ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասերով՝ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար ՀՀ կառավարության կողմից սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են ընտանեկան և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան, սոցիալական նպաստների բազային մաuերի չափերը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը, միանվագ հրատապ oգնությունների չափերը` երեխայի ծննդյան, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու և ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը:
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման համար առաջարկվում է ավելացնել կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար հատկացվող գումարը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագիրը, որը նպատակադրում է ծայրահեղ աղքատության վերացումը և անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Տվյալ դեպքում, այդ հասցեականությունն ուղղված է ծայրահեղ աղքատների առավելագույն ներգրավվածությանը անապահովության նպաստների համակարգում՝ երկրում ծայրահեղ աղքատության վերացման նպատակով, ինչպես նաև համակարգից ոչ աղքատների բացառմանը։
Ընտանեկան և սոցիալական նպաստները ու հրատապ օգնությունը վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2023 թվականի համար։
ՀՀ կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագրի՝ ՀՀ կառավարության 18.11.2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 8.1-ին կետով նախատեսված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն արդեն իսկ ներկայացվել են վարչապետի աշխատակազմ, որով կձևավորվի սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանության և դրանց տրամադրման համար անհրաժեշտ իրավական հենքը։ Միջոցառումների ծրագրի 8.2-րդ կետով նախատեսվում է մինչև 2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 10.05.2015 թ. N 1061-Ն և 30.01.2014 թ. N 145-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով 2023 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը (գնահատման բնութագրիչները վերանայված են, ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը հստակեցված են)։
ՀՀ վարչապետի 29.09.2021թ․ N 1082-Ա որոշմամբ, անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից, որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։
Վերոգրյալ նոր համակարգի ներդրման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու 2023 թվականի կեսից վերանայել սույն նախագծով 2023 թվականի համար սահմանված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի չափերը և որոշման հավելվածով նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ հաշվի առնելով նոր համակարգի ներդրման արդյունքում նպաստառու ընտանիքների թվի և հատկացվող նպաստների չափերի փոփոխությունը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Հիմք ընդունելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները (ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը)՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը 2023 թվականի համար սահմանել 20000 դրամ, իսկ անապահովության միավորը պահպանել 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները:
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումն ապահովում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումը։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում: