ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայությունների մատուցման ներդրման գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներից։ ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունվել է Գործողությունների ծրագիր՝ ուղղված էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը։ Արդյունքում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնցից, որպես հաջողված օրինակներից մեկը, կարելի է մատնանշել է Էլեկտրոնային կառավարման գործիքների համակարգը (www.e-gov.am)՝ ավելի քան 20 առցանց ծառայություններով։ Չնայած դրան պետական կառավարման հատվածում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ։ Պետական ծառայությունների թվային զարգացումը ներկայումս տարբեր գերատեսչություններում գտնվում է տարբեր փուլերում: Թվայնացումն իրականացվել է տարբեր սկզբունքներով՝ ըստ կառավարությունների ռազմավարական առաջնահերթությունների, առանձին գերատեսչությունների թվային պատրաստվածության, առանձին ծառայությունների թվայնացման առաջնահերթությունների, ինչպես նաև քաղաքացիների պահանջների և կարիքների։ Սա հանգեցրել է թվայնացման ասպարեզում մի քանի առաջատար օղակների ձևավորմանը, որոնք առանձնանում են այս ոլորտում իրենց բավականին լավ զարգացած կարողություններով։ Միևնույն ժամանակ մի շարք գերատեսչություններում թվայնացման զարգացման մակարդակը չափազանց ցածր է։ Պետական համակարգում թվային փոխակերպման միասնական քաղաքականության և միասնական մոտեցումների բացակայության արդյունքում կառավարության թվայնացումը հիմնականում կրել է ապակենտրոնացված բնույթ՝ մասնակի լուծումներով։
Հաջորդ խնդիրը տվյալների բազաների միջև արդյունավետ և անխափան փոխգործելիության հարթակի բացակայությունն է։ Համակարգերի անխափան փոխգործելիության նախապայման է հանդիսանում տվյալների ավտոմատացված փոխանակման համակարգի ստեղծումը։ Թվայնացված բազմաթիվ պետական ծառայությունների դեպքում բացակայում է առնչվող ծառայությունների հետ փոխկապակցվածությունը, արդյունքում քաղաքացիների համար ամբողջապես թվային հանրային ծառայությունը համալիր կերպով չի տրամադրվում։
Բացի այդ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում ևս վաղուց օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ, տեղեկատվության հասանելիությունն ապահովելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Տեղեկատվության կրիչի ձևը թե մշակողի մոտ, թե տեղեկատվությունը հայցողին փոխանցելու առումով՝ էական նշանակություն չունի։ Ավելին՝ քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու տեսանկյունից, նախապատվությունը տրվում է թվային տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հասանելիություն ապահովելուն։ Չնայած անցած տարիների ընթացքում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, սակայն այն ընդունվել է 2003 թվականին և կարգավորումների առումով վերանայման կարիք ունի, քանի որ, հաշվի առնելով մշակման և ընդունման ժամանակահատվածը, շեշտը դրվել է թղթային կրիչի միջոցով տեղեկատվության հասանելիության ապահովմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
- Տեղեկատվական արդյունավետ համակարգերի ստեղծմամբ և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ապահովել տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին բավարարող ծառայությունների մատուցում։
- Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապահովել տվյալների միասնական օգտագործման գործուն համակարգ (փոխգործելիություն), կիրառելով տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքը։
- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի քաղաքականության մշակման և իրականացման միասնական համակարգի ներդրում։
- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի կառավարման թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում, թվայնացման ստանդարտների մշակում և ներդրում, անվտանգության չափանիշների ներդրում, միասնական հենքի կիրառում:
- Թվայնացման միջոցով նախատեսում է նպաստել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և հասանելիության բարձրացմանը,
- Հիմքեր ստեղծել տվյալների քարտեզագրման և դասակարգման գործընթացի իրականացման համար՝ նախապես հաստատված տվյալների դասակարգման մեթոդաբանության հիման վրա,
- Ձևավորել և սպասարկել պետական ծառայությունների միասնական հարթակ, ապահովել թվայնացման նախագծերի տեխնիկական վերահսկողություն, թվային լուծումների թեստավորում, ստանդարտների և պահանջների համապատասխանության ստուգում,
- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի ձևավորման հիմնաքար հանդիսացող տեղեկատվական շտեմարանների ստուգում և ներդաշնակեցում, տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանություն, հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների օրենքով կամ դրա հիման վրա ընդունված օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանություն ։
- Հարակից օրենքներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ՝ պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման, տվյալների փոխանակաման փուլում տվյալների պաշտպանության, լիազոր մարմնի կարգավիճակի և լիազորությունների հստակեցման, ինչպես նաև վարչական պատասխանատվության դեպքերի կիրառման հետ կապված կարգավորումները հստակեցնելու նպատակով,
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի, ներառյալ՝ տեղեկատվության ազատության ոլորտի միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման՝ լիազոր մարմնի ստեղծման գործոնով պայմանավորված, որոնք ենթակա են հետագա գնահատման և հաշվարկման:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 183-Լ որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի թվայնացման ռազմավարությանից, մասնավորապես՝ <Թվայնացման հիմնարար պայմաններ> բաժնի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերից, Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի և արդյունքային ցուցանիշների 1-ին և 3-րդ միջոցառումներից:
Նախագծի ընդունումը բխում է նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024թթ. գործողությունների ծրագրի «1. Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձևավորում» հանձնառությունից, որով նախատեսվում է, որ Նախագիծն պետք է ընդունվի 2024 թվականի 1-ին կիսամյակում: