Add to favourites

Under development

"ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ մշակվել է նպատակ հետապնդելով կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը:

Նախագիծը ամուր հիմք է ստեղծում աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի հետագա զարգացման համար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աղետների ռիսկի նվազեցմանը: Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի բոլոր կառույցներում իրականացվող այս գործընթացը կօգնի կանխարգելել կամ նվազեցնել աղետների հետևանքները և համակարգը ռեակտիվից վերածել պրոակտիվ մոտեցման:

Հարկ է հավելել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Միաժամանակ, 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ: Վերջին իրադարձությունները, պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով, ցույց տվեցին համայնքների և կազմակերպությունների պատրաստվածության բացակայությունը՝ նման խնդիրների դեմ պայքարելու հարցում: Այս իրավիճակը բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում արձագանքման պատրաստվածության և կազմակերպվածության մակարդակի յուրատեսակ ստուգատես էր: Աղետների ռիսկերի կառավարման պլանների բացակայությունը առավել խոցելի է դարձնում համայնքներին և կազմակերպություններին, հետևաբար՝ աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, ներդրման և կիրարկման պահանջը, բնակչության պաշտպանության բոլոր մակարդակների համար, պետք է սահմանվի օրենքով:

Միաժամանակ հասարակական լայն շրջանակների մոտ, որոնք նաև մասն են կազմում բնակչության պաշտպանության համակարգի, Ազգային անվտանգության մասին պատկերացումները շատ դեպքերում սահմանափակվում են հիմնականում ռազմական բաղադրիչով՝ արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նման ընկալումը  հիմնականում պայմանավորված է երեք տասնամյակից ավելի ձգվող պատերազմական իրավիճակով։ Մինչդեռ ազգային անվտանգության համակարգը բազմաշերտ է, որի առաջնային խնդիրներից մեկը բնակչության բնականոն կենսագործունեության, ֆիզիկական և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է՝ ինչպես արտաքին հակառակորդից, այնպես էլ բնական աղետներից։ Բնական աղետներից երկրի բնակչության անվտանգության ապահովման համակարգն ունի բազմաթիվ, բազմաշերտ և խորքային խնդիրներ։ Վերջին երեք տասնամյակում պետությունն իր վրա կրել է բնական աղետների հետևանքները։ Ունեցել ենք հազարավոր մարդկային ու նյութական կորուստներ,  ենթակառուցվածքների ավերածություններ։

Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու մակերեսը կազմել է 10000 քառակուսի կիլոմետր՝ հանրապետության տարածքի 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ։ Տուժել է 21 քաղաքներ և շրջկենտրոններ, 342 գյուղ:  Ավերվել է հանրապետության բնակֆոնդի 18 տոկոսը, 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էին 82000 մարդ։ Քանդվել է 21000 տուն, 84 դպրոց, 90 մանկապարտեզ, 2260 սննդի ու առևտրի օբյեկտ և այլն: Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25000 մարդ, Գյումրիում՝ մոտ 15000-17000, Սպիտակում՝ 4000 մարդ, Վանաձորում ՝ 1200, Ախուրյանում՝ 500 և Ստեփանավանում՝ 125 մարդ։ Տնտեսական վնասը կազմել է ավելի քան 12 միլիարդ ԱՄՆ դոլար:

Մինչև Սպիտակի ավերիչ երկրաշարժը, Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերի թիվը կազմում էր մոտ 4765, որոնք հաշվարկված են 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար և կոնստրուկտիվ լուծումներով շատ դեպքերում չեն բավարարում սեյսմակայուն շինարարության նորմերի մի շարք պահանջներին: Այդ շենքերում բնակվում են Երևան քաղաքի բնակչության մոտ 70%-ը: Նախնական հաշվարկներով պարզվել է, որ կախված շենքի կառուցման տարեթվից, կոնստրուկտիվ առանձնահատկություններից և շահագործման ընթացքում ստացած վնասվածքներից, շենքերն ունեն սեյսմիկ խոցելիության հետևյալ աստիճանները.

  • 5%-ն ունի չորրորդ աստիճանի վնասվածքներ, համարվում են վթարային և կարող են փլուզվել անգամ 6-7 բալ ինտենսիվության երկրաշարժի դեպքում,
  • 45%-ն ունի բարձր խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 7-8 բալ (0․2g) ինտենսիվության երկրաշարժի դեպքում,
  • 35%-ն ունի միջին խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 8-9 (0․3g) բալ ինտենսիվության երկրաշարժի դեպքում,
  • 15%-ն ունի ցածր խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 9 (0․4g) բալից բարձր ինտենսիվության երկրաշարժի դեպքում:

2013 թվականին հայ և ճապոնացի մասնագետների կողմից դիտարկված հավանական երկրաշարժի սցենարներից մեկի համաձայն՝ Գառնու մերձակայքում ուժգին երկրաշարժի պարագայում Երևանում կզոհվի շուրջ 100000 մարդ։ Նյութական վնասը կհասնի միլիարդավոր դոլարների, ինչը կդառնա պետական անվտանգության լրջագույն սպառնալիք: Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկված յուրաքանչյուր մարմին և կազմակերպություն պարտավոր է ամենօրյա քայլեր ձեռնարկել աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստվածության բարձրացման և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով հետևանքները։

Ներկայումս արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության անբավարար աստիճան՝ բնածին և տեխնածին բնույթի աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, դրանց արագ արձագանքման համակարգերի զարգացման, աղետների ռիսկի կառավարման բնագավառում ներդրումների իրականացման, բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետներին դիմակայության մշակույթի ձևավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտի իրավական դաշտում անհրաժեշտ ու հրատապ բարեփոխումների իրականացման և աղետակայուն երկրի կառուցման ուղղությամբ։

Աղետների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է անդրադառնալ գոյություն ունեցող մարտահրավերներին, նախապատրաստվել հաղթահարելու ապագա մարտահրավերները, իրականացնել աղետների ռիսկերի մշտադիտարկում, գնահատում և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Աղետների ռիսկերի նվազեցումը և բնակչության պաշտպանությունը ենթադրում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ներգրավումն աղետների ռիսկի կառավարմանը:

Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) գործող օրենքով մանրակրկիտ ձևով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը, հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաև հետաղետային վերականգմանը:

Մինչ այժմ գործող օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է և ոչ լիարժեք, մինչդեռ պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված և օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և այլ միջոցառումներ:

Բացի այդ, գործող օրենքով կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային և տեղային բնույթի:

Ներկայացվող Նախագծով նախատեսվում է նոր մոտեցում աղետների ռիսկի կառավարմանը, որով տրվում է հստակ իրավակարգավորումներ արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը։

Այսպիսով, Նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ, Նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արագ արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների պատշաճ ապահովման գործընթացը:

Սահմանվում են նաև արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերը, այդ որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` որոշման ընդունման հիմք ծառայած հանգամանքները, անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որի տարածքում որոշվում է արտակարգ իրավիճակի մակարդակը, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը:

Առաջարկվող Նախագիծը նոր օրենքի տարբերակ է, որն հիմնովին տարբերվում է գործող օրենքից, այդ իսկ պատճառով այն հանդիսանում է նոր մշակված օրենքի նախագիծ, ոչ թե գործողի լրամշակված տարբերակ:

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձնահատկություններից են․

  • Հասկացությունները ընդլայնվել են՝ աղետների ռիսկի կառավարման և պլանավորման մասով, ինչպես նաև այն հասկացությունների, որոնք բացակայել են գործող օրենքից և կիրառելի են միջազգային հարթակում։
  • Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության սկզբունքները և նպատակները լրացվել են համապատասխանեցնելով` Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին և այլ միջազգային պահանջների (հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներ և գենդերային հավասարություն և այլն)։
  • Աղետների ռիսկի կառավարման միջոցառումները բաժանվել են ըստ ենթաբաղադրիչների՝

ա) աղետների ռիսկի նվազեցման.

բ) արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման.

գ) հետաղետային վերականգնման:

           Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների լիազորությունները և գործառույթները բաշխվել են համաձայն աղետների ռիսկի կառավարման ենթաբաղադրիչների։

  • Նախագծում ավելացվել են Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ենթաօրենսդրական դաշտի ապահովման համար՝ համաձայն Սահմանադրության այն պահանջի, որ ենթաօրենսդրական ակտերը պետք է բխեն օրենքից:
  • Նախագծում ավելացվել են պետական մարմինների (օրենսդիր, դատական իշխանություն և անկախ պետական մարմիններ) լիազորությունները, ինչ գործող օրենքից, պետական մարմինները, որպես սուբյեկտ, դուրս էին մնացել:
  • Լրացվել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգը և կառավարումը բաժինը՝

           Սահմանվել են Արտակարգ իրավիճակների հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային հանձնաժողովների, ինչպես նաև աղետի ժամանակ գործող աղետի հետևանքների վերացման կառավարման և ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծման (համաձայն միջազգային արձագանքման նորմերի), որոնց կառուցվածքն ու գործողությունների ընթացակարգերը սույն Նախագծի ընդունումից հետո կսահմանվի ՀՀ կառավարության կողմից:

  • Սահմանվել են արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինների և արձագանքման ուժերի աշխատանքային ռեժիմները՝ ամենօրյա գործունեության, բարձր պատրաստականության և արտակարգ:
  • Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումները (ներկայացվել է հավելվածի տեսքով) հստակ բաշխվել են պետական կառավարման համակարգի մարմինների միջև, ինչը գործող օրենքում բացակայել է և վերոնշյալ միջոցառումների պլանավորման և իրականացման տեսանկյունից առաջացրել խնդիրներ՝ դերակատարների բացակայության պատճառով։
  • Նախագծով կանոնակարգվել են արտակարգ իրավիճակի դասակարգումն ըստ՝

