Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփո­խու­թյուն կա­տ­արելու մասին» օրենք­ների նա­խա­գծերի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավ­չությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծաց­նե­լու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, ոստիկանության ծառայողների աշխա­տա­վար­­ձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությամբ:

Մասնավորապես, հաշվի առնելով ոստիկանության գործառույթների տիրույթում առկա մարտահրավերները՝ հրամայական է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձ­նե­լով ոստիկանությունում ծառայությունը, ինչպես նաև կան­խել կադրերի ար­տա­հոսքը համակարգից՝ ոստիկանության ծառայողների հա­մար նա­խա­տե­սելով լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը․

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավե­լավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հա­վե­լա­վճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա:

1. Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից:

2. Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

3. Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից /նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները/:

4. Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի:

5. Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվում են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

6. Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան և ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Անհրաժեշտության դեպքում կարող են սահմանվել հերթականության որոշման այլ չափորոշիչներ:

7. Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված:

8. Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտությունները ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

9. Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:

10. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարցի համար համակարգչային ծրագիրն առաջարկելու է ճիշտ պատասխանին հնարավորինս մոտ երեք սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակ, լինելու են նաև իրավիճակային խնդիրներ:

11. Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը:

12. Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:

13. Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:

14. Ոստիկանությունում ձևավորվելու են ատեստավորումներն անցկացնող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվելու են երեք խումբ անդամներ՝ մասնագիտական /այդ թվում՝ բարեվարքության/ գիտելիքների ստուգումն ապահովող, ֆիզիկական պատրաստականության վիճակի ստուգումն ապահովող, ինչպես նաև կրակային պատրաստականության ստուգումն ապահովող:

15. Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետում, տրվելու է վերաատեստավորման հնարավորություն:

16. Ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու /ատեստացիա չանցնելու/, ինչպես նաև ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով՝ ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

17. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատետավորման: Ատեստավորվելու օրվանից 4 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք, որը պետք է իրացնի առաջին ատեստավորման օրվանից սկսած 5 տարի 6 ամիս ժամկետում:

Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­­­ձատ­րության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին ու փոփոխությանը, ապա դրանք բխում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրա­վա­­կար­­գա­վորումներից:   

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի «Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պար­­բերությունից, համաձայն որի   իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4 գլխում նշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշ­վարկ­վող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյու­ջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում ոստիկանությունը կհա­մալրվի բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից:  

  • Քննարկվել է

    16.02.2023 - 04.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9837

Տպել

Առաջարկներ`

Lilit Abrahamyan

16.02.2023

Հարգելի ՆԳՆ, ակնկալում ենք անաչառ եվ ճիշտ ատեստավորում եվ հնարավորինս՝ մարդկային ֆակտորի բացակայություն, որպեսսզի չդրսեվորվի կամայականություն։

Տեսնել ավելին