Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որպես ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակում, նախատեսված է արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը: ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշմամբ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով, ճանաչվել է Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի նոյեմբերի 11-ը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ապահովելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջը:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում 2023 թվականի մարտի 1-ին կատարված փոփոխություններով Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգը: Հաշվի առնելով, որ ատեստավորման նման համակարգ դեռևս ներդրված չէր այլ իրավապահ մարմիններում, որպես օրինակելի մոդել, հիմք էին ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում որդեգրված մոտեցումները, որոնք ևս այդ պահի դրությամբ գործնական կիրառություն չէին ստացել: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է կամավոր ատեստավորման գործընթացը, հնարավոր է եղել գործնականում գնահատել օրենքի կարգավորումների արդյունավետությունը, ինչպես նաև վերհանել որոշ բացեր: Այսպես, օրենքում տարբերակված չեն ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) և ծառայության որոշակի փորձ ունեցող ծառայողների ատեստավորման ժամկետները: Ելնելով ծառայության առանձնահատկություններից, բնույթից, օրենքով պարտադիր ատեստավորման համար նախատեսված 3-6 ամիս ժամկետը բավարար չէ ծառայության նոր ընդունվողների կողմից իրենց գործառույթներին, ոլորտային օրենսդրությանը (հաշվի առնելով դրա առավելապես գաղտնի բնույթը) տիրապետելու համար: Բացի այդ, ազգային անվտանգության մարմիններում ընդունվող և առանձին պաշտոններում նշանակվող ծառայողների համար նախատեսված են վերապատրաստման պարտադիր դասընթացներ, որոնց տևողությունը կարող է գերազանցել ատեստավորման համար օրենքով նախատեսված ժամկետը: Միաժամանակ, ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողների համար ևս «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված է առավել երկար ժամկետ՝ ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց 6 ամիս անց: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման ժամկետները՝ վերջիններիս կողմից անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար բավարար պայմաններ և ժամանակահատված նախատեսելու նպատակով:
Բացի այդ, օրենքով կարգավորված չեն կադրերի տրամադրության տակ գտնվող, ինչպես նաև պաշտոնավարումը կասեցված ծառայողների ատեստավորման և հավելավճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները, որոնք առաջարկվում է կանոնակարգել արձակուրդում, գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվողների համանմանությամբ:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու պաշտոնի առաջխաղացման արդյունքում ատեստավորման ենթակա ծառայողներին հավելավճար հաշվարկելու և վճարելու հետ կապված հարաբերությունները: Գործող կարգավորումների համաձայն՝ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում հավելավճարի վճարումը դադարում է, որի արդյունքում արհեստականորեն նվազում է պաշտոնային առաջխաղացման գրավչությունը՝ հաշվի առնելով, որ ատեստավորված և բարձր վարձատրվող ծառայողի կողմից բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում տևական ժամանակով (մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը) կնվազի նրա վարձատրության չափը: Արդյունքում առաջխաղացման արժանի կադրերի համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ, ինչն իր հերթին վնասում է ծառայության շահերին: Ոստիկանության օրինակով առաջարկվում է պահպանել ատեստավորման արդյունքները մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը: Նման կարգավորումներ են նախատեսվում նաև ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում:
Միաժամանակ, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն` Պետական պահպանության ծառայության ծառայողների համար ատեստավորման բացասական արդյունքի դեպքում նախատեսված չէ պաշտոնից ազատելու վերաբերյալ կարգավորում, ինչը տրամաբանական է, քանի որ նշված տեսակի ատեստավորման նպատակը ոչ թե պաշտոնին համապատասխանության և տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ բավարար գիտելիքների առկայության ստուգումն է, այլ առավել բարձր գիտելիքներ և հմտություններ ունենալու պարագայում վարձատրության հավելյալ աճի ապահովումը, այն է` ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկումը: Հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթը, ծառայության պաշտոնների համալրման առանձնահատկությունները` նպատակահարմար է նման մոտեցում ամրագրել նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում` միաժամանակ վերանայելով ատեստավորման բացասական արդյունքի դեպքում նոր ատեստավորում անցնելու հնարավորությանը վերաբերող դրույթները:
