«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշում
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
№ 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման, շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և վերահսկողության, լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացնման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով («Միջուկային զենքը չտարածելու մասին» ՄԱԿ-ի 1968 թ. հունիսի 12-ի պայմանագիր, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագիր , «Միջուկային զենքի չտարածման հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա, «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին», «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության դեպքում օգնության մասին», «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի կոնվենցիա, «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիա, 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն, «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման» համատեղ կոնվենցիա), ինչպես նաև միջազգային այլ պարտավորություններով (մասնավորապես՝ Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության անվտանգության ստանդարտներ) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովումը գերակայություն է, ինչը ամրագրված է Օրենքի 5-րդ հոդվածում։
Կոմիտեի ներկա համակարգն իր կառուցվածքով ձևավորվել է դեռևս 2008 թվականին, որից հետո ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառի աճող զարգացումներին և մարտահրավերներին համահունչ որևէ փոփոխության չի ենթարկվել:
Վերջին շրջանում Կոմիտեն իր լիազորությունները, մասնավորապես` միջուկային և ճառագայթային անվտանգության (այդ թվում առողջապահության, գիտության, արդյունաբերության բնագավառներում), ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգավորումների և որակի ապահովման, կառավարման և վերահսկողության գործառույթներն իրականացնելիս բախվում է մի շարք մարտահրավերների և ընթացիկ աշխատանքների ծավալների զգալի աճի, ինչպիսիք են՝
- Առողջապահության բնագավառում գեներացնող/իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ ծառայություններ մատուցող բժշկական հիմնարկների քանակի զգալի աճը և միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից միջուկային բժշկության ներդրման զարգացումները․
- Ռադիոակտիվ աղբյուրների ներմուծման զգալի ավելացումը.
- ՀՀ-ում ռադիոակտիվ աղբյուրների արտադրության հիմնադրումը.
- Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա
- Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքները` ապահովելու Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքը մինչև 2026 թվականը, որից հետո ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները․
- Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցման կարգավորումը և վերահսկումը.
- Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը․
- Միջուկային տեղակայանքների շահագործումից հանումը,
- Միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան ազգային հաշվետվությունների կազմում և ներկայացում ԱԷՄԳ և ԵՄ,
- Սթրես-թեսթի գնահատման արդյունքների հիման վրա կազմված «National action plan of Armenia On Strengthening Nuclear Safety of Armenian Nuclear Power Plant decided upon lessons learnt from Fukushima Daiichi accident» գործողությունների ազգային պլանում ներառված միջոցառումների կատարման վերահսկումը,
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) IRRS (կարգավորող մարմնի գործունեության դիտարկման ստուգողական առաքելության), SALTO ( երկարաժամկետ շահագործման անվտանգության հիմունքները), IPPAS (ֆիզիկական պաշտպանության միջազգային խորհրդատվական ծառայություն), INSSP (միջուկային անվտանգության կայունության hամապարփակ ծրագիր) առաքելությունների խորհուրդների և առաջարկությունների կատարումը,
- Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի շրջանակներում համագործակցությունը։
Կոմիտեն իր առջև կանգնած այս և բնագավառի մի շարք այլ մարտահրավերներով և բնագավառի զարգացման արագ տեմպով պայմանավորված Օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս բախվում է լրջագույն խնդիրների, որոնք պահանջում են հրատապ և անհապաղ լուծումներ։
- Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը, առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների հոսունությունը: Կոմիտեում կան հաստիքներ (օրինակ՝ ռեակտորի կոնտուրի վերահսկում, Էլեկտրական համակարգերի շահագործում, չափող-հսկող սարքերի և ավտոմատացման համակարգերի վերահսկում, շենքերի, շինությունների և կառույցների շահագործում, մոդիֆիկացիաների իրականացում, սեյսմիկ անվտանգություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում, միջուկային նյութերի հաշվառում, սարքավորումների և սարքերի եռակցման կարերի ստուգում), որտեղ համապատասխան վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար համապատասխան որակավորում ունեցող անձը մեկն է, որի պաշտոնից ազատվելը պարզապես կհանգեցնի տվյալ ստորաբաժանման աշխատանքների խաթարմանը:
Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը և աշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:
- 2019 թվականից մինչ օրս, սեփական դիմումի համաձայն և ՀՀ քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանավորված, Կոմիտեից դուրս են եկել համապատասխան որակավորում ունեցող 9 մասնագետներ՝ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններում (այդ թվում միջազգային և օտարերկրյա) բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու պատճառով և ավելին՝ այդ միտումը շարունակվում է և 2023 թվականի ընթացքում Կոմիտեից հեռացել են 3 մասնագետ։
- Թեև ՀՀ-ում ատոմային էներգետիկայի բնագավառի մասնագետներ պատրաստվում են Հայաստանի Պոլիտեխնիկական Համալսարան և Երևանի պետական համալսարան հիմնադրամներում, սակայն բնագավառին անմիջական առնչություն ունեցող մասնագիտությունների ոչ գրավիչ լինելու պատճառով վերջին 20 տարիների ընթացքում դիմորդների քանակությունը միշտ եղել է ցածր մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ կոմիտեում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է, որ նորավարտ ուսանողները ծանոթ լինեն/ իմանան միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերվող ՀՀ և միջազգային նորմերն ու կանոնները, որոնց համար անհրաժեշտ է բնագավառում որոշակի աշխատանքային փորձ: Կոմիտեի կողմից 2021-2023 թթ.-ին քաղաքացիական ծառայության թափուր հաստիքները համալրելու նպատակով հայտարարվել է 55 մրցույթ, որից 21-ը ընդհանրապես չի կայացել՝ հայտերի բացակայության կամ չբավարարման պատճառով, իսկ 34 մրցույթի մասնակցել է 21 հոգի։ 2021-2023 թթ.-ին կոմիտեն համալրվել է 12 հաստիքով (մասնագիտական) և միևնույն ժամանակահատվածում սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել են 9 աշխատակից (մասնագիտական)։
- Կոմիտեում մասնագիտական կազմի միջին տարիքը 54 է, ինչը նշանակում է, որ կոմիտեում առաջիկա 5-10 տարիներում տեղի է ունենալու/շարունակվելու է կադրերի բնական արտահոսք։ Առկա պայմաններում, հաշվի առնելով նաև քաղաքացիական ծառայող հանդիսանալու հանգամանքը, որը թույլ չի տալիս զբաղեցված պաշտոնի համար ներգրավել երիտասարդ մասնագետի ինչպես նաև փորձնակների ներգրավման ներկայիս համակագով (վարձատրության բացակայություն) պայմանավորված, սերնդափոխության խնդրի լուծումը գրեթե անհնար է։
Սույն խնդրի կարևորությունը արտացոլված է նաև Convention on Nuclear Safety: 1st Review Meeting of the Contracting Parties փաստաթղթում՝ «Կարգավորող մարմնի վերաբերյալ դիտարկում (հոդված 8)» բաժնի կետ 21-ում «Կարգավորող մարմինների կարգավիճակը և դիրքը մնում է կարևոր թեմա, որը պետք է քննարկվի հետագա ազգային զեկույցներում և վերանայման հանդիպումների ժամանակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարդկային և ֆինանսական ռեսուրսներով ապահովման խնդրին։ Այս հարցը կարևոր է այն երկրներում, որտեղ կարգավորող մարմնի անձնակազմի աշխատավարձը ավելի ցածր է, արդյունաբերությունում աշխատող համարժեք մակարդակի անձնակազմի աշխատավարձին համեմատ»:
Բնագավառի առջև կանգնած այս լրջագույն խնդիրների լուծման ճանապարհն է բնագավառը երիտասարդ մասնագետների համար գրավիչ դարձնելը, և այդ գործընթացը, հաշվի առնելով վերոնշյալը, պետք է սկսել որքան հնարավոր է շուտ: Անհրաժեշտ է ներգրավել նոր մասնագետներ՝ համատեղելով անհրաժեշտ վերապատրաստումների հետ: Մասնագետի վերապատրաստման համար պահանջվում է 3-5 տարի, ներառյալ ԱԷՄԳ և այլ միջազգային ու համագործակցող կազմակերպություններում ուսումնական ծրագրերին մասնակցությունը:
Նոր մասնագետին հնարավոր է ներգրավել առաջին հերթին բարձր (մրցունակ) վարձատրության հնարավորության պարագայում, ինչպես նաև լրացուցիչ ոչ անմիջական ֆինանսական խրախուսումների միջոցով, օրինակ սոցիալական փաթեթի մեծացում ներառելով նաև ընտանիքի անդամներին, արտոնյալ վարկերի տրամադրման հնարավորություն, երեխաներին ուսման վարձի փոխհատուցում և այլն։
Այս մոտեցումը բխում է նաև ԱԷՄԳ-ի կողմից սահմանած ստանդարտներից, մասնավորապես՝ Organization, Management and Staffing of the Regulatory Body for Safety General Safety Guide No. GSG-12 փաստաթղթի «Ֆինանսական ռեսուրսներ» բաժնի 3․16 կետի համաձայն՝ « Կարգավորող մարմնի ֆինանսավորումը պետք է պարբերաբար վերանայվի: Պետք է ուշադրություն դարձնել կարգավորվող օբյեկտների և գործունեության տեսակների ու քանակի հետագա փոփոխություններին: Սա կարող է ներառել նոր օբյեկտների ներդրումը, օբյեկտների շահագործման ընթացքում փոփոխությունները՝ ներառյալ գործունեության դադարեցումը/կասեցումը, շահագործումից հանումը և թափոնների կառավարումը: Ատոմային էներգետիկայի ազգային ծրագրի նշանակալի փոփոխությունների դեպքում պետք է ակնկալել զգալի ազդեցություն պահանջվող կարգավորող ռեսուրսների վրա: Կարգավորող մարմնի ֆինանսավորումը վերանայելիս պետք է հաշվի առնել նաև այլ գործոններ, ինչպիսիք են շահագրգիռ կողմերի ակնկալիքները»:
Նույն փաստաթղթի «Մարդկային ռեսուրսներ» բաժնի 3․17 կետի համաձայն՝ «Կարգավորող մարմինը՝ կարգավորվող օբյեկտների թվին և գործունեության բնույթին համապատասխան, իր գործառույթներն ու պարտականությունները կատարելու համար պետք է ունենա բավարար թվով որակավորված անձնակազմ»:
Նույն փաստաթղթի «Անձնակազմի հավաքագրում» բաժնի 6․68 կետի համաձայն՝ «Այլ պոտենցիալ գործատուների հետ մրցունակ մնալու, անձնակազմ ներգրավելու և պահելու համար կարգավորող մարմինը պետք է ուշադրություն դարձնի այնպիսի գործոնների, ինչպիսիք են.
- Աշխատավարձերը և ծառայության պայմանները, ներառյալ կենսաթոշակները
- Կարգավիճակը և լիազորությունը
— Անձնական և մասնագիտական զարգացման հնարավորությունները
— Կենսաթոշակի անցնելուց հետո հնարավորությունները
- Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծի առաջարկվող կարգավորումների համաձայն՝
Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:
Նախագծով նախատեսվում է Կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանել հավելավճարներ՝ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագետի կողմից Կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված, ինչպես նաև առանձին դեպքերում Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կոմպետենցիայի հիման վրա գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար Կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:
Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»» օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող և համապատասխան պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների պատշաճ, լիարժեք և արդյունավետ իրականացման համար:
Յուրաքանչյուր կոմպետենցիայի համար ամեն տարի մշակվում է անհատական ուսուցման պլան (individual training plan), որը թույլ է տալիս Կոմիտեի աշխատողին քայլ առ քայլ այդ պլանով նախատեսված ուսուցման և վերապատրաստման միջոցով հասնելու լիարժեք կոմպետենտության, որը թույլ կտա աշխատողին իրավաչափորեն իրականացնելու իրեն վերապահված գործառույթները: Տարեկան անհատական ուսուցման պլանի համաձայն էլ ձևավորվում է պատրաստումների և վերապատրաստումների բյուջեն:
Հավելավճարների չափը նախատեսվել է՝ հաշվի առնելով Օրենքով Կոմիտեին վերապահված լիազորություններից բխող գործառույթների իրականացման համար պահանջվող կոմպետենցիաների կարևորությունը և դրա հիման վրա իրականացվող աշխատանքների հաճախականությունը (քանակ):
Կարևորությունը որոշվում է կոմպետենցիային հասնելու համար պահանջվող ժամանակի, դրա համար նախատեսված ծախսերի, տվյալ կոմպետենցիայի տիրապետման տեսանկյունից պահանջվող աշխատողների քանակի և այդ կոմպետենցիայի հիման վրա կատարվելիք աշխատանքի ծավալի հարաբերակցության արդյունքում:
Նախագծով առաջարկվող կարգավորումը թույլ կտա նախևառաջ կանգնեցնել Կոմիտեում առկա սակավ մասնագետների շարունակական արտահոսքը և կայունացնել անկումային իրավիճակը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:
Բարձրացված խնդիրների համատեքստում կարելի է հստակ եզրակացնել, որ բարձրացված խնդրի կարգավորման գործընթացի ձգձգումը և հապաղումը կարող է հանգեցնել ներկա ահազանգող իրավիճակի էլ ավելի վատթարացման՝ փակուղու։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե» ենթաբաժնի 1-ից 4-րդ, ինպես նաև «Առողջապահության նախարարություն» ենթաբաժնի 19․1, «Արտաքին գործերի նախարարություն» ենթաբաժնի 15․8 և 15․9 , «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» ենթաբաժնի 27-րդ կետերի կատարումից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման
-
Discussed
17.11.2023 - 03.12.2023
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 2069
Print