Lilit Abrahamyan
16.02.2023
Հարգելի ՆԳՆ, ակնկալում ենք անաչառ եվ ճիշտ ատեստավորում եվ հնարավորինս՝ մարդկային ֆակտորի բացակայություն, որպեսսզի չդրսեվորվի կամայականություն։
Լրամշակման փուլում է
19 - Կողմ
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ գլխի վերնագիրը լրացնել «ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1․ 8-րդ մասից «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա» նախադասությունը հանել:
2․ Ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և 11-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարարդրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Հոդված 15. Ոստիկանության ծառայողների ատեստավորումը
1.Ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝
1) հավելավճար հաշվարկելու նպատակով,
2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:
2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ոստիկանության ծառայողը իրավունք ունի ընտրելու վերապատրաստման արդյունքներով ատեստավորումը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետի ընթացքում մեկ անգամ:
3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի ատեստավորումն իրականացվում է վերապատրաստման արդյունքներով: Հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաև ծառայության այլ վայր միևնույն պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
4. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
5. Ատեստավորման անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
6. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար դիմել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:
7. Ատեստավորման (վերաատեստավորման) արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր հինգ տարի վեց ամիսը մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ոստիկանության ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից չորս տարի հետո:
9. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ոստիկանության ծառայողները պարտավոր են ատեստավորման համար դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում:
10. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
11. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
12. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
13. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահիցերեք տարվա ընթացքումունեն առավելագույնը երկու վերաատեստավորման հնարավորություն՝ համաձայն լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:
14. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
15. Սույն հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
16.Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման համար կարող են կրկին դիմել ոչ շուտ, քան եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
17. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը:
18. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով:
19. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ոստիկանության ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1.-ին մասով՝
«4.1. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, վերապատրաստման կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1) ծառայության այլ վայր միևնույն պաշտոնին՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետները լրանալը.»:
2) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետով՝
«5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:»:
Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 13-րդ կետով՝
«13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար չդիմելու դեպքում կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված ժամկետում վերաատեստավորման համար չդիմելու դեպքում կամ վերաատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում»:
3) Հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ մասով՝
«4. Ոստիկանության ծառայողները (բացառությամբ լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) ազատվում են ոստիկանությունում ծառայությունից սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում չդիմելու դեպքում»։
Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ատեստավորման արդյունքների հիման վրա,» բառերը հանել:
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
2․ Ոստիկանության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումը անցել վերապատրաստման արդյունքներով, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:
3․ Ոստիկանության ծառայողները (բացառությամբ լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) պարտավոր են դիմել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում։
4. Ոստիկանության գործող կառուցվածքում ներառված, սակայն Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո գործունեությունը դադարեցվող հիմնական և աջակցող ստորաբաժանումների ծառայողների ցանկը, ովքեր ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության ծառայողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության ծառայողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում։»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Քննարկվել է
16.02.2023 - 04.03.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 9621
Տպել16.02.2023
Հարգելի ՆԳՆ, ակնկալում ենք անաչառ եվ ճիշտ ատեստավորում եվ հնարավորինս՝ մարդկային ֆակտորի բացակայություն, որպեսսզի չդրսեվորվի կամայականություն։