Add to favourites

Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագծի) մշակումը պայմանավորված է «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի 4-րդ հոդվածի   1-ին մասի 1-ին կետի պահանջով։ «Սնդիկի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։

Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները՝ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, արգելում են Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Կառավարության 2022 թվականի  դեկտեմբերի  1-ի N1825-Ն որոշմամբ հաստատվել է  Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի (ապրանքների) ցանկը, ինչն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019 թվականից սկսած «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ (աշխատանքային քննարկումներ, սեմինարներ)՝ նվիրված սնդիկի հավելիչով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը։

«Սնդիկի մասին» օրենքով սահմանված է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության արգելք։ Հայաստանի Հանրապետությունում սնդիկ պարունակող արտադրանքի հիմնական շրջանառությունն իրականացվում է արտաքին առևտրի իրականացման (ապրանքների ներմուծման) արդյունքում, ուստի շրջանառությունից դրանց փուլային դուրսբերման նպատակով մշակվել է ներմուծման և արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանող նորմատիվ իրավական ակտի նախագիծ։

Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։ Այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերով, ինչը տվյալ պարագայում կհավաստի նաև արտադրանքում սնդիկի բացակայությունը կամ քանակության թույլատրելի մակարդակը չգերազանցելը։   Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ, Միության տարածքում շրջանառության (ներառյալ՝ ներմուծումը և արտահանումը) մեջ է դրվում պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով  սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։ Անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։

 

Սույն Նախագծի հավելվածի ցանկում ներառված ապրանքների ներմուծման և արտահանման արգելքը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոց­ների կիրառման հետ կապված հարա­բե­րու­­­թյունները միասնական են և սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 7-րդ հավելվա­ծին համապատասխան: Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքների փոխա­դարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուններն իրա­­վունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահ­մա­նափակումներն անհրաժեշտ են  մարդու կյանքի և առողջության պահ­պանման, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի պաշտ­պանության, միջազ­գա­յին պարտավորությունների կատարման համար։ Պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված երրորդ երկրների առնչու­թյամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոց­ների սահման­ման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդուն­վում են Եվրա­սիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Արձանագրության 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով, անդամ պետու­թյունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ,  իսկ 51-րդ կետի համաձայն Ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և ԵԱՏՄ մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։ Արձանագրության 54-րդ կետի համաձայն՝ եթե Միության մաքսային տարածքում ժամա­նակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտե­սական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը վեց ամսվա ընթացքում։

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան ստորագրել են 128 պետություններ, այդ թվում ԵԱՏՄ անդամ պետություններից՝ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը, իսկ վավերացրել են այդ երկրներից դեռևս  90-ը, պարտավորվելով սահմանափակել  սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը, ներմուծումը և արտահանումը, ինչպես նաև արգելել սնդիկ պարունակող հանքանյութի արդյունահանումը, եթե  օգտակար հանածո հանդիսանում է սնդիկը։

Բազմաթիվ երկրներ դադարեցնելով սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը և կիրառմանը,  մասնավորապես՝

  • սնդիկ պարունակող առաջնային տարրերի և մարտկոցների փոխարեն արտադրվում և օգտագործվում են նիկել-կադմիումային, նիկել-մետաղահիդրիդային, լիթիումային կամ լիթիում-իոնային, ալկալիական՝ ցինկ-մանգանային մարտկոցները, դրանց մեծ մասի վրա առկա է սնդիկ չպարունակելու վերաբերյալ մակնշումը։
  • սնդիկային (այդ թվում՝ գոլորշու տեսքով) պարունակող ընդհանուր լուսավորության լամպերի (այդ թվում՝ լյումինեսցենտային, նատրիումային)  փոխարեն լայն կիրառում ունեն լուսադիոդային լամպերը։
  • Սնդիկի միացություններ, այդ թվում` սնդիկի անօրգանական միացություններ, պարունակող պեստիցիդները ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N293-Ն  որոշման համաձայն ՀՀ-ում արգելված են, ուստի դրանք չեն կարող պետական գրանցում ստանալ, հետևաբար նաև ներմուծվել և շուկայահանվել ՀՀ տարածք։ ՀՀ-ում պետական գրանցում ստանում, ներմուծվում և օգտագործվում են սնդիկ չպարունակող բազմաթիվ թունաքիմիկատներ։
  • Սնդիկային ջերմաչափերի փոխարեն օգտագործվում են՝ էլեկտրոնային ջերմաչափեր, ինֆրակարմիր ճառագայթով աշխատող (անհպում) ջերմաչափեր, ինչպես նաև հեղուկ նյութերով (սպիրտով, գալիում-ինդիում-անագ համաձուլվածքով) աշխատող ջերմաչափեր։
  • Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցների (սարքերի)՝ բարոմետրեր (մթնոլորտային ճնշումը չափելու սարք), հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք) և սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշումը չափելու սարք), փոխարեն օգտագործվում են ոչ սնդիկային, մեխանիկական կամ էլեկտրոնային սարքավորումներ։

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող սնդիկ պարունակող արտադրանքի քանակն անհամեմատ նվազ է միևնույն անվանումը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման միևնույն ծածկագիրն ունեցող, բայց սնդիկ չպարունակող արտադրանքից։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, նախագծի հավելվածի ցանկի 3-րդ կետում ներառված ծածկագրերի հետ համընկնող ծածկագրերով, բայց փաստացի ոչ սնդիկային սարքերի ներմուծման  և արտահանման ընթացքում փոխադրողների և մաքսային մարմինների համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար, անհրաժեշտություն է առաջացել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման ընթացքում պարզեցնել սնդիկ պարունակելու նվազ հավանականություն ունեցող արտադրանքի նույնականացման գործընթացը՝ սնդիկ չպարունակելու հավաստման միջոց նախատեսելով փաստաթղթերի և տեղեկատվության ավելի լայն շրջանակ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։

Նախագծով նախատեսվում է  ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով  արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Նշված բացառությունները նախատեսված են Կոնվենցիայի «Ա» հավելվածի «ա» և «բ» կետերով։

Բացառությունների ենթակա լինելը փաստելու համար հայտատուն պետք է կազմի, հաստատի և ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպման համար ներկայացնի գրավոր հայտարարագիր՝ հիմնավորելով Կոնվենցիայով սահմանված նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտությունը։ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N1 հավելվածի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարատուն պատասխանատվություն է կրում մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված այն արտադրանքը, որը ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն հանդիսանում է  տեխնիկական կանոնակարգման օբյեկտ, ներառված չէ սույն Նախագծում, առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Կոնվենցիայով և «Սնդիկի  մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 2-րդ միջոցառման՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»  կատարման անհրաժեշտությունից։                                        

 

  • Discussed

    22.05.2023 - 06.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3115

Print