ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գլուխ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի նպատակը

          1․ Սույն օրենքի նպատակը ՀՀ սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման ապահովումն է՝ հանրությանը և յուրաքանչյուր անձի արդյունավետ ու որակյալ հանրային ծառայություններ մատուցելու միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։

  1. Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

 

 ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

          1․ Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև կարգավորում է տեղեկատվության ապահովման, տեղեկություններ ստանալու և տեղեկությունների օգտագործման պայմանները, կարգը և եղանակները։

Սույն օրենքը սահմանում է նաև տեղեկության հասանելիության ապահովման և տեղեկության հասանելիության կազմակերպման նկատմամբ պետական ​​հսկողության կարգը։

 2․Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքով սահմանված տեղեկությունների հավաքագրման, մշակման, օգտագործման, տվյալների շտեմարանների ստեղծման, դրանց  կառավարման, տեղեկությունները հասանելի դարձնելու հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ այլ օրենքներով պաշտպանվող, հասանելիության հատուկ պայմաններ կամ եղանակներ, հասանելիության սահմանափակումներ ունեցող տեղեկությունների և տվյալների շտեմարանների:

 

ՀՈԴՎԱԾ 3. Տեղեկատվության ազատություն և հանրային տեղեկություններ

1․ Տեղեկատվության ազատություն- տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում.

2․ Տեղեկատվություն- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետ՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված, գրանցված և/կամ ցանկացած եղանակով մշակված տեղեկությունները տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման նպատակով հանրությանը հասանելի դարձնելու գործընթաց․

3․ Հանրային տեղեկություն- (այսուհետ՝ տեղեկություն) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետ՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով և ընթացքում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենքով սահմանված չափով և կարգով ձեռք բերված, գրանցված և/կամ ցանկացած եղանակով մշակված տվյալների ամբողջություն, անկախ նյութական կրիչից:

4․ Տեղեկությունը, որը պաշտպանված է օրենքով կամ որի հասանելիությունը սահմանափակված է օրենքով, ներառյալ այն տեղեկությունները, որոնց հասանելիություն տրվում է օրենքով՝ միայն օրինական շահերի իրացման նպատակով կամ որոնց հասանելության նկատմամբ օրենքով սահմանված են հատուկ պայմաններ կամ ընթացակարգ՝ չի հանդիսանում հանրային տեղեկություն (այսուհետ՝ օրենքով պաշտպանված տեղեկություն)։

 5․ Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկություններին հասանելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով։

 

ՀՈԴՎԱԾ 4 Տեղեկությունների կրկնակի օգտագործում

1․ Տեղեկության կրկնակի օգտագործումը տեղեկատվություն տնօրինողների պետական գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված ու մշակված տեղեկությունների ստացումն ու օգտագործումն է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար։

2․ Տեղեկության փոխանակումը տեղեկատվություն տնօրինողների միջև իրենց պետական գործառույթների իրականացման նպատակով չի հանդիսանում տեղեկության կրկնակի օգտագործում։

  1. Տեղեկատվություն տնօրինողներին արգելվում է կնքել պայմանագրեր, որոնք պայմանագրի մյուս կողմին տալիս են տեղեկության կրկնակի օգտագործման բացառիկ իրավունք։ Նման պայմանագիր կնքելու թույլտվություն կարող է տալ ՀՀ կառավարությունը, ելնելով հանրային շահերից և/կամ ազգային անվտանգության ապահովման հիմնավորումներից։ Այդ պայմանագրերի կնքման հիմնավորումները և դրանց արդիականությունը ենթակա է վերանայման առնվազն երեք տարին մեկ:

4․ Կրկնակի օգտագործման կարող է տրվել միայն այն տեղեկությունը, որը չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկություն։ Եթե օրենքով պաշտպանված է հանդիսանում տեղեկության մի մասը, ապա կրկնակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկություն կամ տեղեկության կրկնակի օգտագործումը հնարավոր է, եթե այն չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկության բացահայտման վտանգ։ 

5․ Եթե տեղեկության կրկնակի օգտագործման տրամադրումը խախտում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, ապա այդ տեղեկությունն արգելվում է տրամադրել կրկնակի օգտագործման։ Այդ դեպքում  կրկնակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի խախտում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կամ տեղեկությունը պետք է տրամադրվի օգտագործման այնպես, որպեսզի չխախտի անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:

6․ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին տեղեկությունը կրկնակի օգտագործման համար տրամադրվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին« ՀՀ օրենքով նախատեսված կարգով և չափով, լիցենզային պայմանագրի հիման վրա։ Լիցենզային պայմանագիրը չպետք է չհիմնավորված կերպով սահմանափակի  տեղեկության կրկնակի օգտագործման հնարավորությունը և ազատ տնտեսական մրցակցությունը։ Տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագիրը  տեղադրում է իր կայքում:

7․ Պետական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների կրկնօրինակումը ցանկացած կրիչի վրա արգելվում է։

 

ՀՈԴՎԱԾ 5. Տեղեկատվության ազատության սկզբունքները

1․ Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

1) տեղեկությունները գրանցելու, մշակելու, դասակարգելու և պահպանելու միասնական համակարգի ձևավորումը.

2) տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը.

3) տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը (տեղեկություններին հասանելիություն).

4) հրապարակայնությունը։

2․ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:

3․ Ժողովրդավարության ապահովման, հանրային շահերի պաշտպանության, անձանց իրավունքներն ու ազատություններն իրացնելու, օրենքով նախատեսված պարտավորությունները պատշաճ կատարելու համար տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ապահովել հասանելիություն իրենց տրամադրության տակ եղած տեղեկություններին։

4․ Տեղեկություններին հասանելիություն պետք է ապահովվի յուրաքանչյուր անձի համար հնարավորինս արագ և մատչելի ձևով:

5․ Տեղեկություններին հասանելիություն տրամադրվում է անվճար։ Փոխհատուցման ենթակա է  տեղեկությանը հասանելիություն ապահովելու հետ կապված ողջամիտ ծախսերը։ Նշված գումարի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է կառավարությունը։ Սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձինք ինքնուրույն են որոշում տեղեկության հասանելիության ապահովման  փոխհատուցման չափը, որը չի կարող գերազանցել ՀՀ կառավարության կողմից սահմանված առավելագույն չափը։ Տեղեկության տրամադրման համար <Պետական տուրքի մասին> , <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀ օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար։

6․ Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է իր պաշտոնական կայքում տեղադրել տեղեկություն ստանալու պայմանները, ինչպես նաև տեղեկության հասանելիության ապահովման փոխհատուցման  չափը։

7․ Տեղեկություն ստանալու պայմանները չպետք է նախատեսեն անտեղի սահմանափակումներ կամ խոչընդոտեն ազատ տնտեսական մրցակցությունը։

8․ Արգելվում է տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկութան օգտագործումն   օրենքով չնախատեսված գործառույթների իրականացման համար։

9․ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի վիճարկել տեղեկության հասանելիության սահմանափակումը։

 

ՀՈԴՎԱԾ 6 Տեղեկատվություն տնօրինողները

1․ Տեղեկատվության տնօրինողներ են հանդիսանում.

1) պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինները,

2) իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններով։

2․ Տեղեկատվություն տնօրինողների պարտավորությունները տարածվում են առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի, կապի, կոմունալ ծառայությունների ոլորտներում օրենքով կամ պայմանագրով նախատեսված ծառայություններ մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը վերաբերող տեղեկությունների մասով։

3․ Սույն օրենքի իմաստով տեղեկատվություն տնօրինողներ են համարվում նաև.

          1) իրավաբանական անձինք, որոնք ունեն բացառիկ իրավունքներ կամ մենաշնորհ կամ գերիշխող դիրք շուկայում՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանների և/կամ գների սահմանման վերաբերյալ տեղեկությունների մասով,

          2) անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, այդ թվում՝ շահույթ չհետապնդող, պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից օրենքի կամ պայմանագրի հիման վրա ստացած միջոցների վերաբերյալ տեղեկությունների մասով, այդ թվում նաև որպես աջակցություն (նվիրատվություն, նվիրաբերություն և այլն):

 

ՀՈԴՎԱԾ 7 Տեղեկություն ստանալու հարցում

Տեղեկություն ստանալու հարցումը (այսուհետ՝ հարցում) տեղեկատվություն տնօրինողին տեղեկություն պահանջող անձի կողմից տեղեկություններ ստանալու նպատակով ներկայացված հարցումն է՝ սույն օրենքով սահմանված կարգով:

 

 

 

ՀՈԴՎԱԾ 8. Տեղեկություն պահանջող անձ

          Յուրաքանչյուր ոք, ով սույն օրենքով սահմանված կարգով հարցում է ներկայացնում տեղեկատվություն տնօրինողին, հանդիսանում է  տեղեկություն պահանջող անձ։

 

ՀՈԴՎԱԾ 9. Հասանելիություն տեղեկություններին

1․ Տեղեկություններին հասանելիություն տեղեկատվություն տնօրինողն ապահովում է.

          1) տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելով.

 2) տեղեկության բացահայտմամբ.

2․Տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու:

3․ Տեղեկություններին հասանելիությունը ներառում է նաև այդ տեղեկությունների օրենքով սահմանված կարգով կրկնակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:

4․ Որպես կանոն տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին հասանելություն (մուտք գործել) թվային ձևաչափով։ Թվային ձևաչափով հասանելության դեպքում կարող են կիրառվել ծրագրային հավելվածներ, հարթակներ, որոնք պետք է հնարավորություն տան անմիջապես բացահայտել, նույնականացնել և վերծանել կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (այսուհետ՝ մեքենայաընթեռնելի ձևաչափ)։  Այլ դեպքերում տեղեկատվություն տնօրինողն ապահովում է հասանելիություն թվային ձևաչափով, առանց որևէ ծրագրային հարթակի կամ հավելվածի օժանդակության: Եթե տեղեկության փոխակերպումը թվային ձևաչափի, անհնար է կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կպահանջի տեղեկատվության տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տվյալներին՝ իրենց սկզբնական ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով: Տվյալները համարվում են բաց, եթե այդ տվյալներին կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել և տարածել յուրաքանչյուր ոք։

 

Գլուխ 2

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ  10. Տեղեկություն տնօրինողների պարտականությունները

1․Տեղեկատվություն տնօրինողները օրենքով սահմանված կարգով պարտավոր են ապահովել հասանելիություն իրենց կողմից տնօրինվող տեղեկություններին։

2․Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է․

1) ապահովել հասանելիություն այն տեղեկությանը, որը հայցում է  տեղեկություն պահանջող անձը, եթե նա իրավունք ունի օգտվելու այդ տեղեկությունից.

2) վարել իր մոտ գտնվող տեղեկության (փաստաթղթերի) հաշվառում.

3) բացահայտել այն տեղեկությունները, որոնք չեն հանդիսանում օրենքով պաշտպանված տեղեկություն.

4) պարբերաբար բացահայտել տեղեկություններ պետական գործառույթների իրականացման վերաբերյալ.

5) աջակցել տեղեկություն պահանջող անձանց.

6) տեղեկություն պահանջող անձանց տեղեկացնել օրենքով պաշտպանված տեղեկություններին հասանելիության սահմանափակումների մասին.

7) ապահովել օրենքով պաշտպանված տեղեկության պահպանությունը․

8) չներկայացնել խեղաթյուրված, ոչ ճշգրիտ կամ սխալ տեղեկություն, իսկ նման կասկածի դեպքում անմիջապես ստուգել տեղեկության ճշմարտացիությունն ու ճշգրտությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11. Տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկություններին հասանելիության կազմակերպումը

1․Տեղեկատվություն տնօրինողը կամ նրա ղեկավարը պատասխանատու է սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններին հասանելիություն կազմակերպելու համար:

2․Տեղեկատվության տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում կամ պաշտոնատար անձինք։ Կառուցվածքային ստորաբաժանումները կամ պաշտոնատար անձինք պատասխանատու են հարցումներին պատշաճ պատասխանելու, սույն օրենքով սահմանված կարգով տեղեկության բացահայտման, ինչպես նաև տեղեկության մշակման և տրամադրման ներքին ընթացակարգերի ապահովման համար:

3․ Տեղեկության պատշաճ բացահայտման համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը, եթե տեղեկության բացահայտման կազմակերպումը հանձնարարված չէ այլ պաշտոնատար անձի։

 

ՀՈԴՎԱԾ 12. Փաստաթղթերի ռեգիստրը (գրանցամատյանը)

1․  Փաստաթղթերի ռեգիստրը թվային տեղեկությունների բազա է, որը վարում է պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ իրավաբանական անձը` ստացված և/կամ իր կողմից պատրաստված փաստաթղթերը գրանցելու և հասանելիություն ապահովելու նպատակով: Փաստաթղթերի ռեգիստրում (գրանցամատյանում) հասանելիություն չի ապահովվում այն փաստաթղթերին, որոնք պարունակում են օրենքով պաշտպանված տեղեկություններ, այդ թվում՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող:

2․ Փաստաթղթերի ռեգիստրը պետք է ապահովի փաստաթղթերի համակարգչային որոնման մատչելի հնարավորություն։ Փաստաթղթերի համակարգչային որոնման համակարգին, ռեգիստրում մուտքագրվող փաստաթղթերին և գրանցամատյաններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև որոնման համակարգի ուղեցույցը սահմանում է լիազոր մարմինը։

3․Փաստաթղթերի ռեգիստրը ստեղծում և վարման կարգը հաստատում է կառավարությունը:

 

Գլուխ 3

 ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13. Հարցում կատարելու եղանակները

          1․ Հարցում կատարող անձը հարցումն ուղղում է տեղեկատվություն տնօրինողին՝

          1) բանավոր՝ ուղղակիորեն կամ հեռախոսով դիմելով տեղեկատվություն տնօրինողին, կամ

          2) գրավոր՝ անձամբ ներկայացնելով հարցումը կամ այն ​​ուղարկելով փոստով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։

 

ՀՈԴՎԱԾ 14. Հարցումների նկատմամբ կիրառելի պահանջները

          1․ Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․

 1) հարցում կատարող ֆիզիկական անձի անունը և ազգանունը.

 2) հարցում կատարող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գրանցման համարը․

 3) հարցում կատարող անձի կոնտակտային տվյալները (փոստային կամ էլեկտրոնային փոստի հասցե, կամ ֆաքս կամ հեռախոսահամար), որի միջոցով տեղեկատվության տնօրինողը կարող է ուղարկել տեղեկությունը կամ կապ հաստատել նրա հետ․

4) տեղեկության բովանդակությունը կամ պահանջվող փաստաթղթի տեսակը, անվանումը և բովանդակությունը կամ փաստաթղթի ռեկվիզիտները, որը հայտնի է հարցում կատարող անձին.

          5) հարցման պատասխանը ստանալու եղանակը։

2․Եթե անձը պահանջում է տեղեկություն, որը պարունակում է իր վերաբերյալ օրենքով պաշտպանված տեղեկություն կամ որպես օրինական ներկայացուցիչ կամ լիազորագրի հիման վրա պահանջում է տեղեկություն երրորդ անձի վերաբերյալ, ապա տեղեկատվության տնօրինողը պարտավոր է նույնականացնել հարցում կատարող անձին:

3․Տեղեկատվություն տնօրինողն իրավունք ունի պահանջել հարցումը ներկայացնել գրավոր, եթե բանավոր հարցում կատարող անձին չի բավարարվում բանավոր տրամադրված տեղեկությունը:

4․Արգելվում է գործառույթների կամ պարտականությունների կատարման հիմնավորմամբ, սակայն անձնական նպատակներով, պաշտոնեական դիրքն օգտագործելով պահանջել տեղեկություն կամ ստանալ հասանելիություն որևէ տեղեկության նկատմամբ։

 

ՀՈԴՎԱԾ 15. Տեղեկատվություն տնօրինողների պարտականությունը՝ աջակցելու հարցում կատարող անձանց

1․Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է հարցում կատարող անձանց հստակ ներկայացնել տեղեկություններ ստանալու կարգը, պայմաններն ու մեթոդները:

2․Պաշտոնատար անձինք կամ տեղեկատվություն տնօրինողների աշխատակիցները պարտավոր են աջակցել հարցում կատարող անձանց, օժանդակել պահանջվող տեղեկության նույնականացման, ամբողջականացման,  տեղեկության գտնվելու վայրի և դրան հասանելիության մեթոդների պարզաբանման հարցում:

3․ Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնատար անձը կամ աշխատակիցը, ով իրավասու չէ ընթացք տալ հարցմանը, պարտավոր է հարցում կատարած անձին անմիջապես տեղեկացնել համապատասխան իրավասություն ունեցող պաշտանատար անձի մասին կամ գրավոր հարցումն անմիջապես փոխանցել հարցմանը պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին կամ տեղեկատվություն տնօրինողին։

 

ՀՈԴՎԱԾ 16. Հարցումների գրանցումը

1․Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է մուտքագրել (գրանցել) հարցումը ​​այն ստանալու օրը կամ ոչ ուշ քան ստանալուն հաջորդող աշխատանքային օրը:

2․ Հարցման մուտքագրումը (գրանցումը), բացի փաստաթղթաշրջանառության գործավարության համար օրենսդրությամբ սահմանված պահանջները, ներառում է նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների մուտքագրումը փաստաթղթերի ռեգիստր։

3․ Փաստաթղթերի ռեգիստրում մուտքագրվում (գրանցվում) են նաև․

1) հարցմանը պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ աշխատակցի կամ կառուցվածքային ստորաբաժանման վերաբերյալ տեղեկություններ,

2) Հարցմանը պատասխանելու առավելագույն ժամկետը։

4․Հարցման մուտքագրումը (գրանցումը) մերժվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված պահանջներին։ Հարցումները չեն մուտքագրվում (գրանցվում), եթե ներկայացվել են էլեկտրոնային եղանակով կամ ներկայացվել են բանավոր և անմիջապես կատարվել են։

 

ՀՈԴՎԱԾ 17. Հարցումներին պատասխանելու եղանակը

1․Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է պատասխանել հարցմանը հարցում կատարած անձի կողմից պահանջվող ձևով.

1) տվյալների փոխանցման թվային կրիչին կամ հարցումով նշված էլեկտրոնային փոստի հասցեին.

2) թղթային կրիչի վրա՝ ուղղակիորեն հարցում կատարած անձին կամ նրա փոստային հասցեով.

3) ֆաքսով.

4) բանավոր.

5) տեղեկատվության տնօրինողի փաստաթղթերի ռեգիստր (գրանցամատյան) մուտք գործելու հասանելիություն տրամադրելու միջոցով.

6) ցանկացած այլ եղանակով` հաշվի առնելով կրիչի տեսակը:

2․ Տեղեկատվություն տնօրինողը կարող է հրաժարվել հարցմանը պահանջվող ձևով պատասխանելուց, եթե.

1) բացակայում են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները.

2) կրիչի տեսակը հնարավորություն չի տալիս պատասխանել հարցմանը պահանջվող ձևով.

3) բանավոր հարցմանը պատասխանելը տվյալ պահին  խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը։

  1. Տեղեկություն պահանջող անձի խնդրանքով տեղեկատվություն տնօրինողը տրամադրում է նաև փաստաթղթերի թղթային պատճեները, եթե հարցում կատարող անձը տրամադրել է իր բնակության վայրի փոստային հասցեն կամ դրանք հնարավոր է ուղղակիորեն փոխանցել հարցում կատարած անձին և այդ փաստաթղթերը բացահայտված չեն:
  2. Հարցում կատարած անձի խնդրանքով տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տրամադրել պաշտոնական հաստատմամբ (վավերացմամբ) տեղեկություն (ներառյալ բացահայտված տեղեկությունը), եթե այն անհրաժեշտ է հարցում կատարած անձի իրավունքներն ու ազատություններն իրացնելու և պարտավորությունները կատարելու համար։

5․Հարցում կատարած անձին տեղեկությունը կարող է փոխանցվել բանավոր միայն այն դեպքում, եթե.

1) պահանջվում է տեղեկություն առաջարկությունների, միջնորդությունների, դիմումների, բողոքների կամ այլ հարցումների ընթացքի վերաբերյալ՝ դրանք ներկայացրած անձի կողմից.

2) անհրաժեշտ է ճշտել տեղեկատվությունը տնօրինողի մոտ տվյալ տեղեկության առկայության փաստը.

3) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.

4) անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

7․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման համապատասխան ձևն ընտրում է տեղեկատվություն տնօրինողը՝ հնարավորության դեպքում, նախապես խորհրդակցելով հարցումը կատարած անձի հետ:

8․ Եթե հարցում կատարած անձի կողմից չի նշվել պատասխանի  նախընտրելի ձևը կամ այն դեպքում, երբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով խորհրդակցելուց հետո ևս հնարավոր չէ պատասխանել հարցմանը հարցում կատարած անձի նախընտրելի ձևով և սահմանված ժամկետում, տեղեկատվություն տնօրինողը հարցմանը պատասխանում է իր նախընտրած ձևով, հնարավորության դեպքում, նախապատվությունը տալով այն ձևին, որով  կատարվել է հարցումը։

 

ՀՈԴՎԱԾ 18. Հարցումներին պատասխանելու ժամկետները 

          1․ Հարցմանը պետք է սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ պատասխան տրվի անմիջապես, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2․ Եթե հարցումը ներկայացվել է թերի, պարունակում է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տեղեկություններ կամ տվյալներ, չի համապատասխանում հարցումներ ներկայացնելու սույն օրենքով սահմանված պայմաններին, ապա տեղեկատվություն տնօրինողը այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հարցում կատարած անձին՝ սպառիչ նշելով հստակեցման ենթակա տեղեկությունները։

3․ Սույն հոդվածով նախատեսված՝ հարցումներին պատասխանելու ժամկետները հաշվարկվում են դրանք մուտքագրելուն (գրանցելուն) հաջորդող աշխատանքային օրվանից։

4․ Որոշակի հարցումներին պատասխանելու համար համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով կարող է սահմանվել հարցումներին պատասխանելու այլ ժամկետներ, որը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը, այդ թվում՝ լրացուցիչ աշխատանք պահանջող հարցումների համար։

 

ՀՈԴՎԱԾ 19. Հարցումներին պատասխանելու ժամկետների երկարաձգումը

Եթե գրավոր հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հարցում կատարած անձին՝ նշելով երկարաձգման պատճառները և պատասխան տրամադրելու վերջնական ժամկետը։

 

ՀՈԴՎԱԾ 20. Հարցումներին պատշաճ պատասխանելը

1․ Հարցմանը համարվում է պատշաճ կերպով պատասխան տրված, եթե՝

          1) հարցում կատարած անձին պատասխան տրվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.

2) հարցումն ուղարկվել է ըստ իրավասության և հարցում կատարած անձին այդ մասին պատշաճ կարգով տեղեկացվել է.

          3) հարցում կատարած անձին պատշաճ կարգով տեղեկացվել է բացահայտված տեղեկություններին հասանելիության հնարավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 21. Հարցումների փոխանցումը ըստ իրավասության

1․ Եթե տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ այն տեղեկատվություն տնօրինողների, որոնք հանդիսանում են սույն օրենքով նախատեսված իրավաբանական և ֆիզիկական անձ, չի տիրապետում փնտրվող տեղեկությունը, ապա նա տվյալ հարցումն ստանալուց հետո պարտավոր է պարզել տեղեկատվություն տնօրինողին և անհապաղ, բայց ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցումն ուղարկել նրան՝ այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնելով հարցում կատարած անձին, նրան տրամադրելով նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) անվանումը և գտնվելու վայրը:

2․ Տեղեկատվություն տնօրինողը կարող է հրաժարվել բանավոր կատարված հարցումն ըստ իրավասության փոխանցելուց, եթե այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) անվանումը և գտնվելու վայրը պատշաճ կարգով տեղեկացրել է  հարցում կատարած անձին։

3․ Իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տեղեկատվություն տնօրինողը կարող է հրաժարվել հարցումն ըստ իրավասության փոխանցելուց, այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով հարցում կատարող անձին:

 

ՀՈԴՎԱԾ  22. Բացահայտված տեղեկությունների մասին տեղեկացնելը

Եթե տեղեկությունը սույն կամ մեկ այլ օրենքով սահմանված կարգով բացահայտված է, տեղեկատվություն տնօրինողն իրավունք ունի անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հարցում կատարած անձին բացահայտված տեղեկությանը հասանելիության եղանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:

 

ՀՈԴՎԱԾ 23. Հարցումները մերժելը

1․ Տեղեկատվություն տնօրինողը մերժում է հարցումը, եթե.

          1) տվյալ տեղեկության հանդիսանում է օրենքով պաշտպանված տեղեկություն.

2) հարցումը ներկայացվել է թերի, պարունակում է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տեղեկություններ կամ տվյալներ, չի համապատասխանում հարցումներ ներկայացնելու սույն օրենքով սահմանված պայմաններին, իսկ հարցում կատարած անձի հետ այդ հարցերը հստակեցնելու փորձն արդյունք չի տվել․

3) հարցում կատարած անձը չի վճարել այդ տեղեկության  տրամադրման համար օրենքով սահմանված պետական տուրքը կամ չի փոխհատուցել սույն օրենքով նախատեսված ծախսերը,

4) պահանջվող տեղեկությունը վերջին վեց ամսվա ընթացքում արդեն իսկ տրամադրվել է հարցում կատարող անձին և անձը չի հիմնավորում նույն տեղեկությունը երկրորդ անգամ ստանալու անհրաժեշտությունը, բացառությամբ օրենքով սահմանված իրավունքների իրացման կամ պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկությունների,

5) ֆիզիկական կամ իրավաբանական անձից պահանջվող տեղեկությունը չի վերաբերում օրենքով կամ պայմանագրով սահմանված հանրային ծառայությունների մատուցմանը կամ պարտականությունների կատարմանը․

6) բանավոր հարցմանը սահմանված կարգով ընթացք տալը պահանջում է փոփոխություններ կատարել իրավաբանական անձի աշխատանքների կազմակերպման մեջ, խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի օրենքով նախատեսված գործառույթների իրականացմանը կամ պահանջում է կատարել անհամաչափ ծախսեր՝ պահանջվող տեղեկության մեծ ծավալի պատճառով։

  1. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.

2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.

3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։

3․ Հարցումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է հարցում կատարած անձին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը։

  1. Եթե տեղեկատվություն տնօրինողը չի տիրապետում պահանջվող տեղեկությանը, չգիտի և չի կարող իմանալ, թե ով կարող է տիրապետել այն, ապա նա տվյալ հարցումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին:
  2. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած տեղեկատվություն տնօրինողն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
  3. Հարցման մերժումը կարող է բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 24. Ծախսերի փոխհատուցումից ազատելու հիմքերը

 

1․Տեղեկատվություն տնօրինողը կարող է հարցում կատարած անձին ազատել սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման պարտականությունից, եթե.

1) ծախսերի հավաքագրումը կազմակերպելու համար տեղեկատվություն տնօրինողը պետք է իրականացնի անհամաչափ ծախսեր.

2) հարցում կատարած անձին տվյալ տեղեկությունը անհրաժեշտ է հետազոտական ​​աշխատանքների համար և այդ անձի կողմից ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ.

3) հարցում կատարած անձին այդ տեղեկությունն անհրաժեշտ է իրավունքների կամ ազատությունների իրացման կամ պարտականությունները կատարելու համար և հարցում կատարող անձը չունի ծախսերը հոգալու ֆինանսական հնարավորություններ։

2․ Ֆինանսական հնարավորությունների բացակայության հիմքով անձին ծախսերի փոխհատուցումից ազատելու կարգը սահմանում է կառավարությունը։

 

ՀՈԴՎԱԾ 25. Ծախսերի փոխհատուցման կարգը

1․ Ծախսերի փոխհատուցումը տեղեկատվություն տնօրինողին վճարվում է նախքան տեղեկության տրամադրումը։

2․ Տեղեկության կամ փաստաթղթի տրամադրաման համար օրենքով սահմանված պետական ​​տուրքը վճարվում է մինչև տրամադրումը։

3․ Տեղեկության տրամադրման համար գանձված գումարների վերաբերյալ հարցում կատարած անձին  հատկացվում է  անդորրագիր:

  1. Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկության համար, եթե օրենքով այլ բան սահմանված չէ ․

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով տրամադրելիս.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման, հարցումն ըստ իրավասության փոխանցման մասին տեղեկություններ տրամադրելիս.

5) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարցումը մերժելիս․

6) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս։

4․ Որոշակի հարցումներին անվճար պատասխանելու դեպքեր կարող են սահմանվել համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով։

 

Գլուխ 4

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 26. Բացահայտման ենթակա տեղեկությունները

  1. Տեղեկատվություն տնօրինողները պարտավոր է բացահայտել իրենց գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.

1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները.

2) բյուջեն.

3) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.

4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.

7) հասարակական միջոցառումների ծրագրերը.

8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.

9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).

10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.

11) ստացված հարցումների վերաբերյալ ամփոփ վիճակագրական տեղեկություններ, այդ թվում՝ մերժման հիմքերը.

12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.

13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները,

14) ընդհանրացված տնտեսական վիճակագրությունը, պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների տնտեսական կանխատեսումները.

15) հանցագործությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանրացված վիճակագրությունը.

16) պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

17) պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված հանրագրերի և դրանց ընթացքի ընդհանրացված վիճակագրությունը.

18) հաշվետվություններ պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի արդյունքների և պարտականությունների կատարման մասին.

19) պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների նախագծերը, տարեկան բյուջեները և դրանց կատարման հաշվետվությունները,

20) տեղեկություն պետական ​​բյուջեի եկամուտների աղբյուրների մասին.

21) տեղեկություն շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցած ծրագրերի իրականացման մասին,

22) պետական և տեղեկան ինքնակառավարման մարմինների կողմից ​​հսկողության և վերահսկողության արդյունքում կայացված որոշումները (վարչական ակտերը)՝ ուժի մեջ մտնելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում և տարեկան ամփոփ վիճակագրությունը,

23) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը՝ համապատասխան հիմնավորումներով, պաշտոնական շրջանառության մեջ դնելու պահից․

24) հայեցակարգերի, զարգացման ռազմավարությունների, ծրագրերի և ընդհանուր նշանակության այլ փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից դրանց հաստատված կամ ընդունված տարբերակները.

25) պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատվիրված հետազոտությունները կամ վերլուծությունները, որոնք չեն պարունակում օրենքով պաշտպանվող տեղեկություններ.

26) պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմիններում թափուր պաշտոնների մասին տեղեկությունները.

27) պետության կամ համայնքի կողմից կազմակերպվող կամ կազմակերպված ​​գնումների մասին տեղեկությունները,

28) իրավաբանական անձանց պետության կամ համայնքի կողմից փոխանցված գույքի կամ այլ ակտիվների և տրամադրված բյուջետային միջոցների օգտագործման մասին տեղեկությունները, այդ թվում այն իրավաբանական անձանց, որոնք հիմնադրվել են պետական ​​կամ տեղական մարմնի կողմից կամ մասնակցությամբ,

29) պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքի և պարտականությունների փոփոխությունները՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան տասն օր առաջ.

30) տեղեկություն պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ժամերի մասին.

31) տեղեկություն շուկայում գերիշխող դիրք կամ հատուկ կամ բացառիկ իրավունքներ կամ բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման (սակագների) մասին,

32) տեղեկություն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում ծառայությունների մատուցման պայմանների և գների փոփոխության վերաբերյալ՝ մինչև նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը.

33) կուսակցությունների կողմից իրենց անդամների ցուցակները.

34) անձնական տվյալների մշակման նպատակը, շրջանակը և եղանակը, անձնական տվյալների փոխանցման, անձնական տվյալներին հասանելիություն ապահովելու և անձի կողմից իրեն վերաբերող տվյալները ուսումնասիրելու կարգը.

35) դատարանների օրինական ուժի մեջ մտած ակտերը.

36) այլ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց բացահայտման պարտավորությունը նախատեսված է այլ օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

  1. Տեղեկությունների բացահայտման ներքին ընթացակարգերն հաստատում են տեղեկատվություն տնօրինողները։
  2. Տեղեկատվություն տնօրինողները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները բացահայտում են իրենց պաշտոնական կայքում կամ տեղադրում են հղում, որի միջոցով հնարավոր կլինի մուտք գործել կայքի տվյալ տեղեկություն։ Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները կարող են բացահայտվել նաև հետևյալ եղանակներով.

1) զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ տպագիր մամուլում.

2) փաստաթղթին ծանոթանալու նպատակով այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում տեսանելի վայրում տեղադրելով.

3) պաշտոնական հրապարակմամբ.

4) օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված այլ եղանակով:

4․ Տվյալների շտեմարանների բաց տվյալներին հասանելիություն ապահովվում է, եթե դա հնարավոր է և ողջամիտ, արդիական տարբերակով և այն միջոցով ու ձևաչափով, որը թույլ է տալիս ներբեռնել տվյալների շտեմարանի բաց տվյալները որպես տվյալների ամբողջական փաթեթ, մետատվյալների հետ միասին, մեքենայաընթեռնելի ձևաչափով: Եթե տվյալների շտեմարանի բաց տվյալների վերափոխումը մեքենայաընթեռնելի ձևաչափի անհնար է կամ անհամաչափ մեծ ջանք կպահանջի, ապա տեղեկատվություն տնօրինողը պետք է ապահովի տվյալների շտեմարանի բաց տվյալների բացահայտումն իրենց սկզբնական ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով։

5․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները բացահայտվում են դրանք կատարվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների բացահայտման համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ցանկը, ինչպես նաև բացահայտման կարգը (եղանակները) սահմանում է կառավարությունը։

7․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տվյալների շտեմարանի բաց տվյալներին հասանելիություն ապահովվում է տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 27. Տեղեկության բացահայտման եղանակի ընտրությունը

1․Տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են տեղեկությունը բացահայտել այնպես, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով տեղեկություն ստանալու անհրաժեշտություն ունի, հնարավորինս արագ ստանա այն։

2․Տեղեկատվություն տնօրինողը տեղեկության բացահայտումից հետո պարտավոր չէ հետագա կրկնակի օգտագործման համար իրականացնել տեղեկության մշակում կամ վերլուծություն:

3․ Եթե որոշակի տեղեկության բացահայտման եղանակ սահմանված է այլ օրենքով կամ միջազգային պայմանագրով, ապա տեղեկությունը բացահայտվում է այդ ակտերով սահմանված եղանակով։ Սույն օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված տեղեկությունները սույն մասով սահմանված եղանակով բացահայտվելուց հետո տեղադրվում են նաև տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքէջում։

4․ Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ բացահայտում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունները, որոնց բացահայտումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը կամ մեղմել հնարավոր հետևանքները։

5․ Տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են հանրության համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների և փաստերի վերաբերյալ տեղեկությունը օրենքով սահմանված կարգով հաղորդել զանգվածային լրատվության միջոցներին, այդ թվում՝ տպագիր։

 

ՀՈԴՎԱԾ 28. Տեղեկատվություն տնօրինողների պաշտոնական կայքէջը

1․ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերը, պետական կառավարման համակարգի մարմինները, տարածքային կառավարման մարմինները, օրենքով սահմանված կարգով խոշորացված տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձինք պարտավոր են իրենց գործունեության լուսաբանման և տեղեկությունների բացահայտման համար ունենալ և սպասարկել պաշտոնական կայքէջեր, ապահովել դրանց անվտանգությունը։ Սույն մասում նշված մարմինների կայքէջերին, դրանց սպասարկմանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանում է վարչապետը։

