Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում  Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը և հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրության 2.4 կետը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի փետրվարի 21-ի N 56-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները՝ ուղղված ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդնման խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքը մշակվել է «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների և ջրապահանջարկի միջև բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից։

2013-2016 թվականների ընթացքում իրականացվեց տիրազուրկ և ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման և կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց  ընդհանուր 4843 լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող  հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով և դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը և բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել:

Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների` ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաև նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ  չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակվում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել:

Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ ճնշումային ջրերի  մակարդակի  իջեցումներն  ուղեկցվում  են  դրանց ընդհանուր հանքայնացման և ընդհանուր կոշտության բարձրացմամբ:

Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրները օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն կարգով կարգավորվում են հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների գործունեության հետևանքով ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման նպատակով  փակ շրջանառու համակարգի ներդնման հետ կապված հարաբերությունները

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի վերականգնմանը և պահպանմանը, միաժամանակ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից։ Նախագծի ընդունմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կկանխի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը։

 

 

  • Քննարկվել է

    11.12.2023 - 03.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3355

Տպել

Առաջարկներ`

Գոռ Գրիգորյան

21.12.2023

Ձկնաբուծությունը հանրապետության այն եզակի ոլորտներից է, որն ինքնաբավ է: ՀՀ-ում տարեկան արտադրվում է մոտ 25 000 տոննա ձուկ (ծիածանախայտ և թառափ), որի 60 տոկոսն արտահանվում է, իսկ մնացած 40 տոկոսն ամբողջությամբ բավարարում է տեղական շուկայի պահանջարկը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՀ 2022 թվականին ձկնաբուծության համախառն արտադրանքի արժեքը կազմել է շուրջ 60․26 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 26․9 %-ով ։ Նույն աղբյուրի համաձայն՝ ձկան արտադրության ծավալը 2022 թվականին կազմել է 25 հազար տոննա կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5․3 հազար տոննայով։ Հետևաբար նախագծի հիմնավորումներում ոլորտը ներկայացնել անշահավետ դա առնվազն մերկապարանոց և անպատասխանատու հայտարարություն է: Նախագծի և դրան նախորդող ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի պաշարների վերականգնումն է: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքների Արարատի և Արմավիրի մարզերում առկա են 971 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց մի մասն ինքնաշատրվանող է: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 1.1 մլրդ մ3, իսկ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով ներկայումս Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող ջրառը տարեկան կազմում է 1,096 մլրդ մ3: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ ծրագի ուսումնասիրության արդյունքների Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող փաստացի ջրառը տարեկան կազմում է 1,6 մլրդ մ3: Արդյունքում ստացվում է, որ տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն օգտագործվում կամ վատնվում է անօրինական և առկա պայմաններում Արարատյան արտեզյան ավազանի մտահոգիչ վիճակը կապել ձկնաբուծության հետ, դա առնվազն անտրամաբանական է, քանի որ լիազոր մարմինը պատշաճ կերպով չի իրականացնում իր գործառույթներ, որի հետևանքով առկա են մոտ 1000 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց միջոցով տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն անարդյունավետ մսխվում է և որևէ եկամուտ պետությանը չի ապահովում: Առկա պայմաններում կրճատելով ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակկը հնարավոր չի լինելու հասնել այն նպատակին, որին ուղղված են օրենսդրական կարգավորումները, դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 18.09.2014թ-ի թիվ 1111-Ն որոշման ընդունումից հետո ձկնաբուծարանները սեփական նախաձեռնությամբ 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը, իսկ տիրազուրկ և աօօրինի հորորը շարունակեցին գործել, տեղի ունեցավ ավազանի չնչին բարձրացում, մինչև 2021թ-ը, երբ լիազոր մարմնի կողմից տրվեց 4000լ/վ ջրօգտագործման թույլտվություն, որից հետո ազավանը կրկին սկսեց նվազել: Հետևաբար առանց տիրազուրկ և ապօրինի հորերի խնդիրը լուծելու նվազեցնել գյուղատնտեսության ոլորտում գերակա ճյուղ ճանաչված ոլորտի կողմից օգտագործվող ջրի ծավալը, անտրամաբանական է, քանի որ այդ կրճատված ջուրը ոչ թե մնալու է ընդերքում, այլ հոսելու է տիրազուրկ և ապօրինի հորերի միջոցով (հաղորդակից անոթների մասին օրենք): Քննարկվող նախագիծը զուրկ է անասնաբուժական եզրակացությունից (մասնագիտական կարծիք): Քանի որ նախագծով նախատեսվում է ձկնաբուծարանից դուրս եկող ջրի առնվազն 40 տոկոսը մաքրելուց հետո կրկին օգտագործել նույն ավազաններում, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե հետ բերված ջուրը, որքանով է համապատասխանում կենդանի ձկան համար բարենպաստ պայմաններին և որքանով է դա անվտանգ վերջինիս միջավայրի համար` կապված տարվա տարբեր եղանակային պայմանների հետ, քանի որ ձկնաբուծարանները տեղակայված են բաց երկնքի տակ: Այս հանգամանքը հաշվի չառնելը և այն քննարկման առարկա չդարձնելը հղի է անդառնալի հետևանքներով: Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ մեջբերում. «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի վերականգնմանը և պահպանմանը, միաժամանակ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը:» Այն, որ համակարգի ներդրումը չի նվազեցնելու ձկնաբուծարանի արտադրողականությունը, որևէ գիտական կամ տեսական հիմնավորում չունի, դրան հակառակ պետք է փաստել, որ առանց համապատասխան եզրակացության և առանց պիլոտային ծրագրի իրականացման, համակարգի ներդրման պարագայում վտանգվում է ամբողջ ձկնաբուծարանի գործունեությունը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի սնանկացմանը: Նախագիծը զուրկ է նաև տնտեսական հաշվարկից, ինչը չափազանց կարևոր է ցանկացած տեսակի արտադրության համար: Մասնավորապես առկա չէ որևէ հաշվարկ, թե համակարգի ներդրումն ինչպիսի ազդեցություն կունենա արտադրանքի ինքնարժեքի վրա, արտադրանքը կարող է մրցակցային լինել ՌԴ շուկայում այլ երկրների կողմից ներկայացվող նմանատիպ ապրանքի հետ, թե ոչ և դա այն դեպքում, որ ԵԱՏՄ անդամ երկրներում պետությունը ահռելի սուբսիդիաներ է տրամադրում ձկնաբուծության համար: Անհիմն է նաև, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի առաջանալու: Վերը նշաված ռիսկերի պայմաններում տեղի է ունենալու առնվազն արտադրության 40 տոկոսի նվազում, ինչը հանգեցնելու է նույնքան հարկերի պակաս վճարում, նույնքան աշխատատեղերի կրճատում և սա միայն ձկնաբուծության ոլորտում, դրան կավելանա նաև ոլորտին փոխկապակցված ոլորտների, մասնավորապես` ձկան կերի արտադրության, ներմուծման, բեռնափոխադրումների, արտահանման, վերամշակման գործարանների, ձկան սպանդանոցների գործունեության անկում: ԱՌԱՋԱԿՈՒԹՅՈՒՆ: Հրատապ կոնսերվացնել և/կամ լուծարել տիրազուրկ և ապօրինի բոլոր հորերը: Փականային ռեժիմի բերել ոռոգման նպատակով օգտագործվող բոլոր հորերը և դրանք օգտագործել բացառապես ոռոգման սեզոնին, սահմանել խիստ հսկողություն ապօրինի ջրօգտագործման մասով առանց խտրականության` ֆիզիկական անձ թե տնտեսվարող: Նշված միջոցառումներն իրականացնելուց մեկ տարի հետո իրականացնել մոնիթորինգ` դրական արդյունքի դեպքում միջոցներ ձեռնարկել պահպանել վիճակը, բացասական արդյունքի դեպքում` 10 տոկոսով նվազեցնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակը` առանց որևէ համակարգի պարտադրման:

Մուշեղ Հարությունյան

11.12.2023

Առաջին հերթին փակել անօրինական և տիրազուրկ հորերերը:

Արսեն Համբարձումյան

11.12.2023

Տնտեսվարողների կողմից ջրառը իրականացվում է արդեն իսկ օրենքով նախատեսված կարգով, այսինք տնտեսվարողները ջուրը գնում են և այն արդեն իրենց սեփականությունն է , ինչպես նպատակահարմար գտնեն այնպես էլ կոգտագործեն և այս պարագայում փակ շրջանառու համակարգին պարտավորեցնելը հակասահմանադրական է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, մեջբերում եմ. Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի:... ...Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Մեջբերման ավարտ: Անհեթեթություն է, ստացվում է որ պետությունը սահմանում է ջրառի առավելագույն չափ, հետո տրամադրում է հորատանցք բացելու, ջրաչափ տեղադրելու և ջրառ իրականացնելու թույլտվություն: Ձկնաբուծարաններ են հիմնվում, ոլորտը կտրուկ զարգանում է և ձուկը դառնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության պարենային ապրանք: Պարզ, մարդկային լեզվով ասած, աշխարհում սով լինի մենք սովից չենք մահանա, ձուկ կուտենք: Հետո ինչոր ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկներ է կատարում և հայտնում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի և պետք է պարտավորեցնել ձկնաբուծական տնտեսություններին իրենց միջոցներով ներդնել փակ շրջանառու համակարգ, որը միլիոնավոր դոլարների ներդրում է և իրենց կարող են թույլ տալ միայն խոշոր ձկնաբուծարանները: Նախագծի ընդունման արդյունքում շարքային քաղաքացու համար ձուկը կդառնա դեֆիցիտ և 5 անգամ թանկ դելիկատես: Բոլորին հայտնի է որ ստորգետնյա ջրերը հոսում են, և հաշվի առնելով որ մեր պարագայում դրանք հոսում են Արարատյան դաշտից այն կողմ՝ դեպի Թուրքիա, այս նախագիծը ձեռնատու է միայն թուրքերին, քանի որ հավանաբար նրանց մոտ հորատանցքերը սկսել են չժայթքել մեր ձկնաբույծների <<անխնա>> ջրօգտագործման հետևանքով: Նախագծին դեմ եմ քվեարկում, քանի որ կարծում եմ այն հակասում է մեր ազգային շահերին և բխում է մեր հարևան երկրի շահերից: Եթե այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ առանց այս ամենը գիտակցելու, խորհուրդ եմ տալիս հետ կանչել, ոլորտի առաջատար մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակել նոր նախագիծ և հետո նոր դնել հանրային քննարկման: Հակառակ դեպքում պարզապես ամոթալի նախագիծ է:

Տեսնել ավելին