ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
-
9 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի N -Լ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 3.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել լաբորատորիաների ցանցի ստեղծման մեխանիզմների մշակման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
N -Լ որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Սննդամթերքի անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ հիմնախնդիրներից մեկը: Սպառողների առողջության ապահովման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի զարգացումը և կատարելագործումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:
- Միջազգային չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է, որը ենթադրում է բոլոր շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների սերտ և արդյունավետ համագործակցություն:
- Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր համակարգը կազմված է տարբեր պետական մարմինների և կազմակերպությունների կազմում գործող տարբեր նշանակության և մակարդակի պետական և մասնավոր լաբորատորիաներից, որոնց դժվար է կառավարել:
- Գործող լաբորատոր համակարգն իր ներկայիս կառուցվածքով չի հանդիսանում որպես համապարփակ ցանց և լիարժեք չի ապահովում համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ առավել վստահելի, միմյանց և միջազգային լաբորատորիաների հետ համադրելի գործելակարգը:
- Լաբորատոր կարողությունների հզորացումը սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավման կարևոր գործառություներից է:
- Լաբորատորիաների կարողությունների գույքագրման և վերլուծության տեսանկյունից լաբորատոր ցանցի ստեղծումը խիստ կարևոր և ռազմավարական նախաձեռնություն է:
- Լաբորատոր ցանցի (այսուհետ՝ Ցանց) ստեղծումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, կենդանիների հիվանդությունների արդյունավետ վերահսկմանը, դրանց կանխարգելմանը, խորհրդատվությունների, տեղեկատվական հաղորդակցման, կադրերի ուսուցման, մեթոդագործնական աջակցման, փորձի փոխանակման միջոցով լաբորատոր համակարգի կարողությունների շարունակական զարգացմանն ու անվտանգ գործելակարգի ամրապնդմանը:
- Ցանցի շնորհիվ Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգը ձեռք կբերի լաբորատոր հետազոտական տվյալների ստացման առավել վստահելի, միմյանց և միջազգային լաբորատորիաների հետ համադրելի գործելակարգ:
- Լաբորատոր կարողությունների հզորացմանն ուղղված Ցանցի ստեղծման նպատակով վերհանվել են լաբորատորիաների զարգացմանը խոչընդոտող գործոններն ու առկա խնդիրները, մասնավորապես.
- լաբորատոր գործունեության նույնականության բացակայությունը,
- միասնական տեղեկատվական հարթակի բացակայությունը՝ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ցուցանիշների և լաբորատորիայի հագեցվածության, տեղակայման և մատուցվող ծառայությունների գների, կիրառվող մեթոդների, լաբորատորիաների որակի կառավարման համակարգի վերաբերյալ,
- իրականացված հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրման և վերլուծման հաշվետվողական մեխանիզմների բացակայությունը,
- մարդկային ռեսուրսների մասնագիտական վերապատրաստման շարունակականության ապահովման բացակայությունը:
- ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Ծրագրի նպատակը Ցանցի ստեղծումն է, որը կմիավորի սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող անասնաբուժական և այլ ոլորտների գիտական և մասնավոր լաբորատորիաները` ապահովելով լաբորատոր համակարգի գործունեությունը:
- ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Ցանցի գործունեության սկզբունքներն են.
- միջգերատեսչական համակարգում,
- Ցանցում ընդգրկված լաբորատորիաներում որակի, կենսանվտանգության և կենսապահովության ապահովում,
- լաբորատոր կարողությունների շարունակական զարգացում:
- ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
- Ցանցի կառավարման և համակարգման նպատակով ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատվում է սննադմթերքի անվտանգության ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի հրամանով:
- Ցանցը ներառում է.
- ռեֆերենս լաբորատորիա,
- պետական լաբորատորիա,
- գիտական լաբորատորիա,
- մասնավոր լաբորատորիա։
- Հանձնաժողովի գործառույթներն են.
- մշակել և ներդնել Ցանցի համակարգման գործիքներ, Ցանցի գործունեության և մարդկային ռեսուրսների գնահատման և բացերի վերլուծության ժամանակացույց,
- նշանակել Ցանցը համակարգող լաբորատորիա(ներ)՝ ըստ ոլորտների, որոնց չափանիշները կսահմանվեն Նախարարի հրամանով,
- հաստատել մարդկային ռեսուրսների գնահատման և բացերի վերլուծության հիման վրա ոլորտը համակարգող լաբորատորիա (ների) կողմից ներկայացված վերապատրաստման ծրագրերը,
- արտակարգ իրավիճակներում համակարգել և ապահովել անխափան լաբորատոր գործունեություն,
- գործունեության միօրինակության ապահովում (հետազոտական ստանդարտ ալգորիթմներ, մասնագետների պաշտոնների օրինակելի նկարագրեր և այլ)։
- Ստեղծել Ցանցի միասնական տեղեկատվական հարթակ, որը ներառում է.
- Ցանցի ներքո գործող լաբորատորիաների ցանկը՝ ըստ ոլորտների,
- Ցանցին անդամակցած լաբորատորիաների կողմից տրամադրվող ծառայությունները (հետազոտություններ)՝ ըստ ոլորտների,
- Ցանցին անդամակցած լաբորատորիաների կարողությունները և հագեցվածությունը՝ արտակարգ իրավիճակում հավելյալ կարողությունների ներգրավման և լաբորատոր գործունեության անխափանության ապահովման նպատակով,
- Ցանցին անդամակցած լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվություն՝ հավատարմագրումների (ազգային և միջազգային), լաբորատոր այլ ցանցերին (տեղական և միջազգային) անդամակցության, աշխատանքի ծավալի (տարեկան), հասցեն, կոնտակտային տվյալները,
- լաբորատորիաների փոխհամագործակցությունը՝ հետազոտությունների լայն շրջանակի սպասարկումն ապահովելու նպատակով։
- Տեղեկատվական հարթակը համակարգվում է ոլորտը համակարգող լաբորատորիայի կողմից։
- Ոլորտը համակարգող լաբորատորիան(երը) պետք է լինեն պետական:
- Ոլորտը համակարգող լաբորատորիայի գործառույթներն են.
- լաբորատոր կարողությունների (մասնագիտական) վերաբերյալ տվյալների գույքագրում և ներբեռնում տեղեկատվական հարթակ,
- ոլորտային միջլաբորատոր համեմատական փորձարկումների արդյունքների հետագա վերլուծությունների և համապատասխան միջոցառումների ապահովում,
- կադրերի շարունակական վերապատրաստման գործընթացի ապահովում՝ համաձայն սույն Կարգի 20-րդ կետում սահմանված դրույթներին,
- իրականացված հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծության արդյունքների ներկայացում Հանձնաժողովին,
- հետազոտական ստանդարտ ալգորիթմների մշակում,
- լաբորատոր ոլորտի մասնագետների պաշտոնների օրինակելի նկարագրերի մշակում:
- ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՑԱՆՑԻՆ
- Ցանցին անդամակցելու համար.
- դիմող լաբորատորիան դիմում է ներկայացնում ոլորտը համակարգող լաբորատորիային,
- ոլորտը համակարգող լաբորատորիայի կողմից ստեղծվում է գնահատող աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելով լաբորատորիայի գործունեության իրավիճակը՝ ներկայացնում է համապատասխան առաջարկություններ,
- դիմող լաբորատորիան ապահովում է որակի կառավարման համակարգի ներդնումը,
- Հանձնաժողովի և դիմող լաբորատորիայի միջև կնքվում է անդամակցության համաձայնագիր։
- ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
- Լաբորատոր համակարգում ընդգրկված մարդկային ռեսուրսների զարգացումն ուղղված է միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր համակարգի գործունեության ապահովմանը` լաբորատոր ցանցում մասնագետների պատրաստման համակարգի ներդրման, կադրային ռեսուրսների զարգացման շարունակական ապահովման ճանապարհով` հետևյալ միջոցառումների կիրառմամբ.
- կադրերի շարունակական վերապատրաստման ապահովում.
ա. առկա մասնագիտական ռեսուրսների գույքագրում,
բ. մասնագիտական վերապատրաստումների տվյալների միասնական ռեեստրի ստեղծում,
գ. մասնագիտական վերապատրաստումների տվյալների միասնական ռեեստրի հիման վրա տարեկան պարբերականությամբ մասնագետների կրթական կարիքների գնահատում, բացերի վերլուծություն, համապատասխան կրթական ծրագրերի մշակում կամ լրամշակում և ապահովում։
-
Discussed
26.12.2023 - 17.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2371
Print