2․ Պաշտոնական կայքէջերի սպասարկումը և անվտանգության ապահովումն իրականացվում է համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին։

 

ՀՈԴՎԱԾ 29. Տեղեկատվական մուտքի հարթակ (պորտալ)

1․ Տեղեկատվական մուտքի հարթակը վեբ-կայք է, որն ապահովում է հասանելիություն տեղեկատվություն տնօրինողների գործունեությանը և նրանց կողմից մատուցվող ծառայություններին առնչվող հանրային տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններին:

2․ Տեղեկատվական մուտքի հարթակի կառավարումն ու զարգացումն ապահովում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

3․ Լիազոր մարմինը համագործակցելով տեղեկատվություն տնօրինողների հետ, պարտավոր է ապահովել տեղեկատվական մուտքի հարթակի օգտատերակենտրոն ձևով աշխատանք՝ առավել հարմարավետ և անվտանգ ծառայություններ մատուցելու հաշվառմամբ։

4․ Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկատվական մուտքի հարթակում իրեն վերաբերող տեղեկությունների ճշգրտությունը, արդիականությունը և հասանելիությունը՝ հանրային ծառայությունների մատուցման ընթացքում։ 

  1. Տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման, այդ թվում՝ էլեկտրոնային գործարքների և էլեկտրոնային նույնականացման, այդ ծառայությունների մատուցման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և այլ տեխնիկական ընդհանուր պահանջները, այդ թվում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից այդ համակարգերին միանալու համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը։

 

ՀՈԴՎԱԾ 30. Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը

Յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական կամ համայնքային  գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հանրային տեղեկություններից։

 

Գլուխ 5

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 31. Տվյալների շտեմարան

1․ Տվյալների շտեմարանը տվյալների համակարգված  ամբողջություն է, որը ստեղծվում և/կամ մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերում և որն օգտագործվում է օրենքով, միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներ իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու համար։

2․ Տվյալների համակարգված ամբողջությունը, որը մշակվում է տվյալների շտեմարանում, կարող է բաղկացած լինել միայն հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներից, որոնք պարունակվում են այլ շտեմարաններում։

3․ Տվյալների հավաքագրումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն մեկ հարցման սկզբունքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 32. Պետական ​​տեղեկատվական համակարգ

 1․Պետական ​​տեղեկատվական համակարգը բաղկացած է պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցված, տվյալների փոխանակման շերտին միացված տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ համակարգերից, որոնք ապահովում են տվյալների շտեմարանների  անխափան ու անվտանգ աշխատանքը։

  1. Լիազոր մարմինը սահմանում է պետական տեղեկատվական համակարգի տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի վարման և շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցելու ու համակարգին միացման կարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարման լիազոր մարմին հանդիսանում է սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինը։
  2. Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն է ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ։

 

ՀՈԴՎԱԾ 33  Տվյալների շտեմարանների ստեղծում

1․ Տվյալների շտեմարանը ստեղծվում և/կամ ներդրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտի կիրարկումն ապահավելու նպատակով:

2․ Արգելվում է նույն տվյալների հավաքագրման և մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը, այդ թվում՝  պետական մարմինների օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար։

3․ Մինչև տվյալների շտեմարանի ստեղծումը և/կամ ներդրումը կամ տվյալների շտեմարանում հավաքագրված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքների դադարեցման դեպքում՝ պետական տեղեկատվական համակարգի կառավարման լիազոր մարմինը պարտավոր է հաստատել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը։

4․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը չեն հաստատվում պետական ​​տեղեկատվական համակարգում չգրանցված այն տվյալների շտեմարանների համար, որոնք ապահովում միայն համապատասխան մարմնի կառավարման ներքին կարիքները կամ ապահովում են փաստաթղթերի միջգերատեսչական շրջանառություն:

5․ Տվյալների շտեմարանների ստեղծման և ներդրման, պահպանման, անհրաժեշտության դեպքում նաև տեխնիկական և կազմակերպչական այլ պայմանները և կարգը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ Տվյալների շտեմարանների տվյալների պաշտպանության աուդիտի իրականացման կարգը հաստատում է լիազոր մարմինը։

 

ՀՈԴՎԱԾ 34. Տվյալների շտեմարանի կառավարիչը և մշակողը  

1․ Տվյալների շտեմարանի կառավարիչը պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ իրավաբանական անձ, որը կազմակերպում է տվյալների շտեմարանի ստեղծումը, ներդրումը, տվյալների շտեմարանի կառավարումը ու ծառայությունների մատուցումը։  Տվյալների շտեմարանի կառավարիչը պատասխանատու է տվյալների շտեմարանի կառավարման օրինականության և տվյալների շտեմարանի զարգացման ու կատարելագործման համար:

2․ Տվյալների շտեմարնների կառավարման ոլորտը համակարգում է լիազոր մարմինը։

3․ Տվյալների շտեմարանների կառավարման պահանջներն ու պայմանները սահմանում է կառավարությունը՝ տվյալների շտեմարանի կանոնակարգով։

4․ Տվյալների շտեմարանի կառավարիչը, տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում, կարող է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրի հիման վրա լիազորել իրավաբանական անձի կատարել տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման աշխատանքներ։

5․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձը (Մշակողը) պարտավոր է հետևել կառավարիչի ցուցումներին տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման ընթացքում, ինչպես նաև պարտավոր է ապահովել  տվյալների շտեմարանի անվտանգությունը:

  1. Տվյալների շտեմարանի կառավարիչը ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված կամ պետության կողմից պատվիրակաված խնդիրների կատարման համար ստեղծված տվյալների շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը։

 

ՀՈԴՎԱԾ 35 Տվյալների շտեմարանի կանոնակարգը

1․ Տվյալների շտեմարանի կանոնակարգը պետք է նախատեսի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձանց կողմից տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքագրվող տվյալների կազմի, պահպանության, դրանք ներկայացնողների և ներկայացման, անհրաժեշտության դեպքում նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ։ Տվյալների շտեմարանի կանոնակարգը հաստատվում է տվյալների շտեմարանի ստեղծման մասին կառավարության որոշմամբ։

2․ Տվյալների շտեմարան տվյալներ ներկայացնող անձինք են՝ պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պարտավոր են տվյալներ ներկայացնել օրենքով կամ իրավական այլ ակտով կամ կնքված պայմանագրով սահմանված կարգով կամ տվյալներ ներկայացնում են կամավոր հիմունքներով։

 

 ՀՈԴՎԱԾ 36. Հիմնարար (սկզբնաղբյուր)  տվյալ

1․ Հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալը պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցված  տվյալների շտեմարաններում հավաքագրված և/կամ մշակված եզակի, չկրկնվող տվյալներն են, որոնք հավաքագրվել և մշակվել են տվյալների շտեմարանի կառավարչի կողմից օրենքով և/կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների  կատարման ընթացքում։

2․ Պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարանի կողմից տվյալների հավաքագրումը և մշակումը որպես սկզբնաղբյուր տվյալ կարող է իրականացվել միայն մյուս տվյալների շտեմարնների սկզբնաղբյուր տվյալների հիման վրա:

3․ Պետական տեղեկատվական համակարգում տվյալների սկզբնաղբյուր լինելը որոշվում է սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա: Տվյալների շտեմարանի ստեղծման նպատակը համարվում է հիմնավորված, եթե մշակվող տվյալները հանդիսանում են սկզբնաղբյուր տվյալներ։

4․ Տվյալներին իրավական ուժ տրվում է օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 37. Տվյալների շտեմարանի գրանցում

1․ Տվյալների շտեմարանը պետական ​​տեղեկատվական համակարգում գրանցվում է մինչև տվյալների շտեմարանի ներդրումը:

2․ Մինչև պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանի գրանցումը, պետական տեղեկատվական համակարգի կառավարման լիազոր մարմինը  պարտավոր է ստուգել և ներդաշնակեցնել տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանությունը և հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների համապատասխանությունը օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 38. Տվյալների շտեմարանների հասանելիություն

1․ Տվյալների շտեմարանի կողմից մշակված տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե այն սահմանափակված չէ օրենքով։

2․ Ազգային անվտանգության մարմիններին կամ զինված ուժերին վերաբերող, տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն  կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում։

 

ՀՈԴՎԱԾ 39. Պետական ​​տեղեկատվական համակարգին աջակցող համակարգեր

1․ Տվյալների շտեմարանների անխափան և անվտանգ աշխատանքն ապահովում են հետևյալ աջակցող համակարգերը.

1) դասակարգման համակարգը.

2) գեոդեզիական համակարգը.

3) հասցեների համակարգը.

4) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.

5) տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտը.

6) պետական ​​տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը ստեղծվում են կառավարության որոշմամբ։ Կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերի ստեղծման որոշման հետ միաժամանակ հաստատում է նաև այդ համակարգերի կիրառաման կարգերը (կանոնակարգերը)։

3․ Պետական տեղեկատվական համակարգի սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը կարող են ապահովվել մասնավոր հատվածից օրենքով սահմանված կարգով ծառայությունների ձեռքբերման միջոցով՝ կառավարության որոշմամբ։ Աջակցող համակարգերը ծառայությունների ձեռքբերման միջոցով ապահովելու դեպքում դրանց ներկայացվող պահանջները մշակում և կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազոր մարմինը։ 

4․ Պետական ​​տեղեկատվական համակարգի, ինչպես նաև պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարանների սպասարկման/շահագործման համար աջակցող համակարգերի կիրառումը պարտադիր է։ Սույն հոդվածի 1-ին մասի  1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերում նշված աջակցող համակարգերը պարտադիր են սույն օրենքի 33-րդ հեդվածի 4-րդ մասում նշված տվյալների շտեմարանների շահագործման համար:

5․ Աջակցող համակարգերի շահագործման պարտադիր պահանջից բացառություն կարող է արվել միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման նպատակով ձևավորված տվյալների շտեմարանների համար՝ կառավարության որոշմամբ։

6․ Տվյալների փոխանակում պետական ​​տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարնների հետ և/կամ տվյալների շտեմարանների միջև իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով։

7․ Սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները չեն սահմանափակում իրավաբանական անձանց միջև տվյալների փոխանակումը տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

8․Արգելվում է պատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների պատճենահանումը և/կամ օգտագործումը  տվյալների փոխանակման սույն օրենքով չնախատեսված շերտերի միջոցով։

 

Գլուխ 6

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 40. Լիազոր մարմինը

Սույն օրենքով լիազոր մարմին հանդիսանում է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և  իրականացնող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված իրավասու մարմինը՝ իր ներքո գործող Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 41 Լիազոր մարմնի հիմնական խնդիրները

 

  1. Լիազոր մարմնի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը.

բ) սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրառման ապահովումը, դրանցով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում պետական տեղեկատվական համակարգի միջոցով  հանրային ծառայություններ մատուցելու խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

դ) օտարերկրյա պետական տեղեկատվական համակարգերի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը.

ե) կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման նպատակով Կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցելը․

ե) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 42. Լիազոր մարմնի  հսկողական լիազորությունները

1․ Լիազոր մարմինը հսկողություն է իրականացնում ․

1) տեղեկատվություն տնօրինողների կողմից հարցումների և/կամ տեղեկության բացահայտման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման  նկատմամբ․

2) պաշտոնական կայքերի կամ բջջային հավելվածների սպասարկման սույն օրենքի պահանջներին համապատասխանության նկատմամբ.

3)  տեղեկությունների օրենքով սահմանված կարգով օգտագործման և պահպանության նկատմամբ.

4) տեղեկատվական մուտքի հարթակի, տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման նկատմամբ.

5) տվյալների կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության նկատմամբ․

6) իր կողմից կնքված պայմանագրերի, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման, դադարեցման,  անվտանգության միջոցների կիրառման և պայմանագրով նախատեսված այլ պայմանների պահպանման նկատմամբ։

2․ Լիազոր մարմինը կարող է պահանջել վերացնել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների խախտումները, եթե գտնում է, որ.

1) տեղեկատվություն տնօրինողը առանց օրենքով նախատեսված հիմքի մերժել է հարցումը.

2) սահմանված ժամկետում պատասխան չի տրվել հարցմանը.

3) տեղեկատվություն տնօրինողը հարցմանը չի պատասխանել սահմանված կարգով.

4) տեղեկատվություն տնօրինողը սահմանված կարգով չի մշակել հարցումը.

5) բացահայտման ենթակա տեղեկությունը սահմանված կարգով չի բացահայտվել.

6) սահմանված կարգով չի ապահովվել պաշտոնական վեբ-կայքի պահպանումն ու սպասարկումը.

7) տեղեկատվություն տնօրինողն առանց օրենքով նախատեսված հիմքի սահմանափակել է տեղեկության հասանելիությունը․

8) օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել կամ բացահայտվել է տեղեկություն.

9) չի ապահովվել սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված տեղեկատվական հարթակի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման պահանջները կամ պայմանները․

10) չի ապահովվել տվյալների կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված պահանջները կամ պայմանները․

3․ Լիազոր մարմինը կարող է սույն հոդվածով նախատեսված հսկողական լիազորություններն իրականացնել դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ։ Լիազոր մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելուն զուգահեռ սահմանափակել նաև տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների շերտի օգտագործման հանարավորությունը՝ մինչև խախտումը վերացնելը։ Նշված սահմանափակման կիրառման դեպքերը սահմանվում են սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված համապատասխան որոշումներով։

4․ Լիազոր մարմինը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ:

5․ Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է սույն օրենքի խախտումները վերացնելու պահանջը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տեղեկացնել լիազոր մարմին: Լիազոր մարմինը պարտավոր է վերը նշված տեղեկացումը տեղադրել իր պաշտոնական կայքում։

 

ՀՈԴՎԱԾ 43. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերի բողոքարկումը

Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան։

 

ՀՈԴՎԱԾ 44. Լիազոր մարմնի օրինական պահանջները չկատարելու հետևանքները

1․ Եթե տեղեկատվություն տնօրինողը չի կատարում լիազոր մարմնի օրինական պահանջները, ապա լիազոր մարմինը.