ա հետևանքների ծավալների (հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ),

բ արձագանքման կառավարման (հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ):

           Նախագծով տրվել են հստակ իրավակարգավորումներ՝ արտակարգ իրավիճակի մակարդակի մակարդակ սահմանելու, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը:

  • Նախագծով կանոնակարգվել են աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանավորման գործընթացը՝ բոլոր մակարդակների համար, ինչը բացակայել է գործող օրենքում։
  • ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Հետևաբար, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր չեն ստացել հետագա ընթացք և մի շարք ուղղությունների գործընթացը խաթարվել է, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, ներդրման ու կիրարկման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում հայեցակարգերի, ռազմավարությունների ընդունման: Ներկայումս աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր չունեն համապատասխան օրենսդրական նորմեր։ Հաշվի առնելով վերոնշյալ օրենսդրական պահանջները և առկա օրենսդրական բացերը նախագծով սահմանվել են օրենսդրական նորմեր՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման և ընդունման ուղղությամբ։

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքում:

 Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից առավել արդյունավետ են: Բացի այդ, նախագծով հստակեցվում և կանոնակարգվում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը:

Միաժամանակ ամրագրվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիակատար ներգրավվածությունը բոլոր  մակարդակներում, ինչպես նաև հստակեցվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց իրավասությունների շրջանակը:

Ակնկալվող փոփոխություններով կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներին:

Նախագծով նախատեսվում են արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերը պայմաններն ու կարգը, արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման   բովանդակությունը, արտակարգ իրավիճակներում  իրականացվող միջոցառումները:

Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել խոցելի խմբերին:

Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:

 

  1. Միասնական օրենսդրական կարգավորումներ ապահովելու նպատակով՝ նախագիծը ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով։

Մասնավորապես՝

  • «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքում նախատեսվող լրացումներով առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքից հանել արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանող իրավակարգավորումները և դրանք սահմանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով, քանի որ Նախագծով կարգավորվում են ոչ միայն համաճարակով, այլ բոլոր երևույթներով (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով) պայմանավորված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Հակառակ պարագայում անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանել բոլոր երևույթներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, ինչը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անհնարին է։
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող լրացումներով առաջարկվում է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու համար սահմանվել են խախտելու համար համապատասխան պատասխանատվություններ հետևյալ ուղղություններով՝

ա) պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստականության բերման ապահովման․

բ) աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման և կիրարկման․

գ) ազդարարման համակարգերի ստեղծման, դրանց անխափան աշխատանքի ապահովման և աշխատողների ազդարարման․

դ) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցման, իրազեկման և ուսումնավարժությունների կազմակերպման գործընթացի ապահովման․

ե) արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին լիազորված մարմնին տեղեկացման․

զ) անվտանգության անձնագրի (արտադրական վտանգավոր օբյեկտներ), անվտանգության վկայագրի (վտանգավոր արդյունաբերական օբյեկտ), անվտանգության հայտարարագրի (հիդրոտեխնիկական կառուցվածքների) մշակման, հաստատման և լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը ներկայացման․

է) լիազոր մարմնի կողմից աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի պլանավորված համալիր գնահատման և ոչ պլանավորված ուսումնասիրության գործընթացին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից չխոչընդոտման։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1717-Լ որոշումից (միջոցառում 1․1․1 «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Ազգային ժողով):

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը ՀՀ 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    05.03.2024 - 20.03.2024

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2893

Print

Suggestions

Անի Հովհաննիսյան

14.03.2024

Անիմաստ որոշումներ ընդունելու փոխարեն կադրերը բարելավվեք ,որ ոստիկանը իրավաբան լինի ոչ թե բառեկ (թմրավաճառ՝ցրիչ,առաքիչ)կամ գող։Իրավաբանը դուրս չմնան հասակի 1սմ պակաս լինելու պատճառով։

Անի Հովհաննիսյան

14.03.2024

Հասակը նվազեցրեք սահմանելով 154սմ ,1սմ պատճառով մարդիկ դուրս են մնում ձեր աշխատողներն էլ շատ ազնիվ են պարտադիր 155սմ պետք է լինի որ անցնեն բայց տարիների ընթացքում 154 153սմ լիքը մարդիկ են ընդունվել շատ հետաքրքիր է ոն՞ց ։

Անի Հովհաննիսյան

14.03.2024

Հասակը նվազեցրեք 154սմ ,հաշվի առնելով բնակչության կարճահասկաությունը քաշը 45։1սմ պատճառով հնարավոր չի լինում ընդունվել մարդիկ դուրս են մնու։

See more