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշման հավելվածի 67-րդ կետի համաձայն` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ: Հաշվի առնելով, որ օրենքը լիազորում է Կառավարությանը սահմանելու ատեստավորման կարգը, ուստի իրավական որոշակիություն ապահովելու համար անհրաժեշտ է նշված բացառությունը նախատեսել նաև օրենքի մակարդակով` միաժամանակ ապահովելով Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:
Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել ՀՀ այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց): Այսպես, նշված օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլ ընտանեկան հանգամանքների, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի 65 տարին լրացած կամ ... հաշմանդամություն ունեցող ... կամ ... անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամություն կամ ... ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ: Մինչդեռ նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հիմքերը, որոնցից մեկը ևս պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով, մասնավորապես` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Այսպիսով, արդարացված չէ Օրենքի 14-րդ հոդվածով որդեգրված այն մոտեցումը, որ ազգային անվտանգության մարմիններում թույլատրվում է ծառայության ընդունել պարտադիր զինվորական ծառայությունից ընտանեկան հանգամանքների հիմքով տարկետում ստացած կամ ազատված քաղաքացիներին, իսկ օրենքով սահմանված կարգով այլ հիմքերով ազատվածներին` ոչ: Միաժամանակ, «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով որպես պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմք էր նախատեսված գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունենալը, եթե քաղաքացին զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: Ընդ որում նշված հիմքը գործել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, և ըստ էության, այդ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները ներկայումս զրկված են ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու հնարավորությունից: Բացի այդ, օրինակ` քրեակատարողական ծառայությունում և ոստիկանությունում ծառայությունը կանոնակարգող օրենքներով նման արգելք նախատեսված չէ, ինչը բխում է նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանությունից:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ: Օրենքով հստակ կարգավորված չէ, թե ծառայության նոր ընդունվող անձը, որն արդեն իսկ սովորում է առկա ուսուցման ձևով, ինչ վարքագիծ պետք է դրսևորի: Հաշվի առնելով, որ նշված դրույթն ինքնանպատակ չէ, անհրաժեշտ է համապատասխան կարգավորում նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող և ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով սովորող անձանց համար` պաշտոնի նշանակվելուց հետո երկամսյա ժամկետում հնարավորություն տալով ապահովելու օրենքի պահանջի կատարումը և սահմանելով հեռակա ուսուցման ձևի անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջ:
Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ իրավակարգավորումները` ուսումը դադարեցնելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու առանձին հիմքերն ու դեպքերը հստակեցնելու տեսանկյունից: Մասնավորապես` գործող օրենքի համաձայն ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը: Նախատեսված չէ այն դեպքը, երբ ծառայողը հեռացվել է ուսումնական հաստատությունից: Այսպես` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքը, բացի ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելու դեպքից, սահմանում է նաև անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով ուսումնական հաստատությունից հեռացվելը, ուստի համանման հարաբերությունների համար անհրաժեշտ է ապահովել նույնաբովանդակ կարգավորումներ: Բացի այդ, գործող օրենքի համաձայն ուսումնական ծախսերի փոխհատուցման պահանջ է առաջանում նաև դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, ինչն արդարացի չէ` հաշվի առնելով, որ նշված կարգավիճակն առաջանում է ծառայողի կամքից անկախ հանգամանքներում, և ծառայությունը շարունակելն օբյեկտիվորեն հնարավոր չէ նույնիսկ անձի ցանկության դեպքում: Անհրաժեշտ է նաև որպես ուսումնական ծախսերի փոխհատուցման դեպք նախատեսել օրենքի 47-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված` ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակման հիմքը, որն օրենքում լրացվել է 2022 թվականին: Միաժամանակ, վերանայման ենթակա է նաև այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու դեպքում