Վաղինակ Հովհաննիսյան
14.08.2023
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հարգելի գործընկերներ, լիովին համամիտ եմ Ձեր այն տեսակետի հետ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Հենց այդ նպատակով է արված իմ նախորդ առաջարկությունը, որ նախագծում մենք թույլ չտանք շղթայական սխալ: Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրությունն ունի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ, 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ՕՐԵՆՔՈՎ, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ապա այս ամենից բխում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Ձեր կողմից հիշատակված հոդվածն իմ կարծիքով ՀՀ Սահմանադրության հետ առնվազն ունի հակասություն, և այդ պարագայում որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, մենք պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ Սահմանադրության դրույթներով և ոչ թե՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի: Ավելին, առաջարկում եմ այդ անհարթությունը ևս վերացնելու նպատակով, նախագծին կից, ԱԺ ներկայացնել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ այս պարագայում, միանշանակ, առաջնահերթություն տալ ՀՀ Սահմանադրության դրույթներին, քանի որ որևէ տեղ ու որևէ մեկի կողմից չլսված բան է ու իմ կարծիքով չկա որևէ օրինակ մեր իրականության մեջ, երբ համայնքի ավագանին ինքն իրեն կամ համայնքի ղեկավարին ավագանու որոշմամբ լիազորություն է տալիս: Շնորհակալություն համագործակցության համար: