Գոռ Գրիգորյան
21.12.2023
Ձկնաբուծությունը հանրապետության այն եզակի ոլորտներից է, որն ինքնաբավ է: ՀՀ-ում տարեկան արտադրվում է մոտ 25 000 տոննա ձուկ (ծիածանախայտ և թառափ), որի 60 տոկոսն արտահանվում է, իսկ մնացած 40 տոկոսն ամբողջությամբ բավարարում է տեղական շուկայի պահանջարկը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՀ 2022 թվականին ձկնաբուծության համախառն արտադրանքի արժեքը կազմել է շուրջ 60․26 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 26․9 %-ով ։ Նույն աղբյուրի համաձայն՝ ձկան արտադրության ծավալը 2022 թվականին կազմել է 25 հազար տոննա կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5․3 հազար տոննայով։ Հետևաբար նախագծի հիմնավորումներում ոլորտը ներկայացնել անշահավետ դա առնվազն մերկապարանոց և անպատասխանատու հայտարարություն է: Նախագծի և դրան նախորդող ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի պաշարների վերականգնումն է: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքների Արարատի և Արմավիրի մարզերում առկա են 971 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց մի մասն ինքնաշատրվանող է: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 1.1 մլրդ մ3, իսկ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով ներկայումս Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող ջրառը տարեկան կազմում է 1,096 մլրդ մ3: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ ծրագի ուսումնասիրության արդյունքների Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող փաստացի ջրառը տարեկան կազմում է 1,6 մլրդ մ3: Արդյունքում ստացվում է, որ տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն օգտագործվում կամ վատնվում է անօրինական և առկա պայմաններում Արարատյան արտեզյան ավազանի մտահոգիչ վիճակը կապել ձկնաբուծության հետ, դա առնվազն անտրամաբանական է, քանի որ լիազոր մարմինը պատշաճ կերպով չի իրականացնում իր գործառույթներ, որի հետևանքով առկա են մոտ 1000 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց միջոցով տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն անարդյունավետ մսխվում է և որևէ եկամուտ պետությանը չի ապահովում: Առկա պայմաններում կրճատելով ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակկը հնարավոր չի լինելու հասնել այն նպատակին, որին ուղղված են օրենսդրական կարգավորումները, դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 18.09.2014թ-ի թիվ 1111-Ն որոշման ընդունումից հետո ձկնաբուծարանները սեփական նախաձեռնությամբ 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը, իսկ տիրազուրկ և աօօրինի հորորը շարունակեցին գործել, տեղի ունեցավ ավազանի չնչին բարձրացում, մինչև 2021թ-ը, երբ լիազոր մարմնի կողմից տրվեց 4000լ/վ ջրօգտագործման թույլտվություն, որից հետո ազավանը կրկին սկսեց նվազել: Հետևաբար առանց տիրազուրկ և ապօրինի հորերի խնդիրը լուծելու նվազեցնել գյուղատնտեսության ոլորտում գերակա ճյուղ ճանաչված ոլորտի կողմից օգտագործվող ջրի ծավալը, անտրամաբանական է, քանի որ այդ կրճատված ջուրը ոչ թե մնալու է ընդերքում, այլ հոսելու է տիրազուրկ և ապօրինի հորերի միջոցով (հաղորդակից անոթների մասին օրենք): Քննարկվող նախագիծը զուրկ է անասնաբուժական եզրակացությունից (մասնագիտական կարծիք): Քանի որ նախագծով նախատեսվում է ձկնաբուծարանից դուրս եկող ջրի առնվազն 40 տոկոսը մաքրելուց հետո կրկին օգտագործել նույն ավազաններում, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե հետ բերված ջուրը, որքանով է համապատասխանում կենդանի ձկան համար բարենպաստ պայմաններին և որքանով է դա անվտանգ վերջինիս միջավայրի համար` կապված տարվա տարբեր եղանակային պայմանների հետ, քանի որ ձկնաբուծարանները տեղակայված են բաց երկնքի տակ: Այս հանգամանքը հաշվի չառնելը և այն քննարկման առարկա չդարձնելը հղի է անդառնալի հետևանքներով: Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ մեջբերում. «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի վերականգնմանը և պահպանմանը, միաժամանակ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը:» Այն, որ համակարգի ներդրումը չի նվազեցնելու ձկնաբուծարանի արտադրողականությունը, որևէ գիտական կամ տեսական հիմնավորում չունի, դրան հակառակ պետք է փաստել, որ առանց համապատասխան եզրակացության և առանց պիլոտային ծրագրի իրականացման, համակարգի ներդրման պարագայում վտանգվում է ամբողջ ձկնաբուծարանի գործունեությունը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի սնանկացմանը: Նախագիծը զուրկ է նաև տնտեսական հաշվարկից, ինչը չափազանց կարևոր է ցանկացած տեսակի արտադրության համար: Մասնավորապես առկա չէ որևէ հաշվարկ, թե համակարգի ներդրումն ինչպիսի ազդեցություն կունենա արտադրանքի ինքնարժեքի վրա, արտադրանքը կարող է մրցակցային լինել ՌԴ շուկայում այլ երկրների կողմից ներկայացվող նմանատիպ ապրանքի հետ, թե ոչ և դա այն դեպքում, որ ԵԱՏՄ անդամ երկրներում պետությունը ահռելի սուբսիդիաներ է տրամադրում ձկնաբուծության համար: Անհիմն է նաև, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի առաջանալու: Վերը նշաված ռիսկերի պայմաններում տեղի է ունենալու առնվազն արտադրության 40 տոկոսի նվազում, ինչը հանգեցնելու է նույնքան հարկերի պակաս վճարում, նույնքան աշխատատեղերի կրճատում և սա միայն ձկնաբուծության ոլորտում, դրան կավելանա նաև ոլորտին փոխկապակցված ոլորտների, մասնավորապես` ձկան կերի արտադրության, ներմուծման, բեռնափոխադրումների, արտահանման, վերամշակման գործարանների, ձկան սպանդանոցների գործունեության անկում: ԱՌԱՋԱԿՈՒԹՅՈՒՆ: Հրատապ կոնսերվացնել և/կամ լուծարել տիրազուրկ և ապօրինի բոլոր հորերը: Փականային ռեժիմի բերել ոռոգման նպատակով օգտագործվող բոլոր հորերը և դրանք օգտագործել բացառապես ոռոգման սեզոնին, սահմանել խիստ հսկողություն ապօրինի ջրօգտագործման մասով առանց խտրականության` ֆիզիկական անձ թե տնտեսվարող: Նշված միջոցառումներն իրականացնելուց մեկ տարի հետո իրականացնել մոնիթորինգ` դրական արդյունքի դեպքում միջոցներ ձեռնարկել պահպանել վիճակը, բացասական արդյունքի դեպքում` 10 տոկոսով նվազեցնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակը` առանց որևէ համակարգի պարտադրման: