«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 15.12.2022թ. անցկացված խորհրդակցության NՎ/140-2022 արձանագրության 1.6 կետի համաձայն, որի կատարման շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 10.01.2023թ. տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կշրջանառվի ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգավորման դաշտում գործող Ընկերությունների կանխատեսվող և շահութաբաժինների հաշվարկման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշվարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։ Ըստ այդմ, Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում համապատասխան կանոնակարգումների անհրաժեշտությամբ: Մասնավորապես, Որոշման N1 հավելվածի 7-րդ կետում անհրաժեշտ է բովանդակային առումով ճշգրտել և հստակեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բաղադրիչը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված (սակագնի հաշվարկում ներառված) և հանձնաժողովի կողմից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույթին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազայում հաշվետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը ծանրանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ Այսպես, Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող՝ էներգետիկայի բնագավառի 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ՝ ընկերությունների (ԲԷՑ, ՀԱԷԿ, ԷԷՀՕ, Հաշվարկային կենտրոն, Երևանի ՋԷԿ) կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանվում են անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքով, որի հիմնական բաղադրիչներն են․ · ընկերության շահագործման և պահպանման ծախսերը, · կատարված ներդրումների ամորտիզացիոն մասհանումները, · պետական երաշխիքով ներգրավված վարկերի մայր գումարների մարման և տոկոսների վճարման համար անհրաժեշտ ծախսերը, · նորմատիվային շահույթը։ Եթե ընկերությունը աշխատում է տվյալ տարվա համար նախատեսված հաշվեկշռին համապատասխան և կատարում է սակագնով նախատեսված ծախսերը, ապա ստացված իրական շահույթը համընկնում է սակագնով նախատեսված շահույթի մեծությանը։ Եթե ընկերությունը սակագնով նախատեսված գործոնների (օրինակ՝ հաշվեկշռով նախատեսված քանակից Էլեկտրաէներգիայի շրջանառության ավելացում, արտարժույթի կուրսի անկման հետևանքով արտարժութային՝ ՀՀ դրամով արտահայտված ծախսերի նվազում) փոփոխությամբ պայմանավորված՝ ստանում է լրացուցիչ շահույթ, ապա այդ լրացուցիչ շահույթը հանձնաժողովի կողմից նվազեցվում է հաջորդ տարվա սակագնով նախատեսվող անհրաժեշտ հասույթի մեծությունից։ Երբ ընկերությունը ոչ իր գործողությունների հետևանքով կամ իր կամքից անկախ հանգամանքներում վնաս է կրում (օրինակ՝ հաշվեկշռով նախատեսված քանակից Էլեկտրաէներգիայի շրջանառության նվազում, արտարժույթի կուրսի բարձրացման հետևանքով արտարժութային՝ ՀՀ դրամով արտահայտված ծախսերի ավելացում), ապա այդ վնասների մեծությունը ավելացվում է հաջորդ տարվա համար հաշվարկվող անհրաժեշտ հասույթի մեծությանը, այսինքն՝ փոխհատուցվում է հաջորդ սակագնային տարվա ընթացքում։ Ըստ այդմ, ի թիվս այլ ռիսկերի՝ արտարժութային ռիսկերը կրում է ոչ թե ընկերությունը, այլ էլեկտրաէներգիայի վերջնական սպառողները։ Այսպիսով, Ընկերությունների համար իրական և տնօրինելի շահույթը սակագնի մեթոդաբանության համապատասխան ստացված շահույթն է։ Հաշվապահական հաշվառման տեսանկյունից ձևավորված շահույթը մշտապես տարբերվում է սակագնի իմաստով շահույթի մեծությունից՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով։ Դրական և բացասական տարբերությունները դրանք՝ կամ դրամական հոսքեր չառաջացնող տարբերություններ են, կամ՝ եթե առաջացնում են, ապա կարգավորվում են հաջորդող տարիների համար սահմանվող սակագների միջոցով։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատի ունենալ նաև վարկերի սպասարկման համար սակագնում ներառվող եկամուտների և այդ վարկային միջոցներով ստեղծված ակտիվների մաշվածության համար հաշվեգրվող ծախսի ժամանակացույցերի տարբերությունը։ Օրինակ, երբ վարկի մայր գումարի մարման համար նախատեսվում է գումար սակագնում, սակայն այդ վարկով ստեղծվող ակտիվը դեռևս ավարտված չէ և չի շահագործվում, բնականաբար նաև ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում, կամ ավարտված է և շահագործվում է, բայց դրա ամորտիզացիոն մասհանումները կատարվում են մի քանի անգամ ավելի երկար ժամանակահատվածում, քան վարկի սպասարկման ժամանակացույցն է։ Այստեղ առաջանում է 2 խնդիր․ շահութահարկի վճարման (այդպիսի ծախս նախատեսված չէ ընկերության սակագնում, բայց վճարվում է դրամական հոսքերի կառավարման արդյունքում առաջացող ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին) և շահութաբաժնի վճարման ծախսեր։ Եթե ընկերությունը այդ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված միջոցը ուղղի շահութաբաժնի վճարմանը, ապա չի կարող սպասարկել վարկը, որի համար սակագնով ստացել է անհրաժեշտ միջոցները։ Միաժամանակ, սակագնով նախատեսված որոշակի ծախսեր, ինչ-որ հանգամանքներով պայմանավորված, չեն կատարվում տվյալ սակագնային տարում, ինչի հետևանքով ընկերությունում առաջանում է չնախատեսված շահույթ։ Այդ առումով էլ, եթե ծախսը ներառված է սակագնում, ապա դա նշանակում է, որ այդ ծախսը ենթակա է պարտադիր կատարման, իսկ կատարման անհրաժեշտության բացակայության դեպքում նվազեցվում է հաջորդող տարիների անհրաժեշտ հասույթից։ Հետևապես, այդ միջոցները սակագնի իմաստով երբեք չեն կարող դիտվել որպես շահույթ և թողնվել ընկերության տնօրինմանը՝ որպես ստացված շահույթ, կամ այդ ծախսը պետք է կատարվի հաջորդող տարիներին՝ հիմնավորելով ծախսի հետաձգումը, կամ էլ՝ այդ մեծության չափով նվազեցվի սակագնից։ Հետևապես, եթե վերը նկարագրվածի հետևանքով առաջացած շահույթից վճարվում է շահութաբաժին, ապա ընկերությունը հետագայում այդ հետաձգված ծախսը կատարելու բավարար միջոցներ չի ունենում։ Վերը շարադրված գործոնները այն հիմնական պատճառներն են, որոնք կարգավորվող ընկերություններում հանգեցնում են սակագնի հաշվարկում ներառված շահույթի և փաստացի գործունեությամբ առաջացած զուտ շահույթի տարբերությունների։ Հաշվի առնելով այդ առանձնահատկությունները՝ առաջարկվում է Հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների շահութաբաժինները հաշվարկել սակագնի կարգավորման մեթոդաբանությամբ ստացված շահույթի մեծությունից:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման գործընթացի կանոնակարգումն է, և Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:
4. Կարգավորման նպատակը և բնույթը Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազայում հաշվետու տարվա զուտ շահույթի մեծության համար հիմք ընդունել յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված (սակագնի հաշվարկում ներառված) և Հանձնաժողովի կողմից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ 5. Տեղեկատվություն իրավական ակտի ընդունման ու կիրառման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։
6. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում հնարավոր են էական փոփոխություններ։
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա Ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացում, ինչն էլ նպաստելու է դրանց անխափան գործունեության իրականացմանը, մասնավորապես, Հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող՝ էներգետիկայի ոլորտի 50 և ավելի տոկոս Ընկերությունների՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների՝ սակագնի կարգավորման մեթոդաբանությամբ ստացված շահույթի մեծությունից հաշվարկման և վճարման գործընթացի կանոնակարգմանը:
8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
9.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ընդհանուր կամ ոլորտային որևէ ռազմավարության, ծրագրի դրույթներից։ |
-
Discussed
08.08.2023 - 28.08.2023
-
Type
Decision
-
Area
Financial
Views 1960
Print