ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող՝ 3-ից 5 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Ավտոմոբիլ) ներմուծման խթանման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ 6 օրացուցային ամիս ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող՝ 3-ից 5 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց համար միասնական դրույքաչափով մաքսատուրքերի և հարկերի վճարումն իրականացվել է սույն կետում նշված ժամանակահատվածում։
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Ավտոմոբիլների ներմուծման խթանման պետական աջակցության ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների թողարկման միջին տարիքը նվազեցնելու համար։
- Ծրագրի իրականացման ժամկետն է 2023 թվականի սեպտեմբերից սկած՝ 6 օրացուցային ամիս ժամանակահատվածը։
- Ծրագրի իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։
- Ծրագրի շահառու է հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Ավտոմոբիլ ներմուծող ֆիզիկական անձը (այսուհետ՝ Շահառու)։
- Սույն ծրագրի իրականացման ժամկետում ներմուծվող յուրաքանչյուր Ավտոմոբիլի համար, որի համար միասնական դրույքաչափով մաքսատուրքերը և հարկերը վճարվել են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական համապատասխան հաշվին մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը, յուրաքանչյուր Շահառուին կփոխհատուցվի՝ միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 50%-ը։
- Ծրագրի շրջանակներում սույն հավելվածով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով Շահառուն սույն ծրագրի իրականացման ժամկետում ներմուծված Ավտոմոբիլի հայտարարագրման նպատակով ներկայացնում է ուղևորային մաքսային հայտարարագիր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ Ընդ որում, ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ իր անձնական տվյալների հետ ֆիզիկական անձը նշում է նաև սույն որոշումը, համարը և ընդունման տարեթիվը և ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխհատուցվի Ավտոմոբիլի համար միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 50%-ի փոխհատուցման գումարը։
- Կոմիտեն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ուսումնասիրում է նախորդ ամսվա ընթացքում սույն ծրագրի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարագրերը և սույն ծրագրի իրականացման նպատակով ստացված միջոցներից իրականացնում է մաքսային մուտքի անդորրագրերում արտացոլված և վճարված մաքսատուրքի և հարկերի գումարի 50%-ի փոխհատուցում՝ փոխհատուցման գումարը փոխանցելով հայտարարագրում նշված բանկային հաշվեհամարին։
- Սույն ծրագրի 7-րդ կետում նշած հաշվեհամարի ճշգրտության համար պատասխանատու է հայտարարագիր ներկայացնող անձը։
- Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերի հաշվին և նախատեսվում է իրականացնել 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի հաշվին։ Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 20 մլրդ. Հայաստանի Հանրապետության դրամ։
- Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված միջոցների չօգտագործված մասը վերադարձվում է պետական գանձապետական համապատասխան հաշվին ծրագրի ավարտից մեկամսյա ժամկետում։