1) դիմում է տեղեկատվություն տնօրինողի վերադաս մարմնին կամ տեղեկատվություն տնօրինողի համապատասխան պաշտոնատար անձին՝  պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար կամ

2) նախաձեռնում է սույն օրենքով նախատեսված հսկողական լիազորություններից որևէ մեկի իրականացումը։

2․ Կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է  հայտը ստանալու պահից մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել լիազոր մարմնին։

 

ՀՈԴՎԱԾ 45. Լիազոր մարմնի  հաշվետվությունը սույն օրենքի պահանջների պաշտպանությունը

1․ Լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կառավարություն հաշվետվություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում սույն օրենքի պահանջների պաշտպանության նպատակով իրականացված գործողությունների վերաբերյալ:

2․ Հաշվետվությունը պետք է տեղեկություններ պարունակի սույն օրենքի պահանջների խախտումների, խախտումներ կատարած տեղեկատվության տնօրինողների, բողոքների, հարուցված վարույթների, կիրառված տույժերի և սույն օրենքի կատարման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:

3․ Հաշվետվությունները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

4․ Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասում նշված հերթական հաշվետվությունների, լիազոր մարմնի ղեկավարը կարող է ներկայացնել հաշվետվություններ սույն օրենքի կիրառման  ընթացքում հայտնի դարձած էական հարցերի վերաբերյալ, որոնք ունեն համընդհանուր ազդեցություն կամ պահանջում են հրատապ կարգավորում։»։

 

ՀՈԴՎԱԾ 46. Անցումային դրույթներ

1․ Պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները հանրային գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելությունն ապահովում են մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։ 

2․ Պետական մարմինները պարտավոր են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ իրենց պաշտոնական վեբ-կայքերին անխափան հասանելիություն ապահովելու համար՝ սույն օրենքով սահմանված կարգով։ 

3․ Սույն օրենքի 31-րդ հոդվածում նշված տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են ստեղծել պաշտոնական վեբ-կայքեր, որոնք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին՝  մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

ՀՈԴՎԱԾ 47. Սույն օրենքից բխող իրավական ակտերի ընդունումը

1․Սույն օրենքի 31-րդ հոդվածում նշված տեղեկատվություն տնօրինողները, իրենց լիազորությունների շրջանակներում, գործող իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, ինչպես նաև սույն օրենքից բխող իրավական ակտերը, այդ թվում՝ տվյալների շտեմարանների վերաբերյալ,  պարտավոր են ընդունել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

2․ Սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված իրավաբանական անձինք պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում սահմանել տեղեկությունների գրանցման, հաշվառման, ներքին շրջանառության և սույն օրենքի ամբողջական կիրակումն ապահովող այլ ընթացակարգերը։

 

ՀՈԴՎԱԾ 48.  Սույն օրենքի 6-րդ գլխի կիրառման կարգը

1․ Սույն օրենքով նախատեսված պետական ​​տեղեկատվական համակարգի հետ անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեությունը ենթակա է դադարեցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

2․Տվյալների շտեմարանները, որոնք կրկնում են տվյալների այլ շտեմարաններ կամ հավաքագրում և/կամ պահպանում են միմյանց փոխլրացնող ու փոխկապակցված տվյալներ պետք է միաձուլվեն կամ համապատասխանեցվեն սույն օրենքի 5-րդ գլխի պահանջներին՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

3․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տվյալների շտեմարանների  պահպանման և/կամ սպասարկման համար կնքված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչև այդ պայմանագրերով սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տվյալների շտեմարանների համար կնքված պայմանագրերի, որոնք կարող են գործել մինչև այդ մասերում նշված ժամկետի ավարտը։

4․ Սույն օրենքի 5-րդ գլխի կիրառումն ապահովող այլ առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։

 

ՀՈԴՎԱԾ 49. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սահմանել, որ սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի պահպանման ծախսերի և սույն օրենքից բխող գործառույթների իրականացման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի միջոցների հաշվին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև լիազոր մարմնի ստեղծումն ու ամբողջական ձևավորումը (սույն օրենքից և այլ օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին ու անհատական իրավական ակտերի ընդունումը և ուժի մեջ մտնելը), բայց ոչ ավելի քան երկու տարի:
  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում -----------------ից:

 

  • Discussed

    19.12.2023 - 04.01.2024

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4645

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.01.2024

Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանման արդյունքում՝ գործող օրենքի համեմատ (որը նույնպես, հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձն, ինքնին բավականին թերի է (տես ԻԶՊՀ հետազոտությունը - https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf )) ընդհանուր առմամբ հետադիմական բնույթը։ Հատկապես խնդրահարույց ենք համարում տեղեկության (հանրային տեղեկության) հասկացության նեղացումը՝ այն սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով, տեղեկատվություն տնօրինողի հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացումը, որոշ տեղեկություններ տրամարդելու համար ավելի երկար ժամկետների սահմանումը, սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանությունը, որևէ կարգավորում չի պարունակում տեղեկատվությունը տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրելու առանձնահատկությունների մասով։ Միևնույն ժամանակ, թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի վրա և հանդիսանում է այդ մարմնի գործառույթներից մեկը և ոչ հիմնականը, ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։ Վերոգրյալի հետ մեկտեղ, նախագիծը մինչև e-draft հարթակում տեղադրվելը, լինելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման հիմնաքարային ոլորտային փաստաթուղթ, չի դրվել ավելի լայն, մասնագիտական և հանրային քննարկման։ Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հանել Նախագիծը շրջանառությունից։

Հանրային լրագրության ակումբ

25.12.2023

Նախագիծը պատշաճ չի քննարկվել ոլորտիային մասնագետների ու կառույցների հետ, կարծում ենք այն ավելի շատ խառնաշփոթ է ստեղծում, քան հստակություն։ Կարծում եմ այն պետք է հետ կանչվի։

Shushan Doydoyan

20.12.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որպես տեղեկատվության ազատության ոլորտի մասնագիտացած կառույց հայտնում է իր խորը մտահոգությունը սույն նախագծի կապակցությամբ։ Սույն նախագծով. - փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ, - կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ, - խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։ Նախագիծը վտանգի տակ է դնում տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ իրականացում՝ ՀՀ-ում ձեւավորված ավելի քան 20 ամյա դրական փորձը հաշվի չառնելով: Այսպիսով, պահանջում ենք. ա) Տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենք մշակել՝ առանց դրա նպատակներն ու կարգավորման առարկան ՏԱ մասին գործող օրենքի մեջ խցկելու (ինչպես արվել է հիմա)։ Տվյալների հետ վարվելու, դրանց դասակարգման, գրանցման, պահպանման, հրապարակման ձեւաչափեր եւ այլ վերաբերելի կանոններ ու կարգավորումներ սահմանող առանձին օրենք է պետք մշակել։ բ) ԱՆհապաղ հեռացնել այս նախագիծը ի դրաֆթ համակարգից և նախաձեռնել հանրային խորհրդատվություններ՝ վերոնշյալ կարգավորումները մշակելու նպատակով։ գ) Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ ըստ մեր առաջարկի՝ նախագծի նպատակներից բխող տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենքի մշակման աշխատանքներին: ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

See more