ծախսերի փոխհատուցման պահանջի ձևակերպումը, քանի որ տվյալ դեպքում բաց է մնում իր զեկուցագրի հիման վրա (սեփական նախաձեռնությամբ) այլ հիմնավորմամբ ծառայությունից արձակվելու դեպքում ուսումնական ծախսերի փոխհատուցման հարցը: Օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության ծառայողը փոխհատուցում է ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, բացառությամբ այն դեպքի, երբ անձնական նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելը պայմանավորված է ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով: Հաշվի առնելով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողն իր զեկուցագրի հիման վրա կարող է ծառայությունից արձակվել բազմազան պատճառներով, անհրաժեշտ է հնարավորինս հստակեցնել այն հանգամանքների շրջանակը, որոնք կարող են բացառել ծախսերի փոխհատուցման պարտավորությունը` նորմի անհարկի լայն մեկնաբանություններից խուսափելու նպատակով:
Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը, ըստ որի` սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Օրինականության սահմանադրական սկզբունքի ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել հստակ լիազորող նորմ` ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանելու լիազորությունը վերապահելով լիազոր մարմնի ղեկավարին:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու` օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերը և 26-րդ հոդվածով նախատեսված` ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերն առավել համահունչ դարձնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ծառայողը կադրերի տրամադրության տակ է թողնվում նաև գերության մեջ գտնվելիս կամ մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս, մինչդեռ պաշտոնից ազատելու համարժեք հիմքեր նախատեսված չեն: Միաժամանակ, վերանայման կարիք ունի գերության մեջ գտնվող ծառայողներին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը, մասնավորապես, գործող կարգավորումների համաձայն` գերության մեջ գտնվելիս ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ մինչև վերադառնալը, մինչդեռ, օրինակ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համանման դրույթով սահմանվում է վերադառնալու օրվանից մեկ ամսից ոչ ավելի կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետ, քանի որ հակառակ դեպքում գերությունից վերադարձած ծառայողը վերադառնալու հաջորդ օրվանից պետք է նշանակվի համապատասխան պաշտոնի և անցնի ծառայողական պարտականությունների կատարմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.
1. Վերացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված` ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը` ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը:
2. Գործնական կիրառության արդյունքում կատարված վերլուծությունների հիման վրա վերանայվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ, մասնավորապես`
• անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար օպտիմալ ժամանակահատված տրամադրելու նպատակով վերանայվում են ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) ծառայողների ատեստավորման ժամկետները` սահմանելով պաշտոնի նշանակվելուց հետո 7-9 ամիս (գործող 3-6 ամսվա փոխարեն), իսկ վերապատրաստման դասընթացներ անցնողների համար` դասընթացն ավարտելուց ոչ շուտ, քան 2 ամիս հետո.
• արձակուրդում, գործուղման մեջ, կադրերի տրամադրության տակ գտնվող, ժամանակավոր անաշխատունակ և պաշտոնավարումը կասեցված ծառայողների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել այդ հանգամանքները վերանալուց հետո, ինչպես նաև կասեցնել հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողի հավելավճարի հաշվարկման ժամկետը մինչև այդ հանգամանքները վերանալը.
• նախատեսվում է, որ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, և մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում են ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը.
• տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով` հստակ սահմանվում է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում ատեստավորված ծառայողին առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանելու վերաբերյալ իրավակարգավորում.
• վերանայվում են ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը (տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվում է 1 անգամ դիմելու հնարավորություն).
• նախատեսվում է ատեստավորումներն անցկացնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով հաստատված ժամանակացույցերին համապատասխան.
• հստակեցվում են ատեստավորման արդյունքում կայացվող որոշումների շրջանակը և հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը.
• համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի լիազորությունն ամրագրվում է օրենքով:
3. Վերանայվում են ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հիմքերը`
• փոխհատուցման պարտավորություն են կրելու նաև ուսումնական հաստատությունից հեռացված ծառայողները, ինչպես նաև օրենքի 47-րդ հոդվածի 1.1-ին մասի հիմքով ծառայությունից արձակված անձինք (դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողները, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքերով).
• ուսումնական ծախսերը փոխհատուցելու են ծառայությունից իրենց զեկուցագրի հիման վրա արձակված ծառայողները, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված արձակվելու դեպքի, եթե նշված հանգամանքները կհիմնավորվեն անհրաժեշտ փաստաթղթերով և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից կգնահատվեն որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ.
• ծառայողը փոխհատուցման պարտավորությունից կազատվի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակվելու դեպքում:
4. Նախագծով ուսումնական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին:
5. Հստակեցվում է նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում առաջացող հետևանքի հետ կապված դրույթը՝ հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն նշված պարտավորությունը խախտելու դեպքում նախատեսված է ոչ թե ուսումնական ծախսերի փոխհատուցման, այլ տուժանք վճարելու պարտականություն, որի չափը սահմանված է հիշյալ օրենքով:
6. Վերանայվում են ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները` հնարավորություն ընձեռելով ծառայության անցնել օրենքով սահմանված հիմքերով և կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար օրենքով նախատեսված առկա ուսուցման սահմանափակմանը համահունչ սահմանվում է ծառայության նոր ընդունվողների կողմից հեռակա ուսուցման ձևին անցնելու վերաբերյալ իրավակարգավորում` ընձեռելով ողջամիտ 2-ամսյա ժամկետ:
8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը համապատասխանեցվում են կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերին` նախատեսելով մեկ ամսից ավելի անհայտ բացակայելու և գերության մեջ գտնվելու դեպքերը:
9. Վերանայվում է գերության մեջ գտնվող ծառայողներին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը` այն սահմանելով մինչև վերադառնալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետը լրանալը:
Նախագծի ընդու­նու­մից հետո ՀՀ պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա: ՀՀ պետական բյուջեի եկամուտներում հնարավոր են ավելացումներ` կապված ուսումնական ծախսերի փոխհատուցման դեպքերի շրջանակի վերանայման հետ, սակայն հաշվարկներ հնարավոր չէ ներկայացնել, քանի որ այս կամ այն հիմքով ծառայությունը դադարեցնելու դեպքերի քանակը և ժամկետները կանխատեսելի չեն:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում՝
1. կապահովվի Սահմանադրական դատարանի որոշման կատարումը.
2. ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները կկանոնակարգվեն առավել հստակ՝ հաշվի անելով ազգային անվտանգության մարմիններում ծա­ռայության բնույթն ու առանձնահատ­կությունները, ինչպես նաև ազգային անվտան­գության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարևորությունը.
3. ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերի փոխհատուցումը կիրականացվի առավել հասցեական, ինչի արդյունքում կապահովվի պետական բյուջեի միջոցների արդյունավետ տնօրինումը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլոր­տա­յին և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմին­ների կայուն համա­կար­գը» կետ­ից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունու­թյան, հա­սա­րա­կու­թյան բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կա­տա­րե­լա­գործվող, արդի մարտա­հրա­վերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգա­ցում­ներին համ­ընթաց ար­դիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասա­րա­կու­թյան վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկա­յու­թյունը: Հետա­խու­զության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղու­թյուն­ներով տեսա­նե­լի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազ­գային անվտանգության մար­մինները տեխնիկապես վերազինելը, որակ­յալ նոր կադրերով, անհրա­ժեշտ մասնագետներով համալրելը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    21.08.2023 - 05.09.2023

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2633

Print

Suggestions

Կոլյա Մկրտչյան

21.08.2023

Զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին մասնավորապես արական սեռի ներկայացուցիչներին ուժային կառույցներում աշխատանք տրամադրելը նպատակահարմար չէ։

See more