ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի 4.2-րդ բաժնի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը, ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասը, ինչպես նաև Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ընդգրկված զբաղվածության ծրագրերի մշտադիտարկման և գնահատման ամփոփ արդյունքները:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականությունը միտված է ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետևանքների մեղմմանը, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը: ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից: Նշված միջոցառումներից մեկը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր, որը տեղ գտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում:
Վերոնշյալից բացի, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները, ինչպես նաև Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ներառված զբաղվածության ծրագրերի 2017թ.-ին իրականացված մշտադիտարկման և գնահատման գործընթացի ամփոփ արդյունքները: Վերջինս ներառում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրի ամփոփ վերլուծությունը, ծրագրերի ծախսարդյունավետության գնահատականը, ինչպես նաև հստակ առաջարկություններ զբաղվածության կարգավորման 2018 թվականի պետական ծրագրի և նրանում ներառվող ծրագրերի նպատակահարմարության, օպտիմալ թիրախների և կատարելագործմանն ուղղված անհրաժեշտ քայլերի առումով։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ՝
1) ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով,
- հստակեցնել աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշները,
- հստակեցնել ծրագրերում ընդգրկվող շահառուների շրջանակը,
- ծրագրերն իրականացնել ըստ կոնկրետ թիրախավորված շահառուների` մասնավորապես` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրն իրականացնել միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության ծրագիրն իրականացնել անապահով ընտանիքների անդամ հանդիսացող գործազուրկ անձանց համար,
- ծրագրերում ընդգրկելիս հաշվի առնել անձանց առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում լինելու հանգամանքը,
- հստակեցնել այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով գործազուրկին տրվող հավելավճարի չափը և վճարման տևողությունը,
- աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում տրվող աջակցության չափն ու պայմանները,
- հստակեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շահառուների շրջանակը` բացառելով գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների անդամների ընդգրկումը ծրագրերում, և ծրագիրն իրականացնել առաջնահերթությունը տալով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, առաջարկվում է Ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացն իրականացնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով՝ հաշվի առնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված այն տեղեկատվությունը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ 10 մարզերում գործող «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ների գործառույթները 2017 թվականից իրականացնում է նորաստեղծ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որն իր մարզային կառույցների միջոցով հանրապետության ամբողջ տարածքում մատուցում է գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին որակյալ և արդյունավետ ծառայություններ մատուցող եզակի կառույց:
- 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ որոշման ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: