Under development
««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
8 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»։
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու (ծառայողի) և Լիազոր մարմնի միջև կնքվում է 3-12 ամիս կամ 1-5 տարի ժամկետով փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր, որը ստորագրում է՝
1) բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Լիազոր մարմնի ղեկավարը.
2) ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար փրկարար ծառայության տնօրենը։» ։
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 34.1. Ծառայողների ատեստավորումը
1․ Փրկարար ծառայության բարձրագույն (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների), գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում:
2․ Ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը իրավունք ունի ընտրելու վերապատրաստման արդյունքներով ատեստավորումը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետի ընթացքում մեկ անգամ:
3․ Փրկարար ծառայությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի նշանակվելուց հետո փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են: Հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
4․ Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
5․ Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
6․ Փրկարար ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար դիմել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:
7․ Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
8․ Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր հինգ տարի վեց ամիսը մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից չորս տարի հետո:
9․ Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողները պարտավոր են ատեստավորման համար դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
10․ Եթե ծառայողը ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
11․ Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
12․ Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
13․ Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից երեք տարվա ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:
14․ Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
15․ Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:
16․ Հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
1) մրցույթի արդյունքով այլ պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի նշանակվելու դեպքերի.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելիս:
17․ Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) բարձրագույն, գլխավոր ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնողները՝ ծառայության այլ վայր միևնույն պաշտոնին՝ Փրկարար ծառայության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.»,
2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում.»,
2) 1-ին մասի «ժգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում.»,
3) 1-ին մասը լրացնել «ժդ» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժդ) սույն օրենքի 34.1-ին հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար չդիմելու դեպքում կամ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորման համար կրկին չդիմելու դեպքում կամ ատեստավորման արդյունքում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում:» ,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ մաս.
«3. Ծառայողները (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) ազատվում են Փրկարար ծառայությունից սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում չդիմելու դեպքում:»։
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
2. Փրկարար ծառայության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 34.1-ին 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումը անցնել վերապատրաստման արդյունքներով, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:
3. Ծառայողները (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) պարտավոր են դիմել սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում։
4. Փրկարար ծառայության գործող կառուցվածքում ներառված, սակայն Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո գործունեությունը դադարեցվող հիմնական և աջակցող ստորաբաժանումների ծառայողների ցանկը, ովքեր ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «զինծառայողների» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայողների» բառերով։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1 մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայողներին» բառերով։
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայողներին» բառերը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
-
Discussed
28.02.2023 - 16.03.2023
-
Type
Law
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 5209
Print