<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - Agree
-
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը
<<Ազգային անվտանգության մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Ազգային անվտանգության մարմինների մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին>> N 245-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 44-րդ կետի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:
Ներկա իրավիճակը
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են ՀՀ Նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմնի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարություն ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին: Նույն մասի <<ժէ>> կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովել ՀՀ Նախագահին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց:
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ Նախագահը և ՀՀ կառավարությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ընդհանուր ղեկավարումն իրականացնեն ՀՀ կառավարությունը և ՀՀ վարչապետը:
Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին պաշտոնի կնշանակի և պաշտոնից կազատի ՀՀ վարչապետը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ըստ նախագծի՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր կլինեն ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ վարչապետին ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններին և կազմակերպություններին, ինչպես նաև խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով կապահովեն ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց:
Առաջարկվում է ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը տալ ՀՀ կառավարությանն ու վարչապետին՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող Սահմանադրության պահանջներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Discussed
21.11.2017 - 06.12.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 11783
Print