Add to favourites

Under development

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվա­կանի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ գլխի վերնագիրը լրացնել «ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1․ 8-րդ մասից «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա» նախադասությունը հանել:

2․ Ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և 11-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարարդրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 15. Ոստիկանության ծառայողների ատես­տավորումը

1.Ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝

1) հավելավճար հաշվարկելու նպատակով,

2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:   

2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ոստիկանության ծառայողը իրավունք ունի ընտրելու վերապատրաստման արդյունքներով ատեստավորումը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետի ընթացքում մեկ անգամ:

3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի ատեստավորումն իրականացվում է վերապատրաստման արդյունքներով: Հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաև ծառայության այլ վայր միևնույն պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:

4. Ատեստավորման կարգը սահ­ման­վում է Կառավարության որոշմամբ:

5. Ատեստավորման անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

6. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար դիմել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:

7. Ատեստավորման (վերաատեստավորման) արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք­բերման օր­վա­նից:

8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահ­մանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման յուրա­քանչյուր հինգ տարի վեց ամիսը մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ոստիկանության ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից չորս տարի հետո:

9. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծա­ռա­յողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ոստիկանության ծառայողները պարտավոր են ատեստավորման համար դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում:

10. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:

11. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատես­տա­վոր­ման անցկացման ժամկետի մասին:

12. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.

4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

13. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահիցերեք տարվա ընթացքումունեն առավելագույնը երկու վերաատեստավորման հնարավորություն՝ համաձայն լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

14. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`

1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու: 

15. Սույն հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

16.Ատեստավորում անցած այն ծա­ռա­յողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդ­վա­ծի 14-րդ մասի 2-րդ կետով նա­խա­տես­ված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման համար կարող են կրկին դիմել ոչ շուտ, քան եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:   

17. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծա­նո­թացվում է ատեստավորման արդյունքներին և կա­յաց­ված եզրակացությանը:

18. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշ­վարկված հավելավճարի վճարումը դադարում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով:

19. Ատես­տա­վոր­ման արդյունքներով հաշվարկվող հա­վելավճարի չափերը և վճարման կար­գը սահ­ման­վում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն հա­վելավճար հաշ­վար­կվելու դեպքում ոստիկանության ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառա­յու­թյան պաշ­տոն­ներ զբա­ղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահման­ված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հա­վելումները չեն հաշվարկվում»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1.-ին մասով՝ 

«4.1. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, վերապատրաստման կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«1) ծառայության այլ վայր միևնույն պաշտոնին՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետները լրանալը.»:

2) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետով՝

«5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:»:

Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 13-րդ կետով՝

«13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար չդիմելու դեպքում կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված ժամկետում վերաատեստավորման համար չդիմելու դեպքում կամ վերաատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում»:    

3) Հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ մասով՝

«4. Ոստիկանության ծառայողները (բացառությամբ լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) ազատվում են ոստիկանությունում ծառայությունից սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում չդիմելու դեպքում»։  

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ատեստավորման արդյունքների հիման վրա,» բառերը հանել:

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։ 

2․ Ոստիկանության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումը անցել վերապատրաստման արդյունքներով, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:       

3․ Ոստիկանության ծառայողները (բացառությամբ լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) պարտավոր են դիմել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում։ 

4. Ոստիկանության գործող կառուցվածքում ներառված, սակայն Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո գործունեությունը դադարեցվող հիմնական և աջակցող ստորաբաժանումների ծառայողների ցանկը, ովքեր ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այ­սու­հետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բա­ռից հե­տո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բա­ռից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության ծա­ռա­յող­ների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպա­յա­կան, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին ատես­տա­վորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճար­ման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­մամբ։ Սույն մասով սահ­մանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչ­պես նաև Հայաստանի Հանրա­պե­տության ազգային անվտան­գու­թյան մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպե­­րա­տիվ-հետախուզական գործու­նե­ու­­թյան իրա­կա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գործա­ռույթ­ներ ունեցող զինվորական ծառա­յու­թյան պաշտոններ զբաղեց­նողնե­րին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբա­ղեց­նող ծառայողների) սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զին­վո­րա­կան ծառայության պաշտոն զբա­ղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշ­վարկվում։»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։ 

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

  • Discussed

    16.02.2023 - 04.03.2023

  • Type

    Law

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9874

Print

Suggestions

Lilit Abrahamyan

16.02.2023

Հարգելի ՆԳՆ, ակնկալում ենք անաչառ եվ ճիշտ ատեստավորում եվ հնարավորինս՝ մարդկային ֆակտորի բացակայություն, որպեսսզի չդրսեվորվի կամայականություն։

See more