Add to favourites

Under development

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) տալիս է իրավական հնարավորություն ՀՀ կառավարությանը ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք օրենքով նախատեսված պատճառների հետևանքով լքել են իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության տարածքները: Օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ միաժամանակ նախատեսելով այնտեղ տեղավորված անձանց կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը և չափանիշները։

Օրենքի 2-րդ գլուխը սահմանում է ապաստան հայցողների իրավունքները։ Բացի ներպետական օրենսդրությունից առկա են միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ստանդարտներ, որոնք ապաստան հայցողների առնչությամբ ՀՀ-ն պարտավոր է ապահովել։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1951 թ. «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» կոնվենցիայի անդամ պետություն: Հայաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Գործադիր Կոմիտեի լիիրավ անդամ է 2015 թվականից և պետք է միջոցներ ձեռնարկի կոնվենցիայով սահմանված փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության համար։ ՄԱԿ ՓԳՀ-ն սահմանում է ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքները՝ նրանց «ընդունելության նվազագույն ստանդարտները»։ Դրանք են՝ ընդունելություն իրավունքը ապաստան հայցելու երկիր ժամանելուն պես, տեղեկատվություն և իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունքը, տեղաշարժի ազատությունը և ազատության կամայական սահմանափակման անթույլատրելիությունը, փաստաթղթեր և ժամանակավոր կարգավիճակ ստանալու իրավունքը, նյութական աջակցության և կացարանի իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը, ընտանիքի հետ միավորվելու իրավունքը և այլն։

ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է, որ Էական է, որ պետությունները ապահովեն ապաստան հայցողների հիմնարար իրավունքները ապաստանի տրամադրման ընթացակարգի ընթացքում և հույս է հայտնում, որ պետությունները կառաջնորդվեն առաջարկվող չափորոշիչներով՝ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը և ապաստան ստանալու ընթացակարգը լիովին համապատասխանեցնելով միջազգային իրավունքին և չափորոշիչներին։

Ապաստան հայցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիքներ են հանդիսանում դատական պաշտպանության, իրենց առնչությամբ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկման, ՄԱԿ ՓԳՀ-ին, մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և իրավունքների պաշտպանության այլ օրենքով չարգելված միջոցներ ձեռնարկելու իրավունքները։ Սակայն նման կացարանում բնակվող անձանց խոցելիությամբ և իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նախատեսելու նաև լրացուցիչ այլ միջոցներ և ընթացակարգեր՝ ուղղված նման կացարանում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսմանը։

Այդպիսի լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ քաղաքացիական հասարակության ներգրավումը ապաստան հայցող անձանց ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը։ Այդ նպատակով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել  հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքեր։ Նման կարգավորումը ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև դրանով իսկ հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը։

Նշենք նաև, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբեր նախատեսված են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով՝ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը օժանդակելու նպատակով, և  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով՝ ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Վերոնշյալ դիտորդական խմբերի գործունեության նպատակը հասարակական վերահսկողության միջոցով պետական վերահսկողության ներքո գործող մարմինների և հիմնարկների գործունեության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովումն է՝ հաշվի առնելով, որ նման հիմնարկների և մարմինների գործունեությունը սերտորեն կապված է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ։ Հասարակական դիտորդների խմբերի գործունեությունը նպաստել է պատիժ կատարող հիմնարկների և մարմինների, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը։ Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի հասարակական դիտորդների խմբերի դրական փորձը փաստում է, որ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտ լրացուցիչ երաշխիք կարող է լինել նման հասարակական դիտորդների խումբ ստեղծելու համար անհրաժեշտ լիազորող նորմ սահմանելը Օրենքում։ Բացի այդ՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման հիմքում ընկած հիմնական սկզբունքներից է նախարարության գործունեության նկատմամբ նաև քաղաքացիական վերահսկողության երաշխավորման անհրաժեշտությունը, և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը հասարակական դիտորդների խմբի մասնակցությունը կարող է հանդիսանալ այդ գաղափարի իրագործման գործիքներից մեկը։

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել «Հասարակական վերահսկողությունը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում» վերտառությամբ 31․1-րդ հոդվածով։ Հոդվածի կարգավորումներով նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ, ինչը նպատակ է հետապնդում հասարակական վերահսկողության միջոցով ապահովելու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը։ Նման վերահսկողության առկայությունը նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը ավելի արդյունավետորեն վեր հանել՝ թիրախային պլանավորելով ժամանակավոր տեղավորման  կենտրոնի բարելավմանը ուղղված հետագա աշխատանքները։

Նախագիծը սահմանում է, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։ Նույն մարմնի ղեկավարը սահմանում է նաև ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, խմբի կազմը և իրավասությունների շրջանակը։ Այսինքն՝ Նախագծի ընդունման արդյունքում պետք է ընդունվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման, որով մանրամասն կսահմանվեն դիտորդների խմբի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ կարգավորումները։

Առաջարկվող հոդվածի 3-րդ մասը սահմանում է հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը և խմբի անդամների առավելագույն թիվը։   

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

4․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը և հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    13.11.2023 - 28.11.2023

  • Type

    Law

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2866

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.11.2023

Փակ և կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է դիտորդական խմբի արդյունավետ գործունեության և կառավարման համար առանցքային նշանակության նախապայմանը՝ այն է, որ ձևավորված հասարակական դիտորդական խումբը նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա։ Դիտորդական խմբի գործունեության կարևոր երաշխիքներից մեկը` անկախության սկզբունքն է, հետևաբար դիտորդական խումբը պետք է ինքնավարություն ունենա անդամների համալրման հարցում։ Բացի այդ, Դիտորդական խումբը հնարավորինս պետք է պահպանի խմբի կայուն կազմը որոշակի ժամանակահատվածում։ Խմբի անդամների հաճախակի փոփոխություններով դժվար է կառուցողական երկխոսություն պահպանել իշխանությունների հետ ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դիտորդական խմբի անդամների համար կայուն մանդատի ապահովման համար անհրաժեշտ է նախագծով սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և փոփոխել լիազորությունների ժամկետը` նախատեսելով հինգ տարի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.11.2023

Նախագծով առաջարկվում է հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետ սահմանել երեք տարին: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, հանդիսանալով խնամքի հաստատություններում և հոգեկան առողջության կենտրոններում մշտադիտարկման երկու խմբերի անդամ, գտնում է, որ ժամկետի սահմանումը կարող է խոչընդոտել խմբի կարողությունների երկարաժամկետ զարգացմանը՝ հաշվի առնելով որ խմբի անդամը ոչ թե անհատն է, այլ կազմակերպությունը, որը հանդես է գալիս իր ներկայացուցչի միջոցով։ Այդ ժամկետի լրանալուց հետո կազմակերպությունը չի կարող ներկայացված լինել խմբում։ Հաշվի առնելով Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկմամբ զբաղվող կազմակերպությունների փոքր թիվը՝ առաջարկում ենք վերաշարադրել պահանջը՝ այն տարածելով խմբին անդամակցող կազմակերպությունների ներկայացուցիչների վրա։

See more