիրառվում օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացվող գործարքների նկատմամբ:

Սույն մասում նշված արժեքային կամ քանակական ցուցանիշների որոշման հիմք կարող են հանդիսանալ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տեղեկությունները, հրապարակված վիճակագրական տվյալները, փորձագիտական գնահատականները:»։

Հոդված 4․ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 3-րդ կետում «աուդիտորական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «, մաքսային միջնորդները (բրոքերները),  բացառապես՝ առաքման ծառայություններ մատուցող, տարբեր մարզաձևերում հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն իրականացնող, մետաղի ջարդոնի թափոնի հավաքման և հանձնման գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.» բառերը,

2)  6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5.  Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) «6-րդ և 7-րդ մասերով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով։

Հոդված 6 Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) 2-րդ կետում «ատամնատեխնիկակական» բառից հետո լրացնել «մաքսային միջնորդական (բրոքերային), առաքման, մարզասրահներում մարզիչի» բառերը, իսկ «(տեխնոլոգիական)» բառից հետո լրացնել «սև և գունավոր մետաղների ջարդոնի թափոնի հավաքման և հանձնման» բառերը,

2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7 Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասում «ժամկետները,» բառից հետո լրացնել «փորձնական ծրագրերը,» բառերը։

Հոդված 9. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 419.2-րդ հոդված.

«Հոդված 419.2. Փոխկապակցված ճանաչվելը

1․ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հարկ վճարողից գանձվում է տուգանք՝  փոխկապակցված համարվելու ժամանակահատվածի մասով  հաշվարկված կամ վերահաշվարկված հարկային  պարտավորության գումարի և նույն ժամանակահատվածի համար փոխկապակցված հարկ վճարողների կողմից հաշվարկված հարկի գումարի տարբերության 150 տոկոսի չափով։

2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը փոխկապակցված ճանաչված հարկ վճարողների համար  փոխկապակցվածության ժամանակահատվածի մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Հոդված 10.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա:

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի ղեկավարի կողմից կայացված փոխկապակցված ճանաչելու որոշման հիմքով փոխկապակցված ճանաչված հարկ վճարողների՝ շրջանառության հարկ վճարող և միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ համարվելու իրավունքի սահմանափակումը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու հարկային տարվա ընթացքում։

  • Discussed

    12.03.2024 - 27.03.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7960

Print

Related documents / links

Suggestions

Զորիկ Սահակյան

27.03.2024

Արդյո՞ք նման լայնածավալ վարչարարության համար ՊԵԿ-ը ունի ռեսուրսներ, բանիմաց, թացը չորից տարբերող կադրեր, որոնք մանրամասն ուսումնասիրած կլինեն այս նախագիծը և հասկացած կլինեն անհասկանալին։

Mayis Muradyan

27.03.2024

Խիստ սահմանափակ ժամկետների պատճառով տնտեսվարողները ընկնելու են ցայտնոտի մեջ, ինչից հարկային մարմինը փորձելու է չարդարացված օգուտներ գեներացնել՝ հարկատուներին գցելով անելանելի դրության մեջ։ Շատերը կբողոքարկեն, մի ստվար մասն էլ բիզնեսը տանուլ կտա ու երկրից կարտագաղթի։

Kamo Goroyan

27.03.2024

Այն, ինչ առաջակվում է ներկայացված նախագծով ոչ թե հարկումից խուսափելու իրական դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ են, այլ հարկային վարչարարությունը կամայական ձևով չարաշահելու և տնտեսվարող սուբյեկտներին անհարկի պատժելու օրենսդրական հիմքեր։

See more