Add to favourites

Under development

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածով սահմանված են նախքան մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու դեպքերը։

Սակայն, նախատեսված չէ այն դեպքերը, երբ կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները իրեն Օրենքով սահմանված կարգով վճարվելուց հետո մասնակիցը  (այդ թվում՝ Օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ 1964 թվականից հետո ծնված անձը) կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար։

Մեկ այլ խնդիր առկա է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ մարման արդյունքում ստացված միջոցները ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով վճարելու կարգում՝ դիմելու ժամկետների մասով:

Գործող կարգով սահմանված է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու պահանջ։

Տվյալ իրավակարգավորման պարագայում՝ տասներկու ամսվա ժամկետային սահմանափակման իրավապայմանը բացառում է այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելը։ 

Հարկ է նկատի ունենալ, որ նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է եղել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածով՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար։

Սահմանադրական դատարանի դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-1167 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հակասահմանադրական է ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, որով սահմանված էր կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը՝ մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում  ստանալու համար դիմում  ներկայացնելու պահանջ։

Որոշմամբ ներկայացվել է իրավական դիրքորոշում, որի համաձայն՝  «… ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետությունը ճանաչում է նաև ժառանգման իրավունքը, որը ներառում է ոչ միայն ժառանգություն տալու, այլ նաև ժառանգություն ստանալու իրավունքները։

Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաև նրա մահից հետո՝ հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը։ Միևնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն»։

Նման իրավակարգավորման բացակայությունը խոչընդոտում է սեփականության սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, մասնավորապես, այդ իրավունքի՝ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված պաշտպանությանը՝ ժառանգության ընդունման ժամկետի հետ կապված հարաբերություններում։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու ժամկետները վերանայել (հանել մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելու պահանջը)։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում։

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի`

  • 5-րդ հոդվածում 8-րդ մասից հետո լրացնել նոր կետեր, ըստ որոնց՝ եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա։ Ընդ որում, սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից նա համարվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված անձ (այս կարգավորումը տարածվում է նաև 1964 թվականից հետո ծնված՝ Օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված դեպքում),
  • հստակեցվել է, որ ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում ժառանգին տրամադրվում են առանց ժամկետային սահմանափակման,
  • «արտոնագրային հարկ» եզրույթը փոխարինել «շրջանառության հարկ» եզրույթով՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումները։
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կկարգավորվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։

5. Տեղեկանք

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

  • Discussed

    23.08.2023 - 07.09.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1873

Print