Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
08.02.2024
Սույն նախագծի Հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետով՝ հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից համապատասխան հմտությունների և կարողությունների աստիճանը ստուգվում է ստուգարքի միջոցով, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Նույն կարգի 22-րդ կետով սահմանվում է, որ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝ 1-ին փուլը հարցազրույցն է, որի ժամանակ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը, իսկ հաջորդող 2 փուլերը՝ գործնական են։ Մեր կարծիքով, հատուկ ուսուցում անցնող ծառայողների տեսական գիտելիքների ստուգումը միայն հարցազրույցի միջոցով լինելու է անարդյունավետ և այդ գործընթացն իր մեջ պարունակելու է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկում ենք հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումը հարցազրույցի փոխարեն կազմակերպել համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի կամ էլեկտրոնային համակարգ միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով: Այդ թեստավորումը պետք է անցկացնել այդ նպատակի համար առանձնացված քննասենյակում (օրինակ՝ սրահ, լսարան, դահլիճ), որն ապահովված կլինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված կլինի թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված կլինեն միայն անհրաժեշտ կապուղիները: Սույն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրը պետք է ապահովի թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը: Այնուհետև, այս գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները միայն կարող են անցնել 2-րդ փուլ՝ բանավոր հարցազրույցի: