ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2023 թվականի
N - Ն
ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերն ու պայմանները:
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների համաձայն:
- Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները.
1) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողի, որը բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը որպես ազգային ֆիլմ ճանաչելու պայմանները.
2) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ նվազագույն մասնակցություն ունեցող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրողի.
3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:
- Համատեղ արտադրության ֆիլմերն օգտվում են ազգային ֆիլմին «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերապահվող առավելություններից:
- ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ Ազգային մարմին):
- Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար, ֆիլմի նկարահանումն իրականացնելուց առնվազն 1 ամիս առաջ ֆիլմարտադրողն Ազգային մարմին է ներկայացնում՝
1) համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու հայտը.
2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.
3) ֆիլմի համառոտ նկարագիրը, ֆիլմարտադրության նախնական ժամանակացույցը.
4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների նախնական ցուցակը.
5) ֆիլմի նախահաշիվը.
6) ֆինանսավորման նախնական պլանը.
7) համատեղ արտադրության պայմանագիրը կամ համագործակցության հուշագիրը։
- Օտարալեզու փաստաթղթերի հետ ներկայացվում են նաև դրանց հայերեն պաշտոնական թարգմանությունը:
- Ազգային մարմինն ընդունում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակի հավաստագիր:
- Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։
- Մերժված հայտերը կրկին կարող են ներկայացվել Ազգային մարմին մերժման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Ազգային մարմնի կողմից դրանց կրկնակի ընդունման համար սահմանված վճարումներն իրականացնելու դեպքում:
- Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի նկարահանման ավարտից հետո՝ 2 ամսվա ընթացքում, ֆիլմարտադրողն Ազգային մարմին է ներկայացնում՝
1) համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու հայտը.
2) հեղինակային իրավունքի պայմանագրերի ամբողջական փաթեթը.
3) ֆիլմի վերջնական սցենարը.
4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների վերջնական ցուցակը.
5) ֆիլմի ծախսերի հաշվետվությունը.
6) ֆինանսավորման վերջնական պլանը.
7) համատեղ արտադրության պայմանագիրը։
- Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակը տրամադրվում է Ազգային մարմնի կողմից՝ ֆիլմարտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`
1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները: